ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Առաջիկա երեքշաբթի օրը, մայիսի 6-ին, լրանում է հայ ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, պատմաբան եւ հրապարակախոս Ջոն Կիրակոսյանի 85 ամյակը: Օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտը եւ «Գիտություն» հրատարակչությունը լույս են ընծայել Ջոն Կիրակոսյանի երկերի ժողովածուն [1], որը նվիրված է նրա ծննդյան հոբելյանին եւ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ժողովածուն կազմել եւ խմբագրել է Ջոն Կիրակոսյանի որդինՙ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ավստրիայում մեր դեսպան Արման Կիրակոսյանը: Ստորեւ ներկայացնում ենք
Արման Կիրակոսյանի առաջաբանը:
Ընթերցողին ներկայացվող Ջոն Սահակի Կիրակոսյանի երկերի ժողովածուն 2009 թ. հրատարակված «Ջոն Կիրակոսյան. Անկախ պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքներում» գրքի [2] շարունակությունն է: Առաջին գրքի առաջաբանում մենք խոստացել էինք ընթերցողին առանձին հատորով ներկայացնել Ջոն Կիրակոսյանի քիչ հայտնի ընտիր երկերը: Եթե առաջին հատորը ներառում էր նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող ժամանակակիցների տպագիր եւ ձեռագիր բազմաթիվ նյութեր եւ փաստաթղթեր` գրախոսականներ նրա հրապարակումների մասին, նամակներ, հեռագրեր, հատվածներ հուշապատումներից ու օրագրերից, պատմվածքներ, էսսեներ, հուշեր, բանաստեղծություններ, ապա սույն ժողովածուի համար ընտրված են նրա հեղինակած գիտական եւ հրապարակախոսական հոդվածները, գրախոսականները, ելույթները, նամակները, հարցազրույցները, Հայաստանի ղեկավարությանը ներկայացված տեղեկանքները, առաջարկները եւ այլ նյութեր, որոնց մի մասը տպագրվում է առաջին անգամ: Անտիպ փաստաթղթերը հիմնականում վերցված են Ջոն Կիրակոսյանի անձնական արխիվից: Գրքում զետեղված նյութերի միջոցով մենք փորձել ենք ընթերցողին ներկայացնել ոչ միայն Ջոն Կիրակոսյանի գիտական, հրապարակախոսական եւ քաղաքական գործունեությունը, այլեւ պատկերացում տալ հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացման համար հետաքրքրական եւ կարեւոր մի ժամանակաշրջանի մասին:
Ջոն Կիրակոսյանն իր գիտական գործունեությունը սկսել է ԽՍՀՄ ԳԱ արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի բաժնի ասպիրանտուրայում սովորելիս, 1954 թ. պաշտպանել է «Անգլիական ինտերվենցիան Իրանում (1918-1921թթ.)» թեկնածուական ատենախոսությունը: 1955-1962 թթ., աշխատելով ՀԿԿ կենտկոմի «Լենինյան ուղիով» հանդեսի խմբագրությունում, նա հեղինակել է «Հնդիկ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջը (1857թ. հակաանգլիական ապստամբության 100-ամյակի առթիվ)» գիրքը, 60-ից ավելի հրապարակախոսական հոդվածներ, որոնք վերաբերում են ԽՍՀՄ արտաքին քաղաքականության, գաղութատիրության, Արեւելքի եւ Աֆրիկայի ժողովուրդների անկախության համար մղված ազատագրական պայքարի, Խորհրդային Հայաստանում գաղափարախոսական բնագավառում տարվող աշխատանքի հարցերին: Այդ շրջանին բնորոշ աշխատանքներից ներկա ժողովածուի համար ընտրվել է «Այդպես էլ սպասելի էր» (1958) հոդվածը, որը նվիրված է Բաղդադի պակտի Անկարայի նստաշրջանին, թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ ԱՄՆ-ի քաղաքականությանը Մերձավոր Արեւելքում:
1963 թ. սկսածՙ Ջոն Կիրակոսյանը նվիրվում է Հայոց ցեղասպանության եւ Հայկական հարցի խնդիրների քաղաքական լուսաբանմանն ու գիտական ուսումնասիրությանը: 1965 թ. լույս է տեսնում Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը» աշխատությունը, որը դարձավ նրա դոկտորական ատենախոսությունը: Թեեւ հրապարակում արդեն հայտնվել էին Ցեղասպանության շրջանին վերաբերող գիտական մի շարք աշխատություններ, Ջոն Կիրակոսյանի գիրքն իր նորովի մոտեցումներով, գիտականությամբ եւ հրապարակախոսական ոգով մեծ արձագանք գտավ Հայաստանում եւ Սփյուռքում: Ներկա ժողովածուում տեղ են գտել Ջոն Կիրակոսյանի այդ շրջանի ոչ միայն գիտական եւ հրապարակախոսական հոդվածները, այլեւ Հայոց ցեղասպանության 50-ամյակը նշելու անհրաժեշտության մասին նրա տեղեկանքը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանին, ինչպես նաեւ Ծատուր Աղայանի եւ Հովհաննես Ինճիկյանի հետ ստորագրված եւ ՀԿԿ կենտկոմի նախագահությանն ուղղված «Արեւմտյան Հայաստանում հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի առթիվ միջոցառումների անցկացման մասին» նամակի հայերեն եւ ռուսերեն տարբերակները:
ՀԽՍՀ հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի պաշտոնում (1966-1969) Ջոն Կիրակոսյանը հաճախ հանդես էր գալիս բնագավառի խնդիրները լուսաբանող հոդվածներով եւ հարցազրույցներով: Այդ շարքում առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում «Շտեռն»-ին (Հաննովեր) եւ «Գրական թերթ» -ին (Երեւան) տրված հարցազրույցները, Մոսկվայի «Ռադիո եւ հեռուստատեսություն» պարբերականում տպագրված հոդվածը:
Ջոն Կիրակոսյանը նախաձեռնում եւ ՀԿԿ կենտկոմի ինֆորմացիայի եւ արտաքին կապերի բաժնի վարիչի տեղակալ, պատմաբան Ռուբեն Սահակյանի հետ միասին սկսում է Հայաստանին վերաբերող դիվանագիտական փաստաթղթերն ի մի բերելու եւ թարգմանելու հսկայածավալ աշխատանքը: Նրա խմբագրությամբ 1972 թ. լույս տեսած «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ.)» ժողովածուն առ այսօր էլ չի կորցրել իր քաղաքական եւ պատմագիտական նշանակությունը: Գրքի գիտական առաջաբանում նա նորովի է լուսաբանում, մեկնաբանում եւ գնահատում հայ ժողովրդի քաղաքական պատմությունը, Հայկական հարցի դիվանագիտական պատմության կարեւոր այդ ժամանակաշրջանը, միաժամանակ փորձելով դուրս չգալ գործող գաղափարախոսության թույլատրելի շրջանակներից: Այդ փաստաթղթերի հիման վրա գրված վերլուծական աշխատանքներից են «Սան-Ռեմոյի կոնֆերանսը եւ Հայաստանը», «Քե-դՕրսեի կոնֆերանսը» հոդվածները եւ «Հայաստանը 1917-1921 թթ., քաղաքական եւ դիվանագիտական պատմության համառոտ ուրվագիծ» աշխատանքային օգտագործման համար տեղեկանքը:
Խրուշչովյան «ազատականացման» տարիներին հաջորդած բրեժնեւյան «լճացման» շրջանը քարացած մտածելակերպ եւ մտահորիզոն ունեցող որոշ կուսակցական աշխատողների եւ գիտնականների համար կրկին հնարավորություն էր ընձեռել վերակենդանանալու եւ կերպարանափոխվելու, անցնելու վերին կուսակցական ատյաններին եւ անվտանգության մարմիններին մեղադրանքներ եւ զրպարտանքներ ուղղելու գործելակերպին: Թեեւ Ջոն Կիրակոսյանը բավականին բարձր դիրք էր զբաղեցնում այդ ժամանակվա կուսակցական վերնախավում, կուսակցական ղեկավարությունը բացասաբար ընդունեց «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» գրքի հրատարակումը եւ, հիմնվելով ազգայնամոլության եւ «բուրժուական օբյեկտիվիզմի» մեջ իր իսկ կողմից հրապարակ նետված մեղադրանքների վրա, սանձազերծեց զրպարտչական նամակների հոսք իշխանական վերին ատյաններ: Հիմնական նամակներից մեկն էլ ստորագրվեց նույնիսկ ՀԿԿ կենտկոմի գաղափարախոսության գծով քարտուղարի կողմից [3]:
Ջոն Կիրակոսյանը չսպասեց ԽՄԿԿ կենտկոմի «դատավճռին», պատրաստեց եւ Մոսկվա ուղարկեց բացատրական տեղեկանք ժողովածուի, առաջաբանի եւ իր դեմ ուղղված զրպարտանքի մասին: ԽՄԿԿ կենտկոմի համապատասխան բաժիններում գրքի վերաբերյալ տեղի ունեցած քննարկումների արդյունքում այդպես էլ ազգայնամոլության նշույլ անգամ չգտան աշխատության մեջ: Այդ տեղեկանքը նույնպես ընդգրկված է ժողովածուի մեջ:
1975 թ. ստանձնելով ՀԽՍՀ արտգործնախարարի պաշտոնըՙ Ջոն Կիրակոսյանը շարունակեց իր գիտական եւ մանկավարժական բեղուն գործունեությունըՙ միաժամանակ փորձելով բացարձակապես նոր որակ եւ ոճ հաղորդել նախարարության աշխատանքներին: ՀԽՍՀ արտգործնախարարության գործունեությունը կրում էր ավելի ձեւական, քան քաղաքական բնույթ, քանի որ ԽՍՀՄ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումներն ընդունվում եւ իրականացվում էին Մոսկվայում, եւ այն սահմանափակվում էր հիմնականում արարողակարգային եւ հյուպատոսական հարցերով: Ջոն Կիրակոսյանը փորձեց ակտիվացնել նախարարության քաղաքական-տեղեկատվական գործառույթըՙ միաձուլելով այն քաղաքական հայագիտության բնագավառում իր գիտահրապարակախոսական գործունեության հետ: Նա համոզված էր, որ ԽՍՀՄհանրապետությունները, տվյալ պարագայում` Հայաստանը, ելնելով պատմական առանձնահատկություններից եւ Սփյուռքի առկայության հանգամանքից, երկրի ընդհանուր քաղաքականության շրջանակներում պետք է իրականացնի շատ ավելի ինքնուրույն գիծ:
1978 եւ 1980 թթ. Ջոն Կիրակոսյանը հրատարակեց «Բուրժուական դիվանագիտությունը եւ Հայաստանը» երկհատոր աշխատությունը, որը նվիրված էր եվրոպական տերությունների քաղաքականությանը Հայկական հարցում, ազգային գաղափարախոսության զարգացման եւ 1870-1880-ական թթ. հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության խնդիրներին: Ներկա ժողովածուի մաս են կազմել այդ շրջանում Ջոն Կիրակոսյանի հեղինակած 1878 թ. Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերի վերլուծությանը, տերությունների դիվանագիտական պայքարին, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի քաղաքականությանը, Արեւելյան հարցի պատմությանը, հայ ժողովրդի ռուսական կողմնորոշմանը, Արեւելյան Հայաստանիՙ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակին վերաբերող մի շարք հոդվածներ:
1978 թ. Ջոն Կիրակոսյանը ԽՍՀՄ պատվիրակության կազմում մասնակցեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 33րդ նստաշրջանի աշխատանքներին,ելույթներ ունեցավ չորրորդ կոմիտեումՙ «Գաղութային տարածքներում եւ Աֆրիկայի հարավում օտարերկրյա տնտեսական շրջանների գործունեության մասին» հարցի շուրջ: Գաղութային տարածքներում եւ Աֆրիկայի հարավում օտարերկրյա տնտեսական ու մյուս շրջանների գործունեության վերաբերյալ Ջոն Կիրակոսյանի «Ռասիստների հանցակիցները» ելույթը տպագրվել էր «Սովետական Հայաստան» պաշտոնաթերթում եւ ընդգրկված է ժողովածուում:
1982 եւ 1983 թթ. հրատարակված «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» երկհատոր աշխատությունից բացի, իր կյանքի վերջին տարիներին Ջոն Կիրակոսյանը հեղինակեց նախադեպը չունեցող մի շարք քաղաքագիտական բնույթի հոդվածներ, որոնք Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի միջոցով ուղարկվեցին եւ արտատպվեցին նաեւ սփյուռքահայ մամուլում, այդ թվում` օտարալեզու: Ներկա ժողովածուի համար ընտրվել են հետեւյալ հոդվածներըՙ «Սփյուռքահայության պատմական իրավունքը», «Պատմության թուրքական կեղծարարների ռադիոստերը», «Հայերի վերաբնակեցումը», «Պատմության փաստերը aՙ la turk», «Կեղծարարությունը շարունակվում է», «Նացիոնալիզմի ագրեսիվ դոկտրինան», «Պանթուրքիզմի ագրեսիվ դոկտրինան երեկ եւ այսօր», «Դուք ստում եք, պրոֆեսոր», «Թուրքիայի էկոնոմիկան», «Անկարելի է մթագնել պատմության ճշմարտությունը», «Օսմանյան կայսրության հայերի 1915-1916 թթ. ողբերգությունը արեւմտյան պատմագրության լույսի ներքո»: Նշված հոդվածները ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի կողմից բարձրացված խնդիրները դուրս էին բերում միջազգային հարաբերությունների ոլորտ, դառնում բուռն քննարկումների առարկա ոչ միայն սփյուռքահայ մամուլի էջերում, այլեւ արեւմտյան մայրաքաղաքներում, մասնավորապես` Անկարայում:
Իր գրքերով եւ հոդվածներով, որոնք բացի պատմագիտական նշանակությունից, ունեին նաեւ հրապարակախոսական եւ գաղափարախոսական բնույթ, Ջոն Կիրակոսյանը նպատակադրվել էր քաղաքական գիտելիք հաղորդելու միջոցով ինքնուրույն մտածելակերպ սերմանել հասարակության հնարավորինս լայն զանգվածներին: Պատմագիտություն, հրապարակախոսություն եւ դիվանագիտություն ներառող իր գործունեությունը Ջոն Կիրակոսյանը բնորոշում էր որպես «քաղաքական հայագիտություն», նոր բնագավառ, որը ոչ միայն պետք է քաղաքական տեղեկատվությամբ ապահովեր Հայաստանի ղեկավարությանը, գիտական եւ հասարակայնության լայն շրջաններին, այլեւ պարունակեր Սփյուռքին, Խորհրդային Միության այլ հանրապետություններին եւ արտասահմանյան երկրներին ուղղված Հայաստանին եւ հայկական խնդիրներին վերաբերող քարոզչություն: Այդ բնագավառում տարվող աշխատանքի կարեւորությանն են նվիրված Ջոն Կիրակոսյանի ելույթը ՀԽՍՀ ԳԱ 1983 թ. տարեկան ժողովում, արտասահմանյան երկրներ կատարած ուղեւորությունների հաշվետվությունները, Խորհրդային Հայաստանի ղեկավարությանն ուղղված իր նամակներն ու տեղեկանքները:
Իր գործունեության մեջ Ջոն Կիրակոսյանը զգալի տեղ էր հատկացնում Սփյուռքի հետ հարաբերություններին եւ համագործակցությանը: Նա իրավամբ համարում էր, որ տարբեր երկրներում ապրող եւ գործող մեր հայրենակիցներն ու սփյուռքահայ կառույցները մեծ հնարավորություններ ունեն հաջողությամբ իրականացնելու համատեղ մշակված քաղաքական ուղեգիծՙ մասնավորապես սփյուռքահայությանը մշտապես արթուն պահելու եւ նրա ուժերը պատմության խեղաթյուրման քաղաքականության դեմ պայքարում օգտագործելու նպատակով: Նա մեծ նշանակություն էր տալիս Սփյուռքի հետ համադրված իրականացվող հակաքարոզչությանը, այսինքնՙ Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների կողմից հայ ժողովրդի պատմության կեղծարարության դեմ պայքարին: Ջոն Կիրակոսյանի համոզմամբ այդ աշխատանքը պետք է տարվեր պետական մակարդակով, այդ թվումՙ ՀԽՍՀ արտգործնախարարության միջոցով` «արեւմտյան իմպերիալիզմի», ներառյալ Թուրքիայի հակաազգային քաղաքականության, ՆԱՏՕ-ի դեմ ուղղված խորհրդային գաղափարախոսության շրջանակներում: Այս իմաստով մեծ հետաքրքրություն են ներկայացնում սփյուռքահայ համայնքների առջեւ նրա ունեցած ելույթները, ռադիոուղերձներն ու հարցազրույցները:
Ջոն Կիրակոսյանի գիտական գործունեության կարեւորագույն մաս են կազմել կենսագրական բնույթի նյութերը (տե՛ս Աշոտ Հովհաննիսյանի, Համազասպ Հարությունյանի, Ալեքսեյ Ջիվելեգովի, Նիկողայոս Ադոնցի կյանքի ու գործունեության մասին հոդվածները), ինչպես նաեւ նրա հեղինակած գրախոսականները: Նա ուշադրությամբ հետեւում էր քաղաքական հայագիտության եւ թուրքագիտության բնագավառում Հայաստանում, Խորհրդային Միությունում, ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլուր հրատարակվող պատմագիտական եւ քաղաքագիտական նորույթներին, անմիջապես արձագանքում էր եւ հանդես գալիս գրախոսություններով մամուլում կամ գիտական հանդեսներում: Հատորում ներկայացված են շուրջ 20 գրախոսականներ, այդ թվումՙ Հայաստանի, Խորհրդային Միության, սփյուռքահայ եւ թուրք հեղինակների, պատմաբանների, թուրքագետների, գրողների աշխատությունների, գրքերի եւ ժողովածուների մասին:
Ջոն Կիրակոսյանի գիտական եւ գիտահրապարակախոսական երկերն առ այսօր էլ չեն կորցրել իրենց այժմեականությունը: Նրա գործունեության մեջ առանցքային էին պատմությունից դասեր քաղելու, ազգային խնդիրների շուրջ համախմբվելու ու միասնականություն հանդես բերելու, ազգային արժեքները գնահատելու ու պահպանելու սկզբունքները: Լուսաբանելով 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի պատմության բարդ եւ դժվարին շրջանըՙ նա հայ ժողովրդի հետ կատարվածի համար ոչ միայն մեղադրում էր Աբդուլ Համիդ II-ին, երիտթուրքերին եւ քեմալականներին իրենց որդեգրած հայաջինջ ծրագրերի համար եւ քննադատում մեծ տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում, այլեւ շեշտում արեւմտահայության ազգային-ազատագրական պայքարի թույլ լինելու, միասնականության եւ ընդհանուր կենտրոնի բացակայության, միջկուսակցական անիմաստ պայքարի բացասական հանգամանքները, կամավորական շարժումը սկսելուց առաջ լուրջ եւ կշռադատված մոտեցում հանդես բերելու, 1918-1920 թթ. ընթացքում իրատեսական եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն որդեգրելու, Սփյուռքի հետ արեւմտահայության պայքարին եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող միասնական ծրագիր մշակելու, պատմության խեղաթյուրումների դեմ համադրված աշխատանք իրականացնելու անհրաժեշտությունը:
Ընթերցողին մատչելի դարձնելու նպատակով գրքում զետեղված երկերը ներկայացված են ժամանակագրական կարգով, բնագրի տեսքով` հայերեն եւ ռուսերեն, իսկ արեւմտահայերենով հրատարակված նյութերը` հայաստանյան ուղղագրությամբ: Միակ թարգմանությունըՙ գերմաներենից կատարված, «Շտեռն» պարբերականին Ջոն Կիրակոսյանի տված հարցազրույցն է: Յուրաքանչյուր հոդված, գրախոսական, ելույթ, հարցազրույց, նամակ օժտված են օգտագործված աղբյուրի մասին համապատասխան ծանոթագրություններով եւ կենսագրական տվյալներով: Գիրքը նախատեսված է պատմաբանների, թուրքագետների, քաղաքագետների, դիվանագետների, ուսանողների, ինչպես նաեւ հանրապետության եւ սփյուռքի ընթերցող լայն շրջանակի համար:
Նկար 2. Ընտանիքի հետ
1. Կիրակոսյան, Ջոն. Ընտրանի, Երեւան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն». 2014թ., 728 էջ:
2. Ջոն Կիրակոսյան. Անկախ պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքներում (Խմբ. Ա.Ջ.Կիրակոսյան), Երեւան, «Տիգրան Մեծ», 2009թ., 679 էջ:
3. Տե՛սՙ Ջոն Կիրակոսյան. Անկախ պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքներում, էջ 135-144: