Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՏԻՏՂՈՍԱՎՈՐՎԱԾ ԿՐԿՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ

25/07/2014
- 25 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄԱՅԻՍ ՆՈՐԻԿՅԱՆ

Վերջերս Երեւանում «Գասպրինտ» տպագրատանը լույս է ընծայվել «Մարտիկ Ավդալբեգյան. կյանքը փաստաթղթերում եւ գրվածքներում» մենագրությունը:

Երեւանցիների ավագ սերնդի հիշողության ծալքերում հավանաբար թարմ է մնացել լեգենդներով պարուրված այս անուն-ազգանունը, կապված 1937 թվականի իրադարձությունների եւ Հայրենական պատերազմի տարիների հետ: Այդ խորհրդանշական ժամանակաշրջանների սարսափազդու հորձանուտում, պայթյունի ուժգնությամբ հնչել է Մարտիկ Ավդալբեգյանի անունը որպես սենսացիոն արարքների հերոս:

1937 թվականին Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ժողովում, որտեղ նա բազմամարդ հանդիսասրահի առջեւ պետք է խոստովաներ իր հոր ժողովրդի թշնամի լինելու զրպարտանքը եւ հրաժարվեր նրանից, Մարտիկը բուհի կուսակցական եւ կոմերիտական պարագլուխների երեսներին անսպասելիորեն շպրտել է «դուք սրիկաներ եք» որակումը:

Իսկ Հայրենական պատերազմի տարիներին համակենտրոնացման ճամբարում գերության մեջ, ֆաշիստներին ծառայելու երդման արարողության ժամանակ, «ովքեր չեն ուզում, թող երեք քայլ առաջ գան» ուլտիմատումին, Մարտիկը մեն-մենակ դուրս է եկել շարասյունից անթաքույց հրաժարվելով հակառակորդին ծառայելուց:

Ահա այս դեպքերը ոսկի տառերով են գրանցվել այդ ժամանակաշրջանների տարեգրության մեջ, Մարտիկ Ավդալբեգյանին դասելով իսկական հերոսների թվին, արժանացնելով իսկական հերոսի կոչման: Մանավանդ հերոսությունը, որպես այդպիսին ճանաչվել է ոչ միայն յուրայինների, այլեւ նույնիսկ հակառակորդների կողմից:

1937` բռնությունների թվականը սովորաբար պատկերացվում է լոկ անմեղ զոհեր եւ հանցագործ մարդասպաններ «գործող անձերով», բայց ի դեմս Մարտիկ Ավդալբեգյանի ժամանակաշրջանի գործող անձանց ցուցակը լրացվել է քաղաքացիական հերոսի հազվագյուտ, ավելի ճիշտ` եզակի կերպարով:

Նմանապես եւ Հայրենական պատերազմի հերոս ժողովրդի պատկերացմամբ ընկալվում է ռազմաճակատային հաղթանակների կամ պարտիզանական-դիվերսիոն գործողությունների մասնակիցը, այնինչ կատարյալ հերոսություն է դրսեւորվել նույնիսկ գերության մեջ` համակենտրոնացման ճամբարում:

Երկու դեպքում էլ սեփական խիղճն է եղել միակ կողմնորոշիչը, որ վերացրել է բոլոր արգելքները` նույնիսկ «լինել, թե՞ չլինել»-ու խնդիրը: Կյանքն է դրվել զոհողության սեղանին հանուն արդարության, որով դուրս է գալիս մի դեպքում արդարության մարտիկ, մյուսում` ազնվության հերոս` հերոսի նոր տիպ:

Վտանգի չգիտակցում, անմիտ քաջություն, հախուռն տաքարյունություն, միամիտ ազնվություն, հերոսականության բռնկում, կամ մի այլ ակնթարթային պորթկում չէ, որ դարձել է նման քայլերի շարժիչ ուժ, այլ վսեմ ոգին շաղախված է եղել բարոյական պարտքի այն չափի գիտակցությամբ, որ չեզոքացնելով ամեն վտանգ, անտեսելով ամեն հետեւանքՙ դրդել է քայլերն ուղղել դեպի գիտակցված մահ: Նման պարագաներում կառավարական պարգեւներն այլեւս ոչինչ չեն նշանակում, քանի որ Կրկնակի հերոսի կոչումն ինքնըստինքյան շնորհված է:

Բայց նորահայտ մենագրությունից պարզվում է ուրիշ, ոչ պակաս նշանակալից բան, քան հերոսի բացահայտումն է:

«Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսեր, որ չբուսեց էն հողին»,- Թումանյանի խոսքը վերցված է իբրեւ բնաբան, եւ գրքից ակնհայտ է դառնում, թե բարոյական կորստից բացի որքան մեծ է եղել մեր նաեւ գիտա-մշակութային կորուստն ի դեմս Մարտիկ Ավդալբեգյանի: Որքան մեծ են եղել նրա մտավոր կարողությունները, որքան փայլուն դրսեւորումները տարբեր բնագավառներում: Նա կարող էր դառնալ եւ հիանալի բանաստեղծ, եւ հասարակագետ, գրականագետ, տնտեսագետ, թարգմանիչ, նշանավոր ճարտարապետ, նկարիչ, կամ մի այլ ոլորտի մասնագետ` ամենուրեք դրսեւորվել է բացահայտ տաղանդ կյանքի տարբեր փուլերում: 26 տարիների կյանքը չափազանց հագեցած է եղել բազմապիսի իրադարձություններով, անհամաչափ ապրած տարիների քանակին:

Վճռորոշ դերն այստեղ անշուշտ պատկանում է ընտանեկան դրվածքին, որտեղ հայրը` մեծանուն գիտնական Թադեոս Ավդալբեգյանը Մարտիկին եւ մյուս երեխաներին մասնակից դարձնելով իր աշխատանքներին, ստեղծել է պարարտ հող մասնագիտանալու եւ հաջողությամբ զբաղվելու տարբեր գիտակարգերում: Հայրիկի ձեռագրերում կարելի է տեսնել մեծ քանակությամբ հիշատակություններ զավակների մասնակցության մասին եւ դրանց կարեւորությունն իր գործերի համար: Ահավասիկ.

«Տասնյակ հազար հայ ընթերցողներ,- գրել է հայրիկը Մարտիկին ուղղված նամակում,- մարքսիզմի ակունքից զուլալ ջուր խմելու համար պարտական են 16-17 տարեկան մի հայ պատանու, որ ինքնակամ լծվեց այդ գաղափարական գործին եւ հետեւանքը – «Կապիտալ»-ը հայերե՜ն- ահա հրապարակի վրա է…»:

Հայրիկի հետ համագործակցելու հետեւանք եղավ Մարտիկի նշանավոր հայտնագործությունը Նոր-Բայազդի «Բերդի գլուխ» կոչվող հին գերեզմանատանը: Այստեղ նա 1927թ. գտավ մ.թ.ա. VIIIդ. Ուրարտական թագավոր Ռուսայի սեպագիր արձանագրությունը, որի շնորհիվ Մարտիկ Ավդալբեգյանի անունը տարածվեց գիտական շրջաններում: Հռչակավոր Մեշչանինովն այդ մասին գրել է ֆրանսիական հանդեսում, հիշատակելով Թադեոս եւ Մարտիկ Ավդալբեգյանների անունները: Խնդրին մասնակից էին հայ մտավորականության ականավոր դեմքեր` Աշխարհբեգ Քալանթարը, Գեւորգ Ասատուրը, Արշակ Տոնյանը, Ասատուր Խաչատրյանը, Սեդրակ Բարխուդարյանը եւ ուրիշներ: Վերջինս հայր եւ որդի Ավդալբեգյաններին լուսանկարել է սեպագրի կողքին, որը զետեղված է գրքում:

12-ամյա Մարտիկ Ավդալբեգյանի սույն գտածոն իր նշանակությամբ հավասարազոր է (եթե ոչ ավելի) հնագետ Վ.Նիկոլսկու հիշատակած երեխաների` ֆրանսիացի կոմս Բեգուանի երեք որդիների եւ իսպանացի կոմս Սաուտուոլայի 9-ամյա դստեր հայտնագործություններին, բայց վաստակով Մարտիկը գերազանցում է սրանց:

Այդ ժամանակաշրջանի քաղաքական միջավայրում Թադեոս Ավդալբեգյանի որդին հասկանալիորեն չէր կարող խուսափել հետապնդումներից եւ դա չհապաղեց իրեն զգացնել տալ Մարտիկի դեռեւս 14 տարեկան հասակում: Գրքում զետեղված է հատված «Պիոներ կանչ» թերթի, 1929 թ., հուլիսի 7-ի համարում տպագրված` «Խոսում են փաստերը» վերտառությունից, որտեղ Մարտիկի դասընկերը Դեբենց ստորագրությամբ, բանավոր խոսքի ծիծաղաշարժ նմուշը հրամցրել է որպես դասակարգային թշնամու ընտանեկան դաստիարակության արդյունք: Սրա հետեւանքով Մարտիկի լուսանկարն ամպագորգոռ աղմուկով ցուցադրական կախվել է դպրոցի պատի թերթում, «դուրս կորիր … բալիկս» թեւավոր խոսքի հեղինակ Ավետիս Ճուղուրյանի մեղադրական հոդվածով:

Մարտիկի կյանքում նշանակալից տեղ են զբաղեցրել գրականագիտությունը եւ մարքսիստական գաղափարախոսությունը: Պահպանվել են նրա տետրերը, որտեղ բավական լուրջ վերլուծություններ են կատարված Աբովյանի, Նալբանդյանի, Րաֆֆու, Իսահակյանի, Նար-Դոսի, Թումանյանի, Շիրվանզադեի, Սունդուկյանի եւ միջնադարի հայ քնարերգության վերաբերյալ: Հետաքրքրական է, որ այստեղ հղումներ են արված իր ժամանակի գրականագետների` Վանանդեցու, Կարինյանի, Ավդալբեգյանի, Անանունի նորագույն ուսումնասիրություններին:

Նույնը եւ մարքսիստական գրականության մասին պետք է ասել: 16 տարեկան Մարտիկ Ավդալբեգյանը գրել է աշխատություն «Կ.Մարքսի եւ Ֆ.Էնգելսի «Կոմունիստական մանիֆեստը»-ը վերնագրով եւ ռուսերենից թարգմանել է «Ֆրիդրիխ Էնգելս» գրքույկը (Ֆ.Մերինգի եւ Պ.Լաֆարգի հիշողությունները), սրան կցելով սեփական ծանոթագրությունները:

Այս պարագաներում, հասկանալի է, որ Մարտիկը չէր կարող անմասն մնալ «Կապիտալ»-ի թարգմանության դարակազմիկ իրադարձությունից, եւ գրքում ներկայացված են փաստաթղթեր, որոնք վկայում են նրա աշխատակցության մասին այդ կարեւորագույն գործին: Պահպանվել են նաեւ «Կապիտալ»-ի հայերեն հրատարակության համար Մարտիկի ձեւավորումները, երեք նշանավոր խմբագիրների` Ներսիկ Ստեփանյանի, Նշան Մակինցի եւ Հայկ Գյուլիքեւխյանի մակագրությամբ` «այս ձեւավորմանը համաձայն ենք»:

Գրքում զետեղված է «Թարգմանվում է «Կապիտալ»-ը» տակագրով հոյակապ լուսանկար` Թադեոս եւ Մարտիկ Ավդալբեգյանները աշխատանքի պահին:

Հարուստ եւ բովանդակալից է Մարտիկի գրած նամակների հավաքածուն, որ բաժանված է ««Խաղաղ» օրերի …«եւ»… ռազմաճակատային…» նամակներ գլուխների:

Դա ունի իր պատճառները:

Բանն այն է, որ չակերտավոր «Խաղաղ» օրերին են տեղի ունեցել 37-ի դեպքերը, որ ծանր ողբերգությամբ է անդրադարձել Ավդալբեգյանների ընտանիքի վրա: Սրան հաջորդել է վերոհիշյալ ժողովը եւ Մարտիկի հեռացումն ինստիտուտի ավարտական կուրսից:

Այդ նույն օրերին է ծառացել ընտանքի արտաքսման հարցը Երեւանից 10-օրյա ժամկետում եւ գրքում ցուցադրված է դրա ծանուցագիրը, միլիցիայի բաժանմունքի պետ Ա.Կարապետյանի ստորագրությամբ: Դա այն երջանկահիշատակ մայոր Կարապետյանն է, որ Մարտիկին գաղտնի հուշել է տեղեկանք ներկայացնել ինստիտուտում կրթաթոշակ ստանալու մասին, որի հիման վրա օգտվելով իր լիազորություններից, կարողացել է փրկել ընտանիքն արտաքսումից:

Պարզապես անհավատալի է, որ այդ ժամանակաշրջանում, երբ պարգեւատրվում էին բռնություններն ու «մերկացումները», գտնվել է ՄԱՐԴ, այն էլ որից առավելագույնս էր պահանջվում «թշնամիներ» որսալու եւ սահմանազատելու պլան կատարել, իր վրա է վերցրել ընտանիքն արտաքսումից ազատագրելու պատասխանատվությունն ու վերադարձրել է բռնագրավված անձնագրերը:

Միեւնույն «Խաղաղ» օրերին ամիսներ են տեւել Մարտիկի վերականգնման փորձերն ինստիտուտում, գրվել բազմաթիվ դիմումներն, ընդհուպ ՍՍՀՄ գերագույն դատախազ Վիշինսկուն, որոնք ի վերջո հանգեցրել են փայլուն արդյունքի` գերազանցության դիպլոմով ինստիտուտի ավարտման:

Դարձյալ այդ շրջանում է Մարտիկը մասնակցել Նիզամու հուշարձանի համամիութենական մրցույթին եւ դարձել մրցանակակիր, ճարտարապետ Ժիրայր Դարբինյանի եւ քանդակագործ Երվանդ Քոչարի հետ միասին:

Պատերազմից առաջ Մարտիկն աշխատել է Երեւանի կանաչապատման տրեստին կից` Հրայր Իսաբեկյանի գլխավորած ճարտարապետական խմբում Ռաֆո Իսրայելյանի, Լեւոն Բաբայանի եւ այլոց հետ: Այդ խմբի նպատակն է եղել քաղաքի կանաչ գոտիներում` զբոսայգիներում, պուրակներում, կենտրոնական բուլվարում, Զանգվի ձորում եւ այլուր ցայտաղբյուրների, մուտքերի, ցանկապատերի, բազրիքների, նստարանների նախագծեր կազմել: Գրքում ներկայացված են Մարտիկի նախագծերն ու էսքիզները, որոնցից իրականացվածները տեղակայված էին քաղաքի զբոսավայրերում, իսկ մեծ ձեւերը` հասարակական լողարան, բնակելի շենք, առողջարանի սրահ նախագծված են եղել հետագայում ականավոր ճարտարապետներ Ս.Սաֆարյանի, Հ.Մարգարյանի, Վ.Հարությունյանի, Գեւորգ Քոչարի, Հ.Իսաբեկյանի հետ կամ ղեկավարությամբ:

Ահա այսպիսի տեղատվություններ են եղել նախապատերազմյան «Խաղաղ» կոչված օրերին:

Գրքի եզրափակիչ մասը` «Մարտիկի հետքերով եւ նրա մասին» վերնագրով, նվիրված է Մարտիկ Ավդալբեգյանի վերաբերյալ հոդվածներին, հուշերին, նամակներին, որտեղ հատկապես արժեքավոր են Մարտիկի բախտակից ռազմագերի` ամերիկաբնակ Վարդանի (ազգանունն անհայտ է) հուշերը` երդման արարողության եւ սրան առնչվող դեպքերի ստույգ տեղեկություններով:

Ի հակադրություն ականատեսի սույն պատմածի` գրքում զետեղված նյութերից Միքայել Հակոբյանի «Ընդհատակը գործում է» դրվագում իրական հերոսը դուրս է բերվել միամիտ-արկածախնդիր, վախկոտների շարասյունը` հեռատես դիվանագետներ, իսկ Սասուն Գրիգորյանի «Մարտական Մարտիկը» հոդվածում անհայտ կորած զինվորը հեղինակի «շնորհիվ» հորջորջվել է գնդակահարված կոմիսար, որի մասին ո՛չ բանավոր, ո՛չ մանավանդ գրավոր տեղեկություն գոյություն չունի: Այնինչ ե՛ւ հուշագիր Վարդանը, ե՛ւ մյուս ռազմագերիները հետագայում արտառոց անհեթեթություն էին որակում ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում ինչ-որ ընդհատակի մասին մտածելը, կամ Մարտիկից բացի երդումից ուրիշ հրաժարվողների մասին ծպտուն հանելը: Այլապես ինչո՞ւ միայն Մարտիկի անունն ու դեպքը հայտնի դարձավ եւ ոչ համանման մյուսներինը:

«Մարտիկը մեկն էր եւ բոլորիցս ջոկ» միանշանակ ասում էին բոլորը:

Գրքից երեւում է, որ փաստաթղթերի մեծ մասը պահպանվել է հատվածաբար, պատառոտված թղթիկներով, կամ սեւագիր օրինակներով, բայց նույնիսկ այս վիճակում մեզ է հասել բովանդակալից ժողովածուի նյութ պարունակող ժառանգություն, խոստումնալից մեծ ապագա կանխորոշող սկիզբ, որ չունեցավ վերջ, այլ դարձավ մի նշանավորՙ

«Անավարտ սիմֆոնիա»:

Մոսկվա, 11 մայիսի, 2014թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱ՞Յ ԵՍ… ԱՓՍՈՍ

Հաջորդ գրառումը

ԵՌԱԿԻ ՏՈՆ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԵՌԱԿԻ ՏՈՆ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական