Սպասվում են 500 մլրդ դոլար ներդրումներ
Ամերիկյան նավթային խոշորագույն ընկերություններից մեկըՙ Exxon Mobil-ը, պատրաստվում է հորատան աշխատանքներ սկսել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ռուսական մասումՙ անտեսելով Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի ու Եվրոմիության ձեռնարկած հակառուսական տնտեսական պատժամիջոցները: Այս կապակցությամբ ֆրանսիական «Մոնդ» ազդեցիկ օրաթերթը գրում է, որ պատժամիջոցները սահմանափակ են եւ, ըստ երեւույթին, գրեթե չեն դիպչում արեւմուտքցի եւ ռուսաստանցի արդյունաբերողների փոխկապակցված շահերին:
Exxon-ը արդեն սկսել է West Alpha հորատման հարթակը Նորվեգիայից տեղաշարժել դեպի Կարայի ծովՙ դեպի Ռուսաստանի հյուսիսային ափերը: Ռոյթեր գործակալության տվյալներով, հարթակը վարձակալված է մինչեւ 2016 թվականի առաջին եռամսյակը:
Հետախուզական հորատումների այդ աննախադեպ ու վիթխարի արշավը Exxon-ի ռուսական «Ռոսնեւտ» պետական նավթային ընկերության դաշինքի արդյունքն է: Այդ համագործակությունը 2011 թ. օգոստոսի 30-ին Սոչիում վավերացվեց նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորությամբ:
Exxon-ի ղեկավարությունը գոհունակությամբ նշում է, որ երկկողմ պայմանավորվածությունների համաձայն, հորատումների ընթացքում նավթի հայտնաբերման դեպքում ընկերությունը կարող է իրականացնել մինչեւ 500 մլրդ դոլարի հասնող ներդրումների ծրագիր:
Նավթարդյունահանման ծավալների կրճատման պատճառով ծանր վիճակում հայտնված Արեւմուտքի նավթային խոշոր ընկերությունները շտապում են ներդրումներ կատարել Ռուսաստանումՙ ինչպես Արկտիկայում, այնպես էլ «թերթաքարային» ածխաջրածինների ոլորտում, արձանագրում է «Մոնդը»: Մի շարք նավթահանքերի արդյունավետության նվազման պատճառով համանման վիճակում հայտնված Ռուսաստանը իր հերթին կարծես թե այլընտրանք չունիՙ բացի այդ խոշոր ընկերություններին ընդառաջելուց: