Հայ-ադրբեջանական հանրային դիվանագիտությունը լրտեսության մեղադրանք է դառնում կամ «կեղծ խաղաղասերներով» ձախողվում
Հակամարտությունները հազվադեպ են լուծվում ու կարգավորվում, ավելի հաճախ դրանք փոխակերպվում, տրանսֆորմացվում են: Այդ հարցում ամենագործուն միջոցներից մեկն է հանրային դիվանագիտությունը, որն այնպիսի մի ընդգրկուն ոլորտ է, որ գրեթե ամեն ինչ կարելի է դրա տակ կամ դրանում տեղավորել: Ամեն դեպքում, առավել հաճախ այն սկսվում է քաղաքագետների, վերլուծաբանների հանդիպումներով, ընդլայնվում երիտասարդական խմբերի, լրագրողների միջոցառումներով` ընդգրկելով նաեւ այլ ոլորտների մասնագետների հանդիպումների ու քննարկումների տարբեր ձեւաչափեր:
Վերջին շրջանում հենց այս դիվանագիտության վրա որոշակի շեշտադրում է արվում տարբեր մակարդակներում, հատկապես, որ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հարցում հենց հանրային դիվանագետներին է վերապահված աշխատանքի մեծ մասը:
2014թ.-ի հունվարի 11-17-ը ձնառատ Բակուրիանիում, հիանալի առողջարանային ու մարդաշատ բնության պայմաններում մոտ 20 լրագրող Հայաստանից, Ադրբեջանից, նաեւ մեկն Արցախից հավաքվել էին կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնի նախաձեռնած «Երկխոսություն» շարքի հերթական, բայց լրագրողների մասնակցությամբ առաջին հանդիպմանը: Կենտրոնի նախկին քննարկումները երիտասարդների, պատմաբանների ու այլ խմբերի հետ միշտ չէին ընթացել այնքան հարթ, որքան լրագրողների մասնակցությամբ:
Զարմանալի էր, ու անսպասելի: Փաստացի այնպես էր ստացվել, որ Բակուրիանի ժամանածները բոլորն իրենց պահել գիտեին, ու առաջին տպավորությամբ փորձում էին հասկանալ մյուս կողմի մոտեցումներն ու գնահատականները` առանց համաձայնելու անհրաժեշտության: Ընդ որում, հայ-ադրբեջանական շփման փորձով ավելի հարուստ էին ադրբեջանցի լրագրողները, քան հայկական կողմերը ներկայացնողները:
Մի խոսքով, ամեն ինչ այնքան գեղեցիկ ու լավ էր, որ խաղաղասիրական ու խաղաղաշինական առաջին հիմնարար քայլերը կարելի էր արված համարել… մինչեւ այն պահը, երբ Բաքու եւ Երեւան վերադարձից հետո ի հայտ եկան լրագրողների հրապարակած նյութերը, որտեղ ոչ միայն չհամաձայնվելու դիրքորոշումն էր ցցուն, այլեւ միմյանց չհասկանալու:
Որոշ լրագրողների պարագայում (անուններ չեմ նշում` ելնելով որեւէ կերպ նույն այդ ատելության ու թշնամանքի հրահրմանը չնպաստելու ցանկությունից – Ա.Հ.) ստացվեց, որ հանրային դիվանագիտությունն ունենում է նաեւ «կեղծ» դրսեւորումներով մասնակիցներ, ընդ որում դրանք արվում են ոչ միայն հատուկ ծառայություններից տարբեր հավաքներում ներգրավվածների, այլեւ մնացածների կողմից:
Եթե վերին էշելոնում (Track I), որտեղ բանակցում են ու փորձում կարգավորել հակամարտությունը, շատ սահմանափակումներ կան հենց նրանց համար, ովքեր որոշումներ կայացնելու իրավասություն ունեն, այսպես կոչված` երկրորդ մակարդակում (Track II) ենթադրվում է, որ մարդիկ ազատ են տեղի չտալու քարոզչությանը, սեփական աշխատանքին մոտենալու որպես պրոֆեսիոնալներ, հանգիստ հարաբերվելու մյուս կողմի հետ ու գոնե ջուր չլցնելու այն ջրաղացին, որ հակամարտության կարգավորումն ու փոխակերպումը հետ է պտտում:
Բայց արի ու տես, որ «կեղծ խաղաղասերները» նախընտրում են ակտիվ մասնակցություն ունենալ քարոզչությանը, բայց նաեւ մասնակցել հանրային դիվանագիտության փորձերին` դրանով իսկ ձախողելու դրդելով այն ամենը, ինչ կարող է խաղաղություն բերել հակամարտ կողմերի հասարակություններին:
Մայիսի 16-18-ը հայ եւ ադրբեջանցի լրագրողները, նման հարցերում մոտ 7 տարվա ծանրակշիռ փորձ ունեցող նույնՙ «Իմեջին» կենտրոնի համառ ջանքերով նորից հանդիպելու են Թբիլիսիում, ինչպես ընդունված է, չեզոք տարածքում, որտեղ այս անգամ լրագրողները պետք է քննարկեն համատեղ աշխատելու տարբերակներ ու թեմաներ: Նախապես խումբը պետք է հանդիպեր ապրիլին, սակայն պարզվեց, որ ադրբեջանական կողմից հանդիպմանը գալու դժվարություններ են առաջացել: Դրանք պատճառաբանվեցին զբաղվածությամբ:
Արդեն մայիսի համար պարզվեց, որ էլի անհարմարություն ունի մասնակցելու ադրբեջանցի լրագրողների մեծամասնությունը, եւ հին խմբից կմասնակցեն միայն երեքը, մնացյալը կլինեն նոր մասնակիցներ: Իհարկե, նոր մարդիկ ձեւավորվող կամ ձեւավորված որեւէ խմբում միշտ էլ կարող են դրական ազդեցություն ունենալ, նոր շունչ ու մոտեցում բերել, մտածել ու գործել տարբեր, քան արդեն իսկ ձեւավորված խմբի անդամները: Սակայն մասնակիցների նման փոփոխությունը, երբ հաստատուն ու կայուն լինելը կարեւոր է համարվում, սա արդեն ցուցանիշ է, եւ ցավոք` ոչ դրական:
Այդուհանդերձ, առավել կարեւոր է, որ նույն ժամանակահատվածում, ինչ լրագրողները Բակուրիանիի հանդիպումից փորձում էին անցնել հաջորդ քայլին, Ադրբեջանում մի քանի տհաճ իրադարձություններ տեղի ունեցան:
Նախ ապրիլի 19-ին ձերբակալվեց ադրբեջանական «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, որ մեղադրվում է Հայաստանի համար լրտեսություն իրականացնելու մեջ: Միրկադիրովը մասնակցել է «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք այլ նախագծերին: Այսինքն` հայերի հետ շփումները կարող են նման հետեւանքներ ունենալ ադրբեջանցի լրագրողի համար, ինչը չի կարող բացասաբար չազդել հանրային դիվանագիտության փորձերի վրա:
Ապրիլի 26-ին ոչ հասկանալի, անգամ կասկածելի հանգամանքներում մահացել, ըստ ադրբեջանական ոստիկանության, սպանվել էր «Միզան Թերեզի» թերթի խմբագիր Սադիգ Սուլթանովը: Դեռ սպանության լուրն էլ չէր տարածվել, երբ հետեւեցին նույն ոստիկանության միջոցով տարածվող լուրեր, թե իբր Սուլթանովն ինչ-որ մեկին նախկինում բռնաբարել է, մյուսներից էլ խարդախությամբ ունեցվածք յուրացրել:
Ադրբեջանցի իրավապաշտպան, «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսն ապրիլի 22-ին հանդես եկավ Միրկադիրովի առնչությամբ հայտարարությամբՙ նշելով, որ անկասկած Հայաստանի համար լրտեսություն անելու մեղադրանքով Միրկադիրովի ձերբակալությունը նպատակաուղղված է քաղաքացիական հասարակության ակտիվիստների խմբի ձերբակալությանըՙ որպես Հայաստանի լրտեսների:
Յունուսը կանխատեսել էր նաեւ իր ձերբակալությունը, ինչն ուշացնել չտվեց իրեն: Երկու օրից արդեն ձերբակալվեցին Լեյլա Յունուսն ու նրա կոնֆլիկտաբան ամուսինը` Արիֆ Յունուսը: Մեղադրանքը նույնաբովանդակ էր, ավելինՙ այնպիսին, թե Լեյլան Հայաստանի համար լրտեսություն անողների պարագլուխն է: Որոշ տեղեկությունների համաձայն` Յունուսների գործը նաեւ փորձում են կապել Միրկադիրովի հետ, ասել է, թե իբր լրտեսական սարդոստայն են գտել Ադրբեջանի իրավապահները:
Վերջին օրերին էլ ադրբեջանական ռադիոկայաններից մեկից` «ANS FM»-ից Ադրբեջանի հեռուստատեսության ու ռադիոյի ազգային խորհուրդը պահանջել է դադարեցնել քարոզչությունը, ինչ է թե ռադիոկայանի եթերում հայկական երգեր են հնչել:
Եթե այս ամենին ավելացնենք, որ Բաքվի շրջանային ոստիկանապետերից մեկը նորմալ է համարել Լեյլա Յունուսին դեպի զուգարան տղամարդ ոստիկանի ուղեկցությունը, Յունուսի նկատմամբ բռնություն կիրառելը, ավելինՙ թե Յունուսը ոչ կին է, ոչ ադրբեջանցի, «քանի որ հայ է», ուրեմն եւ կարելի է «վերջ տալ նրան, արյունն էլ խմել», հասկանալի է դառնում, որ հայ-ադրբեջանական խնդրի հարցում հանրային դիվանագիտությունը Ադրբեջանում խիզախության հարց է դարձել:
Մարդիկ կա՛մ պետք է ամեն ինչ մի կողմ դրած հետեւեն իրենց սկզբունքներին, ու պատրաստ լինեն բռնությունների ու ճնշումների, կա՛մ առանց գլխացավանքի մնան չեզոք` այդպիսով եւս նպաստելով այն ամենին, ինչ ցանում ու հնձում են իշխանությունները:
Որպես եզրահանգում. ողբամ այն խաղաղաշինությունն ու խաղաղասիրությունը, որի դեպքում հանրային դիվանագիտությունն օգտագործվում է մարդկանց սպառնալու, ձերբակալելու, դատապարտելու համար, իսկ հանրային դիվանագիտությանը մասնակցում են` թշնամանք ու ատելություն սերմանելու գործն ավելի հաջողված դարձնելու նպատակով: