Մեր ժողովուրդը վաղուց է դարձել սոսկ հանդիսատես կամ «հարգելի հեռուստադիտող»` քաղաքական կուսակցությունները փակ կլուբներ են, իսկ գլխավոր քաղաքական շոուն մի քանի առաջին դեմքեր են վարում, ապահովելով «Տեսարաններ եւ հացի» միայն «Տեսարաններ» արարը: Ինտերնետը քչաթիվ հայեցողներինն է` մեծ մասի համար այն միայն զբաղմունք է: Ու մեր «հարգելի հեռուստադիողը» տանը նստած, կարելի է ասել, անհաղորդ ու անտարբեր նայում-իմանում է մեկ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության, մեկ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված սպասվող հայտարարության, մեկ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի, մեկ Եվրասիական միությանը մաս կազմելու Հայաստանի մտադրության մասին: Հարցերՙ որոնք ասես միայն նրա համար են, որ տարբեր տրամաչափի դեմքերն արձագանքեն ու բանից բան դուրս գա` հակափաստարկներ նետվեն, եւ տեսարանների պակաս չլինի: Այսպեսՙ այս էլ քանի տարի: Իսկ թե հերթական «հեղափոխական» փոփոխությունից կամ գաղափարի սոսկ շրջանառումից ինչպես կփոխվի իր կյանքը` «հարգելի հեռուստադիտողն» այդ հարցը չի էլ քննարկում արդեն, քանի որ նրա տառապանքը փորձ ունի ու գիտի, որ իր կյանքը չի փոխվի, փոխվի էլ` դեպի վատն է փոխվելու: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների` արդեն հանրային քննարկման դրված հայեցակարգն ինչպե՞ս կազդի ցուրտը տարած ծիրանի այգու ու ելակի կարկտահար եղած բանջարանոցի վրա` ոչ մի կերպ, ծիրանով ընտանիք պահողներին հնարավոր չէ կուսակցական խրոխտ կարգախոսներով կամ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դատարկ խոսակցություններով կերակրել, ու նրանք հաստատ այգուց հույսը կտրելով ընտանիքը կերակրելու այլընտրանքային ճանապարհ են մտմտալու, ու նախ` արտագնա աշխատանքի տեսքով, մանավանդ` Պուտինը ստորագրեց այն օրենքը, որով երեք ամսում կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ:
Իսկ թե Սահմանադրության փոփոխությամբ ո՞ւմ լիազորությունն են ուզում ավելացնել, ումը` պակասեցնել, ի՞նչ խորամանկություններ են դրված այդ առաջարկների տակ եւ ո՞ւմ հագով են դրանք կարվելու` ծիրանազուրկ գյուղացուն բացարձակ չի հետաքրքրում, ու նա բացարձակ անտարբեր է առաջին-երկրորդ-երրորդ նախագահների վիրտուալ պատերազմների հանդեպ, որոնց նյութն ի վերջո ոչ թե իշխանության թեւերի հավասարակշռումն է, ինչպես որ ըստ գաղափարի է դրվում առհասարակ որեւէ սահմանադրական բարեփոխման հիմքում, այլ իշխանության նորովի վերաբաժանումը: Հայ գյուղացին` «հարգելի հեռուստադիտողը» իր կորսված ծիրանի դարդն է լացում, վերցրած վարկերի տոկոսներից գլուխն էլ ավելի կորցնում, ու միայն քչաթիվ էլիտան է զբաղված նախարար հանել-նշանակելով, խորհրդարանական ազատված մանդատների նոր տերերի փնտրտուքով, սահմանադրական փոփոխություններ առաջարկելով, Մաքսային կամ Եվրասիական միություն մտնելու օգուտ-վնասի մասին տեսական մտավարժանքներով, կամ միմյանց դեմ վիրտուալ, անիրական տիրույթներում պատերազմելով, որպես զենք գործածելով բացառապես սեփական կայքերում սեփական հարցազրուցավարների նախօրոք ճշտված հարցերին պատասխանելով այս ու այն հասցեով մեսիջների ուղարկումը կամ կարծիքների ուղղորդումը, էն էլ` կամ իշխանության լծակներ ուզելու կամ չհանձնելու շուրջ միայն, կորած ծիրանն ի՞նչ է, որ դրանով մեր էլիտան հետաքրքրվի:
Նախարարների` արդեն արված նշանակումները վկայում են, որ ոչ թե կառավարություն ու կուրս փոխվելու «դվիժենի» էր մինչեւ այժմ եղածը, այլ սոսկ անձ փոխարինելու, աստված գիտե` ինչ ստվերային նպատակներով. դե, եթե մեկ անձից են այս երկրում փոփոխություն սպասում, լավ, բա մնացած խոսակցություններն ինչի՞ համար են- սահմանադրական փոփոխություններ, էլ եսիմ ինչ, կամ` ինչո՞ւ է դրա շուրջ այդքան աժիոտաժ: Ի՞նչ տարբերություն` երկրի նախագա՞հը շատ լիազորություն կունենա, խորհրդարանի նախագա՞հը, թե՞ վարչապետը: Չէ՞ որ նա, ով ամենաշատ լիազորությունը պետք է ունենար երկրում, կլինի հենց այն պաշտոնում, ով շատ լիազորություն ունի, ինչ տարբերություն` երկրի նախագահ, ԱԺ նախագահ, թե՞ վարչապետ է լինելու այդ անձը: Ու այդ բոլորից հետո դեռեւս զարմանալի է, որ մարդիկ լուրջ-լուրջ բանավիճում են սահմանադրական փոփոխությունների շուրջ, խոսում դրանց անդրադարձի մասին հասարակության կյանքի վրա: Այ մարդ, սահմանադրություն լինի, չլինի` մեկ-երկու անձ չե՞ն վճռում ամեն ինչ, խորհրդարանական հանրապետություն լինի, թե՞ նախագահական, 100 տոկոս համամասնականով լինի ընտրակարգը, թե՞ խառը համամասնությամբ, մեկ չի՞, 5 հազար դրամով չի՞ ուզած ուժի հարց լուծվելու, այդ թվում` մեն- մի կուսակցության 100 տոկոս համամասնության կամ բոլոր կուսակցություններից կազմված քաղաքական քարտեզի:Ինչի՞ հետեւից ենք ընկել, ախր, եթե մեր կյանքի որակը դույզն ինչ փոխելու կամք մինչեւ այժմ չենք դրսեւորել:
Լավ փնտրելու դեպքում`վերն ասվածների տրամաբանությունը վերջին օրերի քաղաքական իրադարձությունների շարժառիթներում հստակ կարելի է նկատել:
Օրինակ` բացարձակ անհասկանալի մնաց այն շարժառիթը (գոնե արտաքնապես եւ ողջ հասարակության համար, թեեւ խորը հայեցողի համար շատ բան է պարզ), թե ինչու են հենց հիմա առաջարկվում սահմանադրական փոփոխությունները, ինչ խնդիր են լուծում, երբ պետությունն այս պահին շատ այլ խնդիրներ ունի լուծելու:Նույն կերպ անհասկանալի է Հայաստանի երկրորդ նախագահի նյարդային արձագանքը նույն փոփոխությունների նախագծին (մյուս կողմից` լավ էլ հասկանալի է` նախագահ ես ուզում դառնա՞լ, անգլիական թագուհու կարգավիճակը քեզ նվեր, տեսնեմ` էլ կուզե՞ս, մանավանդ` քառյակով ես քեզ ապահովագրում, յոթ կետանոց ամբողջական իշխանափոխության կարգախոս հնչեցնում): Ինչն է, ախր, նրան զայրացրել` որ երկու անգամ անընդմեջ նախագահելուց հետո հանկարծ ու չի կարողանա առաջադրվե՞լ:
Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում արտահայտված մոտեցումներից որոշների հետ դժվար է չհամաձայնելը, սակայն դա միայն արտաքին հայեցողական դիտանկյունից, իսկ իրականում ոչ սահմանադրական բարեփոխումների ներկա դրդապատճառն է հասկանալի հանրության համար, ոչ էլ Քոչարյանի եռանդագին ընդդիմախոսությունը. «Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաեւ արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ, Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա», ասում է երկրորդ նախագահը` համոզված, որ բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ, ըստ նրա, լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ: Հասարակության մեջ` չգիտենք, քանի որ չենք կարծում, որ նրա լայն շերտերին այս բոլորը հետաքրքրում է, բայց որ ներկա եւ նախկին նախագահները սահմանադրական բարեփոխումների առիթով բան ունեն կիսելու` դա ակնհայտ է, ու դա երեւում է երկուստեք միմյանց ուղղած ակնարկների մեջ:
Ահա` հարցազրույցի շարունակության մեջ ի՞նչ է ասում նա. «Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք… Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է: Սահմանադրության հաճախակի փոփոխություններն ընդհանրապես կասկածելի են»: Հասկանալի է` ցերեկվա լույսի պես, չէ՞ որ նախագահ Սարգսյանն էլ ավելի վաղ ասել էր, որ ոչ մեկը չպետք է երկու ժամկետից ավելի նախագահ ընտրվելու ցանկություն ունենա: Քոչարյանն իր կողմից ավելացնում է`«անընդմեջ», այսինքն` սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ անընդմեջ չի կարող ընտրվել, սակայն երբ մեկ կամ երկու ժամկետ բաց ես թողել, կարող ես, ինչպես իր դեպքում է: Դեռ երկու նախագահներն իրար ուղղված կոշտ գնահատականներ էլ են տվել. Սերժ Սարգսյանը, ակնհայտորեն Ռ. Քոչարյանի նախկին գնահատականները նկատի ունենալով, անանուն նշել էր, թե որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում. «Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց», կոշտացել է երկրորդը` Քոչարյանը երրորդի` Սարգսյանի հանդեպ, հետագա հետեւանքներով հանդերձ, ասել է թե` նախագահ Սարգսյանի պատասխանը չի ուշանա, կամ էլ… կոմպրոմիսի կգան, քաղաքական ուժերին միասին կառավարո՞ւմ են:
Սովոր աչքի համար այս բավական ակնհայտ իշխանակռվի կողմերից Քոչարյանի հարցազրույցին երկու զուսպ արձագանքն էլ` Հովիկ Աբրահամյանի եւ Գալուստ Սահակյանի, էլի մտորելու տեղիք կարող են տալ. առաջինն (որին, ի դեպ, Քոչարյանը գովել էր) հակադարձել էր, թե քաղաքական ուժերը վաղուց են ձգտում սահմանադրական փոփոխություններից շատերին, երկրորդը, նշելով միայն Քոչարյանի խայթոցների մասին, Քոչարյանի երկու ժամկետից հետո նորից կառավարելու առաջարկն էր մեկնաբանել, թե` ժամկետներով չես կարող կանխորոշել, եթե անձը փորձառու է եւ կարողանում է աշխատել, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական տեսքը հանրային քննարկումների արդյունքին թողնելով:
Այսքանից հետո ի՞նչ է մնում հասարակությանը, եթե ոչ միայն պասիվ հայեցոողի դերը, մանավանդ` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի` նախապես իշխանության մաս կազմելու ինտրիգն այժմ վերջնականապես փոխարինվեց ոչ իշխանական մնալու նրանց հաստատ որոշմամբ: Այսինքն` ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Հ. Գ. – Սովորաբար երբ կողմերը կռվում են` աչքաթող են անում երրորդին, որը կարող է երկուսի պլաններն էլ խառնել: Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ի վերջո դեմ է կենսաթոշակային բարեփոխումների` նախորդ կառավարության առաջարկի ներկա տեսքին: Ըստ նրա` մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է ունենալ բարեփոխումների նոր փաթեթ` համահունչ սահմանադրությանն ու ընդունելի` հասարակության լայն շերտերի համար: Եվ օրենքով կասեցվելու է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը` մինչեւ նոր օրենսդրական փաթեթի ընդունում: Դե գնացեք, մտածեք: