Orange-ի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ ապրիլին իրականացվելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ` հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Միջոցառումների շարքը մեկնարկել է «Դեպի Կանն» վիդեոմրցույթով, որն Orange-ի կողմից կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ: Այն այս տարի կկրի «100 տարվա վերածնունդ» խորագիրը` մրցույթի մասնակիցներին հնարավորություն ընձեռելով 1 րոպեի ընթացքում ներկայացնել իրենց ընտանիքի, ինչպես նաեւ հայ ժողովրդի վերածննդի պատմությունը: Տեսանյութում պետք է արտացոլվի վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի ունեցած ձեռքբերումները: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ տեսանյութ: Ձեւաչափն ազատ է, այն կարելի է նկարահանել ինչպես տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով, դրսում կամ ներսում, մեկ կամ մի քանի հոգու մասնակցությամբ: Տեսանյութում չպետք է լինեն բռնության եւ արյունոտ տեսարաններ:
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Օրանժ Արմենիա բրենդի եւ հաղորդակցման գծով տնօրեն Արամ Մկրտչյանը հաղորդեց, որ սկսած մարտի 2-ից մինչեւ ապրիլի 28-ը միայն Orange-ի բաժանորդները կարող են Orange-ի ֆեյսբուքի էջում վերբեռնել իրենց կողմից ստեղծված վիդիոնյութը, որից հետո տեղի կունենա քվեարկություն եւ ամենաշատ քվեներ ստացած 15 մասնակիցների տեսանյութերը կքննի Orange-ի ժյուրին: Հաղթող տեսանյութի հեղինակի անունը հայտնի կդառնա մայիսի 4-ին, որն էլ հնարավորություն կունենա դառնալու Կաննի 60-րդ միջազգային փառատոնի պատվավոր հյուրը:
«100 տարի առաջ կատարված ողբերգությունը չկարողացավ կոտրել հայ ժողովրդի վերընթաց ուղին եւ նրա ապրելու կամքն ու ցանկությունը եւ այս տարիների ընթացքում հայ ժողովուրդը մեծ բարձունքների է հասել` ձեւավորելով մշակութային արժեքներ, վերստեղծելով պետականություն: Դա է պատճառը, որ «Դեպի Կանն» մրցույթն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100 ամյակին»,- նշեց Արամ Մկրտչյանը:
Հաջորդ նախագիծը, որին Orange հիմնադրամը կաջակցի, դա Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշորագույն երաժշտական նախագիծն է, որը կազմակերպում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին, Փարիզի հեղինակավոր «Շատլե» համերգասրահում, որին կմասնակցեն աշխարհի լավագույն նվագախմբերում հանդես եկող 50 հայ երաժիշտներից բաղկացած եւ հատուկ այս միջոցառման համար ստեղծված «Armenian World Orchestra» նվագախումբը, ինչպես նաեւ հռչակավոր «Գյուլբենկյան» երգչախումբը` Հասմիկ Պապյանի, Նորա Գուբիշի, Լիպարիտ Ավետիսյանի, Տիգրան Մարտիրոսյանի եւ այլոց մասնակցությամբ: Երգչախմբի ղեկավարն է աշխարհահռչակ դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը», Միշել Պետրոսյանի «Երկնքի եզրին» ստեղծագործությունը, Կոմիտասի «Կռունկը», «Ախ մարալ ջանը», Մոցարտի «Ռեքվիեմը»:
Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելբետերը նշեց, որ Orange-ը Հայաստանի քաղաքացի է, որն ունի ֆրանսիական արմատներ, այդ իսկ պատճառով էլ որոշել են իրենց մասնակցությունն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներում. «Մենք մեր պարտքն ենք համարում աջակցել այս կարեւոր նախաձեռնություններին` թույլ տալով մեր բաժանորդներին արտահայտել իրենց զորակցությունը եւ անմասն չմնալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող միջոցառումներից, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:
Ի դեպ, համերգային ծրագիրը հնարավորություն կունենանք դիտելու եվրոպական երկրներում եւ Ռուսաստանում, իսկ ապրիլի 24-ին նաեւ Հայաստանում «Արմենիա» հեռուստաընկերության եթերում` միավորելով այս երկրներում բնակվող բազմամիլիոն հայերին եւ երաժշտասերներին:
Իսկ ովքեր ցանկանում են համերգին հետեւել ուղիղ եթերով, ապա առցանց` www.orangearmenia.am կայքի միջոցով ապրիլի 21-ին, Երեւանի ժամանակով 22:00-ին կարող են միանալ: