Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

24/04/2014
- 24 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԴԱՎԻԹ ԲՈՅԱՋՅԱՆ

Դավիթ Բոյաջյանը ամերիկահայ անկախ լրագրող է, որի հոդվածների թարգմանությունները «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից քանիցս տպագրվել են «ԱԶԳ» օրաթերթում: Այս անգամ նա անդրադառնում է թուրքական պետության աշխարհիկ ներկայանալու հանգամանքին:

«Թուրքիան աշխարհիկ պետություն է», պնդում են Թուրքիայի կառավարությունն ու արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը: Նրանք սխալվում են:

Քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրներում աշխարհիկություն նշանակում է ոչ միայն հարգալից բաժանում պետություն-եկեղեցի հարաբերություններում, այլեւ կրոնի, պաշտամունքի եւ հավատի ազատություն: Այստեղ փորձելու ենք ցույց տալ, որ թուրքական քաղաքականությունը վաղուց ի վեր եղել է աշխարհիկության հակադրույթը:

Թուրքական կառավարությունը երկրի ներսում մեծապես պաշտպանում եւ ֆինանսավորում է մահմեդականությունը, հատկապես սուննի մահմեդականությունը, միաժամանակ ճնշումներ բանեցնելով Ալեւիների նկատմամբ եւ հետապնդելով ու սպառնալով բնիկ քրիստոնյաներին, որոնց մեծամասնությանը նա բնաջնջեց 20-րդ դարում ցեղասպանությունների միջոցով: Ավելին. նա իսլամը, մահմեդականությունը օգտագործում է թուրքական քաղաքական ազդեցությունը արտահանելու Եվրոպա, Ասիա եւ այլուր: Թուրքիայի քաղաքականության այս համակարգը ավելի ճիշտ կլիներ բնորոշել որպես պետական հովանավորություն վայելող մահմեդականություն:

Այս հոդվածը նպատակ չունի քննադատելու մահմեդականությանը կամ նրա հետեւորդներին: Մենք հարգում ենք ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին: Թուրքիայի աշխարհիկության առասպելը, սակայն, կարիք ունի բացահայտվելու, մերկացվելու:

Թուրքիայի «կրոնական գործերի տնօրենությունը», որը ճանաչված է «դիյանետ» անունով, կառավարական այն մարմինն է, որը ներկայացնում է եւ ուղղորդում Թուրքիայի բոլոր սուննի մահմեդականներին: Թուրքիայի հանրապետության հռչակումից մեկ տարի անց, 1924-ին հիմնադրված «դիյանետը» պաշտպանված է Թուրքիայի սահմանադրության 136-րդ հոդվածով: «Դիյանետը» հսկայական է իր մեծությամբ եւ ուժեղ ու ազդեցիկ իր կարողությամբ: Գործելով վարչապետի հովանու ներքո, նա 100 հազար աշխատակից ունի: Սուննի հոգեւորականների ամբողջ կազմը «դիյանետից» աշխատավարձ ստացող քաղաքացիական ծառայողներ են:

«Դիյանետի» տարեկան երկու միլիարդ դոլարի նախահաշիվը գերազանցում է Թուրքիայի արտաքին գործերի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարությունների միացյալ բյուջեն: Հատուկ օրենքի համաձայն, որեւէ կուսակցություն կարող է կազմալուծվել, եթե համարձակվի պահանջել «դիյանետի» վերացումը: Մինչեւ վերջերս «դիյանետն» էր գրում հոգեւորականների բոլոր քարոզները, բայց ըստ ստացված հաղորդագրության, վերջերս թույլատրվել է հոգեւորականներին գրել իրենց սեփական քարոզները, բայց բովանդակությունը անշուշտ հսկվում է:

Կարո՞ղ է Միացյալ Նահանգները կամ որեւէ այլ արեւմտյան ժողովրդավարական երկիր «աշխարհիկ» անվանվել, եթե ֆինանսավորի հսկայական քրիստոնեական կառավարական մի կառույց, որտեղ աշխատում են բոլոր քրիստոնյա հոգեւորականները եւ վերահսկի նրանց քարոզները: Իհարկե, ոչ:

Նույնիսկ թուրքերից շատերի համար պարզ չէ, թե ո՞ւմ են պատկանում Թուրքիայի 80 հազար մզկիթները: Ո՞վ է դրանց տերը: «Դիյանետը» անշուշտ վերահսկում է երկրի բոլոր մզկիթների գործունեությունը: Շիա մահմեդականները անկախ են «դիյանետից» եւ ներկայացնում են երկրի 80 միլիոն բնակչության ընդամենը երեք տոկոսը:

Երկու հսկայական նոր մզկիթներ, որոնք կառուցվելու են Ստամբուլի Կամլիկա բլրի եւ Թաքսիմ հրապարակի վրա, վարչապետ Էրդողանի անձնական նախաձեռնություններն են:

Կառավարությունը վստահաբար հոգում է բոլոր ծախսերը կամ դրանց մեծ մասը, մի բան, որ աշխարհիկ ոչ մի պետություն աշխարհում չի անում:

«Դիյանետը» գործում է ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու «դիյանետը» միաձուլված են իրար: Վերջինս է, որ առաջ է տանում, խթանում է երկրի քաղաքական ազդեցությունը արտասահմանում:

Համաշխարհային ազդեցություն

«Դիյանետը» ունի արտաքին գործերի բաժանմունք, որը կրոնական խորհրդատուներ է ուղարկում ոչ միայն կենտրոնական Ասիայի կամ Աֆրիկայի մահմեդական երկրներ, այլեւ Եվրոպայի քրիստոնեական երկրներ (ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան) եւ Ամերիկայի Միացյալ նահանգներ:

Գաղտնիք չէ, որ որոշ թուրքական դեսպանատներ եւ հյուպատոսարաններ ունեն կրոնական գործերի բաժանմունքներ, որոնցում հատուկ կցորդներ աշխատակցում են «դիյանետի» տեղական ներկայացուցիչների հետ: Թուրքիան չափազանց ակտիվ գործունեություն է ծավալում, օրինակ, Նիդեռլանդներում, որտեղ ըստ հաղորդագրությունների, նա վճարում է «դիյանետին» կից գործող «Հոլանդական իսլամական հիմնադրամի» պաշտոնյաների աշխատավարձերը:

Համագործակցելով Թուրքիայի «կրոնական հիմնադրամի» հետ, «դիյանետը» վերջին երկու տասնամյակում կառուցել է կամ վերանորոգել մզկիթներ Ադրբեջանում, Բելառուսում, Բոսնիայում, Հյուսիային Կիպրոսում, Ճապոնիայում, Ղազախստանում, Կոսովոյում, Ղրղզստանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում:

Ներկայումս 100 միլիոն դոլարի արժողությամբ, 15 ակր (1 ակր = 0.4 հեկտար) հողատարածքի վրա Լանհեմում (Վաշինգտոնից 14 մղոն հեռավորության վրա) կառուցվում է «Թուրք-ամերիկյան մշակույթի եւ քաղաքակրթության կենտրոնը» (ԹԱՄՔԿ), որն իր մեջ ընդգրկում է նաեւ հսկայական մի մզկիթ: Նախագծի հեղինակներն են «թուրքական կառավարությունն ու թուրք-ամերիկյան համայնքային կենտրոնը»: Վերջինիս կառուցած նախկին մզկիթը «առնչվում է Թուրքիայի հանրապետության եւ կրոնական գործերի բաժանմունքիՙ «դիյանետի» հետ»: Մի քանի ամիս առաջ վարչապետ Էրդողանը անձամբ հիմնարկեքի քարը զետեղեց ԹԱՄՔԿ-ի շինարարության տարածքում: Իսկական աշխարհիկ ոչ մի պետություն աշխարհում նման բաներ չէր անի: Ոչ էլ կհետապնդեր այլ կրոնի հետեւորդներին:

Անցյալ տարի Կոնգրեսի կողմից միջազգային կրոնական ազատությունների Մ. Նահանգների հանձնախումբը (ՄԿԱՄՆՀ) Թուրքիային դասեց իր ամենավատ անվանակարգում, որպես «առանձնահատուկ մտահոգության մի երկրի», Բիրմայի, Չինաստանի, Պակիստանի եւ տասնյակ այլ երկրների շարքում: ՄԿԱՄՆՀ-ն նշեց, որ «Թուրքիան զգալիորեն սահմանափակում է հատկապես ոչ-մահմեդական կրոնական փոքրամասնություններիՙ հունական, հայկական, ասորական ուղղափառ, Հռոմի կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների, ինչպես նաեւ հրեական համայնքների կրոնական ազատությունները: Կրոնական կրթություն տալու, հոգեւորականներ պատրաստելու, պաշտամունքի վայրեր ունենալու եւ պահպանելու ոչ-մահմեդական համայնքների իրավունքների նման սահմանափակումների հետեւանքով խիստ նվազել է նրանցՙ այդ համայնքների թիվը եւ որոշ դեպքերում նույնիսկ ամբողջովին վերացել»:

Ընդամենը հարյուր հազարի հասնող քրիստոնյաների նման վատ վերաբերմունքը խիստ դատապարտելի էՙ հաշվի առնելով, որ 1915-23 թվերին Թուրքիան ցեղասպանություն է գործել ընդդեմ միլիոնավոր բնիկ քրիստոնյա հայերի, հույների, ասորիների, ինչպես նաեւ կաթոլիկների եւ բողոքականների:

Ոչ-մահմեդականների հետապնդումները շարունակվեցին նույնիսկ 1923-ին թուրքական հանրապետության հռչակումից հետո: Երկրորդ աշխարհամարտի տարիներին կիրառված «Վարլըք վերգիսի» անվանումով հարկային խայտառակ ծրագիրը, որպես մեկ օրինակ, քրիստոնյաներից եւ հրեաներից դիտավորյալ գանձում էր այնպիսի անհավանական բարձր հարկեր, որ զգալիորեն գերազանցում էին նրանց եկամուտները: Անվճարունակ մարդիկ ուղարկվում էին աշխատանքային գաղութներ: Ընտանիքներ սնանկանում էին: Միայն միջազգային ճնշումների ներքո այդ ծրագիրը դադարեց գործելուց:

Վերջին մի քանի տասնամյակներում հազարավոր քրիստոնեական եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, որբանոցներ, գերեզմանատներ եւ այլ համայնքային կալվածներ բռնազավթվել են: Ճիշտ է, որոշ միջազգային ճնշումների ներքո դրանցից ոմանք վերադարձվել են իրենց տերերին, սակայն մեծամասնությունը դեռեւս մնում է եւ հավանաբար շարունակելու է մնալ բռնազավթված:

Անթիվ-անհամար հին հայկական եկեղեցիներ եւ վանքեր, ինչպես Սբ. Նշանը Սվազում, դիտավորյալ խորտակվել են, երբեմն պայթուցիկների միջոցով: Ուրիշներ ախոռ են դարձել: Իզնիկում եւ Տրապիզոնում 2013-ի սկզբներին հին հունական եկեղեցիներ վերածվել են մզկիթների:

Ալեւիները 10-20 միլիոն հետեւորդներ ունեն Թուրքիայում: Այդ բարդ եւ որոշ առումով առեղծվածային կրոնը իր մեջ ներառում է շիա իսլամի, սուֆիզմի, հեթանոսականության եւ այլ կրոնների տարրեր: Ալեւիները «սեմեվիներ» կոչվող տներում եւ ոչ թե մզկիթներում են երկրպագում: Այդ տներն ու ալեւիները ընդհանրապես, թուրքական կառավարության կողմից ճանաչված չեն: Ալեւիները բողոքել են, պահանջել ճանաչում, բայց ոչ մի դրական արդյունքի չեն հասել: Նրանք արդեն երկար ժամանակ է ինչ խտրականության զոհ են դարձել, ենթարկվել դաժան հարձակումների, ինչպես օրինակ Սվազում 1993-ին, երբ 35 ալեւի առաջնորդներ սպանվեցին ամբոխի կողմից, եւ ընդամենը վերջերս, 2013-ին, երբ Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ արձակեց ալեւի ցուցարարների վրա:

«Թղթի վրա Թուրքիան կարող է աշխարհիկ երեւալ, բայց միջազգային իրավունքի տեսակետից այն իրականում սուննի իսլամական պետություն է», նշում է Ալեւի առաջնորդ Իզզետտին Դողանը: Նա ճիշտ է բնորոշում, բայց արտաքին աշխարհի մեծ մասը չի կամենում լսել նրա նմանների ձայնը:

Ճշմարիտ աշխարհիկությունը

Թուրքերից ոմանք հավատացած են, որ իրենց երկիրը աշխարհիկ է, որովհետեւ «դիյանետի» գերիշխանությունը պահպանում է իսլամը ծայրահեղական հակումներից: Սա որոշ չափով ճիշտ է:

Սակայն, քանի որ աշխարհիկությունը պահանջում է որոշակի բաժանում, անջատվածություն կրոնի եւ պետության միջեւ, ուստի Թուրքիան դեռեւս չի կարող աշխարհիկ համարվել:

Թուրքիայի ներսում կրոնական ճնշումները, իսկ արտաքին քաղաքականության մեջ «դիյանետի» դերը հաշվի առնելով պարզապես իրողության աղավաղում են այն պնդումերը, թե Թուրքիան աշխարհիկ պետություն է: Թուրքական կառավարությունը ամբողջովին ժխտում է աշխարհիկությունը եւ կրոնական պաշտամունքի ազատությունը:

Եթե Թուրքիան իրոք աշխարհիկ է ցանկանում դառնալ, ապա նա առաջին հերթին պարտավոր է թույլ տալ կրոնական պաշտամունքի ազատություն բոլորի համար եւ երաշխավորել, որ հետապնդումների եւ հարկադրանքների չի ենթարկելու հավատացյալների իրավունքները: Այդ գործընթացի մաս պետք է կազմի նաեւ կառավարության առերեսումը հատկապես ոչ-թուրքական եւ ոչ-մահմեդական համայնքների հանդեպ ցուցաբերած իր անցյալի եւ ներկայի սխալների ու հանցագործությունների հետ եւ մանավանդ պատրաստակամությունըՙ իրական ու շոշափելի փոփոխություններ մտցնելու իր վերաբերմունքի մեջ:

Մինչ այդ գլխավոր զանգվածային լրատվության միջոցները ամենուրեք, եւ հատկապես արեւմուտքում, կառավարություններն ու կրոնական առաջնորդները, ակադեմիական եւ քաղաքական ոլորտի ներկայացուցիչները պետք է դադարեն կուլ տալ աշխարհիկության վերաբերյալ Թուրքիայի մոլորեցնող, նենգ պնդումները:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՛Մ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾ ՖՐԱՆՍԻԱՆ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾ ՖՐԱՆՍԻԱՆ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական