Կիրակի օրն Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ավելի քան 98 տոկոսի մշակումը ցույց տվեց, որ խորհրդարանում տեղեր են ապահովել 6 կուսակցություն եւ ընտրական դաշինք: Ընտրարշավի առաջատարը վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատն» է, որը չնչին առավելություն ունի նախագահական «Պետրո Պորոշենկոյի դաշինքի» նկատմամբ: «Ժողովրդական ճակատը» ստացել է քվեների 22,16 տոկոսը, «Պետրո Պորոշենկոյի դաշինքը»ՙ 21,82 տոկոսը:
Երրորդ տեղում անսպասելիորեն հայտնվել է Լվովի աջամետ քաղաքագլուխ Անդրեյ Սադովի «Ինքնասատարում» միավորումը, որի ցուցակում ընդգրկված է «Դոնբաս» կամավորական գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն: Միավորումը ստացել է քվեների 11 տոկոսը:
Չորրորդ տեղն զբաղեցնում է երկրի արեւելյան մարզերի բնակչության շահերն արտահայտող «Ընդդիմադիր դաշինքը»ՙ 9,36 տոկոս: Օլեգ Լյաշկոյի «Արմատական կուսակցությունը» հինգերորդ տեղում է (7,45 տոկոս): Վերջինՙ վեցերորդ տեղը զբաղեցնում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունըՙ 5,68 տոկոս:
Մնացյալ կուսակցություններն ու դաշինքները չեն հաղթահարել 5 տոկոսանոց պատնեշը: Այդ ցուցանիշին ընդհուպ մոտեցել է «Ազատություն» ազգայնական կուսակցությունը: «Համաուկրաինական միավորումը» ստացել է քվեների 4,71 տոկոսը, Կոմունիստական կուսակցությունըՙ 4 տոկոսից քիչ պակաս: Ֆաշիստամետ արմատական Դիմիտրո Յարոշի «Աջ հատվածը» ստացել է 2 տոկոսից պակաս քվեներ, բայց ինքըՙ Յարոշը պատգամավոր է ընտրվել միամանդատ օկրուգներից մեկում:
Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա երկրի օրենսդիր մարմնում մեծամասնություն կկազմեն եվրոպամետ կուսակցությունները: Վարչապետի եւ նախագահի կուսակիցները արդեն բանակցում են խորհրդարանական դաշինք կազմելու նպատակով, նշում է Ինտերֆաքս գործակալությունը: Խորհրդարանում տեղեր կունենան նաեւ նախկին վերնախավի ներկայացուցիչները եւ ամբոխավար ու ռուսատյաց արմատականները:
Քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների 52,42 տոկոսը: