ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Նորմանդական քառյակի Մինսկում անցած հանդիպումից հետո կրկին հույս արթնացավ, որ ուկրաինական ճգնաժամը կարող է խաղաղ լուծում ունենալ: Ուկրաինայի հարավ-արեւելքում ընթացող մարտերը կառավարական զինված ուժերի եւ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների աշխարհազորայինների միջեւ արդեն խլել են մոտ 5500 մարդու կյանք: Դեբալցեվո բնակավայրի շրջանում կրկին օղակի մեջ են հայտնվել ուկրաինական զինված ուժերըՙ թվով 5-6 հազար զինվորական, եւ եթե հրադադարի շտապ համաձայնություն չլինի, զոհերի թիվը կբազմապատկվի: Ավելի քան 850 հազար մարդ փախստականի կարգավիճակով ապաստանել է Ռուսաստանի Դաշնությունում: Ուկրաինական բանակի հայտարարած զորահավաքին ներկայացել է զինապարտների ընդամենը կեսը: Եվ մինչեւ Ուկրաինայում փորձում են հասկանալ եւ իմաստավորել, թե հանուն ինչի են տրվել այսքան զոհեր, Ռուսաստանում բացահայտ խոսում են քաղաքակրթական բախման մասին, որն ունի միայն երկու լուծում: Կա՛մ բանակցություններ հանուն խաղաղության, կա՛մՙ պատերազմ: Այն, որ այս պատերազմի սպառնալիքը այլեւս լոկ տեսական դատողությունների առարկա չէ, դեռ անցյալ շաբաթ բարձրաձայնել է Մոսկվայից վերադարձած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն այդպես էլ ասել էՙ խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է:
Քաղաքակրթական բախման դրսեւորումներն ու հեռանկարը
Պաշտոնական Կիեւի քաղաքական իշխանությունները վճռական են իրենց մտադրություններում շարժվել դեպի Արեւմուտք: Իրենց այս մտադրության մեջ նրանք ունեն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցությունը: Օրերս ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնին հավակնող Էշտոն Քարտերը պարզ հայտարարել է, որ Ռուսաստանը «չունի ազդեցության ոլորտների իրավունք»: Նա հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ-ը ամեն ինչ պետք է անի Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան ուժեղացնելու եւ նրանց անվտանգության մակարդակը բարձրացնելու համարՙ ի վնաս Ռուսաստանի: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մի քանի օր առաջ համոզում էր, որ ամերիկացիները զենք չմատակարարեն Ուկրաինային, նախՙ որովհետեւ Ուկրաինան ունի բավականաչափ սպառազինություն, եւ երկրորդՙ որովհետեւ ամերիկյան զենքով սպառազինված Ուկրաինան կարող է դառնալ անկանխատեսելի: Արեւմտյան արգելամիջոցները Ռուսաստանի դեմ նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու այդ երկրի տնտեսությունը, այլ գլխավորապես ուղղված են նախագահ Վ. Պուտինի իշխանությունը տապալելուն: Այս նպատակը հասկանալի է ռուսական քաղաքական գործիչներին ու փորձագետներին, որոնք համոզված ասում են, որ եթե նույնիսկ Ռուսաստանը զիջումների գնա Արեւմուտքին, այն արգելամիջոցների առնվազն մեծ մասը շարունակելու է կիրառվել դեռ երկար ժամանակ:
Բայց հայտնվել է լավատեսության մի փոքր հնարավորություն եւ դա կայանում է հետեւյալում: «Նորմանդական քառյակի» պայմանավորվածություններն իրականացնելու պահին պետք կլինի լուծել մի քանի հրատապ եւ մի քանի երկարաժամկետ հարցեր: Ամենահրատապ հարցը ծանր սպառազինությունները միմյանցից 50-70 կմ հեռացնելն է, ինչը իրական հրադադարի հիմքեր կարող է ստեղծել: Ահա թե ինչու էին Մինսկի հանդիպման ուղղակի նախօրեին կողմերը ակտիվացնում իրենց ռազմական գործողությունները: Եթե հրադադարը դառնա իրականություն, ապա կսկսվեն գործնական բանակցություններ խաղաղարար ուժեր տեղակայելու մասին: Դոնեցկում եւ Լուգանսկում համոզված են, որ այդ խաղարարները պետք է լինեն ռուսաստանյան զինված ուժեր: Պաշտոնական Կիեւը մի քանի առիթով հայտարարել է, որ ինքը նման տարբերակ բացառում է եւ որ խաղաղարաները կարող են լինել միայն ՄԱԿ-ի հովանու տակ: Կասկածից վեր է, որ սա նշանակում է ՆԱՏՕ-ի ներկայություն եւ ամերիկյան գերակայություն: Նման զգայուն հարցում համաձայնության համար բոլոր կողմերը շատ մեծ ջանքեր պետք է գործադրեն:
Առաջին անգամ հակամարտության սկզբից սկսած Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները խոսեցին ուկրաինական Հարավ-արեւելքի համար «բավականին լայն ինքնավարության» մասին: Այս մեկը եւս գերզգայուն թեմա է եւ պետք է բանակցվի թե՛ միջազգային մակարդակում, թե՛ հակամարտության կողմերի միջեւ: Պաշտոնական Կիեւը մի քանի առիթով հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի դառնա դաշնային պետություն, այն միշտ կլինի ունիտար: Հարավ-արեւելքի իշխանությունները պաշտոնական հայտարարություններ չեն արել այս առաջարկներին համաձայնելու մասին, իսկ նախագահ Պ. Պորոշենկոն Մյունխենում զգուշորեն եւ անորոշ հայտարարել է, որ ինքավարություն ստանալու համար հարավ-արեւելքում պետք է հանրաքվե անցկացնել: Ինքնահռչակ հանրապետություններն էլ իրենց հերթին պատասխանել են, որ հանրաքվեներ այնտեղ արդեն անց են կացվել: Հասկանալու համար, թե ինչո՞ւ են կիեւյան քաղաքական վերնախավերը այդքան կոշտ դիրքորոշում գրավել Ուկրաինայի դաշնայնացման հարցում, պետք է նկատի ունենալ, որ այսօրվա քաղաքական վերնախավի գաղափարախոսությունը արմատական ազգայնական է, կամ ինչպես ընդունված է ասելՙ աջ-ազգայնական: Այս գաղափարախոսությունն անհանգստացնում է Ռուսաստանին եւ ռուս քաղաքական գործիչներին ու քաղաքագետներին, հիմք է տալիս խոսելու ֆաշիզմի վերածննդի մասին: Այս անհանգստությունը, որը Ռուսաստանում իրական է եւ ոչ հնարովի, Արեւմուտքում չեն կիսում թերեւս այն պատճառով, որ այդ հենքի վրա ուկրաինական պետականության նոր շինարարությունը անդառնալիորեն հեռացնում է Ուկրաինան Ռուսաստանից:
Վերադառնալով արգելամիջոցների պետճառներինՙ ասենք նաեւ, որ ռուս քաղաքական գործիչներից մեկի դիպուկ վկայությամբ արեւմտյան արգելամիջոցների նպատակը ռուսական վերնախավերին պարզ դավաճանության դրդելն է: Այսինքն, եթե արեւմտյան ճնշումների տակ ռուսական քաղաքական վերնախավերը որոշեն զիջել, նրանց առաջին գործը նախագահ Պուտինին եւ նրա շրջապատին տապալելն է լինելու: Այսօրվա Ռուսաստանի հասարակական-քաղաքական դաշտում նման սցենարի զարգացումը ուղղակի անհնար է: Նախագահ Վ. Պուտնի վարկանիշը բարձր է ինչպես երբեք: Բայց ամերիկյան (նաեւ եվրոպական) հաշվարկը հիմնված է այն բանի վրա, որ ռուսական ֆինանսատնտեսական համակարգի վրա ճնշման ուժեցացումը կարող է փլուզել տնտեսությունը եւ դրդել վերնախավերին դավաճանելու:
Սցենարներ լավատեսական զարգացումների համար
Մոսկվայի հետ ուկրաինական ճգնաժամի հարցում պայմանավորվելու ճանապարհին Գերմանիան եւ Ֆրանսիան առաջարկում են հետաձգել արգելամիջոցները խստացնելու ծրագիրը: Արգելամիջոցներն, ինչպես հայտնի է, ընդունվել են մի քանի փուլով: Դրանք սկսվել են ի պատասխան Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանին, խստացել են Հարավ-արեւելքում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ, իսկ հետագայում լրացվել եւ ճշտվել են: Այս արգելամիջոցները թուլացնում են ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Եվրոպական Միությանը: Իզուր չէ, որ ձայներ են հնչում այն մասին, որ ամերիկյան նոր հզորացման արդյունքում Եվրոպան ընդհանրապես կարող է դադարել միջազգային ասպարեզում ինքնուրույն լուրջ դերակատարությունից: Եվրասիական Տնտեսական Միության նախապատրաստման ողջ շրջանում եվրոպական առաջնորդները ոչ մի բառ չեն արտասանել նրա հանդեպ իրենց վերաբերմունքի մասին: Բայց ահա «Նորմանդական քառյակի» մինսկյան հանդիպման նախապատրաստման շրջանում Մյունխենում կանցլեր Ա. Մերկելը հայտարարեց, որ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ մեծ Եվրոպան չի լինի, քանի դեռ լուծված չէ ուկրաինական հակամարտության հարցը: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ուկրաինայում արեւմտյան առաջարկների հիման վրա խաղաղություն կերտելու պարագայում ԵՄ-ն կարող է վերադառնալ նախագահ Վ. Պուտինիՙ Մեծ Եվրոպայի մասին տեսլականի լուրջ քննարկմանը, եւ արդյո՞ք Բեռլինն ու Փարիզը միասին ունեն նման քննարկումների իրական ներուժ, եթե դրանց չաջակցի պաշտոնական Վաշինգտոնը:
Ուկրաինական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման համար ստեղծված եւ լավատեսության համար տեղ թողնող հեռանկարն այն գիտակցումն է, որ պատերազմի շարունակումը ոչ միայն կքայքայի Ուկրաինան, այլեւ կարող է ծայրահեղ սրել միջազգային հարաբերությունները: Ռուսաստանին մղելով անժամկետ ու անկանխատեսելի դիմակայության Արեւմուտքինՙ այնտեղ կարող են ստանալ ոչ միայն քայքայված Ուկրաինա, այլեւ անկախատեսելի Ռուսաստան: Սա չար ուրվական է, որը չի կարող տեսանելի չլինել եվրոպական մայրաքաղաքներում: Մենք մի քանի առիթներով գրել ենք, որ մեծ միամտություն է կարծելը, թե Ռուսաստանը կարող է արեւմտյան ճնշումների հետեւանքով ծնկի գալ եւ գնալ միակողմանի զիջումների: Այդ ճնշումների գործնական հաշվարկման ենթակա հետեւանքը կարող են լինել Ռուսաստանում ֆինանսական, տնտեսական, սոցիալական արմատական բարեփոխումները, որոնք արդեն տեսանելի հեռանկարում կարող են ուրիշ տեսակի պետություն ձեւավորել: Պետություն, որը շատ ավելի քիչ կախված կլինի Արեւմուտքից եւ շատ ավելի ինքնաբավՙ ամեն առումով: Չենք կարծում, թե նման Ռուսաստանի հեռանկարը ուրախացնում է եվրոպացիներին: Ահա թե ինչու քաղաքակրթական հակամարտությունը իրական պատերազմի վերաճելու ճանապարհին նրանք մի անգամ էլ կմտածեն փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու մասին: Այդ լուծումներից են, օրինակ, հայտարարությունը, որ այս վիճակով Ուկրաինան չի կարող լինել ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ԵՄ-ի անդամ եւ որ նրա պատմական առաքելությունն առնվազն այս փուլում անցումային (բուֆերային) տարածք լինելն է: Նույնիսկ եթե Ուկրաինան վերջնականապես թեքվում է դեպի Արեւմուտք:
Խաղաղ կարգավորման բանակցությունները հակամարտող կողմերի միջեւ լինելու են դժվարին եւ մաշեցնող, եթե ընդհանրապես տեղի ունենան: Ռուս քաղաքագետներից մեկը նկատել է, որ ուկրաինական Հարավ-արեւելքը մի նոր Մերձդնեստրյան տարածք կարող է դառնալ:
Չարախնդացող եզրակացությունն այն է, որ Ռուսաստանի շուրջը կձեւավորվի եւս մեկ անկայությունության եւ լարվածության օջախ եւ Արեւմուտքում կլինեն ստրատեգներ, որոնք նման լուծումը միանգամայն ընդունելի են համարում: Մինչդեռ բարյացակամ եզրակացությունն այն է, որ եթե ԵՄ-ին եւ Ռուսաստանին իսկապես համախմբի ուկրաինական եղբայրասպան պատերազմը համատեղ ուժերով դադարեցնելու անկեղծ մղումը (ինչի մասին չափավոր լավատեսության հիմքեր կան), ապա շուտով կսկսվի հրադադարն ու արդյունավետ բանակցությունների գործընթացը: