«Դու այն բանակն ես, որի զինվորը նահանջ չգիտե»
(Համո Սահյան)
Դու հին ես, ինչպես բիբլիական լեռն Արարատ:
Դու, հայ զինվոր (սպա, գեներալ, մարշալ), ականատեսն ու վկան ես աղեղնավոր Հայկ Նահապետի, որի նետից ընկավ Բելը եւ Հայոց աշխարհի բախտի ծառը ծաղկեց իր հողի վրա: Դու հաղթեցիր մարերին ու սելեւկյաններին եւ հայոց նորաստեղծ պետության հիմքերը ցեմենտեցիր: Քո Արտաշես Առաջին եւ Տիգրան Մեծ թագավոր զորավարները փոքրաթիվ ուժերով բազում հաղթանակներ տարան գերակշիռ ուժերով թշնամյաց դեմ եւ ծովից ծով Հայաստան ստեղծեցին` դառնալով արքայից արքա: Շուրջ մեկ դար (95 տարի) նրանք Հայաստանը դարձրին հին աշխարհի հզորագույն պետություններց մեկը: Վարդան, Վասակ, Մուշեղ, Մամիկոնյան զորավարների առաջնորդությամբ պարսիկների դեմ բազում կռիվներում քո ազգայինը, հավատն ու դավանանքը, խաչը պաշտպանեցիր, զինվոր: Հետո քեզ վրա նորից ու նորից եկան հռոմեացիները, արաբները, թաթար-մոնղոլները, սելջուկները, թուրքե՜րը, թուրքե՜րը, թուրքե՜րը…
Եկան, ավերեցին քո ճարտարած շեներն ու քաղաքները, սրի քաշեցին բնակչությանը: Բայց դու, խիզախ հայ զինվոր, նորից ոտքի կանգնեցիր, զորաբանակ ստեղծեցիր եւ կռիվ տալով, հավատ ու դավանանք պահելով հասար նոր հաղթանակների, նորից ու նորից կառուցեցիր, ճարտարեցիր, Շամիրամից ու Կլեոպատրայից մինչեւ քեմալականները նախանձ շարժեցիր հանդեպ քո դրախտային երկիրը: Մեր ժողովրդի համար ամենաաղետավորը եղավ անցյալ դարի սկիզբը. 1915-ին թուրքերը ցեղասպանության ենթարկեցին մեկուկես միլիոն հայի, մնացածներին էլ տեղահանեցին: Հույս առաքող Սեւրի պայմանագիր ստորագրվեց ի շահ Հայաստանի, բայց այս անգամ էլ գերանն արխային տեղից կոտրվեց:
Մեր դեմ եղավ Լենինը: Քեմալ Աթաթուրքը կոմունարկաներ հագցրեց ենիչերիների գլուխները եւ Կրեմլի մեծ երազողին խաբեց, թե իբր համաշխարհային հեղափոխություն է անում: Եվ Լենինը Աթաթուրքին հորդորեց հրաժարվել պայմանագրի կետերը կատարելուց, խոստանալով մեծաքանակ ռազմամթերք եւ դրամական օգնություն:
Եվ Լենինը, ապա Ստալինը, մեր երկիրը առանց տիրոջը հարցնելու բաժան-բաժան նվիրեցին թուրքերին եւ ազերներին:
Այսպես կարկտահարվեց մեր բախտի ծառը: Բայց դու, քաջարի հայ զինվոր, նորից կռվի ելար քո հմուտ զորահրամանատարների կանչով: Առասպելական էին քո հաղթանակները Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում (Կիրովական, Վանաձոր): Այնքան առասպելական, որ Բաթումիի պայմանագիրն ստորագրելիս թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան ասաց.
– Կուզեի Ղարաքիլիսայի հերոս զինվորներից կազմված բանակ ունենալ:
Քո փառավոր հաղթանակը, զինվոր, եռագույն դրոշով անկախ պետականություն ապահովեց Հայաստանի համար:
Ժամանակը հոլովվեց… Եվ դու, կռիվների հոգնատանջ զինվոր, խաղաղ, ծաղկուն կյանքի դադար առար սովետների երկրում:
Մեկեն զորացավ, վերընձյուղեց մեր երկիրը. Հայաստանը կարճ ժամանակաշրջանում դարձավ համատարած գրագիտության, զարգացած արդյունաբերության ու գյուղատնտեսության, առաջատար, բազմաճյուղ գիտության, հարուստ մշակույթ ունեցող երկիր:
Ապրում էինք ունեւոր կյանքով…
Բայց պատերազմ բռնկվեց…
Դու շուրջ 600 հազարով կռիվ գնացիր Հայաստանը, քո տունը, օջախը պաշտպանելու: Մոսկվայի տակ, թե Ստալինգրադում, Կերչում, թե Կիեւում, Մերձբալթիկայում դու գերմանացու եւ թուրքի դեմ էիր կռվում: Եվ հաղթեցիր այդ դաժան պայքարում: Չորս մարշալներ, 107 Սովետական Միության հերոսներ, 36 փառքի եռակի շքանշանակիրներ, հարյուրավոր գեներալներ ունեցար: Դու գրավեցիր Բեռլինը եւ կայզերական ռայխստագի պատին գրեցիր,
– Ապարան-Բեռլին…
– Կիրովական-Բեռլին-Գալոյան…
Եվ ավանդական «Քոչարի»-դ պարեցիր Ռայխստագում:
Սա շառաչան ապտակ էր պատմությանը, թշնամական պետություններին ու բանակներին
«Մեր սուրը փառքով
դրեցինք պատյան»
Եվ նորից սեւ ամպեր քո երկնակամարում, զինվոր:
Անսպասելիորեն լուծարվեց սովետական գերհզոր պետությունը: Անկախացան բոլոր 15 հանրապետությունները: Անկախության դրոշ պարզեց նաեւ Արցախը: Ազերները շրջափակեցին Հայաստանը, պատերազմ սկսեցին Արցախի դեմ:
Նորից դո՜ւ, դո՜ւ, դո՜ւ, հայ զինվոր ու աշխարհազոր, անզեն մարտի ելաք թվով մեկուկես անգամ գերակշիռ, զինված ազերների, երեկվա կեղծավոր, նենգ, առերես բարեկամների դեմ: Այս մասին շատ է գրվել ու խոսվել: Վերջնահաշիվը պարզ է. քեզ հետ հերոսացավ մեր ժողովուրդը, զինվոր: Մեծ զոհերի գնով փառավոր հաղթանակ տարանք, ետ վերցրինք մեր սեփական հայրենիքի տարածքների մեկ մասը: Մենք գրոհում էինք, թշնամին խուճապահար փախչում, քանզի ունեինք զորավարների եւ քաջերի աննահանջ հոգիներ` Արկադի Տեր-Թադեւոսյան, Մոնթե Մելքոնյան, Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Մանվել Գրիգորյան, Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, Թաթուլ Կրպեյան, Շահեն Մեղրյան, հազարներ… Նրանցից շատերն ընկան, հերոսացան, հուշարձանների տեսք ստացան:
Պատերազմը դադարեց Ռուսաստանի միջնորդությամբ: Խորամանկ, խարդախ, նաեւ խելացի հայր Ալիեւը բոլորից շուտ զգաց ազերների ողբերգական վախճանը եւ Մոսկվայից միջնորդություն աղերսեց:
Հրադարար կնքվեց: Բայց մենք քաղաքական ստոր շուկայում էժան վաճառեցինք մեր արնաներկ հաղթանակը: Մեր դիվանագիտությունը ետ մնաց զինվորի սխրանքից: Հաղթող կողմը միշտ էլ ծանրակշիռ պայմաններ է ներկայացնում պարտվողին: Ոչ մի պայման, ոչ հատուցման ծախսեր, ոչ տարածքային պահնջներ (մեր հին տարածքների, ասենք` Նախիջեւանի): Չէ որ Թուրքիայի հետ մեր բազում պայմանագրերում մենք հսկայական տարածքներ ենք տվել հաղթողի պահանջով: Հայ Թալեյրա՜ն չունեցանք…
Արդյունքը… Տասնամյակներ անց պարտվողը հաղթողի հաստիքով է խոսում մեզ հետ, իսկ մենքՙ պարտվողի հոգեբանությամբ: Հաճախ բարձր մակարդակի հանդիպումներում Ալիեւն ու Մամեդյարովը իրենց ստահոդ մտքերն են հիմնավորում, իսկ մեր այրերը քրիստոնեական հանդուրժողականությամբ լռում են: Եվ տանուլ ենք տալիս դիվանագիտության մեջ, երբ ստի ու կեղծիքի դեմ չենք մարտնչում, տանուլ ենք տալիս նաեւ քարոզչության բնագավառում:
Զինվոր, քեզ հետ հազարամյա ճանապարհ անցանք, թերթեցինք քո մարտական ուղիների տարեգիրքը: Ու դու համոզվեցիր, որ հիմնականում զինվորի շնորհիվ են հարատեւում պետությունն ու երկիրը: Իսկ խելացի թագավորների, զորավարների շնորհիվ ծաղկում է ազգը:
Այսօր աշխարհի բոլոր ծեգերում կռիվ է ու արյուն: Եղբայրասպան պատերազմ է Ուկրաինայում: Իրենք սպանում են իրենց` սեփական ժողովրդին: Դու, մշտարթուն հայ զինվոր, հեռու մնա սադրանքներից: Հիշիր, թե ում ես պաշտպանում, ում խաղաղ քունն ես հսկում: Հանգստի ժամին հիշիր նաեւ քո տունը, օջախը, մայրիկիդ ու երգիր քեզ համար.
Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն…
Ազերների խանը ամեն օր, ի լուր աշխարհի, շռայլորեն գովաբանում է իր կարծեցյալ անպարտելի բանակը, հերոսացնում մարդասպաններին, տգետ ու անտեղյակ զինվորներին վրեժի թույն ներարկում.
«Երեւանը մերն է…»
«Զանգեզուրը մերն է…»
«Սեւանը մերն է…»
Այս հաստիքային կեղծ ստերի համար դու մի լավ դաս տվեցիր խաբված ոհմակին, երբ քանիցս փորձեց սահմանդ խուժել, ուժերդ ստուգել: Սահմանի վրա իրենց զոհվածների մասին երկար լռեցին, հետո խոստովանեցին, բայց զոհվածներին «տեղավորեցին պատահարների» ցուցակներում:
Դու, հայ մշտարթուն զինվոր, սոսկ երկրապահ ու սահմանապահ չես: Բազմապլան հազարափեշակ զինվոր ես դու: Ասել է թե նաեւ տանկիստ ես, օդաչու, հրետաանվոր, հետախույզ ու կապավոր… Օրերս Մերձմոսկովյան տարածքներում 12 պետությունների տանկիստների մրցույթում դու մարտավարժական սխրանքներ գործեցիր ու ճանաչվեցիր երկրորդը: Հարկավ, մարշալ Բաբաջանյանի դասերն էիր սերտել:
Եթե օդաչուների մրցույթ զորավարժություն լինի, բալթյան արծիվ Նելսոնին կհիշես ու Խանփերյանցին, հրետանավորների մրցույթում` գեներալ Գալաջեւին, ծով մտնես, քո դեմ իր գրքերը կբացի ծովակալ Իսակովը, ցամաքային մարտերում քեզ կառաջնորդի մեծն Բաղրամյանը:
Տեսնո՞ւմ ես` ինչքան հարուստն ես դու, ճակատագրով հայ զինվոր, եւ անպարտելի… ճակատագրով:
ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԱԳՅԱՆ
Վետերան ժուռնալիստ
Հրետանու պահեստի սպա
Հ.Գ.- Իմ հայ զինվոր: Բովանդակ հայ ժողովուրդն անչափ ուրախ ու հպարտ է, որ քո սերունդը ամենագրագետն է, տրապետում է մի քանի մասնագիտությունների: Մեկ տարի առաջ Վանաձորից 25 երիտասարդներ զորակոչվեցին նորանկախ Հայաստանի բանակ. բոլորն անխտիր բարձրագույն կրթություն ունեին: Երբ նրանք Արարատի մարզի N զորամասում երդում էին տալիս, որպես զինվորի պապ ես ելույթ ունեցա ու շեշտեցի, որ բանակաշինության պատմության մեջ սա ռեկորդային ցուցանիշ է, նախադեպը չունի: Այդ երիտասարդները բանասեր են, պատմաբան, ֆիզիկոս, մաթեմատիկոս, ծրագրավորող են, բոլորը տիրապետում են տեխնիկայի շատ միջոցների: Նշանակում է հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է:
Հանգիստ եղեք, մայրեր:
Սահմանը հսկում են ձեր որդիները, հայրենիքի մշտարթուն զինվորները: