Այսօր ես կավարտեմ ամերիկացի գրող Դանիել Քիզի` «Ծաղիկներ` Էլջերնոնի համար» գիրքը: Իհարկե բնական է, որ իմ կարդացած գրքերը, առավել եւս այն, թե ինչով եմ ես զբաղված, կարող են հետաքրքրական չլինել, բայց այստեղ կարեւորը ոչ թե իմ ընթերցական ճաշակն է, այլ այն, թե ինչո՞ւ, ինչի՞ց հետո եմ ես սկսել կարդալ այդ գիրքը:
Ֆեյսբուքում ինչ-որ մեկը նախաձեռնել է ֆլեշմոբ, ըստ որի օգտատերը ընդունում է մեկ այլ իրեն «ընկեր» օգտատերից հրավերը եւ գրում իր կարդացած եւ իր վրա մեծ տպավորություն թողած 10 գրքերի ցանկը: Այսինքն, օրինակ, Գեւորգ Պողոսյանն իր Ֆեյսբուքի պատին գրում է` «Ընդունելով Գագիկ Տիգրանյանից հրավերը` ես գրում եմ ինձ վրա մեծ տպավորություն թողած 10 գրքերի ցանկը…», գրելուց հետո, Գեւորգ Պողոսյանը պարտավոր է նաեւ հրավեր անել իր այլ «ընկերներին»: Այսպիսով այս օրերին Ֆեյսբուքում կարելի է ծանոթանալ բազմաթիվ գրքերի. «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գրքին ես հենց այդպես էլ ծանոթացել եմ:
Բայց ինչպես հաճախ է պատահում, ավելի հետաքրքրական է լինում ոչ թե երեւույթը, այլ այդ երեւույթից դժգոհությունը: Չեք հավատա, բայց գիրք կարդալու, առհասարակ գրքի գովազդը համացանցում գոհունակությանը հավասար նաեւ դժգոհության ալիք բարձրացրեց: «Ընկերներիցս» մեկն անգամ գրել էր.«Ես առնվազն ամոթալի եմ համարում հասարակության ուշադրությունը տասը գրքերի ֆլեշմոբով շեղելը քաղաքական զարգացումներից: Այս օրերին Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահենը անազատության մեջ է, եւ հասարակությունը` մենք պետք է պայքարենք նրա ազատության համար…»: Ներողություն եմ խնդրում ոչ բառացի մեջբերման համար. մոտավորապես այսպես էր գրել «ընկերս»` արժանանալով մի քանի տասնյակ հավանության` հենց այդքան օգտատերերի կողմից:
Հարկ է նկատել, որ «հասարակության շեղված ուշադրությունը» վերականգնել ցանկացողները նույն այս իրենց ցանկությամբ չէին առանձնանում, երբ նույն Ֆեյսբուքում «ամեն քայլափոխի» հանդիպում են էրոտիկ գովազդների, կամ տեղեկատվությունների առատությանը, այն մասին, թե ինչպե՞ս է փոխվել Քիմ Քարդաշյանի կազմվածքը` Մայամիում անցկացրած հանգստից հետո: Տպավորություն կա, որ «Քիմ-ենց» մասին լրահոսը հասարակության ուշադրությունը «քաղաքական գործընթացներից» չի շեղում, իսկ շեղում է… գիրքը:
Մյուս կողմից, իսկ ինչո՞ւ չշեղել հասարակության ուշադրությունը «քաղաքական գործընթացներից»: Մի՞թե ավելի հաճելի չէ կարդալը, թե ով ինչ գիրք է կարդացել, նրանից, թե ԱԺ-ում, դրանից դուրս ո՞վ ինչպիսի հայհոյանք է տվել լրագրողներին, ովքեր «իրենց ապուշ» հարցեր են տվել: Մի՞թե նույն Շահեն Հարությունյանի անչափահաս ընկերների եւ բոլորիս համար ավելի ուսուցողական չէ գրքի վերնագիրը եւ դրանից ստացած տպավորության հնարավորինս մանրամասնումը, քան «քաղաքական» տեղեկությունները այն մասին, թե որտե՞ղ են կրակել պաշտոնյաների զավակները եւ որտե՞ղ են նրանք հիմա թաքնվում:
Ի վերջո, ո՞րն է առողջ հասարակության լինելության ապացույցը` ընթերցանությո՞ւնը, թե՞ քաղաքական գործընթացներից չշեղվելու ցանկությունը: Այդ գործընթացներն էլ մի քաղաքական լինեն…
Իսկ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գրքի մասին ես հավանաբար այդպես էլ չիմանայի, եթե չլիներ Ֆեյսբուքի ֆլեշմոբը: Ի դեպ, անպայման կարդացեք. չկարդալը մի տեսակ ամոթալի է: