Նորերս «Ազգում» համոզմունք էի հայտնել, որ Իսրայելը երբեք չի ճանաչի մեր ցեղասպանությունը: Հիմնավորել էի միտքս գերազանցապես այն պարագայով, որ հրեաները միայն իրենց ցեղասպանությունն են ճանաչումՙ Հոլոքոսթը, դրա դիմաց Եվրոպայից ու համայն մարդկությունից պահանջելով քաղաքական-նյութական-բարոյական հատուցումներ:
Արձագանքների մեջ ամենից շատ զարմացնում էին այն պարզունակ առարկումները, որ եթե մի ազգ ինքն է ապրել ցեղասպանություն, ապա նա ինչպես կարող է չճանաչել ուրիշի բնաջնջման իրողությունը: Հավատացեքՙ կարող է:
Հատկապես Օսվենցիմի (Աուշվից) ազատագրման 70- ամյակի կապակցությամբ արված որոշ սադրիչ հայտարարություններ (որ նույնիսկ հրեաներին փրկել են… ուկրաինացիները) ջուր լցրին հրեական ցեղասպանության համապարփակ ճանաչման ջրաղացին: Ասես այնտեղ նացիզմի դաժանության ուրիշ զոհեր չեն եղել: Նույնիսկ մի կողմ թողնենք, թե իրականում ով է ազատագրել Օսվենցիմը եւ առհասարակ ով փրկեց Եվրոպան ֆաշիզմից:
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ռուսաստանցի ճանաչված քաղաքագետ, գրող Իսրայել Շամիրիՙ ռուսական թերթերից մեկում հրապարակված հոդվածը նշյալ թեմայով: Ինքն ազգությամբ լինելով հրեա, նա զարմանալիորեն առինքնող անկեղծությամբ աչքի ընկնող իր խորհրդածություններում տալիս է նույնՙ բնավ էլ ոչ հռետորական հարցըՙ ինչո՞ւ պետք է նշել Հոլոքոսթի օրը, բայց ոչ հայերի բնաջնջման օրը…
Մենք ինքներս կորոշենք, թե ովքեր են փրկել հրեաներին
Օսվենցիմի շուրջ բռնկած սկանդալը դատարկ տեղը չի առաջացել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «հոլոքոսթ» բառը չի հնչել, այն երեւան է եկել 1965 թվականին: Եվ առանձնահատուկ հրեական ողբերգություն հասկացությունը լայնորեն հայտնի չէր: Չերչիլն իր բազմահատոր հուշագրություններում դա չի արձանագրում, չեն հիշատակում նաեւ ուրիշ զորապետեր ու քաղաքական գործիչներ: Պատերազմի ժամանակ հրեաների տանջանքների թեման հնչեցրել է խորհրդային Ռուսաստանը, ելնելով ինչպես կարեկցանքից, այնպես էլ պրակտիկ նկատառումներով: Մոսկվան արդարացիորեն մտավախություն ուներ Վաշինգտոնի ու Բեռլինի սեպարատ դավադրության հավանականության կապակցությամբ (հիշո՞ւմ եք «Գարնան տասնյոթ ակնթարթները» ֆիլմը) եւ ձգտում էր օգտագործել ամերիկացի հրեաների հետ ունեցած կապերը, որպեսզի խափանի նման դավադրությունը եւ արագացնի լենդ-լիզով իրականացվող մատակարարումները:
1948 թվականից ու Իսրայելի ստեղծումից հետո թեեւ առանձին շատ հրեաներ պաշտպանում էին Մոսկվային, հրեական խոշորագույն կազմակերպությունները աստիճանաբար սկսեցին հակառուսական դիրքորոշում որդեգրել: Վաթսունական թվականների կեսերին հրեա «խելքի տոպրակները» ձեւակերպեցին երկրորդ համաշխարհային պատերազմի սեփական հիմնադրույթը, որի մեջ գլխավոր տեղը գրավեց ոչ թե Ստալինգրադը, այլ Օսվենցիմը, ոչ թե հերոսական ռուս զինվորը, այլ զոհաբերված հրեան, ոչ թե Բեռլինի գրավումը, այլ Իսրայելի հիմնադրումը: Այսպես կյանք առավ Հոլոքոսթի հիմնադրույթը: Վաթսունական թվականներին սկսեց ձեւավորվել Հոլոքոսթի «ուսմունքը»: Եվրոպայի ժողովուրդները ու առաջի հերթին գերմանացիները պետք է հավերժ զղջան եւ կատարեն ԱՄՆ- իՙ հրեաների լավագույն բարեկամի կամքը:
Այդ ուսմունքին դիմակայում էր «կարմիր իմաստունների» հիմնադրույթը, ըստ որի հիտլերիզմը պարտված է ու այլեւս նման վտանգ չկա: Գերմանական ազգայանասիրական առողջ ուժերը իրենց ավանդական հակաամերիկյան դիրքորոշմամբ հնարավորություն ունեցան մասնակցելու Գերմանական Դեմոկրատական Հանրապետության կառուցման գործին: Եկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր ողբերգությունը, ըստ պատմության կարմիր տարբերակի, դարձավ Հիրոսիմանՙ հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների հրեշավոր ոչնչացումը ամերիկյան ատոմային ռումբով: Հիրոսիմայի բախտակիցն էր ռմբակոծված Դրեզդենը: Հրեաների ողբերգությունը չէր առանձնացվում պատերազմում զոհված միլիոնավոր ռուսների, ուկրաինացիների, բելառուսների եւ մյուս ազգերի ներկայացուցիչների ողբերգության ֆոնի վրա:
Այդ երկու հիմնադրույթների վեճը ձգվեց մի քանի տասնամյակ: ԱՄՆ-ի հաղթանակը սառը պատերազմում դարձավ նաեւ Հոլոքոսթի հաղթանակը: 1945 թվականին ֆրանսիացիների 57 տոկասը այն կարծիքին էր, որ հաղթանակը հիմնականում նվաճել են ռուսները, 20 տոկոսըՙ ամերիկացիները: 2004 թվականին բեւեռները փոխվել էինՙ 20 տոկոսըՙ Ռուսաստանի օգտին, 58-ըՙ ԱՄՆ-ի: Հիրոսիման մոռացվեց, Օսվենցիմը դարձավ ուխտագնացության վայր: Դեմոկրատիան դադարեց մեծամասնության կառավարում լինելուց. Հոլոքոսթի գաղափարախոսության շրջանակում որեւէ երկրի մեծամասնություն իրավունք չունի վճիռ կայացնել Ամերիկայի կամքին հակառակ:
Հոլոքոսթ կոչված գաղափարախոսությունը վերածվեց պաշտամունքի, ձգտելով գրավել քրիստոնեական հավատքի տեղը: Դրա հետեւորդները ասում եւ գրում են, որ Օսվենցիմը չեղյալ հայտարարեց Գողգոթան, որ Օսվենցիմից հետո հնարավոր չէ հավատալ Քրիստոսին, որ Հոլոքոսթը քրիստոնեության ծնունդ է:
Այդ պատճառով էլ այն երկրներում, որտեղ այդ պաշտամունքն ուժեղ է, քրիստոնեության արտաքին նշանները դուրս են մղվում հանրային կյանքից, եւ կարելի է անարգել վարկաբեկել քրիստոնեական հավատը: Իսկ Հոլոքոսթի վերաբերյալ կատակների համար անգամ միայն Ֆրանսիայում անցած շաբաթ 75 քրեական գործ է հարուցվել:
Թվում էր ռուսներն են փրկել հրեաներին, բացել Օսվենցիմի դարբասները: Ուրեմն այդ հիմնադրույթը չպիտի սպառնա ռուսներին, ճի՞շտ է: Պարզվում է, որ այն բանից հետո, երբ ծանրության կենտրոնը պատերազմից անցավ զոհին, հրեաները դարձան գլխավոր, իսկ ռուսներըՙ եկրորդական տարր, որին կարող է փոխարինել նույնիսկ կիեւյան ռեժիմը: Ներկայիս Ռուսաստանում Հոլոքոսթի պաշտամունքը ներմուծված է Արեւմուտքից որպես լիբերալ ընդդիմության զինանոցի անքակտելի մաս: Այն թշնամական է ընդդեմ Ռուսաստանի, ինչպիսին էր ընդդեմ խորհրդային Ռուսաստանի: Առաջին հեռուստաալիքի կլոր սեղանի շուրջ «հոլոքոսթագետ» Մումին Շակիրովը առաջարկեց ամբողջ ռուս երիտասարդությանը սովորելու ուղարկել Օսվենցիմ:
Հրեաների համար Հոլոքոսթի պաշտամունքը նոր ողբերգություն դարձավ: Իսրայելի, հիմա էլ ուրիշ երկրների երիտասարդությանը ատելություն ու անվստահություն են սովորեցնում ոչ հրեաների հանդեպ, դաժանությունՙ հարեւանների նկատմամբ: Օսվենցիմի ողբերգությունից նրանք հետեւություն են կորզելՙ չի կարելի նեղացնել հրեաներին: Դա, իհարկե, վատ չէ: Իսկ մնացած բոլորին կարելի՞ է: Times of lsrael թերթում բլոգերը բացահայտ կոչ է անում ցեղասպանության ենթարկել պաղեստինցիներին: Իսրայելի խորհրդարանի անդամ Աելեւտ Շակեդը նույնպես կոչ արեց սպանել պաղեստինցի երեխաներինՙ «փոքր օձերից մեծ օձեր կաճեն»: Ռուսաստանում էլ « » ռադիոալիքով Մատվեյ Գանապոլսկին (հրեա մեկնաբան-Ռ.Հ.), որի դիրքորոշումը Հոլոքոսթի եւ ժամանակակից Ռուսաստանի մասին հայտնի է, կոչ արեց նույնպես ցեղասպանություն իրագործել մուսուլմանների նկատմամբ, որովհետեւ մուսուլմանները մարդ չեն: Այո, բոլոր մուսուլմանները չէ, որ իսլամիստ են, բոլոր հրեաները չէ, որ սիոնիստ են: Կարծում եմ, միտքը հասկանալի է:
Միլիոնավոր զոհեր կրած ռուսներին դժվար է բացատրել, թե ինչու հրեայի մահը շատ ավելի կարեւոր է, քան ռուսի մահը: Ինչու պետք է նշել Հոլոքոսթի օրը, բայց ոչ հայերի բնաջնջման օրը: Կամՙ Հիրոսիմայի ողբերգությունը եւ Ստալինգրադի հերոսությունը: Այս վեճը դեռ ավարտված չէ:
Մոսկվա
Հ. Գ. – Ռուսաստանյան Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իսրայելական Haaretz թերթը, հաղորդում է, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հունվարի 28- ի նիստում ունեցած իր ելույթում հիշատակել է նաեւ հայերի 1915 թվականի ցեղասպանությունը: Այդուհանդերձ դա նրան չի խանգարել իր ելույթն ավարտել հետեւյալ հայտարարությամբ. «Այսօր մենք ազնվորեն ինքներս մեզ հարց տանքՙ ցեղասպանության դեմ մեր պայքարը, այս ասամբլեայի պայքարը արդյունավե՞տ է եղել: Արդյո՞ք այն արդյունավետ էր Բոսնիայում: Արդյունավե՞տ էր այն Խոջալուի սպանությունների կանխման ժամանակ»: