ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Դեռ չհաղթահարած 2008-2010թթ. գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները, հայտնվեցինք մի նոր ճգնաժամի մեջ: Մեծ Եվրասիայում այստեղ-այնտեղ քաղաքական ու քաղաքակրթական բախումներ են տեղի ունենում: Սա հիմք է տվել տարբեր քաղաքական խոշոր գործիչների եզրակացնելու, որ մենք կանգնած ենք դարակազմիկ փոփոխությունների սեմին: Այդ փոփոխությունները շատ ցավոտ ու ժողովուրդների համար դժվարին պայմաններում են տեղի ունենում, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ե՞րբ կավարտվի այս նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացը: Չինացիները անեծք ունեն. «Որ դու ապրես փոփոխությունների դարաշրջանում»: Մենք քսան տարուց ավելի է բարեփոխում ենք մեր քաղաքական, տնտեսական, վարչական, իրավական համակարգերը, եւ ականջի համար սովորական է դարձել «անցումային երկիր» արտահայտությունը: Բայց քսան տարին չափազանց երկար ժամանակաշրջան է անցումային վիճակում գտնվելու համար: Քսան տարում ետպատերազմյան Գերմանիան դարձավ Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Քսան տարում ետպատերազմյան Չեխիան դարձավ սոցիալիստական աշխարհի շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջին երիկիրը: Քսան տարին շատ երկար ժամանակ է: Եվ ժամանակն է Հայաստանն այլեւս «անցումային երկիր» չկոչելու: Ունենք այն, ինչ ունենք:
Ապագայի մեր տեսլականը
Յուրաքանչյուր գործ սկսելուց առաջ մարդ մտովի պատկերացնում է այդ գործի ընթացքն ու արդյունքը: Կան մարդիկ, որոնք ունեն տեսլականի ընդունակություն, կան շատ մարդիկ, որոնք չունեն: Տեսլականը ոչ ամենահարուստներն են ունենում, ոչ էլ ամենախելացիները: Բայց ե՛ւ առաջիններից, ե՛ւ երկրորդներից կարող են լինել մարդիկ, որոնք ունենում են տեսլական: Ասում են, որ տեսլականը շնորհ է, որն ուժեղացնում է ունեցողին: Վերեւի ներածությունը գրեցի այսքան երկար լոկ այն պատճառով, որ մեր օրերում շատացել են հարց տվողները. գիտե՞նք արդյոք, թե ուր ենք գնում: Գիտե՞նք արդյոք, թե ինչպիսին կլինի Հայաստանը հինգ, տասը, տասնհինգ տարի հետո: Ի վիճակի՞ ենք արդյոք ազդելու պատմության ընթացի վրա եւ կանխատեսելու մեր ապագան: Միանգամից ասեմ, որ կանխատեսումների ժանրը հետաքրքրական է, բայց անշնորհակալ զբաղմունք: Իսկ ապագայի տեսլականը ոգեշնչում է մարդուն եւ մղում նրան կոնկրետ գործողությունների: Այդպիսին է մարդկային էությունը:
Ուկրաինական վերջին իրադարձությունները այսօր ապրող սերնդի աչքերում հիմնավորապես վարկաբեկեցին նարնջագույն հեղափոխությունների գաղափարը: Սկսված լինելով իբրեւ փափուկ եւ անարյուն իշխանափոխություններՙ դրանք հասցրին մինչեւ զինված հակամարտության, հազարավոր զոհերի, հարյուր հազարավոր գաղթականների, ավերածությունների: Բոլորը հիմա զգում են, որ բավական է Հայաստանում մի ցնցում եւ մեր տնտեսական վիճակը էլ ավելի կվատանա, երերուն դրամը կխորտակվի, իսկ տնտեսության փլուզման հետեւանքները մեծ ջանքերով կսկսեն վերացվել երկար տարիների ընթացքում: Այս շատ պարզ բաները հասկացողները իրապես կարծում են, որ երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավերը ոչ թե առճակատման ճանապարհով պիտի գնան, այլ երկխոսության եւ համերաշխության: Բայց երկխոսության իմաստը չի կարող լինել «միայն մեզ լավ լինի» սկզբունքը: Այդ երկխոսության իմաստը պետք է կայանա փոքրիկ Հայաստանի ավելի լավ ապագայի համար ինքնազսպման, իքնանսահմանափակման ճանապարհով ավելի լավ ապագա ստեղծելու խնդրին: Ինձ անմիջապես կասեն, որ դա ֆիկցիա է: Քաղաքագիտորեն ապացուցված է, որ կապիտալիզմի պայմաններում շահերի բախմանը այլընտրանք չկա եւ որ գլոբալ շուկայի իմաստը նրանում է, որ ուժեղը կլանի թույլին: Այս ամենը ճիշտ է այնքանով, որ մեր մեջ դեռ շատ ուժեղ են նեոլիբերալիզմի ազդեցությունները, որոնք հմտորեն ներարկվել են մեր վերնախավերին եւ կառավարման համակարգի մարդկանց անցած քսանամյակի ընթացքում: Բայց աշխարհը հիմա փոխվում է: Ամերիկացի գիտնականներից ոմանք սկսել են մտածել, թե ի՞նչն է փոխարինելու նեոլիբերալ գլոբալ գաղափարախոսությանը: Ռուսաստանում վերջին քսանամյակում առաջին անգամ սկսել են հասկանալ, որ այդ մեծ երկրին չի կարող բավարարել գլոբալ շուկայում հումքի մատակարարի դերակատարությունը: Այս փոփոխություններն են, որ ստիպում են մտածել, որ մեր փոքրիկ երկիրը գլոբալ ցնցումների ու վայրիվերումների պայմաններում մեր ժողովրդի ամենաառողջ բնազդների ու պատմական հիշողության կիրառման պայմաններում կարող է հանգեցնել քաղաքական ու հասարակական լուծումների, որոնք հեռու կպահեն հայությունը ցնցումներից ու ոտքի տակ գնալուց: Թուրք հայտնի վերլուծաբաններից մեկը յոթ տարի առաջ ասում էր, որ Հայաստանը դիրքավորել է իրեն ամրոցի կերպարում, որն ապրում եւ զարգանում է երկու կողմից շրջափակված: Եթե այս դիմակայման պայմաններում հնարավոր է եղել ապրել եւ զարգանալ, ուրեմն չի կարող պատահել, որ զարգացման չօգտագործված հնարավորություններ այլեւս չլինեն: Հենց այստեղ է, որ մեզ պետք են գալու մարդիկ, ովքեր ունեն ապագայի տեսլական, ովքեր կարող են ուղղորդել մյուսներին գնալու մեծամասնության համար ընդունելի ճանապարհով: Մեծ ճգնաժամը ժամանակ է, որտեղ արագ ու մեծ գործեր անելու փոխարեն մարդը մնում է ինքն իր հետ, հնարավորություն է ունենում խորհելու ապագայի, իր անելիքների մասին: Համաշխարհային տնտեսության տրամաբանությունից հասկացող հեղինակավոր մարդիկ ասում են, որ մոտակա տարիներին դժվար է լինելու: Զարգացման որեւէ հեռանկար պետք է ուրվագծվի այսօր, որ իրականանա, ասենք, հինգ տարի հետո: Այն մարդիկ, ովքեր կասեն, որ մեր տնտեսության վիճակը դժվարին է, չմոռանան նաեւ ասել, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերի, իրաքահայերի, ուկրաինահայերի համար այս պահին Հայաստանն աշխարհի ամենաապահով երկիրն է: Ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ, բայց մարդկային էությունը ենթադրում է փնտրել ու գտնել կյանքի ու աշխատանքի ավելի լավ պայմաններ, ավելի ապահով գոյության միջոցներ: Այս ամենի խաչմերուկում է, որ ես չեմ կորցնում հույսս, որ շուկայական դաժան մրցակցություն վարող հայ բիզնես էլիտաները եւ քաղաքական շրջանակները (կամ գոնե նրանց մեծ մասը) կարող են բանական զրույցի նստել երկրի ապագայի հարցերովՙ թույլ չտալու համար, որ անուժ հուսահատությունը պատի հասարակության մեծ մասին:
Ես պատկերացնում եմ, որ այս տողերը կարդացող Հայաստանի հզորները կարող են քմծիծաղ տալ եւ ասել, որ ո՛չ նման երկխոսության առանձնապես կարիք կա, ո՛չ էլ սովորական մարդու խելքի բանն է, թե ինչպես է կառավարվում մեր երկիրն ու աշխարհը: Բայց ես շատ լավ գիտեմ, որ Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամանսությունը չի ուզում կործանարար ցնցումներ, չի ուզում ավերիչ քաղաքացիական բախումներ եւ չի ուզում հեռանալ իր հայրենիքից: Ուրեմն տարրական բարեխղճությունը ենթադրում է կիսվել ժողորվրդի հետ ապագայի այն տեսլականով, որը ունեցողներ պե՛տք է որ լինեն:
Կրկին ինտեգրումից սպասելիքների մասին
Սկսվեց երրորդ ամիսը, ինչ մենք ԵԱՏՄ անդամ ենք: Կամաց-կամաց հաղթահարվում է տեղեկատվական պակասը: Կամաց-կամաց կարգավորվում է հարկային ու մաքսային վարչարարությունը: Բացի ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրի բուն էությունից, մեր հասարակության մեծ մասը որոշակի սպասելիքներ ունի Ռուսաստանի հետ մեր տնտեսական նոր մերձեցումից: Երկու բան ակնհայտ է: Երբ մարդիկ դրական էին արտահայտվում հօգուտ ինտեգրման, նրանք ցանկանում էին, որ Հայաստանը կրկին դառնա արդյունաբերության երկիր: Նրանք ցանկանում էին նաեւ, որ Հայաստանը կրկին դառնա մեծ գիտության երկիր: Մասնավորապես միջին եւ ավագ սերունդը, որ դեռ հիշում է խորհրդային անցյալը, չի կորցնում հույսը, որ արդյունաբերական հզորությունների գոնե մի մասը կարող է վերագործարկվել: Ցավոք սրտի վերջին քսանամյակը մի անգամ էլ ապացուցեց, որ եթե աշխարհում կա մի երկիր, որին հետաքրքրում է Հայաստանի արդյունաբերությունը, դա Ռուսաստանն է: Հայաստանի հիմնարար գիտությունները խորհրդային շրջանում զարգացել են, որովհետեւ սպասարկել են ռազմաարդյունաբերական համալիրը: Հիմա Ռուսաստանում հետաքրքրական ժամանակ է, երբ չհակադրվելով գլոբալ շուկայինՙ փորձում են ավելի մեծ տեղ տալ սեփական արտադրություններին եւ դրանցով փոխարինել ներկրումը: Ասում եմ «հետաքրքրական», որովհետեւ չեմ ուզում ավելի կտրուկ արտահայտություններ անել, քանի որ հասկանում եմ, որ այս միտումները դեռ չեն դարձել գերակայող Ռուսաստանում: Այո, նախագահ Վլադիմիր Պուտինը եւ իշխող վերնախավը նպատակաուղղել են երկիրն այդ ճանապարհով տանելու խնդիրը: Բայց արգելամիջոցներ մտցրած Եվրոպայում էլ հայտնվել են «անհնազանդ խաղացողներ», օրինակՙ Հունաստանն ու Հունգարիան, որոնք իրենց ռուսամետ դիրքորոշումների դիմաց կարող են վերադարձնել Ռուսաստան ապրանքներ ներկրելու իրավունքը: Այնպես որ աշխույժ քաղաքական գործընթացները դեռ տեղ չեն թողնում ասելու համար, որ մեր տնտեսությունը կարող է նոր, դեռեւս չօգտագործված հնարավորություններ ստանալ Ռուսաստանի հետ ինտեգրման բազմաբնույթ գործընթացներում: Այս գործընթացներին հետեւել է պետք ուշադրությամբ: Բայց շատ կարեւոր է նաեւ, որ մեր երկիրը ԵՄ-ի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմներ ունի, իսկ երկրի տնտեսական համակարգն էլ ամենալիբերալն է ԵԱՏՄ-ի մեջ: Սրանք բնական առավելություններ են, որոնք չօգտագործելը ուղղակի անհասկանալի կլինի:
Թղթին հանձնելով խոհերսՙ մտածում էի, որ գուցե եւ չարժեր այսքան երկար խոսել տեսլականի մասին: Բայց լսել եմ, որ իրար հասցվող մեղադրանքների շարքում նաեւ տեսլականի բացակայության հարցն է: Եվ սա ճիշտ հարցադրում է: Աշխարհի բոլոր քաղաքական վերնախավերում այս հարցադրումը կա: Ինչքան մենք ուժեղ ենք գիտելիքով եւ ոգեղեն, այնքան մենք ինքնուրույն ենքՙ նույնիսկ լինելով շատ փոքր պետություն: Կարծում եմ, մարդիկ հոգնել են անպտուղ քաղաքական բանավեճերից: Մարդիկ հոգնել են վեճերից, որոնք ոչ մի արդյունքի չեն հանգեցնում: Մարդիկ հոգնել են փոխատեղություններից, որոնց արդյունքում կյանքի որակի էական փոփոխություն չկա: Ես չունեմ դեղատոմսեր, որոնք կարող եմ առաջարկել ընթերցողներին: Բայց մեր երկրի հասարակական ու քաղաքական կյանքին քսանհինգ տարվա իմ մասնակցությունը հաստատ հուշում է, որ մենք հայերս, ի վիճակի ենք փնտրելու ու գնտելու լուծումներ, որոնք ավելի մեծ պետությունների ու հասարակությունների համար շատ ավելի դժվար հասանելի են: Մեր երկիրը տասնամյակներ շարունակ մի յուրօրինակ փորձադաշտ է եղել, որտեղ ուսումնասիրվել են ամենատարբեր քաղաքական ու տնտեսական ծրագրեր, վարչարարական նորույթներ, բարեփոխումներ եւ այլն: Մեր ամրոցն այդ ամենը տեսել է, այդ ամենով ապրել է եւ դիմացել է բոլոր այդ փորձություններին: Մեր ժողովրդի ազգային բնավորության գծերից ամենաարժեքավորներից մեկն այն է, որ հայերը խռովարար չեն, կասկածանքով են վերաբերվում արմատական ցնցումների տանող գործընթացներին եւ, որ ամենակարեւորն է, չեն ուզում անել քայլեր, որոնք կթուլացնեին Հայաստանը: Մեր ժողովրդի այս արժանիքը հավուր պատշաճի պետք է գնահատվի, այլ ոչ թե արվի եզրակացություն, թե հայերը «գառան նման խելոք են», ինչպես դա ասել էր օտար դիվանագետներից մեկը: Լուրջ եւ որակյալ երկխոսության ու հրապարակային պայմանավորավածությունների հարթակներ են պետք: