Համեմատելով Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ցուցանիշները
Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է: Ընդ որում, այն ամենեւին էլ սառեցված հակամարտություն չէ: Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին ամեն օր տեղի են ունենում ռազմական գործողություններ` սկսած դեպի մեր դիրքերն ու բնակավայրերը անկանոն կրակոցներից, վերջացրած դիվերսիաներով եւ իսկական ճակատամարտերով: Ադրբեջանը շարունակում է անզիջում մնալ իր կեցվածքում, հույսը դնելով նավթային ռեսուրսների եւ նրանցից ստացվող եկամուտների վրա: Բնական է, որ դրանք կարեւոր գործոններ են, սակայն միեւնույն ժամանակ` ոչ որոշիչ: Որոշիչ գործոնների մասին շատ է խոսվել` ոգի, մարտունակություն, մարտական հմտություններ:
Միեւնույն ժամանակ, հարկ է նաեւ ձգտել զարգացած տնտեսություն ունենալուն` չեզոքացնելու համար թշնամու հոխորտանքի գլխավոր աղբյուրը: Այս առումով հետաքրքրական են համեմատությունները Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունների ներկայիս կացության վերաբերյալ` հիմնվելով պաշտոնական վիճակագրական եւ այլ հաստատված տվյալների վրա: Լեռնային Ղարաբաղի տնտեսությանը չենք անդրադառնա, նկատի ունենալով, որ այն փոքր ծավալ ունի: Պարզապես արձանագրենք, որ ԼՂՀ տնտեսությունը բավականին արագ տեմպով է զարգանում:
Սկսենք համախառն ներքին արդյունքից (ՀՆԱ), նախապես նշելով, որ այս եւ մնացած բոլոր տվյալները, համադրելու նպատակով, կներկայացնենք դոլարային արտահայտությամբ: Այսպիսով, 2013-ին 9 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 73 մլրդ դոլար: 3 մլն մշտական բնակչություն ունեցող Հայաստանի ՀՆԱ-ն անցյալ տարի կազմել էր մոտ 10,4 մլրդ դոլար: Մոտ 3 անգամ ավելի բնակչություն ունեցող հարեւան երկրի տնտեսության ծավալը մոտ 7 անգամ գերազանցում է մեր տնտեսության ծավալները: Հասկանալի է, որ դա գլխավորապես պայմանավորված է նավթային գործոնով:
Նավթային արդյունաբերությունը կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի ավելի քան կեսը` շուրջ 51 տոկոսը եւ արտահանման ավելի քան 80 տոկոսը: Հարեւան երկրի ՀՆԱ-ում մեծ մասնաբաժին ունեցող մնացած ճյուղերն են` ծառայությունները եւ շինարարությունը: Փորձագետները փաստում են, որ այս ճյուղերը սերտորեն շաղկապված են նավթարդյունաբերության հետ: Այսինքն, նավթի արդյունահանումից ստացվող եկամուտներն ուղղվում են այս ոլորտներ: Հետեւաբար, նավթարդյունաբերության ծավալների նվազումն անմիջականորեն ազդելու է նաեւ այս ճյուղերի վրա, իսկ նավթարդյունահանման ծավալները վերջին 3 տարիներին արդեն իսկ աստիճանաբար նվազում են: 2011-ին Ադրբեջանում արդյունահանվել է 45,6 մլն տոննա նավթ, 2012-ին` 43,4 մլն տոննա, 2013-ին` 43,1 մլն տոննա:
Ադրբեջանի բյուջեն 2013-ին կազմել է 24,4 մլրդ դոլար, գրեթե 10 անգամ գերազանցելով Հայաստանի բյուջեն, որը 2013-ին կազմել է մոտ 2,5 մլրդ դոլար: Ադրբեջանի ռազմական բյուջեն 2013-ին կազմել է 1,9 մլրդ դոլար, իսկ այս տարի` 3,7 մլրդ դոլար: Հայաստանի ռազմական բյուջեն անցյալ տարի կազմել է մոտ 450 մլն դոլար, այս տարի` մոտ 470 մլն դոլար: Հայտնի է, որ հարեւան երկիրը զենքի եւ զինամթերքի խոշոր գնումներ է կատարում: Միեւնույն ժամանակ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավորություն է տալիս նույնպես ձեռք բերել նորագույն զենքեր եւ զինատեսակներ` անհամեմատ ավելի ցածր գներով, ընդհանուր առմամբ պահպանելով ռազմական հավասարակշռությունը:
Հարկ է նշել նաեւ, որ 2014-ին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները 1,2 մլրդ դոլարով ավելի նվազ են 2013-ի համեմատ` 23,2 մլրդ դոլար: Սա ուղղակիորեն կապված է նավթի ծավալների նվազման հետ եւ դեռ պարզ չէ, թե մյուս կարեւոր գործոնը` նավթի միջազգային գներն ինչպիսի՞ն կլինեն եւ որքանո՞վ կհամընկնեն Ադրբեջանի բյուջեում դրված ցուցանիշի հետ: Ինչ վերաբերում է մեզ, ապա Հայաստանի պետական բյուջեի այս տարվա եկամուտները ծրագրված են մոտ 2,8 մլրդ դոլար` մոտ 300 մլն դոլարով ավելի անցած տարվա համեմատ:
Ադրբեջանի բնակչության կենսամակարդակը Հայաստանի կենսամակարդակից բարձր է, սակայն ոչ այնքանՙ որքան պաշտոնական Բաքուն է շեփորում: 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2013-ին Ադրբեջանում կազմել է 8111 դոլար, Հայաստանում` 3466 դոլար: Գործազրկությունն անցյալ տարի Ադրբեջանում կազմել է 243 հազար մարդ: Հայաստանում տնային տնտեսությունների հետազոտությամբ տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թվից աշխատանք չունեցողների քանակը կազմել է մոտ 16 տոկոս, կամ 226 հազար մարդ: Մեկ այլ մեթոդաբանությամբ, որն է Հայաստանում աշխատանք փնտրողների մասին տվյալները, այս պահին այդ ցուցանիշը կազմել է մոտ 64 հազար մարդ: Չենք կարող ասել, թե Ադրբեջանում հրապարակված ցուցանիշը ո՞ր մեթոդով եւ ո՞ր ցուցանիշի վերաբերյալ է` աշխատանք փնտրողներ, չզբաղվածներ, թե՞ գործազուրկի կարգավիճակ ստացածներ:
Կենսամակարդակի կարեւորագույն ցուցանիշի` աշխատավարձի առումով էլ պատկերը հետեւյալն է: Ադրբեջանում միջին աշխատավարձը 2013-ին կազմել է մոտ 530 դոլար, Հայաստանում` մոտ 370 դոլար: Այն դեպքում, երբ Ադրբեջանի ՀՆԱ-ն, բյուջեն, ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի համանման ցուցանիշներին 7-10 անգամ, միջին աշխատավարձի` միայն 50 տոկոսով եւ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի` կրկնակի բարձր լինելը Հայաստանի միջին աշխատավարձից եւ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ից, խոսում է այն մասին, որ ստացվող եկամուտների չնչին մասն է բաժին հասնում Ադրբեջանի բնակչությանը, չբերելով այդ երկրում կենսամակարդի էական բարձրացման:
Այսպիսով, փաստենք, որ Ադրբեջանում նավթային եկամուտները շարունակում են այդ երկիր հոսել, թեեւ դրանց ծավալները սկսել են նվազել: Ամեն դեպքում, շարունակվող չհայտարարված պատերազմի պայմաններում, Հայաստանն այլընտրանք չունի եւ պետք է ջանքերն ուղղի տեսանելի ապագայում ավելի բարձր եւ որակական տնտեսական աճ ունենալուն: