ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ
Իրաքի տարածքի զգալի մասում ջիհադիստների հռչակած «Իսլամական պետությունը» հուլիսի վերջերին զանգվածային բռնարարքներ սկսեցին ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ: Մասնավորապես կոտորածների, կտտանքների եւ առեւանգումների ենթարկվեցին եզդիները: Մոտ 200 հազար եզդիներ դարձան անօթեւան, եղան հազարավոր զոհեր: Իրաքում եզդիական սրբավայրերի կործանումը ահազանգ դարձավ, որպեսզի Հայաստանի եզդիների առաջնորդները փորձեն ջարդերից վերապրողներին Երեւան բերել բուժվելու:
24-ամյա Բորիս Մուրազին Հայաստանի եզդիների նոր սերնդի գործունյա նրկայացուցիչներից է, 2011 թվականից գործող «Սինջարի եզդիական միության» համահիմնադիրներից մեկը: Նրա հիմնած ոչ կառավարական կազմակերպությանը ՀՀ-ում բրիտանական դեսպանատան տրամադրած օգնության շնորհիվ ինքը կարողանում է իր ժամանակի մի մասը հատկացնել կուրմանջի քրդերենին խիստ մերձավոր մայրենի լեզվի դասավանդմանը Հայաստանի 20 եզդիական դպրոցներից մի քանիսում: Իրաքյան դեպքերից հետո նրա կազմակերպությունը սկսեց դրամահավաք, որը լայնորեն լուսաբանվեց հայկական լրատվամիջոցներում:
«Մեզ պետք են ոչ թե կարեկցանքի խոսքեր, այլ գործեր», ասում է Մուրազինՙ ավելացնելով, որ «Իրաքի ներկայիս իրադարձությունները 1915-ի Ցեղասպանության կրկնությունն են»:
Ի դեպ, Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի միջոցով 100 հազար դոլար անհետաձգելի մարդասիրական օգնություն հատկացրեց Սինջարի լեռներում մնացած եզդիներին:
Բորիսը իրեն հասանելի միջոցներով հրատարակում է «Եզդիների ձայն» երկլեզու (հայերեն եւ կուրմանջի քրդերեն) թերթը: Երիտասարդ լրագրողը իրեն օտար չի զգում Հայաստանում, որտեղ Մեծ եղեռնի տարիներին հաստատվեցին հազարավոր զոհեր տված իր նախնիները. այն ժամանակ, հայերից բացի, կոտորվեցին քաղդեացի ասորիներ եւ պոնտոսցի հույներ: Հայոց բանակում ծառայած Բորիս Մուրազին նախապաշարմունքներից զերծ հայացքով է նայում ՀՀ-ում ազգային փոքրամասնության կարգավիճակին: Նա երանությամբ է պատմում իր չտեսած խորհրդային հետպատերազմյան ժամանակաշրջանի մասին, երբ Հայաստանում եզդիներն իրենց լեզվով ամենօրյա ծրագրեր ունեին Երեւանի ռադիոյում, եւ իր հայրենակիցներից ոմանք կարեւոր պաշտոններ էին զբաղեցնում: Դա աննախադեպ սոցիալական վերելք էր գլխավորապես անասնապահությամբ զբաղվող եզդի բնակչության համար:
Սոցիալապես շերտավորված քրդախոս եզդի փոքրամասնությունն ապրում է Արագածի լանջերի մեկ տասնյակ գյուղերում ու գյուղակներում, մասնավորապեսՙ Ապարանի շրջակայքում: Թեեւ եզդիների լեզուն նման է կուրմանջի քրդերենին, նրանք մերժում են մահմեդական քրդերի հետ իրենց նույնացնելու փորձերը:
Հայաստանից բացի, ի պաշտպանություն Իրաքի եզդիների հանդես եկան նաեւ եվրոպական որոշ երկրների բնակիչներ: Մասնավորապես Ֆրանսիայի մայրաքաղաքում օգոստոսի 16-ին քրդական մի շարք կազմակերպությունների, Ֆրանսիայի Կոմկուսի, ֆրանսահայերի եւ այլոց ցույցիՙ մոտ երկու հազար մասնակիցները հանդես եկան «Մենք բոլորս եզդի ենք» եւ «Քաղաքական լուծում Քրդստանին» կարգախոսներով եւ Իրաքի բոլոր փոքրամասնություններին (եզդի, մահմեդական, քրիստոնյա) պաշտպանելու պահանջներով: 1915-ի սարսափները տեսած հայ ժողովրդի անունից համերաշխության ելույթ ունեցավ ֆրանսահայոց համակարգիչ հանձնախմբի ներկայացուցիչ Արա Թորանյանը, օգոստոսի 23-ին կազմակերպված մեկ ուրիշ համանման ցույցի ժամանակ Ֆրանսիայի հայկական ինստիտուտի անունից համերաշխության խոսքով հանդես եկավ վերապատվելի Ռընե Լեւոնյանը:
19-րդ դարի վերջերից հայերի հետ կողք-կողքի կռվել են եզդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի (1874-1943) մարտիկները, զորավար Անդրանիկի (1865-1927) հետ մարտնչելով թուրքերի եւ քրդերի դեմ: Արցախյան ազատամարտին մասնակցել են մոտ 500 եզդի կամավորներ: Հայաստանի խորհրդարանը 2002 թ. ճանաչեց եզդիական ինքնության փաստըՙ դրանով իսկ ուժեղացնելով այդ սփռված ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը:
Ներկայումս եզդիների մայրենի լեզուն ազատորեն դասավանդվում է Հայաստանի 20 եզդիական դպրոցներում: Այդուհանդերձ Բորիս Մուրազին դժգոհում է, թե այդ ուսումնական հաստատություններում Հայ եկեղեցու պատմության պարտադիր դասընթացի գոյությունը «միտված է եզդիների մատաղ սերնդի կրոնափոխությանը»:
Բորիս Մուրազիին մտահոգում է եզդիների հնարավոր ձուլման վտանգը: «Թեեւ ունենք դասագրքեր, բայց չունենք մեր լեզվին քաջատեղյակ ուսուցիչներ եւ համապատասխան պատրաստություն անցած կադրեր», դժոհում է նա: Իրաքցի ուսուցիչները հրաշալիորեն տիրապետում են լեզվին, բայց օգտագործում են արաբական այբուբեն, մինչդեռ Հայաստանի եզդիներն օգտվում են սլավոնական կամ լատինական գրերից, որոնք հնչյունաբանորեն ավելի հարմար են: Բորիս Մուրազին վերջին տարիների միակ դրական երեւույթը համարում է եզդիական տաճարի բացումը Ակնալճում (Արմավիրի մարզ): Սակայն բուն իմաստով մշակութային կյանքը բացակայում է, չկան ազգագրական պարախումբ եւ գրողների միություն:
Ի տարբերություն Իրաքի թուրքմենների, եզդիները չունեն իրենց ծիսական եւ մշակութային իրավունքները երաշխավորող «հովանավոր պետություն»: Հայաստանը թերեւս կարող է ստանձնել այդ դերը:
«France-Armռnie», septembre 2014, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.
Նկար 1. Բորիս Մուրազի