«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության, PhotoPodium.com եւ մի շարք այլ կազմակերպությունների հովանավորությամբ նոյեմբերի 8-ին Թեքեյան Կենտրոնի ցուցասրահում բացվեց «Օրհնյալ ուղի. Մոսկվա-Երեւան» միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը, որի առաջին ցուցադրությունը եղել էր Մոսկվայում:
Ցուցահանդեսի մասնակիցներն են ութ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Գերմանիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի 37 լուսանկարիչ: Հեղինակների ներկայացրած 70 աշխատանքներն արտացոլում են աշխարհի հիմնական հավատքները, որոնք քարոզում են խաղաղություն աշխարհում, ներդաշնակ հասարակություն` առանց զենքի ու պատերազմի:
ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ողջունելով ներկաներին, կարեւորեց ցուցահանդեսն իր հոգեւոր եւ մշակութային առումներով եւ համոզմունք հայտնեց, որ արվեստն ու կրոնը միշտ օգնել են ժողովուրդներին ապրելու խաղաղ, սիրով ու համերաշխությամբ, ինչպես որ հուշում է ցուցահանդեսի կարգախոսը` «Արվեստը հանուն խաղաղության»:
«Օրհնյալ ուղի» ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը եւ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հովիվ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, որոնք գոհունակություն հայտնեցին, որ հոգեւոր թեմայով ցուցահանդես է բացվում աշխարհիկ հաստատությունում` Թեքեյան Կենտրոնում, ինչը մեկ անգամ եւս հաստատում է այն ճշմարտությունը, որ հայ իրականության մեջ երբեք կրոնական խնդիրներ չեն եղել: Հայ հասարակությունը, Հայ եկեղեցին մշտապես սեր ու կրոնական հանդուրժողականություն են ցուցաբերել բոլոր կրոնների հանդեպ, ինչի շնորհիվ հաշտ ու համերաշխ ապրել են համաշխարհային կրոնների հետ: Տեր Ասողիկ քահանան շնորհակալություն հայտնեց նաեւ այն երկրներին, որոնք հոգատարությամբ պահպանում են հայ մշակութային կոթողները, եւ, սակայն, ափսոսանքով արձանագրեց, որ կան նաեւ հարեւան երկրներ, որոնք անխնա ոչնչացնում են հայ մշակույթը, հայ ինքնությունը:
Հյուրերի շարքում էր նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ռեյիսին, որը բարձր գնահատանքի արժանացրեց նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ բոլոր կրոններն էլ ընդունելի ու գեղեցիկ են յուրովի եւ ուղղված են մեկ նպատակի` մշակույթի, խաղաղության, ազգերի բարեկամության հաստատմանը:
PhotoPodium.com ադմինիստրատոր, լուսանկարիչ Արմեն Ենգոյանն իր հերթին ներկայացրեց ցուցահանդեսն ու մասնակիցներին: Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը կարեւորեց ցուցահանդեսը, նշելով, որ այսօր հասարակությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, որոնց թվում են տարատեսակ, անպտուղ ու անհասկանալի աղանդներ, որոնք փորձում են հասարակությանը շեղել ազգային արժեքներից, կրոնից, մշակույթից: Իսկ ցուցահանդեսին մասնակցող տարբեր երկրների արվեստագետներ բարձրաձայնում են իրենց ազգային հավատքի մասին ու արժեւորում այն:
«Օրհնյալ ուղի» միջազգային ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մեկ ամիս շարունակ` մինչեւ դեկտեմբերի 8-ը, այնուհետեւ կընդգրկվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվելիք լայնամասշտաբ ցուցահանդեսում: