Դրամական փոխանցումներն դեռեւս չեն նվազել
ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան կատարված ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումները, կամ ինչպես ընդունված է ասել` մասնավոր տրանսֆերները, շարունակել են Հայաստան մտնել: Հակառակ աշխարհաքաղաքական իրադարձություններին, տնտեսական արգելքների (սանկցիաներ) պատերազմին եւ դրանց թողած ազդեցությանը, մեր հայրենակիցները արտերկրում ամեն ինչ անում են Հայաստանում ապրող իրենց հարազատների ապրուստը հոգալու կամ աջակցությունը չդադարեցնելու համար: Համաձայն այս տարվա` 2014-ի հունվար-հուլիսի տվյալների, որոնք հրապարակել է ՀՀ Կենտրոնական բանկը, մասնավոր փոխանցումները դեպի մեր երկիր չեն նվազել:
7 ամսվում Հայաստան է մտել «մաքուր» 771 մլն դոլար
Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին դեպի Հայաստան մասնավոր փոխանցումները կազմել են 967,9 մլն դոլար: Հակառակ ուղղությամբ` Հայաստանից դեպի արտերկիր ոչ առեւտրային նպատակով կատարված դրամական փոխանցումները կազմել են 196,6 մլն դոլար: Արդյունքում ոչ առեւտրային նպատակով գումարների զուտ ներհոսքը Հայաստան կազմել է 771 մլն 259 հազար դոլար:
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա` 2013-ի հունվար-հուլիսին Հայաստան էր փոխանցվել մոտ 942 մլն դոլար, Հայաստանից դեպի արտերկիր` գրեթե 176 մլն 943 հազար դոլար եւ զուտ ներհոսքը դեպի մեր երկիր կազմել էր մոտ 766 մլն դոլար:
Ինչպես երեւում է վերոնշյալ ցուցանիշներից, 2014-ի հունվար-հուլիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը դեպի Հայաստան ոչ միայն չի նվազել, այլեւ, թեկուզ ոչ մեծ չափով` մոտ 5 մլն դոլարով ավելացել է :
Որպես հետաքրքրական ցուցանիշ տեղեկացնենք, որ 2013-ին, տարեկան կտրվածքով, դեպի Հայաստան ոչ առեւտրային նպատակով ֆիզիկական անձանց կողմից կատարվող դրամական փոխանցումների ծավալը կազմել էր 1 մլրդ 869 մլն դոլար, հակառակ ուղղությամբ` 324 մլն դոլար: Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքն անցյալ տարի կազմել էր 1 մլրդ 545 մլն դոլար: Եթե նկատի ունենանք, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն անցյալ տարի կազմել են 3 մլրդ դոլարից փոքր ինչ ցածր, իսկ ծախսերըՙ մոտ 3 մլրդ դոլար, ապա պարզ է դառնում, որ արտերկրից մասնավոր փոխանցումների միջոցով Հայաստան է մտնում պետական բյուջեի կեսի չափ գումար:
Վերադառնալով այս տարվա 7 ամիսների մասնավոր փոխանցումների ցուցանիշներին դիտարկենք, թե ո՞ր երկրներից են գումարները Հայաստան մտնում եւ դուրս գալիս:
Դեպի Հայաստան դրամական փոխանցումների հիմնական մասը Ռուսաստանից է
Դրամական փոխանցումների ահռելի մեծամասնությունը` մոտ 89 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանի Դաշնությունից: Մասնավորապես, 2014-ի հունվար-հուլիսին այդ երկրից Հայաստան է փոխանցվել 796,5 մլն դոլար, Հայաստանից դեպի Ռուսաստան` 111,8 մլն դոլար, իսկ գումարային զուտ ներհոսքը Ռուսաստանից Հայաստան` 684,7 մլն դոլար:
Փաստորեն, 771,2 մլն դոլար ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումների` դեպի Հայաստան զուտ ներհոսքից, 684,7 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին եւ միայն մնացած մոտ 86,5 մլն դոլարը` մյուս երկրներին միասին վերցրած:
Ռուսաստանին հաջորդում են ԱՄՆ-ն եւ Ղազախստանը
ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դեպի Հայաստան կատարած ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումների ծավալով Ռուսաստանին հաջորդում են ԱՄՆ-ը եւ Ղազախստանը:
ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 56 մլն դոլար, Հայաստանից դեպի ԱՄՆ` 19,8 մլն դոլար, գումարային զուտ ներհոսքը ԱՄՆ-ից Հայաստան կազմել է 36 մլն դոլար:
Երրորդը Ղազախստանն է: Այդ երկրից Հայաստան է փոխանցվել 15,8 մլն դոլար, Հայաստանից դեպի Ղազախստան` 1,8 մլն դոլար, գումարային զուտ ներհոսքը Ղազախստանից Հայաստան կազմել է 14 մլն դոլար:
Դրական զուտ ներհոսք եւս 5 երկրներից
2014 թվական հունվար-հուլիսին դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների դրական զուտ ներհոսք է արձանագրվել եւս 5 երկրներից: Դրանք են.
Ներհոսք | Արտահոսք | Զուտ ներհոսք (հազար դոլար) | |
Ուկրաինա | 8009 | 6207 | 1802 |
Գերմանիա | 11952 | 5401 | 551 |
Իսպանիա | 4001 | 2816 | 1185 |
Ֆրանսիա | 8998 | 3878 | 5120 |
ԱՄԷ | 4837 | 4152 | 684 |
Ինչպես երեւում է, այս 5 երկրների մեջ դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների համեմատաբար բարձր ներհոսքը ապահովվում են Գերմանիայից եւ Ֆրանսիայից: Սակայն երկու այլ երկրներից զուտ ներհոսքի ցուցանիշը բացասական է` ավելի շատ Հայաստանից է գումար դուրս գալիս, քան մտնում:
Չինաստան եւ Թուրքիա` ոչ առեւտրային փոխացումներ, թե՞ …
Հայաստանից Չինաստան ոչ առեւտրային նշվող մասնավոր փոխանցումներն այս տարվա 7 ամիսների ընթացքւոմ կազմել են 904 հազար դոլար, բայց հակառակ ուղղությամբ` 7 մլն 669 հազար դոլար: Բացասական տարբերությունը կազմել է 6 մլն 764 հազար դոլար: Նման իրավիճակ է նաեւ Թուրքիայի պարագայում:
Հայաստանից Թուրքիա կատարվել են 1 մլն 146 հազար դոլարի մասնավոր փոխանցումներ, Թուրքիայից Հայաստան` 2 մլն 358 հազար դոլար, բացասական տարբերությունը կազմել է 1 մլն 211 հազար դոլար:
Հայտնի է, որ այս երկու երկրներից Հայաստան ներմուծման որոշակի ծավալներ գոյություն ունեն եւ հավանական է, թվում, որ ոչ առեւտրային նպատակով կատարվող փոխանցումների մեջ առկա են նաեւ առեւտրային նպատակով կատարվող փոխանցումների որոշակի, թեկուզ ոչ մեծ ծավալներ: Այլապես, Հայաստանից դեպի այդ երկրներ ոչ առեւտրային մասնավոր փոխանցումների որեւէ տրամաբանություն գոյություն չունի: Անշուշտ, այս երկրների հետ հայաստանցի ներմուծողները հիմնականում կանխիկ վճարումով են աշխատում, բայց որոշակի գործարքների վճարումներ հնարավոր են նաեւ բանկային փոխանցումների տեսքով:
Հակառակ կանխատեսումների
Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ բացասական ազդեցություն են ունենում այդ երկրի տնտեսության վրա, ինչն իր ազդեցությունը պետք է ունենա այդ երկրից Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումների ծավալների վրա: Այդուհանդերձ, առայժմ նման երեւույթ չի արձանագրվել եւ Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալները չեն նվազում եւ անգամ որոշ աճ են ունեցել: Հուսանք, որ այս միտումը կշարունակվի առանց խաթարումների: