Թե ինչու ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը ոչ իշխանական եռյակի հետ անցած օրերին Սյունիք չմեկնեց, դժվարանում ենք ասել: Հնարավոր է, որ այս որոշումը եռյակը կայացրել է, քանի որ Արամ Մանուկյանը, ավելի վաղ, նույն եռյակի հետ միասին Աբովյան քաղաքում հավաքված բազմության առջեւ հայհոյեց Սերժ, Սաշիկ Սարգսյաններին եւ Միքայել Մինասյանին: Բայց հնարավոր է նաեւ, որ Արամ Մանուկյանի, ինչպես նաեւ մեկ այլ` ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանի` Սյունիք չմեկնելու փաստը հիմնավորվում է այդ մարզ վերադարձած Սուրիկ Խաչատրյանի գործոնով, այն տրամաբանությամբ, որ, եթե նույն եռյակի կարծիքով սյունեցիները, ովքեր Գորիսի հանրահայատ` Զանգերի մոտ աղ ու հացով են դիմավորել Սուրիկ Խաչատրյանին, ուրեմն «վախեցած են», կնշանակի, որ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանն էլ կարող էին Սյունիք մեկնած չլինել, քանի որ…
Բայց սրանք ընդամենը ենթադրություններն են, որոնք միշտ տեղ ունեն, քանի չի հնչել պաշտոնական տեղեկությունն այն մասին, թե ինչու է ՀԱԿ-ն ասում, թե եռյակի կազմում է, բայց կոնկրետ Սյունիք չի գործողում ոչ Արամ Մանուկյանին, ոչ Լեւոն Զուրաբյանին, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, դե իսկ այն, որ Գագիկ Ջհանգիրյանն, օրինակ, այդքան «հավես չունի»` շրջաններ մեկնելու, իսկ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել էր, թե ինքը չի պատրաստվում լինել մի տեղ, որտեղ կան, ըստ իրեն` «Մարտի մեկի արյունահեղության մեղավորներից ոմանք», նկատի ունենալով` ԲՀԿ-ի հայտնի դեմքերին, վաղուց գիտեինք:
Ինչեւէ, ՀԱԿ-ն այսօր եռյակի կազմում է ճիշտ այն չափով, որքան այնտեղ են «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն` ոչ թե առաջնորդների, այլ փոխնախագահների մակարդակով, չնայած այս առումով կեսկատակ կեսլուրջ ասում են, որ ԲՀԿ-ում փոխնախագահ գոյություն չունի, քանի որ այն բոլոր պաշտոնները, որոնց անվանման մեջ կա նախագահ բառը, զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, վերջինիս մասին տպավորություն է ստեղծվում, որ հայ բազմաթիվ ու բազմապիսի հումորիստները, որոշ հաղորդավարներ, բազմաթիվ պատգամավորներ, Գալուստ Սահակյանը, այլք, աշխատում են միայն եւ միայն Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն գալու եւ այստեղ մնալու, այստեղից չհեռանալու գլխավոր խնդիրներից մեկը լուծելու համար: Ծառուկյանն ինքը բազմիցս է հայտարարել, որ իր քաղաքական, շեշտում ենք` քաղաքական թիվ մեկ նպատակը, այսինքն` այս ոլորտում լինելն ու մնալը պայմանավորված է հանգամանքով, որ ինքը ցանկանում է, որպեսզի հայ տղամարդիկ աշխատանք ունենան եւ չարտագաղթեն, իսկ հայ կանայք` ժպտան: Հիմա, վերոհիշյալների գործունեության արդյունքում հայ կանայք մեծ մասամբ ժպտում են, կնշանակի, որ նրանց ժպիտ պարգեւողները լուծում են Ծառուկյանի քաղաքական խնդիրներից մեկը: Գուցե այդ պատճառով էլ Ծառուկյանն անձամբ, կամ Ծառուկյանի կուսակցությունը, բաց տեսքստով չի հայտարարում, որ ամբողջական եւ համակարգային իշխանափոխություն է ուզում, ավելին, ինչպես տեսնում ենք, գուցե լրիվ պատահաբար, բայց համատեղ հանրահավաքներից դուրս են մղվում բոլոր այն բանախոսները, ովքեր ոչ միայն սա ուզում են, այլեւ հայհոյում են գործող իշխանություններին:
Մի խոսքով, օլիգարխի հետ հեղափոխություն չեն անում, անում են օլիգարխի դեմ, այլ հարց է, որ վերջին նպատակով հեղափոխությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ավարտվում է օլիգարխիայի հաղթանակով:
Բայց, այդուհանդերձ, ի՞նչ հասկացանք եռյակի վերջին մարզային ուղեւորություններից: Նախ եւ առաջ այն, որ եռյակը, չնայած քննադատում է իշխանություններին` վերջինիս կողմից վարչական ռեսուրսն օգտագործելու մեջ, բայց ինքը եւս օգտագործում է իր ունեցած վարչական ռեսուրսը: Այս համատեքստում ամենեւին պատահական չէ, որ եռյակն իր հանրահավաքները սկսեց Աբովյան քաղաքից, որի քաղաքապետ ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը, հանրահավաքից հետո, ըստ երեւույթին սպասում էր բոլոր բանախոսներին իր սենյակում, քանի որ եռյակը ներկայացնող ուժերի ներկայացուցիչները, ավարտելով հանրահավաքը Աբովյանում, շարքով մտան քաղաղաքապետարան` հստակ մեսիջ ուղարկելով իշխանությանն ու ժողովրդին, որ «մի քաղաք մերն է արդեն»: Բացի սրանից Սյունիքի մարզում եռյակն առաջինը եղավ Սիսիանում, եւ սա ոչ թե այն պատճառով, որ Սիսիանը առաջին քաղաքն է` դեպի Սյունիքի խորքը տանող ճանապարհին, այլ որովհետեւ Սիսիանի քաղաքապետը ԲՀԿ-ական Վահե Հակոբջանյանն է, որի լավ աշխատանքի արդյունքում Սիսիանի հանրահավաքը ապահովել էր շուրջ 900 հոգու ներկայությունը, ճիշտ այնքան, որքան մարզկենտրոն Կապանում: Մինչդեռ հնարավոր չէ, որ ավելի քիչ բնակչություն ունեցող Սիսիանը ավելի շատ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներ ունենա, հետեւաբար այստեղ մենք գործ ունենք եռյակի կողմից վարչական ռեսուրսն օգտագործելու հետ: Այս համատեքստում ամենեւին պատահական չէ, որ եռյակն իր սյունիքյան շրջագայության ժամանակ խնամքով շրջանցեց Գորիս քաղաքը, որտեղ բնակվել է, եւ բնակվում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Եվ, եթե եռյակն այսօր իրավամբ բողոքում է, թե ինչու երբ Կապանում Արմեն Մարտիրոսյանը սկսեց խոսել Սուրիկ Խաչատրյանից, հոսանքն անջատեցին, ապա լավ կանի պատասխանի երկու հարցի` նախ ինչո՞ւ իրենք շրջանցեցին Սուրիկ Խաչատրյանի քաղաքը` այդպիսով գորիսեցիների կողքը չկանգնեցին այս «ծանր ժամանակներում», եւ երկրորդՙ ինչո՞ւ, երբ ես երեկ մեր տանը խոսեցի Պենելոպե Կրուսի մասին, մեր հոսանքը եւս` մի ամբողջ ժամով անջատեցին:
Որքան էլ տարօրինակ հնչի երկրում իրական հեղափոխություն անելու եւ ժողովրդին «այս իշխանություններից փրկել» ցանկացողների պարագայում, բայց եռյակը վերադարձավ Սյունիքից. նրանք, օրինակ չհայտարարեցին, թե մնում են Սյունիքում, քանի դեռ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է, քանի դեռ սյունեցիների մեջ վախ կա, քանի դեռ Բուդաղյանները իրենց կարծիքը չեն հայտնել Սուրիկ Խաչատրյանի նշանակման փաստի առնչությամբ, քանի դեռ Սուրիկ Խաչատրյանը չի հեռացել Սյունիքից… նրանք վերադարձան Սյունքից, այդպիսով հաշտվելով «Սյունիքի մարզպետը` Սուրիկ Խաչատրյանն է» իրականության հետ: Իսկ որտե՞ղ է վստահությունը, որ եռյակը հոկտեմբերի 10-ից հետո չի հաշտվելու իրականության հետ, որ Հայաստանը ղեկավարում են հենց այս իշխանությունները. կա՞ առհասարակ նման վստահություն:
Եռյակն այսօր անգամ օրակարգ չունի. Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը, առաջինը` «Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկի տիրոջ մերն էլ, Միշիկի տիրոջ մերն էլ…» խիստ քաղաքական հայտարարությամբ, ավելի ճիշտՙ քաղաքական ասելիքի բացակայության ապացույցով, իսկ երկրորդն իր ավանդական «Սերժիկ, հեռացիր» բացականչությամբ, չկարողացան եռյակի համար օրակարգային գաղափարներ վեր հանել, ու լրիվ պատահաբար, Սյունիքում նրանք եռյակի հետ չէին: «Ժառանգություն»-ից, օրինակ, Ռուբեն Հակոբյանը, չնայած նշում է, որ` «մենք հիմա աշխատում ենք համատեղ օրակարգի վրա, ինչը արդեն իսկ պատրաստ է» առանց այդ էլ պարադոքսալ միտքը, բայց մյուս կողմից էլ, դիմելով ժողովրդին, ասում է. «Ձեր օգնությամբ մենք պետք է ձեւավորենք մեր ամբողջական օրակարգը»: Հետեւաբար եռյակն այսօր, չնայած մարզային հանրահավաքներ է իրագործում, չնայած արդեն իսկ ազդարարել է հոկտեմբերի 10-ի «մայր հանրահավաքի» մասին, բայց օրակարգ չունի, ինչը նշանակաում է, որ եռյակի պարագայում խախտվել է քաղաքական ուժի կողմից հանրահավաք հրավիրելու ձեւը, եթե ոչ կարգը. որպես կանոն քաղաքական ուժերը ասելիք ունենալու պատճառով են հանրահավաք հրավիրում, ոչ թե հանրահավաք են հրավիրում, որպեսզի այնտեղ, թեկուզ ժողովրդի օգնությամբ, ասելիք ծնվի:
Եվ վերջում «ժողովրդի օգնության» մասին: Գաղտնիք չէ, եւ սա հերքողը պարզապես կստի, որ կոնկրետ ԲՀԿ-ն, կոնկրետ Աբովյան քաղաքում ապահովել է հանրահավաքի մարդաշատությունը: Այդ թվում պատերազմի մասնակից, ծանր վիրավորված, «կոնտուզիա» տարած ազատամարտիկների օգնությամբ, նրանց խնդրելով, նրանցից պահանջելով, կամ նրանց վճարելով, որպեսզի վերջիններս եւս գան հանրահավաքի վայր: Հիմա, եթե այս նույն մարդիկ լինելու են նաեւ «մայր» հանրահավաքին, ապա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակը դառնում է պայթունավտանգ վայր: Հատկապես, երբ այնտեղ ժամանի, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու բացականչի «Սերժիկ հեռացիր», եւ հատկապես, երբ այս կոչին ժողովուրդը արձագանքի` «հիմա»: Հանրահավաքի մասնակիցների շարքում պետությունից վիրավորված, որոշակի առողջական, այդ թվում հոգեբանական խնդիրներ ունեցող քաղաքացիները իրենց «ոսկեզօծ Vertu հեռախոսներով» կարող են ամենաիսկական պատերազմ սկսել, անկախ նրանից, «Սերժիկ, հեռացիր» բացականչում է Տեր-Պետրոսյան Լեւոնը, թե՞ Զուրաբյան Լեւոնը, անկախ նրանից Սերժի, Սաշիկի եւ Միշիկի մասին հիշում է Արամ Մանուկյանը, թե՞ Արման Մուսինյանը: Ու երբ Ռուբեն Հակոբյանը նշում է, թե` «ժողովուրդ, ձեր օգնությամբ պետք է հստակեցնենք մեր օրակարգը», նկատի ունի նաեւ սա՞, երբ հանրահավաքի մասնակիցների հոսանքը դուրս կգա եռյակի ամուր ուժերի վերահսկողությունից եւ…
Այս պարագայում, սակայն, մի կարեւոր հանգամանք մոռացվում էՙ Գագիկ Ծառուկյանի ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ լինելը, իսկ սա նշանակում է, որ Ծառուկյանը պարտավոր է ապահովել Հայաստանի ազգային անվտանգությունը, ինչը նաեւ ենթադրում է երկրում սահմանադրական կարգի պահպանում, իշխանության եւ իշխանական հիմնարկների անձեռնմխելիության ապահովում` զանազան հեղափոխականներից եւ հեղափոխություններից:
Այս համատեքստում ամենեւին էլ դժվար չէ ասել, թե ինչու Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը Սյունիք չէին մեկնել: Իհարկե երբեմն պետք է, որ նրանք գոչեն այն, ինչը գոչում են արդեն մի քանի տարի` ապարդյուն, բայց սա պետք է միայն երբեմն, հանրահավաքներին էմոցիա հաղորդելու համար: Ի դեպ, հավանաբար այդ պատճառով էլ գործող իշխանությունը, եռյակի մարզային հանրահավաքների ընթացքում եւ «մայր հանրահավաքին» ընդառաջ փոփոխություններ է մտցնում «Շրջանառության մասին» ՀՀ օրենքում` ի դժգոհություն բազմաթիվ առեւտրականների եւ մարզպետ է վերանշանակում Սուրիկ Խաչատրյանին: Հիմա, եթե մենք Կապանում Արմեն Մարտիրոսյանի խոսափոխն անջատելու մեջ (երբ նա խոսել է Սուրիկ Խաչատրյանից) քաղաքական ենթատեքստ ենք տեսնում, ինչը կարող է լինել, ուրեմն այստեղ էլ քաղաքական դավադրություն կա, այն առումով, որ, քանի որ եռյակը օրակարգ չունի, իշխանությունը սիրահոժար տրամադրում է նրան օրակարգ, փաստացի` համագործակցելով ընդդիմության հետ եւ էմոցիայով ապահովելով հանրահավաք(ները):