Ա. Բուռնազյանի անվան մոսկովյան բուժհաստատությունը երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում Ռուսաստանում
1996 թվականի դեկտեմբերի սկզբներին, Մոսկվայի հիմնադրման 850-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումների շրջանակներում, ՌԴ մայրաքաղաքի հենց սրտում` Արբատի 28/1 հասցեում գտնվող անչափ պատկառելի մի շենքի առջեւ, որտեղ հսկայական բազմություն էր հավաքվել, նորամուտի արարողություն էր` խորհրդային նշանավոր զինվորական բժիշկ, 1958-1981 թթ. ԽՍՀՄ առողջապահության փոխնախարար, հայազգի Ավետիք Բուռնազյանի անունը կրող «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնի բացումը: Տեղաբնակների զարմանքին չափ ու սահման չկար. 1903 թվականին հիմնադրված եւ իր դարը վաղուց ապրած շինությունը, որը դեռեւս ցարական Ռուսաստանի ժամանակներից մինչեւ խորհրդային կարգերի վախճանը ծառայել էր որպես տարբեր բնույթի բուժհաստատություններ, եւ, ի վերջո, ժամանակի ընթացքում ավերվել ու քայքայվել` բառացիորեն ավերակներից հառնել եւ ներկայանում էր նոր շուքով եւ գրավչությամբ: Մոսկովյան բարձրակարգ շինարարներն ու անվանի ճարտարապետներն այդ օրը հիացմունքով արձանագրեցին, որ միայն նա` Ռուսաստանում հարյուրավոր շենքեր կառուցած եւ հնամյա հուշարձաններ վերակառուցած, «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար» կոչման դափնեկիր եւ ստեղծագործ մտքի հզոր թռիչք ունեցող Վարդգես Արծրունին կարող էր փայլուն ղեկավարել եւ ավարտին հասցնել վերակառուցման աշխատանքները` երկրորդ, եւ առավել շքեղաշուք կյանք պարգեւել Մոսկվայի խորհրդանիշերի շարքը դասվող եւ պատմական հուշարձան համարվող այդ շինությանը` հավատարմորեն պահպանելով նաեւ շենքի ճակատային մասի նախկին դիմագիծը:
Սկիզբն այդպես դրվեց: Իսկ ահա նորաբաց բուժհաստատության գործունեության հենց առաջին շրջանում Վարդգես Արծրունու տաղանդ մեկ այլ դրսեւորմամբ պիտի հիանային արդեն բուժաշխատողները: Որպես բուժհաստատության հիմնադիր եւ սեփականատեր` Արծրունին, կազմակերպչական փայլուն ունակությունների շնորհիվ, կարողացավ իր շուրջը համախմբել լավագույն մասնագետների:
Եվ եթե այսօր հակիրճ բնութագրենք 18-ամյա աշխատանքային ճանապարհ անցած «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնի գործունեությունը` կստացվի հետեւյալ պատկերը. բժշկական 31 մասնագիտացում, 1390 ծառայություն, օրական 1000 այցելություն, մշտական գրանցված 164.000 հաճախորդ, 400 բուժքույր, 200 բժիշկ, որոնցից 35-ը բժշկական գիտությունների թեկնածու, 4-ը` դոկտոր, 3-ըՙ ՌԴ վաստակավոր բժշկի տիտղոսակիր…
Այս ամփոփ վիճակագրությունը մեր զրույցի ընթացքում առավել ամբողջական է դարձնում 2005 թվականից բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր հայրենակից Տիգրան Մարկոսյանը:
Նա ծնվել է Երեւանում, 2001-ին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիան, 2006-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2012-ին` դոկտորական թեզերը: 2004-2010 թվականներին համատեղությամբ աշխատել է Սեչենովի անվան 1-ին կլինիկական հիվանդանոցում: 2007 թվականից ուրոլոգների եվրոպական ասոցիացիայի անդամ է: Կինը հայ է` ջութակահարուհի: Երկու տղա ունեն` փոքրը` 3 տարեկան, իսկ 9-ամյա որդին, որ որոշել է գնալ հայրիկի ճանապարհով, սովորում է Սեչենովի անվան բժշկական ակադեմիային կից դպրոցում:
– «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոն բաց բաժնետիրական ընկերությունը 2013 եւ 2014 թվականների արդյունքներով` ՌԴ առողջապահության նախարարության կողմից անընդմեջ զբաղեցնում է առաջին պատվավոր հորիզոնականը,- հպարտությամբ նշում է Տիգրան Մարկոսյանը: Այս աննախադեպ գնահատականները, առաջինի տիտղոսը, մանավանդ` ռուսաստանյան հայտնի բուժհաստատությունների առկայության եւ նրանց հետ մրցակցության պայմաններում, տարիների լարված եւ տքնաջան աշխատանքի արդյունք են: Բժշկական գործունեության լավագույն ավանդույթներ ձեւավորած մեր կոլեկտիվն իր գոյության տարիներին նվաճել է բարձր հեղինակություն եւ վստահություն` ինչպես այցելուների, այնպես էլ Ռուսաստանում հայտնի մեր գործընկերների շրջանում: Այստեղ, իրոք, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները առաջինը լինելու համար` մասնագիտական ժամանակակից որակավորում եւ սպասարկման բարձր կուլտուրա ունեցող անձնակազմ, կահավորված կաբինետներ, հետազոտող եւ հնարավորինս արագ ախտորոշող մասնագիտացված բուժսարքավորումներ, մի խոսքով ամեն ինչ` այցելուներին ընդունելու եւ վերջում գոհ ու շնորհակալ ճանապարհելու համար: Իսկ մեզ մոտ հաճախում են ամենատարբեր խավի մարդիկ` «հասարակ մահկանացուներից» մինչեւ մշակույթի, գիտության եւ քաղաքական էլիտայի ամենանշանավոր դեմքերը, որոնցից մեկ անգամ չէ, որ շնորհակալության ու երախտիքի ջերմ խոսքեր ենք լսել: Այդ գնահատականներն ու վստահությունը մեզ պարտավորեցնում են մշտապես կատարելագործվելու եւ նորացվելու:
Մեր կենտրոնում, այցելուներին բազմակողմանի հետազոտելուց եւ հիվանդությունները կանխորոշելուց զատ, արվում են նաեւ միկրոսկոպիկ վիրահատություններ, որից հետո հիվանդներին տեղափոխում ենք տուն եւ այնտեղ ստանձնում հետագա խնամքը եւս` մարդկանց վերադարձնելով աշխատունակությունը: Կենտրոնում կատարվում են նաեւ կոսմետիկ վիրահատություններ եւ փոխպատվաստումներ: Մի խոսքով, այսօր մեր բուժհաստատությունը ամուր եւ վստահ կանգնած է մարդու համար ամենաարժեքավորի` առողջության պահպանման դիրքերում: Իսկ գներն էլ մատչելի են` մարդկանց գրպաններին հասու` 40 դոլարից սկսած: Ունենք նաեւ զեղչային կայացած համակարգ, տարվա ընթացքում գործում են բազմազան ակցիաներ, ղեկավարությունը սիրով ու պատրաստակամությամբ, առանց որեւէ պարտադրանքի, հանդես է գալիս բարեգործական ձեռնարկումներով…
Եվ պատահական չէ, որ բժշկական ապահովագրական բազմաթիվ ընկերություններ, սպասարկման համար կարեւորագույն` «գին-որակ» պայմաններին ծանոթանալուց հետո, նախընտրում են պայմանագրեր կնքել հենց մեր բուժհաստատության հետ:
Ունենք նաեւ բժշկական վերականգնողական մեր կենտրոնը, որը գտնվում է Մոսկվայի Տրիֆոնովյան փողոցում: Այնտեղ նույնպես հավաքված են փորձառու եւ բարձրակարգ մասնագետներ, ովքեր տիրապետում են ժամանակակից բժշկության գիտելիքներին եւ գաղտնիքներին: Նրանց կուտակած փորձը լրացնում են ժամանակակից բուժսարքավորումները, որոնցով լիովին հագեցած է կենտրոնը: Եվ մեր այս մեծ ու համերաշխ կոլեկտիվի ղեկավարության առաջնահերթ խնդիրը գործունեության հետագա կատարելագործումն է, ձեռռքբերումներով չբավարարվելը, աշխատանքային բնականոն ռիթմի շարունակական կատարելագործումը:
Մոտ ապագայում մենք կունենանք նաեւ շտապօգնության ծառայություն եւ բժշկական անհետաձգելի օգնություն կցուցաբերենք մարդկանց: Նախատեսվում է նաեւ բացել ստացիոնար հիվանդանոց` հագեցած թե բարձրակարգ մասնագետներով, եւ թե ժամանակակից պայմաններով ու սարքավորումներով: Պլանավորված է ունենալ նաեւ շատ կարեւոր մի բուժհաստատություն` մանկական պոլիկլինիկա…
Զրույցի ընթացքում բուժհաստատության գլխավոր բժիշկը հատուկ շեշտում եւ կարեւորում է ղեկավարության ամենօրյա ուշադիր վերաբերմունքը բուժանձնակազմի նկատմամբ, որը անչափ անհրաժեշտ նախապայման է կոլեկտիվից չհեռանալու, մշտապես ինքնակատարելագործվելու եւ նորանոր նվաճումներ ապահովելու համար: Բժշկի աշխատավարձն, օրինակ, հասնում է մինչեւ 3.000 դոլարի սահմանագիծը, կան բազմաթիվ արտոնություններ, որոնցից օգտվում են կոլեկտիվի բոլոր անդամները, ձեւավորված են ավանդույթներ, որոնցով ապրում եւ շնչում են Ավետիք Բուռնազյանի անվան «Մոսիտալմեդ» միջազգային բժշկական կենտրոնի աշխատակիցները:
Այս բուժհաստատությունից ստացած մեծ տպավորություններս երբ փորձեցի կիսել հիմնադրի` Վարդգես Արծրունու հետ եւ հենց նրանից լսել ռուսաստանյան ոչ դյուրին մրցակցության պայմաններում աննախադեպ հաջողությունների հասնելու գաղտնիքը, նա, ինչպես միշտ, իր խառնվածքին հատուկ անմիջականությամբ անսպասելի բացահայտում արեց.
– Հրաշքներ չկան, ամենամեծ հրաշքը, ինչը վկայում է նաեւ պատմությունը, հայի պրպտող ուղեղն է, հնարամտությունն ու մեծ հավատը: Խելացի ու պատվախնդիր հայի միտքը աշխարհի բոլոր ծագերում էլ հաջողություններ է արձանագրել, եւ եթե որեւէ տեղ կա թեկուզ մեկ խելացի հայ, ուրեմն` հայկական գենի հաղթարշավը շարունակվում է, եւ սպասեք նորանոր հաղթանակների…