Eurostat վիճակագրական հաստատության տվյալների համաձայն, եվրոգոտու երկրներում վերջին մեկ տարում (2013 թ. օոստոս – 2014 թ. օգոստոս) գներն աճել են 0,3 տոկսով: ՀՏրրՑՈՑ-ի տվյալների համաձայն, Ռուսաստանում գնաճը 0,2 տոկոս է կազմել միայն վերջին մեկ ամսում: Տարեկան հաշվարկով Ռուսաստանում սղաճի տեմպերը սեպտեմբերի սկզբին հասել են 7,6 տոկոսի: Այսպիսով, Ռուսաստանում ներկա պահին ապրուստը թանկանում է, մինչդեռ եվրոգոտում գների աճը կտրուկ նվազել է, տեղ-տեղ նույնիսկ նկատվում է գնանկում:
Այսպես, Գերմանիայում նվազում են գյուղմթերքների գները: Մեկ տարի առաջ այնտեղ 1 կգ կարտոֆիլն արժեր 1 եվրո, իսկ այժՙ 45-60 ցենտ: Մեկ ուրիշ օրինակ. գերմանական զեղչային սուպերմարկետների ցանցերը սեպտեմբրեի 1-ին իջեցրին սերուցքային կարագի գները: Շուկայի առաջատար Aldi-ն գերմանական ընտիր կարագի 250 գրամանոց փաթեթի գինը 0,99-ից իջեցրեց 0,85 եվրոյի: Այդ մասին հաղորդում է «Դոյչե վելլե» ռադիոկայանը:
Դեռ այս տարվա մարտին Գերմանիայում կարագի էժանացման երկու գործողություն էր իրականացվել: Երկրի Կաթարտադրողների միությունը կաթնամթերքի գների ներկայիս վիճակը բացատրում է արտադրության աճով, ամառային արձակուրդների շրջանում պահանջարկի նվազմամբ, ինչպես նաեւ Եվրոմիությունից սննդամթերքի ներմուծման վրա օգոստոսին Ռուսաստանի հաստատած բեռնարգելքով: Վերջինիս հետեւանքով ԵՄ ուրիշ երկրներից Գերմանիայի շուկա հորդեց սկզբնապես ռուսաստանցիների համար նախատեսված մթերքի ծավալների մի մասը:
Գնանկումը գերմանացիներին, իհարկե, գոհունակություն է պատճառում: Գերմանիայում տարեկան սղաճը օգոստոսին դանդաղեցՙ հասնելով 0,8 տոկոսի: Հնարավոր է, որ այն առհասարակ դադարի: Սակայն Եվրոպայի Կենտրոնական բանկը (ԵԿԲ) հայտարարել է, որ իր կարելին կանի, որպեսզի դա տեղի չունենա:
Դրամանիշերի սակավացման վտանգ եվրոգոտում
Շարքային սպառողները դժվարությամբ կհավատան սրան, բայց փաստ է, որ չափազանց ցածր սղաճը պակաս վտանգավոր չէ, քան չափազանց բարձրը: Փորձով հաստատված այս տեսության համաձայն, առողջ տնտեսության մեջ գները պետք է աճեն. այդ դեպքում սպառողները մշտական խթան կունենան չհետաձգելու տեւական օգտագործման ապրանքների գնումը, իսկ սպառողներըՙ ներդրումներ կատարելու սարքավորումների նորացման մեջ: Փորձը ցույց է տվել, որ սղաճի լավագույն մակարդակը տարեկան 2 տոկոսից փոքր-ինչ ցածր է: ԵԿԲ-ն պաշտոնապես հենց այդ ցուցանիշն է հռչակել սեփական նպատակային մակարդակ:
Ուստի զարմանալի չէ, որ երբ Եվրոպայի խոշորագույն տնտեսական տերություն Գերմանիայում սղաճը իջավ 0,8 տոկոսի, եվրոգոտու միջին ցուցանիշըՙ 0,3 տոկոս գնանկում, ԵԿԲ-ն տագնապ հնչեցրեց: Բանն այն է, որ ներկայումս գների ընդհանուր մակարդակի անկում նկատվում է ոչ միայն Իսպանիայում, այլեւ Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Սլովակիայում: Իսկ դա վկայում է ամբողջ եվրոգոտում դրամանիշերի քանակի կրճատման հարաճուն վտանգի մասին:
Դրամանիշերի սակավացումը (դեֆլացիա) սղաճի համեմատությամբ խիստ սակավադեպ տնտեսական հիվանդություն է, ուստի այնքան էլ ծանոթ չէ լայն հասարակայնությանը: Հզոր տնտեսություն ունեցող երկրներից միայն Ճապոնիան է վերապրել դեֆլացիա, այսինքն ոչ թե առանձին ապրանքների ու սպասարկումների, այլ գրեթե ամեն ինչի գների երկարատեւ անկում: Այդ երկրի ապաքինման համար պահանջվեց ավելի քան մեկ տասնամյակ:
ԵԿԲ-ն պատրաստ է անսովոր լուծումների
Գնանկման (դեֆլացիայի) պայմաններում սպառողները հետաձգում են խոշոր գնումներըՙ սպասելով անհրաժեշտ ապրանքների հետագա էժանացմանը: Արտադրողներն էլ հետաձգում են ներդրումները: Պահանջարկի նվազման հետեւանքով այդ բոլոր ապրանքների արտադրությունը կրճատվում է, իսկ ավելորդ աշխատողներն արձակվում են: Գործազրկության աճը իր հերթին հանգեցնում է պահանջարկի ու գների հետագա անկմանը, ինչը միայն ուժեղացնում է սպառողների եւ ներդնողների զսպվածությունը:
Այդ գալարագծից դուրս գալը շատ ավելի դժվար է, քան սղաճի հաղթահարումը: Քանզի սղաճի դեմ պայքարելու համար կա փորձված միջոցՙ ԿԲ տոկոսադրույքների բարձրացումը: Որքան թանկ են վարկերը եւ բարձրՙ բանկային ավանդների կոպարները, այնքան քիչ փող է հատկացվում տնտեսությանը, արտադրողները հետաձգում են ներդրումները, իսկ սպառողները նախընտրում են ավելացնել խնայողությունները, եւ ոչ թե դրանք ծախսել խանութներում: Ըստ որում, Կենտրոնական բանկը տեսականորեն կարող է անվերջ բարձրացնել բազային տոկոսը:
Մինչդեռ այդ տոկոսը զրոյից ցած իջեցնելն անհնար է: Արդ, ի՞նչ կարելի է անել այն իրավիճակում, երբ եվրոգոտում կոպարն արդեն կազմում է զուտ խորհրդանշական 0,15 տոկոս, իսկ գնանկման վտանգը շարունակում է աճել: Ընթացիկ աշնանը Եվրոպայի Կենտրոնական բանկը կզբաղվի հենց այդ խնդրի լուծմամբ:
Սեպտեմբերի 1-ին Փարիզում ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպումից հետո Դրագին հայտարարեց, որ եվրոգոտում դեֆլացիայի վտանգն անչափ մեծ է, եւ որ ինքը հնարավոր բոլոր միջոցներով կփորձի կանխել այն: