ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
Լրացավ մարդկության ճակատագրի ու ապագայի համար վտանգավոր աշխարհակործան Առաջին համաշխարհային պատերազմի (հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո) սանձազերծման 100-ամյա տարելիցը: Պատերազմ, որը նախադեպն ու գլխավոր փորձը պիտի դառնար ավելի հզոր, ավելի կործանիչ ու ավելի մարդատյաց համաշխարհային նոր բախումի: Պատերազմ, որն իբր թե մղվում էր խախտված արդարությունը` «Ավստրո-սերբական կոնֆլիկտը եւ Բելգիայի չեզոքության խախտումը» վերականգնելու համար, որոնք միայն շարժառիթներ էին:
Բոլոր խոշոր տերությունները աշխարհն ազդեցության ոլորտների վերաբաժանելու համար վաղուց էին նախապատրաստվում: Այդ պատերազմը մարդկությանը կանգնեցրեց մինչ այդ չտեսնված մեծ փորձության առջեւ, որովհետեւ դրա ընթացքում ռազմի դաշտում միլիոնավոր մարդկանց արյուն էր հորդում, խեղվում էին բազմահազար ճակատագրեր: Պատերազմ, որը փոխեց աշխարհը. հայրենասիրական ոգով տոգորված միլիոնավոր երիտասարդներ խանդավառությամբ թողեցին իրենց ապահով տներն ու գնացին կռվելու. «Ես երջանիկ եմ եւ հուզված. ի՜նչ հրաշալի օրեր են մեզ սպասում», գրեց ամերիկացի մի կամավոր 1914 թվականին:
Շուտով, սակայն, նրանց ոգեւորությունը վերածվեց դառնության: Ոչ ոք չէր կանխատեսում, որ այդ մեծաթիվ զորքերը տարիներով կմխրճվեն Բելգիայի ու Ֆրանսիայի կեղտոտ ճահիճների մեջ: Այդ ժամանակ շատերը պատերազմը կոչեցին «Մեծ պատերազմ»: Այսօր այն հայտնի է որպես Առաջին համաշխարհային պատերազմ:
Առաջին համաշխարհային պատերազմը զոհերի տեսանկյունից իսկապես մեծ էր: Ըստ որոշ հաշվարկների` այդ ժամանակ զոհվեց մոտ 10 միլիոն մարդ, եւ 20 միլիոնը հաշմանդամ դարձավ: Այն նաեւ մեծ սխալների հետեւանք էր: Եվրոպացի քաղաքական գործիչները անկարող էին կամ չուզեցին կասեցնել միջազգային լարվածությունը, որ այն չվերածվի համաշխարհային կոնֆլիկտի: Սակայն ամենակարեւորը թերեւս այն փաստն է, որ այդ «Մեծ պատերազմը» խոր սպիներ թողեց: Այն փոխեց աշխարհն այնպես, որ առայսօր զգում ենք դրա հետեւանքները: Ամենակարեւորը իշխանությունների սխալների պատճառով հանրության վստահության կորուստն էր:
Առաջին համաշխարհային պատերազմը բռնկվեց սխալ հաշվարկների պատճառով եւ պատկերավոր ասած` «լուսնոտների մի սերունդ» 1914 թ. անխռով ամռանը հանկարծակի սայթաքեց դեպի կործանում: Ավստրիացի գահաժառանգի սպանությունից մի քանի շաբաթ անց Եվրոպայի բոլոր խոշոր տերությունները ներգրավվեցին իրենց համար անցանկալի պատերազմի մեջ: Երբ Գերմանիայի կանցլերին պատերազմական գործողություններն սկսվելուց մի քանի օր անց հարցնում են, թե ինչպե՞ս դա տեղի ունեցավ, նա տխուր պատասխանում է` ոչ ոք այդպես էլ չհասկացավ: Ակնհայտ էր, որ գրեթե բոլոր առաջնորդները պատկերացում անգամ չունեին իրենց կայացրած ճակատագրական որոշումների հետեւանքների մասին, որոշումներՙ որոնք հանգեցրին հակամարդկային, աշխարհակործան պատերազմի: Սակայն խրամատներում գտնվող զինվորները շուտով հասկացան, թե ինչ է կատարվում: Նրանք գիտակցեցին, որ քաղաքական գործիչները խոստանալով, որ այդ պատերազմը ճանապարհ կհարթի նոր ու ավելի լավ աշխարհի համար, որ իբր այն աշխարհում ժողովրդավարություն կհաստատի եւ վերջ կդնի բոլոր պատերազմներին` հուսախաբ էին արել իրենց:
Հոգեւորականությունը , որ սրբորեն պիտի հետեւեր աստվածաշնչյան խաղաղ ապրելու հորդորներին, իր կոչմանը հավատարիմ մնար, հետեւապես` դեմ գնար եւ թույլ չտար, որ այդ չարաբաստիկ, սատանայական պատերազմը սանձազերծվեր, նույնպես խանդավառությամբ թիկունք կանգնեց պատերազմի հրձիգներին: Պատերազմը համընդհանուր ատելության հանգեցրեց եւ փոխանակ մեղմելու համաժողովրդական ցավը եւ հանգցնելու ատելության այդ կրակը` հոգեւորականները շարունակաբար բորբոքում էին այն: Պարզապես հոգեւոր առաջնորդներն այդ շրջանում չէին կարող եւ չէին էլ ցանկանում քրիստոնեական հավատը ազգայնամոլությունից վեր դասել եւ իրենց քարոզ-կոչերում քրիստոնեությունը հավասարեցրին հայրենասիրությանը: Բանը հասել էր այնտեղ, որ զինվորներին, որոնք ներկայացնում էին քրիստոնեական բոլոր կրոնները, հորդորում էին Փրկչի անունով սպանել իրար:
Հրամանատարները , որոնք հիմնականում հասարակության ազնվական դասերից էին ծագում եւ ունետեր խավերից էին, արագ ու հեշտ հաղթանակ խոստացան, սակայն նման բան տեղի չունեցավ: Երկար ժամանակ չէր անցել պատերազմի սկսվելուց, երբ հակամարտող կողմերը փակուղու առաջ կանգնեցին: Միլիոնավոր զինվորներ բախվեցին ֆիզիկապես ու էմոցիոնալ առումով եւ ենթարկվեցին ամենադաժան ու մեծամասշտաբ փորձության: Չնայած սարսափելի կորուստներին` հրամանատարները շարունակում էին իրենց մարդկանց ուղարկել դեպի փշալարե ցանկապատերը եւ անընդմեջ տեղացող կրակոցները, որ նույնն է` բացահայտ մահվան:
Պատերազմը խորը հետք թողեց մի ամբողջ սերնդի մտածելակերպի ու վարքագծի վրա: Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումներիՙ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-իցՙ Բուլղարիա) եւ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-իցՙ ԱՄՆ եւ այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջեւ: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի: Այդ պատերազմի պատճառով կայսրություններ վերացան: Ողբերգական հակամարտությունը դարձավ մարդկությանը հայտնի ամենից արյունալի դարաշրջանի սկիզբը: Ովքե՞ր էին պատերազմի իրական հրձիգները, որո՞նք էին նրանց հիմնական նպատակադրումները, ինչո՞ւ այդ պատերազմը տակնուվրա արեց աշխարհը, ովքե՞ր, ինչ ու ինչքա՞ն կորցրեցին եւ ովքեր ի՞նչ ու որքա՞ն շահեցին, եւ, վերջապես, մի՞թե այն ընդամենը համաշխարհային ողբերգություն էր: Այս հարցերի պատասխանները մինչ օրս էլ լիարժեք բացահայտված չեն:
Մենք` հայերս, որ ամենաշատը տուժեցինք առաջին աշխարհամարտից, այսօր լռում ենք: Բացառություն է, թերեւս, վերջերս Ազգային արխիվի վարչության պետ Ամատունի Վիրաբյանի ապրիլին բացվող Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական փաստաթղթերի ու լուսանկարների համացանցային ցուցահանդես կազմակերպելու մասին հայտարարությունը: Մենք գրում ու խոսում ենք բացառապես հայոց Մեծ եղեռնի կամ որ նույնն է` Արմենոցիդի մասին: Կարծես մինչ եղեռնը եւ դրանից հետո էլ ոչինչ տեղի չի ունեցել, կարծես հայ ժողովրդին հուզող որեւէ այլ հարց չկա: Այնինչ, հենց թեկուզ եղեռնի առումով, ամեն ինչ իր գագաթնակետին հասավ հենց այդ աշխարհամարտի սկսվելով: Պատերազմ, որը հնարավորություն տվեց թուրքական իշխանություններին ազատ ու անկաշկանդ գործի դնել դեռեւս 19-րդ դարի վերջերին սուլթան Աբդուլ Համիդի ծրագրած ու նախաձեռնած հայաջինջ քաղաքականությունը: Կարծում եմ անհրաժեշտ է, պարզապես պարտավոր ենք խոսել ու գրել առաջին աշխարհամարտի մասին, ընդգծել դրա հակամարդկային ու, հատկապես` հակահայկական բնույթը:
Աշխարհամարտի ու նրա բաց ու մութ ծալքերի եւ դրանց հետ կապված խնդիրների մասին բավականին գրվել է (նյութը ավելորդ չծանրաբեռնելու համար ձեռնպահ ենք մնում դրանք թվարկելուց): Ընթեցողի սեղանին են օտար, հայրենի ու սփյուռքահայ ուսումնասիրողների մեծաքանակ պատմագիտական աշխատություններ, հրատարակվել են ծավալուն հատորներ, որոնք ներկայացնում են բազմաթիվ արխիվային վավերագրեր ու այլ բնույթի սկզբնաղբյուրներ, մասնակիցների ու ժամանակակիցների հուշեր, հայ եւ օտարալեզու մամուլում սփռված են հազարավոր հրապարակումներ: Մեր նպատակն է հանրամատչելի լեզվով, պարզ ու հստակ ներկայացնել առաջին համաշխարհային պատերազմի կարեւոր անկյունադարձները եւ նրանց արձագանքներն ու ազդեցությունը մեր տարածաշրջանի եւ, մասնավորապես, հայության ճակատագրի վրա:
Կարծում եմ, որ դա խիստ անհրաժեշտ է ու կարեւոր, որովհետեւ պատմության փոշին հաստ շերտով ծածկել է պատերազմի հետ կապված շատ փաստեր եւ իրողություններ, իսկ գիտական տեխնոլոգիաների թռիչքային զարգացման գործընթացի կիզակետում հայտնված մերօրյա երիտասարդ սերունդը հակված չէ եւ այդքան ժամանակ էլ չունի հաստափոր հատորներ ընթեցելու: Դրանից օգտվելով էլ պատմության կեղծարարներն անում են ամեն ինչ այն գլխիվայր շուռ տալու եւ յուրովի մեկնաբանելու համար, ինչին անուղղակի նպաստում է նաեւ հասարակության կողմից բազմաթիվ, նույնիսկ ակնհայտ ու հասարակ փաստերի չիմացությունը, որը հնարավորություն է տալիս կեղծարարներին պատմության ու պատմագիտության հետ վարվել իրենց ուզած ձեւով ու այն մեկնաբանել յուրովի` կիրառելով ամենատարբեր մեթոդներ: Ընգծենք եւս մեկ անգամ, որ մեր խնդիրը հանրամատչելի, հասարակության համար թեթեւ ու հասանելի, երբեմն հանգիստ ու մտքի որեւէ լարվածություն չպահանջող ընթերցման համար նախատեսված մակարդակում աշխարհամարտի ու նրա հետ անմիջական առնչություն ունեցող կարեւոր իրադարձությունների ու վճռական դերակատարություն ունեցած անձանց համառոտ պատմությունը ներկայացնելն է:
Համաշխարհային պատերազմները եղել են երկուսը, առաջինը տեւել է 1914 թ. հուլիսի 28-ից մինչեւ 1918 թ. նոյեմբերի 11-ը, երկրորդը ` 1939 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 1945 թ. սեպտեմբերի 2-ը: Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը սերբ ազգայնականների կողմից 1914 թ. հունիսի 28-ին Սարաեւոյում Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր: Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան մի շարք անընդունելի պայմաններ ներկայացրեց Սերբիային: Դրանց նպատակն էր ներկայացված վերջնագրի պայմանների չկատարումը որպես առիթ օգտագործելով պատերազմ հայտարարել սերբերին, սակայն Ռուսաստանի խորհրդով Սերբիան համաձայնեց կատարել դրանք: Չնայաց դրան` Ավստրո-Հունգարիան հուլիսի 28-ին պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց:
Գերմանիան վերջնագրեր ներկայացրեց Ֆրանսիային ու Ռուսաստանին: Ֆրանսիայից նա պահանջում էր չեզոքություն պահպանել, Ռուսաստանից` չեղյալ համարել հայտարարած համընդհանուր զորահավաքը: Երկու վերջնագրերն էլ մերժվեցին: Ֆրանսիան կարծում էր, որ վերջնագրի ընդունման դեպքում Վիլհելմը կպահանջի իրեն հանձնել նաեւ սահմանային ամրությունները: Այս վերջնագրերի մերժումները որպես առիթ օգտագործելով` 1914 թ. օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին` Ֆրանսիային: Գերմանական զորքերն անցնելով Բելգիայի տարածքով` հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Մեծ Բրիտանիան պահանջեց Գերմանիայից չխախտել Բելգիայի չեզոքությունը: Մերժում ստանալով` Գերմանիայի դեսպանին հանձնած վերջնագրով օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Այս տեսակ զարգացումների ու այդքան շատ պետությունների ընդգրկումից հետո այս ամսաթիվն էլ համարվում է 1-ին համաշխարհային պատերազմի սկիզբ: Հոկտեմբերի 29-ին գերմանաավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան:
Չնայած քարոզչական նպատակներով անընդհատ հնչող երկկողմանի մեղադրանքներին ու սեփական ժողովուրդներին դեպի մսաղաց առաջնորդելու հորդորներին, մինչ այդ ձեւավորված երկու ռազմաքաղաքական խմբավորումները` Անտանտն ու Քառյակ դաշինքը եւ նրանց անդամակցող յուրաքանչյու տերություն ունեին իրենց նպատակներն ու հետապնդում էին իրենց խմբավորման առանձնահատուկ շահերը, որոնց մասին կխոսենք առաջիկայում:
Անտանտի պետությունների գլխավոր նպատակները.
Ֆրանսիան ցանկանում էր լուծել 1870 թ. Գերմանիայից կրած պարտության վրեժը եւ պահպանել եվրոպական գերտերության կարգավիճակը, ինչպես նաեւ` վերադարձնել 1871թ. Գերմանիայի գրաված Ալզասն ու Լոթարինգիան եւ զավթել Սաարի ածխի ավազանը: Մեծ Բրիտանիան ` պահպանել իր գաղութները, խլել Գերմանիայից նրա ազդեցության ոլորտները, կործանել իր ամենավտանգավոր մրցակցին` Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում եւ պահպանել իր գաղութային կայսրությունը: Ռուսաստանը ` վերջնականապես հաստատվել Բալկաններում եւ Անդրկովկասում, խլել Օսմանյան Թուրքիայից Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները, գրավել Գալիցիան ու Արեւմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, դուրս գալ Միջերկրական ծով:
Քառյակ դաշինքի պետությունների նպատակները .
Գերմանիայի նպատակն էր` ձեռք բերել նոր գաղութներ, հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում, պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան ` իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին, զավթել Սերբիան ու Չեռնոգորիան: Իտալիան ` (պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից եւ մտավ Անտանտի մեջ) ընդլայնել գաղութների տարածքները, մասնավորապես` հաստատվել Աֆրիկայում: Օսմանյան կայսրությունը ` իրագործել իր վաղեմի` պանթուրքական եւ պանիսլամական միմյանց լրացնող ծրագրերը եւ ստեղծել Մեծ Թուրանը, գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան եւ իր կազմի մեջ ներառել Չինաստանի հյուսիսային տարածքներում բնակվող ույգուրներին եւ նրանց հարեւաններին: Բուլղարիան ` (պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ) ամրացնել իր դիրքերը Եվրոպայում:
Աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի ավելի քան 4 մլն քառ. կմ տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը): Գլխավոր ճակատները երկուսն էինՙ Արեւմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, եւ Արեւելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով:
Ոչ պակաս կարեւոր էր (իսկ մեզ` հայերիս համար, առավել` քան) նաեւ Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սեւ ծովից մինչեւ Ուրմիա լիճը` 720 կմ երկարությամբ:
1914 թ. ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն եւ Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, որոնցից զոհվեցին եւ վիրավորվեցին ավելի քան` 600 հազարը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ եւ հակառակորդին ստիպեցին նահանջել մինչեւ Էն գետը: Արեւմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները եւ հպատակեցնել Չինաստանը:
Կովկասյան ռազմաճակատում 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչեւ 1915 թ. հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հազարանոց զորքը (փրկվեց միայն 12 հազարը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաեւ Իրանի Ատրպատական նահանգից: 1915 թ. ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց եւ գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեեւ ռուսները 300 հազար զոհ տվեցին, սակայն կարողացան դիմակայել եւ կանգնեցնել թշնամուն:
1915 ապրիլի 22-ին Արեւմտաեվրոպական ճակատում` Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հազար մարդ): 1915 թ. մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արեւմտահայության համար:
1916 թ. Արեւմտյան ճակատում Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում: Վերդենյան մսաղացում հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ: Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ. գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը եւ այլ տարածքներ` հասնելով Սեբաստիայի վիլայեթ:
1916 թ. 2-րդ կեսին անգլոֆրանսիական զորքերը Արեւմտյան ճակատում` Սոմ գետի մոտ անցան հակահարձակման. երկու կողմից սպանվեց ու վիրավորվեց շուրջ 1 մլն 300 հազար մարդ: Այդտեղ անգլիացիներն առաջին անգամ օգտագործեցին տանկեր:
1918 թ. մարտ-հունիսին Արեւմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման եւ հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլոֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման եւ գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30ին` Մուդրոսի զինադադարով` Թուրքիան, նոյեմբերի 3-ին` Ավստրո-Հունգարիան:
Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով անձնատուր եղավ նաեւ Գերմանիան: Դրանով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տեւեց 4 տարի 3 ամիս եւ 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց եւ խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: 1919–22 թթ. Վերսալում եւ Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:
Նկար 3. 1914 թ. հունիսի 28-ին սերբ 19-ամյա ուսանող Գավրիլո Պրինցիպը Սարաեւոյում սպանեց Սերբիայում հյուրընկալվող, ավտոմեքենայի մեջ նստած Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանտին եւ նրա կնոջըՙ Սոֆիային, ինչն էլ առիթ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն: