ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Նովոյե կովչեկ», Մոսկվա
Ընդամենը 3 օր առաջ լրացավ հայտնի գրող, հրապարակախոս ու ճանապարհորդ Զ. Բալայանի 80-րդ տարեդարձը: Հիշարժան այդ հոբելյանը նշելու համար թեեւ եղել էին նախապատրաստություններ, անգամ հրավիրատոմս էր տպվել կազմակերպվելիք հոբելյանական հանդիսության համար, սակայն մեր երկրում առկա լարված ու նյարդային վիճակը, բայց մանավանդ Գյումրիի ոճրային սպանդը հոբելյարին մղեցին չնշել այն: Այսուամենայնիվ, մեր ներկա համարում, դույզն չափով նշելու համար պատվարժան հոբելյարի 80-ամյակը, ընթերցանության համար ընտրեցինք հետեւյալ հարցազրույցը բոլորովին անսովոր թեմայովՙ Զ. Բալայանի կապվածությունը սպորտին, որը, մեր խորին համոզմամբ, բուն պատճառն է 80-ամյա հոբելյարի զարմանալի կենսունակության եւ անկոտրում կամքի: Շնորհավորում ենք:
«ԱԶԳ»
Պատանեկության տարիներին հայտնի գրող, բժիշկ եւ ճանապարհորդ Զորի Բալայանը կլանված ընթերցում էր Անտոն Չեխովին եւ Ջեկ Լոնդոնին: Գուցե այդ պատճառով էլ բժիշկ դարձավ, որպեսզի Չեխովի պես ուղեւորվի Հեռավոր Արեւելք եւ բուժի մարդկանց: Եվ ինչպես Լոնդոնըՙ ծառայի նավատորմում, որպեսզի ճեղքի անծայրածիր ծովերն ու օվկիանոսները: Թե՛ Ջեկ Լոնդոնին, թե՛ Զորի Բալայանին ձգում էին Հյուսիսը, ձյունածածկ լայնարձակ տարածքները. նրանք շնասահնակներով անցան դրանք լայնքով ու երկայնքով: Ամերիկացինՙ Ալյասկայում, հայըՙ Կամչատկայում: Պարզապես նրանց բաժանում էին ժամանակը եւ… Բերինգի նեղուցը:
Երկուսն էլ երազում էին շուրջերկրյա ճամփորդության մասին: Հայտնի է, որ Լոնդոնին չհաջողվեց այն իրագործել, թեեւ բավական հաճախ նավարկում էր տարբեր մեծ ու փոքր նավերով: Զորի Բալայանին հաջողվեցՙ «Արմենիա» առագաստանավով, 76 տարեկան հասակում:
Տարիքի վերաբերյալ վերջին ճշգրտումը բոլորովին էլ պատահական չէ: Դա շատ բան է հասկանալի դարձնում նրանց համար, ովքեր 36 տարեկանում էլ չեն համարձակվի հեռավոր նավարկություն սկսել օվկիանոսներով, մի զբաղմունք, որն ուղղակի ասածՙ ոչ միայն հյուծիչ է, այլեւ վտանգավոր: Ճիշտ է, հայտնի է, որ Ֆրենսիս Չիչեստերը նույնպես իր օվկիանոսային ճամփորդություններից մեկը կատարեց, երբ 70 տարեկան էր: Չգիտեմ, ինչն էր սատարում անգլիացի ծովագնացին իր ճանապարհին, փոխարենըՙ գիտեմ, որ Զորի Բալայանին օգնում էր իր մարզական անցյալը, ֆիզիկական պատրաստվածությունը: Այստեղից էլՙ իմ հետաքրքրությունը Զորի Հայկովիչի հանդեպ արդեն ոչ թե որպես գրողի, բժշկի եւ ճանապարհորդի, այլ մի մարդու, որի համար սպորտը նույնպես մասնագիտություն է: Չէ՞ որ Զորի Բալայանը ԽՍՀՄ սպորտի վարպետ է երկու մարզաձեւերում, Համամիութենական կարգի մրցավար եւ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (N-1 կրծքանշանով). այդ կոչմանը նա արժանացավ միջնադարյան հայկական նավերի գծագրերի եւ նկարագրությունների հիման վրա կառուցված «Կիլիկիա» առագաստանավով յոթ ծովերով ճամփորդելուց հետո:
Ավելին, նա նաեւ մարզական գործիչ է, սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական ռեզերվի Երեւանի մարզադպրոցի հիմնադիրներից մեկը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի առաջին նախագահը (սկսած 1979 թվականից, իսկ 1991-ից հետոՙ պատվավոր նախագահը), պարգեւատրված է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի մի քանի մեդալներով: Բավական է հիշեցնել, որ մեր բոլոր սպորտային ֆեդերացիաներից աշխարհի եւ Եվրոպայի ամենից շատ չեմպիոններ ու մրցանակակիրներ է պատրաստել սամբոյի ֆեդերացիան, որը գլխավորում էին Զորի Բալայանը եւ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Լեւոն Հայրապետյանը: Սակայն ինքըՙ Զորի Բալայանը երբեք այդ մասին չի գրել եւ չի խոսել:
– Ի՞նչ է ձեզ համար սպորտը,- հարցնում եմ Զորի Հայկովիչին:
– Խոստովանեմ, դա ինձ համար սովորական հարց չէ:
Իհարկե, ճիշտ կլինենք, եթե ասենք, որ սպորտը ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչն է, ֆիզիկական դաստիարակության միջոցն ու մեթոդը, դա համակարգ էՙ կազմակերպելու, նախապատրաստելու, անցկացնելու մրցումներ եւ այլն: Բայց սպորտը, իմ խորին համոզմամբ, նաեւ կենսակերպ է, գործուն փիլիսոփայություն է, «ինքնահաղթահարման» դպրոց: Սպորտը տաճար է, որտեղ խստիվ պահպանվում են օրենքներն ու կանոնները, որտեղ հարգում են հակառակորդին: Դա, թե կուզեքՙ մտորումների, վեճերի առարկա է: Եվ վերջապես, իհարկե, սպորտը մեծագույն արվեստ էՙ իսկական շեքսպիրյան կրքերով, դիտարժանությամբ: Երկար տարիներ սպորտը եղել է իմ կյանքի իմաստն ու էությունը, եւ ահա արդեն ավելի քան յոթանասուն տարի ամեն առավոտ զբաղվում եմ մարմնամարզությամբ:
– Իսկ ինչպե՞ս եկաք սպորտ:
– Ստեփանակերտում չգիտեի ոչ մի տղայի, որ չզբաղվեր սպորտով: Մեզանից մեծամասնության կուրծքը զարդարում էին տարբեր մարզաձեւերում հանրապետական առաջնությունների մրցանակիրների եւ կարգայինների կրծքանշանները: Ինձ մոտ պահպանվել են շատ պատվոգրեր եւ դիպլոմներ ծանրաքարային սպորտում, ծանրամարտում, թեթեւ ատլետիկայում (նիզակի եւ սկավառակի նետում) հաղթանակների համար:
– Ունեի՞ք պատանեկան տարիների ձեր սպորտային կուռքերը: Եվ կա՞ն այդպիսիք հիմա:
– Առ այսօր հիշում եմ այն ժամանակվա լեգենդար շատ սպորտսմենների, քառասնական, հիսունական, վաթսունական թվականնների ԽՍՀՄ չեմպիոնների եւ ռեկորդակիրների անուններ: Մի՞թե կարելի է մոռանալ այնպիսի մարդկանց, ինչպես օրինակ, Գրիգորի Նովակը եւ Հրանտ Շահինյանը, Յուրի Վլասովն ու Ալբերտ Ազարյանը, Վալերի Բրումելը եւ Վլադիմիր Ենգիբարյանը, Պաուլ Անդերսոնը եւ Լասլո Պապպը: Բայց անձամբ ինձ համար հիրավի հավերժական լեգենդ են եղել եւ մնում Սերգո Համբարձումյանը եւ Յուրի Վարդանյանը:
Ես շատ եմ գրել մարզական ռեկորդների սահմանների մասին: Դրանք ամբողջ հետազոտություններ էին: Երկրում առաջիններից մեկն եմ կանխատեսել ծանրամարտում Վասիլի Ալեքսեեւի ռեկորդըՙ եռամարտում 615 կիլոգրամի հաղթահարումը: «Սովետսկի սպորտ» թերթում իմ հրապարակումն այդպես էլ վերնագրված էրՙ «615-ը իրականություն է»: Մարզական հնարավորությունների սահմանների մասին իմ հոդվածըՙ «Անհավատալինՙ ակնհայտ» վերտառությամբ, տեղադրված է Մոսկվայում հրատարակված իմ երկերի ժողովածուի ութհատորյակի երրորդ գրքում: Մի խոսքով, ես պարզապես ապրում էի եւ նույնիսկ հիմա էլ ապրում եմ սպորտով:
– Իսկ ինչպիսի՞ն էր այն տարիների մարզական Ստեփանակերտը:
– Ստեփանակերտը հիրավի սպորտային քաղաք էր: Պատահում էր, որ մի ինչ-որ սպարտակիադայի ավարտ անցկացվեր, եւ ողջ քաղաքըՙ իր բոլոր փողոցներով, հրապարակներով, զբոսուղիներով հատկացվում էր սպորտին: Ստեփանակերտցի աղջիկները սիրահարվում էին միայն սպորտսմեններին:
– Իսկ այսօր ո՞ւմ են սիրահարվում: Սաՙ իմիջիայլոց:
– Զուր եք կարծում, թե ասելու եմՙ հաստաքսակներին: Այդ ամենը գռեհիկ հեքիաթներ են: Աղջիկները, ինչպես իմ Ստեփանակերտում, իմ Երեւանում, ինչպեսեւ ամենուր, առաջվա պես սիրահարվում են սպորտային, խելացի, մաքուր եւ ազնիվ պատանիներին:
– Ուզում եմ հավատալ, բայց դա այլ թեմա է: Պատմեք ձեր սպորտային ժամանակների մասին, երբ ծառայում էիք նավատորմում, սովորում Ռյազանի բժշկական ինստիտուտում, որպես բժիշկ աշխատում Կամչատկայում:
– Տեսնում եմ, դուք լավ ուսումնասիրել եք իմ աշխարհագրությունը:
– Ձեր ողջ աշխարհագրությունը, ինչպես նաեւ կենսագրությունը ձեր գրքերում է:
– Հիմա մինչեւ կյանքիս վերջ հիշելու եմ, որ ծովայինի համազգեստը հագիս 62 անգամ բարձրացրել եմ երկու փթանոց ծանրաքարը: Հաջորդաբար յոթ անընդմեջ պտույտ եմ գործել մարզաձողի վրաՙ «արեւ» վարժությամբ: Ծանրամարտում եռամարտի հանրագումարում հաղթահարել եմ 335 կիլոգրամ: Անձնական ռեկորդս հրում վարժությունում կազմել է 152,5 կիլոգրամ: Կրծքիս վերցել էի 157,5 կիլոգրամ, բայց չկարողացա հրել, ավելի ճիշտՙ պահել գլխավերեւում: Փոխարենը, այդ մասին միշտ հիշում եմ: Դա արդեն Կամչատկայում էր: Իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում չեմպիոն էի երկու փթանոց ծանրաքարի գծով: Ինչ վերաբերում է նիզակի եւ սկավառակի նետմանը, դա արդեն Բաքվի սպարտակիադայում էր, Ստալինի անվան մարզադաշտում: Եղել եմ ծանրաձողի չեմպիոն ռազմածովային ուսումնական հաստատությունների կուրսանտների, ինչպեսեւ բալթիական նավատորմի, Ռյազանի ուսանողական խաղերի առաջնություններում: Մի խոսքով, բավական է պարծենամ: Թեեւ պետք է լրացնեմ, որ ծանր ատլետիկայի սպորտի վարպետ եմ դարձել Ուզբեկստանում:
– Կարծեմ, դուք ԽՍՀՄ սպորտի վարպետ եք դարձել եւ այլ մարզաձեւում:
– Դա եզակի մարզաձեւ է: Այն հիմնադրվել է ԴՕՍԱԱՖ համամիութենական կազմակերպության կողմից եւ անվանվում էր այսպես. հեռավոր մարզական նավարկությունՙ մարզանավակներով: Խոսքն ավելի քան հազար կիլոմետր տարածահատվածի մասին էր: Իսկ ես Կամչատկայի իմ ընկերներ Գավրիլինի եւ Սալնիկովի հետ «Վուլկան» եւ «Հեյզեր» ինքնաշեն նավակներով հաղթահարեցի ավելի քան երեսուն հազար կիլոմետր:
– Կրծքանշանները պահպանո՞ւմ եք:
– Ցավոք, երկուսն էլ կորցրել եմ: Բայց պահպանել եմ վկայականները:
– Ըստ իս, դուք նաեւ մրցավար եք եղել, այն էլՙ համամիութենական կարգի:
– Դա արդեն Կամչատկայում էր:
– Մոտ քառասուն տարի դուք Լեւոն Հայրապետյանի հետ գլխավորում եք Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Ի՞նչ կասեք Հայաստանում սամբոյի եւ ընդհանուր առմամբ սպորտի վիճակի մասին:
– Այստեղ արդեն գլուխ չես պրծացնի սովորական, կարճ պատասխաններով: Արդեն նշել եմ, որ սպորտը ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչն է: Դա նշանակում է, որ խոսքը ողջ ժողովրդի ընդհանուր առողջության մասին է: Մեծից փոքր: Միաժամանակ մենք մոռացել ենք ֆիզիկական կուլտուրայի բուն էության, բուն իմաստի մասին, որը սպորտի նախահիմքն է հանդիսանում: Ոչ մի կերպ չի կարելի պետական ֆիզիկական կուլտուրայի զարգացման ասպարեզի արդյունքները չափել ընդամենը մեդալների եւ գավաթների քանակով: Իհարկե, մարզական ցուցանիշները ահռելի նշանակություն ունեն մեզ համար: Չխոսենք արդեն օլիմպիադաներում եւ համաշխարհային առաջնություններում տարվող հաղթանակների մասին: Խոսքն այստեղ ազգային արժանապատվության, ազգային արժեքի մասին է: Բայց մենք խոսում ենք այլ բանի մասին: Մենք մոռանում ենք, որ մարզական հաղթանակների քանակը ուղղակիորեն կախված է ողջ երկրի, ողջ բնակչության ընդհանուր ֆիզիկական կուլտուրայի վիճակից:
Խորհրդային Միության փլուզումից հետո մենք, ինչպես ռուսական ասացվածքումՙ «ջրի հետ երեխային էլ թափեցինք»: Այդպես էր ոչ միայն ֆիզիկական կուլտուրայի հարցում: Նույնը կարելի է ասել կրթության եւ առողջապահության ոլորտների վերաբերյալ: Ես խոսում եմ ընդամենը այն կազմակերպությունների մասին, որոնք կապված են ժողովրդի առողջության հետ: Հիշենք, թե քանի մասնագիտացված մարզադպրոցներ ունեինք, քանի-քանի անվճար մարզադահլիճներ: Չէ՞ որ, ըստ էության, համարյա բոլոր երեխաներն էին այցելում դրանք: Այդ որքա՜ն պետք է չսիրես մարդկանց, որ վերացնես Երեւանիՙ հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում գտնվող լողավազանը եւ բռնցքամարտի դահլիճը: Ի դեպ, հենց այդ դահլիճում են աճել հայտնի բռնցքամարտիկներ, այդ թվումՙ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Այսօր երեխան կալանավորի պես բանտված է չորս պատերի ներսում: Դա ոչ միայն տխուր է ու թախծալի: Դա նաեւ վտանգավոր է:
Կրնկի վրա բաց, պետական մարզադահլիճներ չկան, փողոց չես կարող դուրս գալ, քանզի մեքենաների հրեշավոր հոսքը թույլ չի տալիս երեխաներին առանց ծնողների փողոցն անցնել: Բոլոր բակերը կառուցապատված են նույնիսկ ոչ այնքան ավտոտնակներով, որքան նորանոր շենքերով, որոնք Թամանյանի հանճարը չէր նախատեսել: Մեր բժիշկները, հատկապես մանկաբույժները լավ գիտեն, որ փոքրիկների վրա վերջին տարիներին ուղղակի ինչ-որ ժանտախտի պես թափվել է ադինամիան: Չեմ ցանկանում համատարած տխրություն սերմանել, ավելին, հավատում եմ, որ իրավիճակը կարելի է շտկել: Բայց պետք է ֆիզիկական կուլտուրայի արմատական բարեփոխումՙ պետական մակարդակով, հիշելով, որ այդ պատասխանատու, ես կասեիՙ ռազմավարական գործով պետք է զբաղվեն բացառապես բարոյական, բարձրակիրթ մասնագետներ, աստվածատուր վարպետ-ուսուցիչներ, որոնք անկեղծորեն անհանգստացած են մեր հայրենիքի ապագայով:
(Կրճատումներով)