ամ ինչո՞ւ է կալանավորված Ռաուֆ Միրկադիրովը
Հունիսի 7-ին Իլհամ Ալիեւը Ադրբեջանի դիվանագիտական ծառայության «մարմինների ղեկավարների» (հարեւան երկրում այդպես են անվանում դեսպաններին եւ գլխավոր հյուպատոսներին ) 5-րդ խորհրդակցությանը հանդես է եկել «ուղենշային ճառով»: Նման միջոցառումներ Ադրբեջանում անցկացվում են երկու տարին մեկ եւ «քննարկվում են արտաքին քաղաքականության նոր ուղղությունները»:
Տրամաբանական կլիներ, եթե Իլհամ Ալիեւը խոսեր իր երկրի արտաքին քաղաքականության «նոր ուղղությունների» մասին: Մասնավորապես, գոնե ակնարկեր, թե հետագա զարգացման ո՞ր ուղղությունն է նախընտրելի` եվրոպակա՞նը, թե՞ եվրասիականը, կամ պարզաբաներ, թե ինչո՞ւ ՎՈՒԱՄ կազմակերպության 3 անդամ երկրները` Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան ստորագրեցին Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագիրը, իսկ Ադրբեջանը «ձկան պես» լուռ է:
Բայց մենք ակնհայտորեն գերագնահատում ենք Իլհամ Ալիեւի քաղաքագիտական «հեռատեսությունը» եւ քաղաքական «համարձակությունը»: Նման սկզբունքային հարցերում նա գերադասել եւ գերադասում է իրեն պահել «ջրից լուռ, խոտից ցածր»: Եւ, ընդհակառակը, «առյուծանում» է, երբ ճամարտակում է արտաքին քաղաքական «ճակատում Ադրբեջանի ձեռքբերումներից»:
Կարելի էր ընդունել նաեւ այդ կեցվածքը: Ի վերջո, բոլոր բռնակալներին հոխորտանքը հոգեհարազատ է: Բայց եթե ոմանք կարողանում են իրենց խոսքում մինչեւ վերջ պահպանել տրամաբանականը, Իլհամ Ալիեւը նույնիսկ այդ «շնորհից» է զուրկ: Շուրջ կես ժամ ճառաբանելով միջազգային ասպարեզում «Ադրբեջանի հեղինակության աննախադեպ աճի», «նրա տեսակետները լիովին ընկալելի լինելու», «ինքնաբավ տնտեսություն կառուցելու» եւ «անկախ արտաքին քաղաքականություն վարելու» թեմայով, նա ի վերջո ստիպված է եղել խոստովանել, որ իր երկրի թիվ մեկ խնդրի` ԼՂ հարցի կարգավորման իմաստով «որեւէ հաջողություն չի արձանագրվել»:
Միայն խելքից պակասը կարող է իր երկրի «միջազգային հեղինակությունը» նման ծաղրի ենթարկել: Քանի որ էլ ի՞նչ միջազգային «հեղինակություն» եւ «անկախ արտաքին քաղաքականություն», եթե, ինչպես Իլհամ Ալիեւն է ասել, միջազգային միջնորդները «հակված են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, տարածաշրջանում նրանք մի շահ ունեն` պատերազմ թույլ չտալ»:
Ակնհայտ է, որ անցած տարիներին Ադրբեջանը փորձել է «պատերազմի իրավունքով» ահաբեկել միջազգային հանրությանը` միջնորդներից կորզելու ԼՂ հարցի «արդարացի լուծման նոր առաջարկություններ», սակայն այդպես էլ որեւէ հաջողության չի հասել: Ճիշտ է, դրա համար Իլհամ Ալիեւը Հայաստանին է մեղադրում «ոչ կառուցողականության» մեջ, բայց եւ որոշակի ակնարկներ է անում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որ, պարզվում է, «դեռեւս որեւէ հստակ ազդակ Հայաստանին չեն փոխանցել»:
Ի՞նչ ազդակի մասին է խոսքը, պարզ է: Կովկասի խելագարը կարծում է, որ խնդրի կարգավորման համար առաջին հերթին «պետք է հաշվի առնվի Ադրբեջանի տնտեսական եւ ռազմական ներուժը»: Նա յուրովի է «մեկնաբանում» միջազգային իրավիճակը, որտեղ, իր ասելով, գործում է «արդարացի է նա, ով ուժեղ է» սկզբունքը: Ստացվում է, որ, ըստ Իլհամ Ալիեւի, միջնորդները «պետք է Հայաստանին մշտապես սպառնան պատերազմի վերսկսման վտանգով»: Սա է, ահա ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ «նախագահի» պատկերացումը:
Ուշագրավ է, որ մեկուկես ժամանոց «ճառի» ընթացքում Իլհամ Ալիեւը ոչ մի կերպ չի անդրադարձել նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին Ֆրանսիայի առաջարկությանը: Դատելով նրա խոսքի տոնայնությունից, «նորին գերազանցությունը» ոչ մի մտադրություն չունի «հանդիպում` հանդիպման համար» սկզբունքով բանակցությունների մասնակցել:
«Խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ` վերջ»,- հայտարարել է նա: «Ադրբեջանական հողում հայկական երկրորդ պետության ստեղծումը վճռականապես անհնար է»,- ավելացրել է Իլհամ Ալիեւը` անցում կատարելով «Իրավանի խանության» թեմային: Այստեղ նա արդեն իր տարերքի մեջ է: «Մեր գիտնականները լուրջ աշխատանք են կատարել` ստեղծելով (՞՞՞- Վ. Ա.) Իրավանի խանության պատմությունը, բայց դա քիչ է: Հարկավոր է, որ ԱԳՆ-ն, Գիտությունների ակեդեմիան, Զբոսաշրջության նախարարությունը տարբեր լեզուներով բրոշյուրներ տպագրեն եւ դրանք տարածեն արտերկրում»:
Ինչո՞ւ Է նման գերխնդիր դրվում: Պարզվում է, երբ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումներին Իլհամ Ալիեւը խոսում է «Իրավանը 1918թ.-ին հայերին զիջելու» մասին, նրան «ոչ ոք չի հավատում»: Որպեսզի այսուհետեւ «հավատան», հարկ է եվրոպական մայրաքաղաքները հեղեղել «Իրավանի խանության ճշմարտացի պատմությունը ներկայացնող բրոշյուրներով»:
Իր «ճառում» Իլհամ Ալիեւը բավական երկար խոսել է նաեւ ԵԽ ԽՎ-ում եւ այլ կառույցներում «Ադրբեջանի դեմ խարդավանքների» եւ դրանց «հովանավոր հայկական լոբբիի մասին»: Այս դեպքում նրա ցինզիմը հասել է բարձրակետին. «Իրենց ընդդմիադիր կամ իրավապաշտպան համարող մարդիկ չափազանց միամիտ են: Նրանց թվում է, թե ինչ-որ տեղ մեզ կարող են ինչ-որ բան ասել, եւ մենք կկատարենք դա: Սխալվում են»,- հայտարարել է «նորին մեծության բռնակալությունը»:
Հուլիսի 5-ին լրացել էր կալանքի տակ գտնվող` մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի հոր մահվան քառասունքը: Օրենքով հնարավոր էր, որ նա ներկա գտնվի սգո ընտանեկան արարողությանը, բայց նրա փաստաբանին պատկան մարմիններից վերջին պահին պատասխանել էին, թե «այդ բովանդակությամբ միջնորդություն չենք ստացել»: Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի «օգտին լրտեսության» մեջ:
Ադրբեջանական անկախ համարվող փորձագետներն այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե ո՞րն է հայտնի լրագրողին մեկուսացնելու իրական պատճառը: ԱԳՆ-ում խորհրդակցությանը արտասանած «ճառում» Իլհամ Ալիեւը տվել է հարցի պատասխանը: Բանն այն է, որ Միրկադիրովը Ադրբեջանում միակն է, որ ժամանակին նուրբ հումորով է վերաբերվել «1918թ.-ին Երեւանը դավաճանաբար հայերին հանձնելու»` Իլհամ Ալիեւի կողմից «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության» առաջնորդների հասցեին հնչեցված քննադատությանը:
«Զերկալո»-ի էջերում անդրադառնալով հարցին, Միրկադիրովը վերլուծել էր 1918թ. մայիս-հունիս ամիսների ռազմաքաղաքական իրավիճակը եւ բառացիորեն եզրահանգել, որ «սեփական մայրաքաղաք չունեցող, միայն թուրքական բանակի աջակցությամբ Գյանջայում հաստատված` Ադրբեջանի «կառավարությունն» ինչպե՞ս կարող էր Երեւանը զիջել հայերին»: Միրկադիրովը «Երեւանի հանձնումը» գնահատել էր որպես իշխող վարչախմբի կողմից «Մուսավաթ» կուսակցությունը հեղինակազրկելու քարոզչական հնարանք: Նա անգամ երգիծել էր, թե «այդ ինչպե՞ս է, որ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից 7 շրջանները հանձնած մարդը համարվում է «համազգային առաջնորդ», իսկ Մամեդ Էմին Ռասուլզադեն Բաքվում մի հուշարձան էլ չունի»:
Խնդիրն այն չէ, թե որքանով են սթափ կամ ոչ Միրկադիրովի դատողություններն ու եզրահանգումները. նա հարցը բացառապես ներքաղաքական հարթությունում է դիտարկել: Բայց ստացվել է, որ Ադրբեջանում բավական մեծ լսարան ունեցող թերթի մեկնաբանը հողմացրիվ է արել Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական գլխավոր «հաղթաթուղթը», այնՙ որ «մեկ անգամ ադրբեջանական հողերի վրա հայկական պետություն ստեղծվել է, երկրորդի ստեղծումը վճռականապես հնարավոր չէ»:
Ադրբեջանի «միամիտներից» մեկն էլ Ռաուֆ Միրկադիրովն է, որ ընտանիքը տեղափոխել է արտերկիր` հուսալով, թե ԵԽ ԽՎ-ն «ճնշում կգործադրի» կամ ապագայում` ՄԻԵԴ-ը գործով արդարացի վճիռ կկայացնի: «Ոչ,- ԱԳՆ խորհրդակցությանը հայտարարել է Իլհամ Ալիեւը,- մենք գիտենք, որ արդարացի ենք եւ գործելու ենք մեր համոզմունքների հիման վրա, Ադրբեջանն այն եզակի երկրներից է, որ սեփական արժեհամակարգ ունի»:
Այդ «արժեհամակարգի հենսայուներից» է նաեւ «Իրավանը հայերին հանձնելու» թեզը: Ով դրան կասկածում է, պետք է անազատության մեջ հայտնվի: «Ով ուտում է հայրենիքի հացը, պարտավոր է գիշեր ու զօր տոկալ հանուն Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության»,- մարդու իրավունքների եւ ազատությունների մասին հարեւան երկրում այսպես են դատում:
«Հայրենիքը» տվյալ համատեքստում նույնացվում է իշխող վարչախմի, «անձամբ մեծարգո պարոն նախագահի« հետ` այդ «նա է հացուջուր տալիս բոլորին, նրա կամքով է արեւը ծագում եւ մայր մտնում, նա է, որ սանձում է հողմերին եւ վստահաբար իր ձեռքում պահում Ադրբեջան-նավի ղեկը»: Միրկադիրովը եւ «միամիտների» մի փոքրիկ խումբ, մինչդեռ, շարունակում են ասել «Ադրբեջան» եւ չհասկանալ Իլհամ Ալիեւ, որի «մարդկային ամբողջականությունը» հիմնավորապես այլանդակված է` «համազգային առաջնորդի» ստորագրությունը կեղծելով ինքն իրեն վարչապետ եւ նախագահի «միակ օրինական» թեկնածու հռչակելուց ի վեր:
Դեռ ինչքա՞ն է շարունակվելու մեկ դերասանի խեղկատակությունը Բաքվում` այս պետք է լինի ադրբեջանական հասարակության գլխավոր հոգսը: Քանի որ Իլհամ Ալիեւի ամեն մի նոր ելույթ կամ «ճառ» ավելի ցցուն է դարձնում նրա «կոտոշները»: Հին աշխարհի բռնակալն իր արատը թաքցնելու համար մահվան սպառնալիքով ստիպում էր, որ մերձավորները լռեն: Բայց մի օր սափրիչը հորի մեջ շշնջաց, որ «Իսքենդերը պոզեր ունի»: Հետո հորից մի եղեգն աճեց, պատահական հովիվն այդ եղեգնից շվի կտրեց, փչեց, եւ աշխարհը լսեց ճշմարտությունը. «Իսքենդերը պոզեր ունի՜»:
Եթե ոչ վաղը, ապա մի օր աշխարհը կլսի, որ «Իլհամը կոտոշավոր է»: Էական չէ` ով կհնչեցնի, բայց ցանկալի է, որ նա ադրբեջանցի լինի: Հանուն ադրբեջանական ժողովրդի արժանապատվության: Թե չէ ինչքա՞ն կարելի է հանդուրժել «կոտոշավորի»-ն, որ իրեն` «ների», սեփական ժողովրդին «ոչխարի հոտ» է կարծում…
Ստեփանակերտ