Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈԼԱՐԱՅԻՆ ՏԵՆԴՆ ԱՎԱՐՏՎԵՑ

19/12/2014
- 19 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թույլ կտա՞նք, որ նորից մեզ խաբեն եւ տանեն մեր գումարները

Դրամի նկատմամբ դոլարի կտրուկ արժեւորման փուլն ավարտվեց: Երեկ գործընթացը հակառակ ուղղությամբ էր ընթանում` նույն կտրուկ տեմպերով: Օրվա վերջում դոլարը փոխանակման կետերում արդեն գնվում եւ վաճառվում էր 420-480 դրամ միջակայքում: Այսինքն, այն գրեթե վերադարձավ ելման կետ: Այն, որ դրամի առաջին արժեզրկումը, երբ փոխարժեքը կազմեց 435 դրամ 1 դոլարի դիմացՙ կարելի է պայմանավորել տնտեսական օբյեկտիվ գործոններով, անդրադարձել էինք մեր առաջին իսկ հրապարակման մեջ: («Դրամն արժեզրկվեց` ինչո՞ւ եւ ի՞նչ սպասել», «Ազգ», 28.11.2014): Այդ նույն հրապարակման մեջ նշել էինք նաեւ, որ նախաամանորյան շրջանում դրամը ավանդաբար արժեւորվում է եւ այս փոխարժեքը կպահպանվի: Առաջ անցնելով նշենք, որ մեր այս կանխատեսումն վերջին 1-2 օրում իրականություն է դառնում` փոխարժեքը վերադառնում է իր օբյեկտիվորեն պայմանավորված միջակայքին:

Սակայն, դեկտեմբերի 1-ին, երկուշաբթի, բանկերի մասնաճյուղերը եւ փոխանակման կետերը կտրուկ` 20-30 կետով բարձրացրեցին դոլար-դրամ փոխարժեքը այն դեպքում, երբ նախորդող հանգստյան օրերին ոչ մի իրադարձություն չէր եղել, որ կարող էր բերել փոխարժեքի այդ նոր սահմանին: («Բանկերն ու փոխանակման կետերը մեծ փողեր «աշխատեցին» դոլար վաճառելով», «Ազգ», 8.12.2014): Դրանով սկիզբ դրվեց բնակչության խուճապային տրամադրությունների, որի հետեւանքով էլ շուրջ մեկ շաբաթ ֆինանսական շուկան ցնցվում էր եւ փոխարժեքը փոխվում էր ոչ թե օր առ օր, այլ ժամ առ ժամ, հասնելով աննախադեպ բնագծերի` 580-590 դրամի 1 դոլարի դիմաց:

Կորուստները` տգիտության եւ բամբասանքների հանդեպ դյուրահավատության հետեւանք

Ինչպես արդեն նշեցինք, ֆինանսական շուկան վերադառնում է իր բնականոն ընթացքին: Կենտրոնական բանկը, թեեւ ուշացումով, բայց, ի վերջո, կարողացավ վերականգնել կորցրած վերահսկողությունը շուկայի վրա: Ճիշտ է, ԿԲ-ն այս ընթացքում հանդես եկավ հայտարարություններով, նրա նախագահը մամուլի ասուլիսով, բայց խուճապային տրամադրությունների վերընթացը բաց էր թողնվել եւ այն արդեն անկասելի ընթացք էր ստացել: Հիմա երբ ֆինանսական շուկայում իրավիճակը սկսում է կարգավորվել, արժե եւս մեկ անգամ անդրադառնալ, թե ի՞նչ տեղի ունեցավ փոխարժեքի եւ ի՞նչ անել նման իրավիճակների կրկնությունից զերծ մնալու կամ կորուստներ չկրելու համար:

Նախ Կենտրոնական բանկը պետք է ավելի արագ արձագանքի եւ թույլ չտա իր իսկ բնորոշած արժութային սպեկուլյացիները: Թեեւ հայտարավում է, որ 16 վարույթ է հարուցվել եւ խիստ պատիժներ են լինելու, բայց կանխարգելելն ավելի ճիշտ եւ արդյունավետ քայլ է բոլոր պարագաներում: Մինչդեռ, բանկերի եւ հատկապես փոխանակման կետերի սադրիչ գործելաոճին ԿԲ-ն չկարողացավ հակադրվել:

Մի քանի անգամ առիթ ենք ունեցել նշելու, որ փոխարժեքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով` ներքին եւ արտաքին: Հետեւաբար, եթե ինչ-որ մեկն ասում է, որ դոլարը վաղը բարձրանալու է, ապա նա դա անում է կոնկրետ շահ հետապնդելու նպատակով, իսկ նրանք ովքեր դա կրկնում եւ տարածում են առանց հասկանալու` կուլ են տալիս փոխարժեքի տատանման վրա գումար աշխատողների խայծը, թույլ տալով խաբել իրենց եւ տանել իրենց գումարները: Դրան հաջորդող բողոքները պետությունից, կառավարությունից, Կենտրոնական բանկից, փաստում են իրենց խաբել թույլ տվողների անգրագիտությունն ու դյուրահավատությունը ամեն տեսակ բամբասանքների եւ ասեկոսեների նկատմամբ: Բնական է, որ նրանք այդ պահին չեն հիշում, որ Կենտրոնական բանկն իր հայտարարությամբ խորհուրդ էր տվել անհարկի դոլար չգնել: Եթե կույր անվստահության փոխարեն փոքր-ինչ փաստարկված մոտեցում ցուցաբերեին, ապա կհետեւեին այդ խորհրդին եւ չէին տուժի: Մինչդեռ ի՞նչ էր տեղի ունենում:

Ապրանքների գները նույն արագությամբ հետ չեն վերադառնա

Որքան դոլարի փոխարժեքը բարձրանում էր, դրանից շատ ավելանում էին խուճապային տրամադրությունները: Անկախ նրանից, դոլարի կարիք ունեին, թե չունեին, մարդիկ զանգվածաբար գրոհում էին բանկերի մասնաճյուղերն ու փոխանակման կետերը` դոլար գնելու համար: Բնական է, դա բերում էր դոլարի փոխարժեքի նորանոր բարձրացումների, քանի որ այն ապրանքը (տվյալ դեպքում դոլարը որպես ապրանք), որի նկատմամբ մեծ պահանջարկ է լինում, պարտադրաբար թանկանում է: Սա բավական չէր, խուճապը թեւակոխեց նոր փուլ` խանութներից սկսեցին զանգվածաբար գնել ապրանքներ` պարենային եւ ոչ պարենային, քանի որ նրանց գները, օբյեկտիվ ու ավելի շատ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, բարձրանում էին: Ու տեղի էր ունենում նույնը, ինչ դոլարի հետ` որքան ապրանքները զանգվածաբար գնում էին, անկախ նրանից տվյալ պահին անհրաժեշտ է, թե ոչ, այդքան դրանք ավելի էին թանկանում:

Ինչ վերաբերում է փոխարժեքի տատանումների պատճառով գլխավորապես պարենային ապրանքների` շատ հաճախ անհասկանալի եւ անտրամաբանական թանկացումներին, ապա պետք չէ սպասել, որ դրանք փոխարժեքի արագությամբ կվերադառնան նախկին սահմաններին: Մեզանում գները բավականին արագ եւ հեշտությամբ են բարձրանում, բայց երբ բարձրացման պատճառները (օբյեկտիվ եւ սուբյեկտիվ) վերանում են, բավականին երկար եւ դժվարությամբ են վերադառնում նախկինին: Այս պահին դրան նպաստում է նաեւ նախատոնական շրջանը, երբ պահանջարկն ավելանում է: Ընդ որում, գնային չհիմնավորված բարձրացումները իրականացվում են ոչ միայն անմիջական ներմուծողներն ու արտադրողները, այլեւ առեւտրի կետերը` խանութները: Այն դեպքում, երբ դեռեւս խանութը չի ստացել այս կամ այն ապրանքի նոր, գուցե եւ փոխված արժեքով խմբաքանակը, խանութպանները օրվա ընթացքում ժամերի տարբերությամբ, հետեւելով փոխարժեքին, պարբերաբար բարձրացնում են նախկին գներով մի քանի օր առաջ ստացած ապրանքի գինը եւ մեղքը գցում մատակարարների վրա:

Գոնե հիմա սկսենք հավատալ փաստարկված տեղեկատվությանը

Անցած շաբաթվա ընթացքում, զանգվածային տգիտության եւ մշտական դժգոհողի հոգեբանության հետեւանք հանդիսացող ինչ առասպելներ ու ժողովրդական «բանահյուսության» նմուշներ դոլարի փոխարժեքի շուրջ ծավալվող իրադարձությունների ժամանակ չհյուսվեցին` էլ բանկերը սնանկ են, էլ խանութները շուտով փակվելու են, էլ ապրանքներ էլ չեն լինելու եւ այլն, եւ այլն: Եվ ի՞նչ, հիմա ի՞նչ են մտածում այդ հայտարարությունները տարածողները կամ դրանց հավատացողները: Չենք փորձի գուշակել, պարզապես գոնե այս հերթական փորձությունից դուրս գալով, հետագայում կարողանանք տարբերել թացն ու չորը, իմանանք, թե ո՞ւմ հավատալ եւ ո՞ւմ չհավատալ, ո՞վ է իրենց խաբում եւ ո՞վ զգուշացնում, որ չխաբվեն, փորձել ստանալ փաստարկված տեղեկատվություն տեղի ունեցածի վերաբերյալ, հետո նոր քայլեր ձեռնարկել կամ չձեռնարկել:

Վերադառնալով փոխարժեքին, նշենք, որ այժմ իրական հավանականություն կա, որ այն կարող է ավելի շատ խորանալ հակառակ` դրամի արժեւորման ուղղությամբ: Մինչեւ վերջին 1-2 օրը, սպասելով դոլարի փոխարժեքի ամենաբարձր կետին, թե՛ դոլարային խնայողություն ունեցող բնակիչները, թե՛ ձեռնարկությունները, զերծ էին մնում դրամ ձեռք բերելուց: Բնակչության մի զգալի մասը, ի տարբերութուն նախորդ տարիների, այդ պատճառով չէր սկսում նախատոնական գնումները: Հիմա երբ այդ գագաթնակետն անցել է, դոլարային խնայողությունները կսկսվեն զանգվածաբար փոխանակվել դրամի` ամանորյա սեղանները ծանրաբեռնելու համար: Հնարավոր է, որ փոխարժեքն անգամ ավելի ցածր լինի, քան նոյեմբերի 24-ին ձեւավորված եւ տնտեսական իրողություններին համապատասխան համարվող 435 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Change-ԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ՞

Հաջորդ գրառումը

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՎՍՏԱՀ Է ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՎՍՏԱՀ Է ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական