Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը շարունակվում է Ազգային պատկերասրահում` նկարչի գործերի հրաշալի ընտրությամբ նրա արվեստը նորովի բացահայտելու հնարավորություն տալով: Այս օրերին մամուլում հրապարակված հոդվածները, հեռուստատեսությամբ ներկայացված ֆիլմերը, հարցազրույցներն ու հաղորդումները Վարպետի ստեղծագործությունը վերստին արժեւորեւորելու, նրա թողած գեղարվեստական ժառանգությունը նոր հայացքով գնահատելու, մտորելու առիթ տվեցին:
Հետաքրքրական հանդիպում էր կազմակերպվել անցած հինգշաբթի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում: Արվեստաբան Մարտին Միքայելյանը հանդես եկավ դասախոսությամբ` նվիրված Վարպետի արվեստի անհայտ, դեռեւս չբացահայտված կողմերին: Ազգային պատկերասրահում Իսաբեկյանի պաշտոնավարած տարիներին Մ. Միքայելյանը աշխատել է նրա հետ, որը հետագայում վերածվել է տեւական բարեկամության, եւ արվեստաբանը շատ բան ուներ ասելու, հատկապես հուշեր պատմելու, մի բան, որ ունկնդիր կամ ընթերցողական լսարանին, կարծում եմ, միշտ էլ հետաքրքիր է, սակայն նա չանդրադարձավ դրանց: Ավելի շուտ փորձ արվեց բացահայտելու Իսաբեկյանի գեղարվեստական մտածողության եւ ապրած ժամանակի հակասությունները, ոչ այնքան տոտալ գաղափարախոսությանն առնչվող, որովհետեւ նկարչին հաջողվել էր շրջանցել դա, իր սկզբունքները արտահայտելու համար դիմելով ազգային անցյալի պատմական կարեւոր դրվագներին, որքան` գեղարվեստական լուծումներին, մաներաներին ու ոճերին: Այս առումով եղան տարաձայնություններ, հնչեցին հարցեր` մասնավորապես ակադեմիական նկարչությանը, արվեստի վրա տիրող մթնոլորտի ազդեցություններին, սոցռեալիզմին վերաբերող:
Հանդիպման ավարտին արվեստաբան Վիգեն Ղազարյանի ամփոփիչ խոսքը հստակեցրեց հնչած կարծիքներն ու ինչ-որ տեղ անորոշ մոտեցումները` առանձնացնելով դրանց առավել ռացիոնալ հատվածը, նկատել տալով, որ Մարտին Միքայելյանի մոտեցումը ավելի նուրբ եւ էսթետիկական տեսանկյունից է. «Նա փորձեց Իսաբեկյանի արվեստից դուրս բերել այն, ինչն իր նվիրական զգացմունքների պատճառն է դարձել»: Հակասությունը ժամանակի մեջ է` Իսաբեկյանի արվեստի` դասական նկարչության եւ արդեն ձեւավորվող նորարարական շարժման միջեւ հայտնվելու, ինչն առիթ է տվել նրա ստեղծագործական շրջանների` տարակարծիք մեկնաբանության: Վարպետի անավարտ թողած վերջին` «Իգդիրի երեւելիները» կտավը ներկաների հետաքրքրության կենտրոնում էր, հատկապես` պատմական նշանակությամբ: Վիգեն Ղազարյանի կարծիքով, Իգդիրին նվիրված պատկերաշարը եւ գեղարվեստական պատումը նկարչի ներքին վիճակների իրական արտացոլանքն է:
Մաշտոցի 7ա հասցեում գտնվող «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը, որտեղ ներկայացված է գեղանկարչի ժառանգության մի մասը, որը որդու` Արամ Իսաբեկյանի նվիրատվությունն է մեր քաղաքին, առավել պատշաճ պայմանների պարագայում (նկատի է առնվում նկարների պահպանման անհրաժեշտ միջավայրի ապահովումը, ռեստավրացիաները եւ այլն, նաեւ` թանգարանային կարգավիճակ ստանալը) գործերի ցուցադրությունից բացի, հնարավորություն կունենա ավելի բազմաբնույթ եւ լիարժեք գործունեության: Այստեղ հաջողությամբ կարող են անցկացվել դասախոսություններ- քննարկումներ արվեստի հարցերի շուրջ, կարող են կազմակերպվել հանդիպումներ մշակույթի գործիչների հետ, տեղի ունենալ կինոդիտումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ` ցուցասրահ-թանգարանը մայրաքաղաքի բնակիչների համար վերածելով մշակութային հարազատ վայրի: Մանավանդ` դրանց թիվը քաղաքում ակնհայտորեն քիչ է: