Իշխանությունն ինքն էլ է խճճվել իր սարքած խառնաշփոթում
Տաքսի ծառայությունների ոլորտում վերջին 6-7 տարում կառավարությունն անընդհատ ինչ-որ քայլեր է անում, կաշվից դուրս գալիս անհատ տաքսիստներին սիրաշահելու համար, բացարձակապես արհամարհելով դրանցից օգտվողների դժգոհություններն ու շահերը, բայց տաքսիսիտները ոչ միայն դրանով չեն բավարարվում, այլեւ շարունակում են պարբերաբար բողոքի գործողություններ անցկացնել: Այս օրերին Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում անհատ տաքսիստները նման գործողություններ անկացրեցին, նրանց հետ հանդիպեցին տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները, բայց ապարդյուն: Ոչ դժգոհությունը վերացավ, ոչ էլ հստակություն եղավ այս հարցում: Ինչն, իհարկե, կանխատեսելի էր, քանի որ դժգոհողների բոլոր պահանջների հետ համաձայնվելու գործող եւ նախորդ կառավարությունների մոտեցումը անընդհատ նորանոր պահանջներ է բերում, որոնք սկսում են վերածվել կապրիզների:
Ամեն ինչ սկսվեց կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի` տաքսի ծառայություների ոլորտում առաջարկվող «բարեփոխումներից»:
Տաքսիներն ազատվեցին ավելորդ ծախսերից, դեղին համարներ ձեռք բերելուց եւ որպես ԱՁ գրանցվելուց
Համաձայն կենտրոնի առաջարկների, նախ վերացվեցին տաքսիների վարորդների ամենօրյա բուժզննում, տաքսիների ամենօրյա տեխզննում եւ հավաքակայան ունենալու պահանջները: Հիմնավորումը` այս պահանջները ձեւական բնույթ էին կրում եւ, ըստ էության, չէին կատարվում: Թերեւս տրամաբանական կլիներ, որ անպես արվեր, որ այդ կարեւոր պահանջները դադարեին ձեւական լինել, բայց օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տրամաբանությունը այլ էր, որի հետ համաձայնվեցին նաեւ տրանպորտի եւ կապի նախարարությունն ու կառավարությունը: Արդյունքում, ձեւական դարձած վերոնշյալ պահանջների վերացումից հետո տաքսի ծառայություն իրականացնողների համար 1 մեքենայի հաշվարկով կատարվող ծախսը ամսական նվազեց ամսական 10-15 հազար դրամով:
Հաջորդ առաջարկով հնարավորություն տրվեց առանց անհատ ձեռնարկատեր գրանցվելու, ֆիզիկական անձանց 1 մարդատար տաքսի մեքենայով օրինական ուղեւորափոխադրում կազմակերպել: Այսինքն, տաքսի ծառայություն մատուցողը շփում չի ունենա հարկային մարմնի հետ եւ կվճարի մեկ պետական տուրք միայն:
Եվ վերջապես, դեղին համարանիշների մասով, առաջարկվեց դրանք վերացնել եւ փոխարինել մեքենայի հետեւի ապակուն փակցվող կպչուն կտրոնով, որը տրամադրվելու է անվճար: Հիշեցնենք, որ դեղին համարներ ստանալու համար տաքսի ծառայություններ մատուցողը պետք է վճարեր 17 հազար դրամ: Դրանից 12 հազար դրամը համարանիշի հատկացման պետական տուրքն էր, 5 հազար դրամը` հաշվառման գործողության համար վճարը: Այս քայլից հետո էլ, անհատ տաքսիստները ազատվում են եւս 17 հազար դրամ վճար կատարելուց, կրճատվում էր գործունեությունը սկսելու համար նախատեսված գործընթացի ժամկետը:
«Բարեփոխումներ» ի շահ «գրդոնչիների» եւ ի վնաս օրինական գործողների
Այս փոփոխությունները կատարելուց հետո, սկսեցին դժգոհել մինչ այդ օրինական դաշտում գործող տաքսիստներն ու տաքսի ծառայությունները: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ օրինական գործողները, ինչպես հաճախ է պատահում մեզ մոտ, տուժեցին: Նրանք ձեռք էին բերել դեղին համարանիշներ, վճարում էին հարկեր, քիչ թե շատ վստահություն ունեին սպառողների մոտ: Կառավարության կատարած փոփոխություններից հետո, նրանք հայտնվեցին խաբված վիճակում, քանի որ կառավարությունը գնաց «գրդոնչիներին» (որոնք հիմնականում հաշվիչներ էլ չունեին) զիջումներ անելու եւ նրանց խրախուսելու ճանապարհով: Մինչ այս փոփոխությունները, դեղին համարանիշերով տաքսիները գերակշռում էին եւ, ինչպես հավաստիացնում էին տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանատուները, կազմում էին տաքսի ծառայություններ մատուցողների մոտ 80 տոկոսը: Այսինքն, փոխանակ մնացած 20 տոկոսին պարտադրելու գործել օրինական դաշտում, ինչով հիմնականում կլուծվեր այս ոլորտի խնդիրը, կառավարությունը հետընթաց քայլ կատարեց` բարդություններ ստեղծելով իր եւ արդարացի դժգոհություններ սպառողների ու օրինական գործող տաքսիստների համար:
Ի դեպ, հաշվիչների մասին: Հանուն արդարության նշենք, որ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը տաքսիներում հաշվիչների տեղադրման եւ օգտագործման առաջարկներ էլ էր արել: Համաձայն դրանց, հաշվիչները պետք է տեղադրվեն տեսանելի վայրում եւ պարտադիր ստուգաչափվեն: Նստելավարձի, սպասելավարձի առկայության մասին տաքսի ծառայություն մատուցողը նախապես պետք է տեղեկացնի հաճախորդին` գնացուցակը պետք է փակցված լինի մեքենայում: Թվում է թե գոնե այս պահանջները պետք է որ տրամաբանական լինեն: Այլապես, ինչպե՞ս կարող է տաքսի ծառայություն մատուցվել առանց հաշվիչի, բայց … Տաքսիստների ներկայիս դժգոհության հիմնական կետերից մեկն էլ հենց հաշվիչներին է վերաբերվում:
Տաքսիներ առանց պետտուրքի եւ հաշվիչների՞
Դեղին համարների փոխարեն դեռ կպչուն կտրոնները չկան, բայց հաշվիչներ տեղադրելուց, որքան էլ տարօրինակ թվա, այս օրերին ցույցեր անող տաքսիստները հրաժարվում են: Նրանք հրաժարվում են նաեւ ամսական 12 հազար դրամ Երեւանում եւ 8 հազար դրամ մարզերում պետտուրք վճարելուց: Եթե մեքենա ունեցող եւ տաքսի ծառայություն մատուցող մարդու համար, օրական 400 դրամը Երեւանում եւ մոտ 270 դրամը մարզերում ծանր հարկային բեռ է, ապա հարց է առաջանում, թե ընդհանրապես ո՞րն է թեթեւ հարկային բեռը եւ կա՞ արդյոք այդպիսի բան: Կամ` եթե մարդը օրական 400 դրամից էապես տարբերվող գումար չի վաստակում, ապա ի՞նչ իմաստ ունի նման գործունեությամբ զբաղվելը: Ակնհայտ է, որ իրականությունն այլ է: Կառավարության կողմից այդքան ծախսեր նվազեցնելն ու գործընթացներ կրճատելը ոչ թե գոհունակություն է առաջացնում, այլ նոր պահանջների տեղիք է տալիս: Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում: Հետաքրքրական է, օրինական գործող դաշտը տապալող «բարեփոխումների» հեղինակները եւ նրանց առաջարկներին հետեւող կառավարությունը կարո՞ղ էին ենթադրել նման իրավիճակի առաջացումը:
Բանն այնտեղ է հասել, որ, ինչպես նշեցինք, տաքսիստները հրաժարվում են հաշվիչներ տեղադրելուց, իբր թե դրանց արագաչափման համար պահանջվող 2500 դրամը իրենց համար ծանր բեռ է: Ինչպե՞ս են նրանք մարդկանց փոխադրելու այդ դեպքում, ինչպե՞ս են հաշվարկելու անցած ճանապարհը: Երեւի այնպես, ինչպես միշտ, կլորիկ գումարներով` նվազագույնը 1000 դրամ, փոքր ինչ ավելին` 1500 դրամ, ապա 2000 դրամ եւ այդպես շարունակ: Ի՞նչ կիլոմետր, ի՞նչ 100 դրամ: «Գրդոնով» փոխադրում, մի խոսքովՙ «բարեփոխումների» անմիջական արդյունքը: Մենք այս առումով եւս բացառիկ ենք` դժվար թե աշխարհի որեւէ երկրում լինի նման բան` տաքսիներ առանց հաշվիչի: Դատելով տրանպորտի եւ կապի նախարարության անզորությունից, շատ հավանական է, որ այս անգամ էլ իշխանությունները ենթարկվեն հերթական շանտաժին եւ հանեն թե՛ չնչին հարկային բեռը, թե՛ հաշվիչ տեղադրելու պահանջը:
Ընդհանրապես, այս ամենից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում տաքսի վարելը մի տեսակ գերակայություն է եւ ամեն կերպ պետք է խրախուսել այդ գործունեությամբ զբաղվողներին: Համարյա թե այնպես, ինչպես դա արվում է նաեւ մեկ այլ ոլորտում` մանրածախ առեւտրում: Փաստորեն, հայտարարում ենք արժեքներ ստեղծող ճյուղերի գերակայությունների մասին, բայց իրականում գերակայություն ենք տալիս արժեք չստեղծող, օրինական գործունեությունից խուսափող ոլորտներին: Ժամանակն է գիտակցել, որ տաքսիներով կամ առեւտրով ոչ միայն զարգացում չենք ունենալու, այլեւ մշտապես մնալու ենք նույն սոցիալական կացության մեջ: