Այս տարվա մարտի 13-ը խիստ ուշագրավ ամսաթիվ էր: Բանն այն է, որ բացի «ուրբաթ 13» լինելուց, այդ օրը Մոսկվայի իր աշխատասենյակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւին: Ընդհանուր առմամբ` մաքուր աշխատանքային եւ անկարեւոր թվացող այս հանդիպումը, պարզվում է լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն է ունեցել. բանից պարզվում է, որ ՌԴ նախագահը ողջ-առողջ է, ամենեւին էլ մահացած չէ, ինսուլտ չի տարել, հիվանդ չէ: Համենայն դեպս` այս հանդիպումից առաջ Պուտինի մասին հենց այդպես էլ խոսում էին: Բայց քանի որ ժամանակակից աշխարհն այնքան բան է տեսել, որ մեծ դժվարությամբ է զարմանում եւ համոզվում, Կրեմլը` Պուտինի ողջությունը եւ առույգությունը ցույց տալու համար չբավարարվեց միայն ներքին նշանակություն ունեցող հանդիպմամբ: Անցած երկուշաբթի, երբ գերմանական մամուլում հայտնվեց տեղեկություն, թե Պուտինը մեջքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ նրան բուժելու համար հատուկ Մոսկվա է մեկնել ավստրիացի բժիշկներից մեկը, ենթադրում ենք` մեջքի լավագույն մասնագետը, ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի Կոստանտինյան պալատում ընդունեց Ղրղզստանի նախագահին: ՌԴ նախագահի պաշտոնական կայքը ոչ միայն այս հանդիպման մասին լուսանկարներ եւ տեսագրություն ներկայացրեց, այլեւ Ղրղզստանի նախագահը, հանդիպումից հետո, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ Պուտինը ոչ միայն խոսում էր եւ քայլում, այլեւ հենց ՌԴ նախագան էր վարում այն մեքենան, որով Ղրղզստանի նախագահը շրջագայել է Կոստանտինյան պալատի տարածքով:
Մի խոսքովՙ ՌԴ նախագահը ողջ առողջ է եւ մաղթելով նրան քաջ առողջություն, այդուհանդերձ փորձենք հասկանալ, թե որքանո՞վ են արդարացված արեւմտյան մամուլի` «Պուտինը հիվանդ է» վերնագրերը: Բանն այն է, որ նման վերնագրով հոդվածներ արեւմտյան մամուլում հայտնվեցին Պուտինի տասնօրյա լռության եւ այսպես կոչված` բացակայության համապատկերում: Այսինքն ճիշտ տասը օր ՌԴ նախագահին ոչ ոք չէր տեսել, նա ոչ մի բան չէր հայտարարել եւ ոչ մի հրաման չէր արձակել: Համաձայնեք, Ռուսաստանի նման պետության ղեկավարի համար, այն էլ այս ժամանակահատվածում, տասնօրյա չհայտարարված ակտիվ արձակուրդը շռայլություն է, հետեւաբար շատ հնարավոր է, որ Պուտինն իրոք մեջքի հետ կապված խնդիրներ ունի, ինչը նորմալ է հատկապես այն մարդկանց պարագայում, ովքեր սիրում են եւ ակտիվորեն զբաղվում են ձյուդոյով: Բայց մի բան էլ կա. Պուտինի տասնօրյա լռության օրերին շվեյցարական, շեշտում ենք` շվեյցարական պարբերականներից մեկը հայտարարեց, որ Պուտինը հայր է դարձել: Հաշվի առնելով, որ տիկին Պուտինան, նկատի ունենք` ՌԴ նախկին առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան վաղուց արդեն ամուսնու հետ չի ապրում, ապա Պուտինին, ըստ շվեյցարական պարբերականի, նորից հայր է դարձրել ամենեւին էլ ոչ նա: Բանն այն է, որ ճիշտ վերոհիշյալ տասնօրյակում շվեյցարական, շեշտում ենք` շվեյցարական կլինիկաներից մեկում որդի ունեցավ Ալինա Կաբաեւան: Դե շվեյցարական պարբերականն էլ, խիստ մոտ լինելով իրադարձությանը, ենթադրել էր, բա էլ ումի՞ց պետք է տիկին Կաբաեւան որդի ունենա եթե ոչ Պուտինից: Այնուհետեւ շվեյցարական թերթը եզրակացրել էր, որ ուրեմն Պուտինը տասը օր է արդեն չի երեւում, որովհետեւ շվեյցարական մասնավոր կլինիկայի մոտ գտնվող, ենթադրենք` «Իսկ դուք կարո՞ղ եք» ամերիկյան փաբում նշում է որդու ծնունդը: Անշուշտ այս ամենը բացառապես ենթադրություններ են, բայց ենթադրություն է նաեւ այն, որ Պուտինը իր տասնօրյա լռության ժամանակահատվածում զբաղված է եղել բացառապես պետական գործերով. ՌԴ նախագահը, դատելով նրա բնավորությունից, այդքան էլ չի սիրում պետական գործերով ծածուկ զբաղվել, ուրեմն…
Ինքը Պուտինը իր մասին շրջանառվող այս լուրերին արձագանքել է: ՌԴ նախագահը մեկ նախադասություն է ասել` «Կյանքը բավականին ձանձրալի կլիներ առանց բամբասանքի»: Այսինքն ՌԴ նախագահը ամենեւին էլ չի հերքել եւ ըստ ամենայնի` ցանկություն էլ չունի հերքելու իր մասին շրջանառվող բամբասանքները, թեկուզ միայն այն պատճառով, որ չէր ուզենա իր կյանքը ձանձրալի դառնար:
Մի բան է սակայն տարօրինակ. անգամ Պուտինի պարագայում մեջքի ցավ կամ որդի ունենալը ամենեւին էլ ամոթ բան չէ: Դա ամենեւեին չի նշանակում, որ ՌԴ նախագահը այլեւս չի կարողանում պետություն ղեկավարել, կորցրել է բանականությունը, չի տիրապետում իրավիճակին, նորմալ չէ: Ճիշտ հակառակը, եթե Պուտինի տարիքում մեկը մեջքի ցավ չի ունենում, դա նորմալ չէ, իսկ եթե այդ տարիքում նաեւ որդի ես ունենում, դա միայն ցույց է տալիս, թե որքան առույգ ես եւ բոլորովին էլ ոչ հիվանդ, ինչն այդքան անհրաժեշտ է պետություն ղեկավարելու դժվարին գործում:
Մի խոսքովՙ ՌԴ նախագահն այնպես է ապրում եւ այնպես է լռում, որ նրա կյանքը երբեք ձանձրալի չի դառնա:
Թող որ բամբասեն նաեւ մեր մասին: