Հունվարի 27, ՄԻԵԴ-ի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությունից առաջ
– Պարոն Կոստանյան, կարծիք հայտնեցիք, թե լավ տրամադրություն ունեք, ինչպիսի՞ հիմք կա նման լավատեսական տրամադրության համար:
– Միանշանակ դրա համար բավարար հիմք կա, այսինքնՙ երբ ասում եմ, թե կանխատեսումները դրական են, բարի ցանկություն չէ, այլՙ այս ամբողջ գործընթացի ժամանակ ձեռք բերվեցին բավականաչափ շատ հիմքեր: Օրինակՙ հայց, հայցի հիմնավորումներ, բողոք, բողոքի հիմնավորումներ, մեր դիրքորոշումները, դատարանի նախադեպային իրավունքի առկայությունը, այսինքնՙ այս ամբողջը իրենց կոմուլյատիվ էֆեկտով մեզ համար բավարար հիմք է տալիս լավատես լինելու: Որեւէ մեկը չի կարող կանխատեսել դատարանի վճիռը ինչ բովանդակությամբ կլինի, ինչ արդյունք կունենա, այնուամենայնիվ նկատի ունենալով նախադեպայնությունը եւ արդեն իսկ առկա փաստական հանգամանքները, լավատեսությամբ լցված եմ այս ամբողջ գործընթացի եւ արդյունքի նկատմամբ:
– Ձեր լավատեսությունն Աստծո ականջն ընկնի, բայց այսօրվա եվրոպական մթնոլորտը կարծես հակառակն է գուժում. մի քանի օր առաջ Գերմանիայի կառավարությունն իր տարածած հայտարարության մեջ հրաժարվեց ցեղասպանություն եզրույթից, իր պատճառաբանության մեջ նահանջեց 2005-ին Բունդեսթագիՙ այդ հասկացությանը մերձ ձեւակերպումներից, իսկ Շվեյցարիան, ինչպես վկայում է «Նոյե ցյուրխեր ցայթունգն» իր վերջին համարներից մեկում, կասկածում էՙ «արդյոք շատ հեռուն չի գնացել իր պատժիչ օրինագիծն ընդունելով, երբ 20-ից ավելի երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանությունըՙ առանց քրեականացնելու այն, երբ «Շառլի Էբդոյի» հետ կապված ազատ արտահայտվելու իրավունքը կարծես դառնում է գերակա: Թվարկած փաստերը մտավախություն չե՞ն պատճառում:
– Այն, որ ես լավատես եմ, բնավ չի նշանակում, թե առնվազն մտովի չեմ պատրաստվում բոլոր այն հակափաստարկներին, որ կարող են լինել: Շվեյցարական մամուլի հրապարակումների հետ կապվածՙ չեմ կարծում, որ դա Շվեյցարիայի պաշտոնական դիրքորոշումն է:
– Բայց մամուլն ընդգծում է հասարակության տրամադրությունները:
– Երբ որեւէ լրատամիջոց կարծիք է հայտնում, չի նշանակում, թե դա ողջ հասարակության տրամադրությունն է: Ձեռնպահ կմնամ մամուլի որեւէ հրապարակում կամ զանգվածային որեւէ լրատվամիջոցի մեկնաբանությունները մեկնաբանելուց:
– Բայց կասկածի որդն այդուհանդերձ նետվում է հրապարակ, չէ՞:
– Կասկածի այս կամ այն որդը կարող են նետել հրապարակ, բայց կա մի կարեւոր սկզբունք, այո, հենց նույն «Շառլի Էբդոյի» այս վերջին իրադարձություններն իհարկե նշանակություն ունեն, բայց այստեղ պիտի հաշվի առնել այն սկզբունքը, որը շեշտադրում ենք մեր ամբողջ առարկությունների փաթեթում, որ պետությունը պետք է ունենա հայեցողության այնպիսի սահմաններ, որ ինքը գնահատի տվյալ սոցիալական, քաղաքական հասարակությունում սովորույթային բոլոր նորմերը հաշվի առնելով: Արդյո՞ք խոսքի ազատության եւ խտրականության դրսեւորման կամ քարոզման սահմանները պետք է լինեն այսպիսի՞ն, թե՞ այնպիսին: Եթե նույն նախադեպերը Եվրոպական դատարանին հնարավորություն են տալիս, որ յուրաքանչյուր պետություն ինքը որոշի այդ «մարջին օֆ էքսփրեշընը», կարող է մի պետություն համարել, որ իր երկրում խոսքի ազատությունը բացարձակ նշանակություն ունի եւ դա կդրսեւորվի խտրականության դրսեւորման կամ կդրսեւորվի բռնության քարոզման ձեւով, իր համար կարեւոր չէ: Մոտեցում 2-րդ.կոնկրետ մի պետություն, նկատի ունենալով իր քաղաքական, սոցիալական համակարգերը, գնահատում է, որ այս սահմանի խոսքի ազատությունն արդեն վտանգավոր է պետության անվտանգության, մյուս-մյուսի համար: Մեկնաբանության ազատության սկզբունքը, հայեցողության սահմանները պետությունները բոլոր դեպքերում ունեն, եւ խնդիրն այն է, որ մենք բացարձակ չենք խոսում այն մասին, որ եթե եվրոպական դատարանը որոշելու է կամ պետք է որոշի,թե ընդհանրապես նման սահմանափակումները խոսքի ազատության սահմանափակում են, կամ սահմանափակում չեն: Խնդիրն այն է, որ մենք չենք կարծում, որ այսօր պիտի քննարկման առարկա դառնա ցեղասպանության ժխտման քրեականացման կամ ապաքրեականացման հարցը: Դա չի կարող դատարանի որոշման մեջ տեղ գտնել, դատարանը յուրաքանչյուր դեպքում կարող է քննարկման առարկա դարձնել, թե այս կամ այն պետությունը, որը քրեականացրել է, ընդունենք ցեղասպանության ժխտումը, համապատասխանեցնո՞ւմ է կոնվենցիայի չափանիշներին, խոսքի ազատության հետ համադրումը ճի՞շտ է անցկացված, թե՞ ոչ: Եվ դա չի կարող ունիվերսալ լինել բոլոր պետությունների համար:Այստեղ բացարձակ մտահոգություն չունեմ, ունենք խնդիր, որ կարող են շահարկման առարկա դարձնել թե՛ լրատվամիջոցներ, թե՛ որոշակի քաղաքական ուժեր, բայց դա չի նշանակում, որ դա ունիվերսալ, անփոփոխ կանոն է: Մի դեպքումՙ մի երկրի օրենսդրությունը կարող է կոնվենցիային համապատասխանել խոսքի ազատության իմաստով, մյուս դեպքումՙ չնայած նույն կարգավորումն ունի, կարող է չհամապատասխանել: Դա արտառոց վիճակ չէ:
– Վաղը ՄԻԵԴ -ը չի վիճարկելու ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, իսկ միջազգային իրավունքի մեջ կա՞ օրենքի գերակայությունՙ ասենք խոսքի, կարծիքի, ազատությունը գերակա լինի:
– Խոսքի ազատությունը կամ խտրականության արգելքը դրանք մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չունեն:
– Կյանքի իրավունքը գերակա չէ՞ բոլոր մյուս իրավունքներին:
– Այո, բայց հիմա խոսում ենք խոսքի ազատության եւ խտրականության արգելքի սկզբունքի համադրելիության գերակայության կամ ստորադասության մասին: Խնդիրը սրա մեջ է, սա պիտի քննարկվի: Ձեր հարցը հասկանում եմ այսպեսՙ արդյոք խոսքի ազատությունը կարո՞ղ է համարվել գերակա մյուս իրավունքներին: Ես կյանքի իրավունքի դաշտ չգնացի, դա բացարձակ է, դա չի քննարկվում եւ որեւէ այլ իրավունքի հետ համեմատելի չէ:
– Հիմա չե՞նք կարող բռնել այդ խայծիցՙ ասելով, եթե ռասիստական հիմք կա, ժողովուրդներին իրար դեմ է լարում, դա կյանքի իրավունքի ոտնահարմանն է աղերսվում:
– Չէ ,կյանքի իրավունքը բոլորովին այլ բան է:Այլ հարց է, թե հայեցողության սահմաններն ինչպես պիտի գնահատել: Յուրաքանչյուրի դեպքում դատարանը պիտի պետություններին հնարավորություն տա որոշելՙ խոսքի ազատությունը այս դրսեւորումներով կարո՞ղ է արդյոք հանգեցնել բռնության քարոզմանը եւ բռնության իրականացմանը, խտրականության դրսեւորմանըՙ դրա բոլոր վնասակար հետեւանքներով:Յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է դա որոշելու:
– Շվեյցարական թերթերից «Զոնթագսցայթունգը» հունվարի 25-ին գրել էր, թե դատավարությունը դեռ չսկսված Eklat -ն ( որ սկանդալ բառի հոմանիշն է- Ան. Հ.) առկա էՙ նկատել տալով, թե «Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նամակ է հղել Ստրասբուրգՙ պահանջելով Շվեյցարիան ներկայացնող դատավոր Քելլերին փոխարինել ուրիշ դատավորով», ինչպես թերթն է գրումՙ «նրան իբր թե կանխակալության մեջ մեղադրելով: Սույն դատավորը 2013-ի դեկտեմբերին մաս էր կազմում ՄԻԵԴ դատավորների հանձնաժողովին, որ 5-ը 2-ի հարաբերակցությամբ վճռեց, թե Շվեյցարիան ոտնահարել է Փերինչեքի ազատ կարծիքի իրավունքը:Քելլերը ներկայացնում էր մեծամասնությունը»: Ստրասբուրգը մերժել է Ձեզՙ պատասխան տեքստում պարզաբանելով, թե նրան փոխարինելու որեւէ հիմք չկա: Տեղյա՞կ եք այս հրապարակմանը:
– Ոչ, տեղյակ չեմ:
– Չե՞ն կարող ասել, թե Հայաստանը ճնշում է դատավորի անկախությանը, միջամտում է այլ երկրի գործերին:
– Նման մեկնաբանությունը ողջամտության սահմաններից դուրս է, առնվազն մի պատճառովՙ դատավորին ինքնբացարկելը, որեւէ դատավարության մեջ, այդ թվումՙ միջազգային ատյաններում, կողմերից յուրաքանչյուրի իրավունքն է: Դատավորին կարող են ինքնաբացարկել ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ դատավարության մյուս մասնակիցները: Եվ այնտեղ տեսնել ինչ-որ միտում, առավել եւս փորձել քաղաքականացնել, աբսուրդ եմ համարում: Սա սովորական ընթացակարգ է:
– Սա խոչընդոտ չի՞ դառնա: Մեր հանդեպ վերաբերմունքի փոփոխություն չի՞ լինի: Ինչո՞ւ հենց հիմաՙ դատավարությունից 3 օր առաջ գրեցին:
– Երեւի նոր են իմացել:
– Պարոն Կոստանյան, թույլ տվեք չհամաձայնել:
– Չգիտեմ ինչի հետ է կապված, չեմ ուզում կռահել, ենթադրություններ անել: Ընդամենը դատավարական իրավունք է իրականացվել, եւ նույնն է, եթե ասենքՙ կառավարությունը փաստարկ ներկայացրեց, իսկ Եվրոպական դատարանն այն մերժեց: Դա բնական է: Կառավարությունը իր փաստարկն է ներկայացրել, դատարանը ընդունել կամ չի ընդունել, եւ սա դարձնել քննարկումների, այդ թվումՙ քաղաքական քննարկումների առարկա, անկեղծորեն ոչ ողջամիտ եմ համարում:
– Միգուցե շվեյցարացի լրագրողները վաղը Ձեզ նաեւ այդ հարցն ուղղեն:
– Պատրաստ եմ պատասխանել: Խնդիր չկա: Երբ դատարանին միջնորդություն է ներկայացվում, դատարանը կարող է այն բավարարել կամ մերժել, անձի դեմ որեւէ բան չունենք,Հայաստանի Հանրապետությունը համարեց, որ տվյալ դատավորը, նկատի առնելով նրաՙ առաջին ատյանում հանձնաժողովի կազմում արտահայտած դիրքորոշումը, ըստ էության կարող է Վերին պալատի քննարկման ժամանակ էլ անաչառ դիրքորոշում չունենալ, եւ նպատակահարմար համարելով ինքնաբացարկ հայտնեց:
– Բայց դա հաստատվե՞ց:
– Դատարանն իր տեսակետից առնվազն երաշխավորում է, որ չնայած հանձնաժողովում ինքը նման դիրքորոշում է ունեցել, բայց դա բացարձակ չի նշանակում, թե կունենա բացարձակ կողմնակալ մոտեցում արդարադատություն իրականացնելու գործում: Այսինքնՙ մեր խնդիրն այն էր, որ մենք այդ քայլով դատարանին ասում ենքՙ դատարան, կասկածում ենք, որ ինքը կարող է լինել անաչառ, դատարանը մեր փաստարկները նայելով ասում էՙ մտավախություն չունենք, ինքը կողմնակալ չէ: Վերջ: Սա սովորական պրոցես է:
– Եվ սա տարընթերցման առիթ չի՞ տա:
– Ինքնաբացարկը դատավարական գործընթաց է, հո մենք չենք փորձել ինչ-որ նոր գյուտ անել, սա դատարանի կանոնակարգի մեջ նշված կանոն էՙ կողմերն իրավունք ունեն հիմքերի դեպքում ինքնաբացարկ հայտնել դատավորին:
Հունվար 28, ՄԻԵԴ-ում դատավարության ավարտին
– Բոլոր կողմերի ներկայացրած փաստարկների թե՛ հիմնավորվածությունը, թե՛ դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելու հնարավորությունն ունեցանք: Այդ ֆոնի վրա, կարծում եմ, մեզ հաջողվեց ներկայացնել Հայաստանի կառավարության դիրքորոշումը ամբողջ ծավալով, եւ դատավարության մյուս կողմի ներկայացրած բոլոր փաստարկներն ըստ էության որեւէ կերպ չհերքեցին կամ առնվազն ողջամտորեն կասկածի տակ չդրեցին այդ պնդումներն ու փաստարկների հիմնավորվածությունները: Գրավոր արդեն ներկայացրել էինք բավարար հիմքեր, որ կասկածի տակ են դնում դիմումատուի ներկայացրած փաստարկները: Նկատեցիք, որ դիմումատուի փաստարկներն առավել շատ զգացական հարթության վրա էին, ինքնագովազդի եղանակներ էին, քան իրավաբանական փաստեր եւ միջազգային իրավունքին վերաբերող դրույթներ: Մեր ներկայացրածը իրավաբանական, պատմական փաստեր էին, որ մեկ անգամ եւս հիմնավորեցին, թե Հայոց ցեղասպանությունը փաստ էՙ անկախ նրանիցՙ ինչ ձեւով, ինչ չափով կքննարկվի տարբերՙ միջազգային, միջազգային իրավական ատյաններում:
– Պարոն Կոստանյան, Ձեր երեկվա լավատեսությունն այսօր ի՞նչ տեսք ստացավ:
– Լավատեսությունն ավելի է ամրապնդվում` իմ խորին համոզմամբ:
– Շվեյցարական կողմի փաստարկները Ձեզ իբրեւ իրավաբանի գոհացրեցի՞ն:
– Կարող եմ ասել, որ փոխլրացնող դիրքորոշումներ ունեցանք հարցի հետ կապված: