Վերջին ամիսներին հետաքննող լրագրողները բացահայտեցին փողի, խավիարի, ոսկե ձուլածոների եւ քաղաքական կապիտալի քանակը, որ Ադրբեջանի կառավարությունը ծախսում է Արեւմուտքում եւ հատկապես Մ. Նահանգներում օրենսդիրների վրա ազդելու եւ իր քաղաքականությունը առաջ տանելու համար:
Ինչքան էլ անհարմար վիճակ ստեղծեն այդ բացահայտումները, Ադրբեջանը, միեւնույն է, վճռական է շարունակելու իր խավիարային դիվանագիտությունը, որովհետեւ Բաքվի կառավարությունը այլ ելք չի տեսնում ծածկելու մարդու իրավունքների խախտումների իր զարհուրելի տվյալները: Թուրքիան եւ Ադրբեջանը հայտնի են աշխարհում որպես ամենամեծ թվով բանտարկված լրագրողներ ունեցող երկրներ: Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիեւը գահը ժառանգեց իր հորից նույն ձեւով, ինչ նավթով հարուստ Ծոցի երկրների իշխանավորներն են անում, եւ այժմ երկիրը կառավարում է անողոքաբար: Ադրբեջանի նավթային պաշարներն ու դրանցից ստացված եկամուտները վերջին վահաններն են, որոնցով նա կարողանում է պաշտպանել իր բռնակալական իշխանությունը:
Դեռեւս ուժի մեջ է Մ. Նահանգների կառավարության «Ազատությունների պաշտպանության ակտի» 907 հոդվածը, որն արգելում է Ադրբեջանին ցուցաբերել անմիջական ռազմական օգնություն մինչեւ նա չդադարեցնի ագրեսիան Հայաստանի դեմ եւ չվերացնի շրջափակումը: Սակայն Բուշի եւ Օբամայի վարչակազմերը օգտվելով իրենց վերապահված իրավունքներից անտեսում են այդ օրենքը, որպեսզի Բաքուն չթեքվի դեպի Մոսկվա:
Ադրբեջանի կառավարությունը մի քանի ակադեմիական գիտաշխատողների եւ հասարակական հարաբերությունների աչքի ընկնող ընկերությունների է հավաքագրել Արեւմուտքում իր խայտառակ քաղաքական ուղին պաշտպանելու համար: Այս կոնտեքստում է, որ «Ռուսաստանի հաջորդ հողային զավթումը» խորագրի ներքո «Նյու Յորք Թայմսի» սեպտեմբերի 9-ի համարում մի հոդված էր տպագրել պրոֆ. Բրենդա Շաֆերը: Նրան ներկայացրել էին որպես «Հայֆայի համալսարանի պրոֆեսորի եւ Ջորջթաունում այցելու հետազոտողի»: Նրա կենսագրության մյուս մանրամասները չէին նշված չնսեմացնելու համար հոդվածում արծարծած իր թեզը: Նշենք, որ նա բավական երկար ժամանակ է անցկացնում Բաքվում եւ աշխատում «Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում», որը կարելի էր համարել նրա գիտահետազոտական գործունեությունը, եթե միաժամանակ նա չզբաղվեր հօգուտ Ադրբեջանի քարոզչությամբՙ Մ. Նահանգների կոնգրեսին ներկայացնելով կեղծ վկայակոչումներ: Կարելի է հեշտությամբ հակաճառել նրա պնդումներին եւ մերժել նրա կողմնակալ հայացքները, սակայն, պետք է խոստովանել, որ նա գիտի ինչպես խորամանկորեն ձեւակերպել հոդվածի վերնագիրը, որն անտարակույս «զավթում» է ընթերցողի ուշադրությունը, քանի որ Ռուսաստանին խարազանելն ու սառը պատերազմի քամիների մասին գրելը դարձել են մամուլի մշտական թեմաներից ամենահետաքրքրականները:
Իր թեզը պաշտպանելու նպատակով Շաֆերը հնարամտորեն Լեռնային Ղարաբաղի հարցն է «տեղադրում» Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության կոնտեքստում, ցուցաբերելով մի շատ հասարակ մոտեցում, որը նվազեցնում է հոդվածի բարդ քաղաքական ու պատմական արժեքը: Գուցե Շաֆերի համար տարօրինակ չէ ազերիական նավթ եւ գազ «վաճառել» Արեւմուտքին, սակայն անկասկած անազնվություն է շահագործել «Նյու Յորք Թայմսի» ընթերցողների համբերությունը այդ նպատակի համար: Ի դեպ, «Նյու Յորք Թայմսի» խմբագիրներն էլ, իրենց հերթին, չպահպանելով անաչառ լրատվություն տպագրելու իրենց անբասիր մակարդակը, թերացել են ստուգելու հոդվածում բերված փաստերը, հատկապես դրանք, որոնք ծառայում են Ադրբեջանի շահերին:
Հոդվածագիրը խելամիտ է եւ չի փառաբանում Ադրբեջանը որպես «ժողովրդավարականորեն տիպար» կամ «չափավոր իսլամական» երկրի, ինչպես կանեին շատ այլ ջատագովներ: Փոխարենը նա շատ զգայուն մի թեմա է շոշափումՙ գրելով. «Հարավային Կովկասը հեռավոր տարածաշրջան կարող է թվալ, բայց այն Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ սահմաններ ունի եւ կարող է տնօրինել բնական գազի եւ նավթի մի կենսական խողովակաշար, որը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա է ձգվումՙ շրջանցելով Ռուսաստանին»: Գազի եւ նավթի թեման հրամցնելով ընթերցողներին հեղինակը վստահ է, որ կարող է «զավթել» նրանց ուշադրությունը եւ այնուհետեւ առանց դժվարության «վաճառել իր ապրանքը»: Այնպես որ նա շարունակում է. «Հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր չէ: 1992-1994 թվականներին նրանք պատերազմում էին, թե նրանցից որ մեկն է պահպանելու իշխանությունը Ղարաբաղի ինքնավար մարզի վրա, որը մոտ 90 հազար քրիստոնյա բնակչությամբ մի լեռնային տարածք է հիմնականում մահմեդականներով բնակեցված Ադրբեջանի սահմանում»:
Նախ նշենք, որ Ղարաբաղի բնակչությունը 2013-ին 146,573 էր: Այնուհետեւ մի անգամ եւս ամրագրենք, որ Ղարաբաղը երբեք չի եղել «հիմնականում մահմեդականներով բնակեցված Ադրբեջանի սահմանում»: Այնպես ինչպես Խրուշչեւը քմահաճորեն Ղրիմը 1954-ին միակցեց իր հարազատ Ուկրաինային, Ստալինն էլ, որպես ազգությունների կոմիսար, 1920-ին առանձնացրեց Ղարաբաղը Հայաստանից եւ դրեց այն Ադրբեջանի իրավասության տակ: Տեխնիկապես Ղարաբաղը երբեք ամբողջովին ինտեգրված չի եղել Ադրբեջանի սահմանում: Նույնիսկ Ստալինի բռնապետության ժամանակաշրջանում այն ինքնավար մարզ էր իր ուրույն օրենսդրական մարմիններով: Խորհրդային Միության տարրալուծման օրերին Ադրբեջանը Միությունից անջատվեցՙ օգտվելով խորհրդային սահմանադրության ընձեռած հնարավորություններից: Լեռնային Ղարաբաղը նույն մեխանիզմից օգտվելով հանրաքվե անցկացրեց եւ անկախ արձակեց իրեն այդ Միությունից: Երկու միավորների առանձնացումը միաժամանակ խոսում է յուրաքանչյուրի տարածքային ամբողջականության մասին:
Այս փաստերը չեն համընկնում Ադրբեջանի պնդումների (իմաՙ շահերի.- Հ.Ծ.) հետ, այդ պատճառով էլ պրոֆ. Շաֆերը կիսագրագետ ձեւով դրանք անտեսում է իր հոդվածում: Ռուսաստանի մտադրությունները (որոնց այստեղ մենք չենք անդրադառնա) դիվայնացնելու նպատակով նա գրում է. «Ավելին, Ռուսաստանը ձեւը գտել է հակամարտությունը վառ պահելու համար: 1990-ականներին Հայաստանն ու Ադրբեջանը 3 անգամ ստորագրեցին խաղաղության պայմանագրեր, բայց Ռուսաստանը ձեւը գտավ խափանելու Հայաստանի մասնակցությունը: (1999-ին, օրինակ, մի զայրացած լրագրող, ենթադրաբար Մոսկվայի աջակցությամբ, սպանեց Հայաստանի վարչապետին, խորհրդարանի նախագահին եւ կառավարական այլ անդամներին)»: Սա հնարովի բան է, կամ պրոֆ. Շաֆերի երեւակայության արգասիքը, որովհետեւ եթե ճիշտ լիներ, Մոսկվան շահավոր պետք է դուրս գար այդ ամենից հետո: Այն, որ քաղաքականության փոփոխություն տեղի չունեցավ, խոսում է պրոֆեսորի սխալ ենթադրությունների մասին: Սխալ է նաեւ այն, որ 1990-ականներին համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: 1994-ի մայիսից ի վեր գործում է ընդամենը մի անկայուն հրադադար, որի հսկողությունը վերապահված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, մի ենթահանձնախումբ, որին համանախագահում են Մ. Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը:
Բայց նշենք նաեւ, որ ամեն անգամ բանակցությունների սեղանի շուրջ համաձայնության հասնելուց ընդամենը մի քանի ժամ անց Ադրբեջանը խախտում է այն կա՛մ սահմանային կրակոցներով, կա՛մ էլ նախագահ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններով: Շատ ուսանելի եւ լուսաբանող կլիներ մեզ համար, եթե Շաֆերը նշեր, թե ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ հանգամանքներում են ստորագրվել իր նշած երեք համաձայնագրերը: Իրեն հարգող ոչ մի գիտնական կամ գիտաշխատող իրեն թույլ չպետք է տա նման անհիմն հայտարարություններ կատարել:
Դժվար է անդրադառնալ բոլոր խեղաթյուրումներին եւ ապատեղակատվություններին: Բայց չի կարելի անպատասխան թողնել մեկ այլ հայտարարություն: «Չլուծված որեւէ հակամարտություն (որ Ռուսաստանը կոչում է «սառեցրած հակամարտություն») հնարավորություն է տալիս ռուսական զորքերին մտնել տարածաշրջան եւ իր հսկողության տակ պահել երկու կողմերին: Նման պայմաններում կողմերը չեն կարողանում առավել սերտորեն համագործակցել Արեւմուտքի հետՙ վախենալով Մոսկվայի հակահարվածից»:
Որպես տարածաշրջանի մասնագետ, պրոֆեսորը պետք է տեղյակ լինի, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով հանդերձ, Հայաստանը դեմ է ռուսական խաղաղարար ուժերի տեղակայմանը հայ-ազերի շփման գծում: Հայաստանը նաեւ դեմ է Վաշինգտոնի նույնանման առաջարկներին եւ փորձերին, պնդելով, որ հայկական ուժերը ի վիճակի են պահպանել խաղաղությունը սահմանի վրա:
Մեկ ուրիշ փաստ էլ չպետք է վրիպեր Շաֆերի ուշադրությունից: Երբ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ պատերազմը սաստկանում էր, Արկադի Վոլսկինՙ Մոսկվայի ներկայացուցիչը Ղարաբաղում, առաջարկեց Ղարաբաղը դնել Ռուսաստանի խնամակալության ներքո, բայց հայերը մերժեցին: Քաղաքական պատկերը ամբողջովին տարբեր կլիներ, եթե հայերը համաձայնություն տային այդ առաջարկին:
Ադրբեջանի շատ կողմնակիցներ էժանագին միջոցների են դիմում պաշտպանելու նրա շահերը, օգտագործելով, ինչպես Շաֆերն է անում, անմեղ թվացող մարտավարություն, երբ գրում է, որ «Ռուսական զորքերն են ղեկավարում Հայաստանի օդային պաշտպանությունը»: Պետք է հասկանալ, գիտակցել, որ եթե Հայաստանը պահպանում է դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, ապա դա անում է գլխավորապես նորից ոչնչացման ենթարկվելու վախից դրդված: Հայաստանը վերապրեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, բայց թուրքերն ու ազերիները երբեք չեն հրաժարվել մինչեւ վերջ հասցնելու իրենց սարսափելի մտադրությունները: Հայֆայում գտնվող պրոֆ. Շաֆերը պետք է իմանա, որ ինքը Յադ Վաշեմի «Հոլոքոսթի հուշահամալիրից» այնքան հեռավորության վրա է, որքան «Ծիծեռնակաբերդի հայկական հուշահամալիրը» թուրքական սահմանից, որի տարածքում 1,5 միլիոն հայեր կոտորվեցին մինչ իրենց պատմական հայրենիքը բռնազավթվում էր ու քանդվում:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.