Որեւէ ժամանակաշրջան իր գաղափարաբանությամբ ստեղծում է մարդկային հավաքական դիմանկար, այսինքն` մենք անխուսափելիորեն կրում ենք դրոշմը ժամանակի ամեն փոփոխության: Որքան էլ` յուրաքանչյուրիս անհատականության անխուսափելիությանը, հասարակարգի գաղափարախոսությունն է, այնուամենայնիվ, թելադրողը ձեւավորված ընդհանուր աշխարհայացքի եւ մտածողության: Եթե ամեն դարաշրջան կարիք ունի եւ ստեղծում է իր ժամանակի հերոսին, անհատին, որ թթվածնային անհրաժեշտության պես է մարդկության համար, ապա հասարակական լիարժեք ընթացքը կարիք ունի մարդկային այն տեսակին, այն շերտերին, որոնք ապրում են կյանքը ընտրած գործին, մասնագիտությանը, մերձավորներին ու միջավայրին, հանրային երեւույթներին նվիրումով, երբեմն` աննկատ նվիրումով: Նրանք իրենց ժամանակի խոնարհ հերոսներն են:
Այդպես է ապրել իր կյանքը Կոզմո Կոզմոյանը` մտավորականը, պատմաբանը, կրթական գործիչը. երեսուն եւ ավելի աշխատանքային տարիներ նա ամեն օր նույն պատասխանատվությամբ ու պարտաճանաչությամբ քայլերն ուղղել է Ակադեմիայի պատմության ինստիտուտ: Այդ ընթացքում ստեղծել է երկրի տնտեսական զարգացման կարեւոր բնագավառներից մեկի` Խորհրդային Հայաստանի արդյունաբերական կյանքի ամբողջական տարեգրությունը:
Որդուՙ Ռոմեն Կոզմոյանի աշխատասենյակում եմ. գրասեղանին դրված են Կոզմո Կոզմոյանի հեղինակած գրքերը` «Քաղաքների զարգացումը Սովետական Հայաստանում», «Վերելքի ճանապարհ», «Լենինական», «Ալավերդի», «Կիրովական» եւ այլ: Այդ տարիներին երկրում բացված արդյունաբերական յուրաքանչյուր նոր կառույց` գործարան թե ֆաբրիկա, եղել է նրա ուշադրության կենտրոնում, ուսումնասիրության նյութ դարձել, վավերացվել տասնյակ աշխատություններում: Նա եղել է Խորհրդային Հայաստանի արդյունաբերականացման` երկրի համար դրա աննախադեպ վերելքի շրջանի ականատեսը, տարեգրողն ու պատմագրողը, ներկայացրել ոլորտի ձեւավորման, զարգացման, կայացման դժվարությունները, հաջողություններն ու ձեռքբերումները, նաեւ պետական- կուսակցական գործիչների ներդրումները, նրանց մասնակցությունը արդյունաբերական գործի զարգացմանը: Ժամանակի հեռավորությունից, երբ այդ կառույցներից շատերն այլեւս չեն գործում, Կ. Կոզմոյանի աշխատություններն իրենց պատմական նշանակությամբ ավելի են արժեւորվում:
Սեղանին դրված են նաեւ խորհրդային երկրի 40- 60-ականների մթնոլորտն արտահայտող լուսանկարներ – Կ. Կոզմոյանի ուսումնառության տարիների` այդ շրջանի մարդկանց հավաքական նկարագրի բնորոշ պատկերներ: Այս լուսանկարներով եւ Ռոմեն Կոզմոյանի հիշողություններով փորձում եմ նախ ճանաչել, ապա ներկայացնել կյանքը կրթական ու գիտական գործունությանը նվիրած մտավորականի, մարդու կերպարը:
Կոզմո Կոզմոյանը ծնվել է 1914 թվականին, ապրիլի 17-ին, Արեւմտահայաստանի Սեբաստիա նահանգի Դավրա գյուղում: 20-ականներին Բաթումիով ներգաղթել է Արեւելյան Հայաստան, սովորել է Լենինականի Ա. Մռավյանի անվան մանկավարժական տեխնիկումում, ապա Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետում: Աշխատանքային գործունեությունը սկսել է մանկավարժությամբ` Հայաստանի տարբեր շրջաններում, պատերազմի տարիներին` 1941-1944-ին եղել է Էջմիածնի շրջանի ժողկրթբաժնի վարիչը, ապա տեղափոխվել է Երեւան, աշխատել որպես տեսուչ` ՀՍՍՀ Լուսավորության մինիստրությունում, 1945-ից երեք տարի ղեկավարել է Երեւանի կոոպերատիվ տեխնիկումը:
1948-ից սկսվում է աշխատանքային գործունեության նոր` ակադեմիական շրջանը, ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում: Կոզմո Կոզմոյանը, շնորհիվ բնատուր աշխատասիրության, բարեխղճության ու պարտաճանաչության, մշտապես կարողացել է պահպանել սահմանված չափանիշները, ինչը աննկատ չէր կարող անցնել ղեկավարության կողմից: Նա համարվում էր ակադեմիայի լավագույն աշխատակիցներից մեկը: «Ակադեմիան եթե նման արդյունավետ աշխատակիցներ շատ ունենար, կդառնար Միության առաջատարներից», ասել է Վիկտոր Համբարձումյանը, միաժամանակ նկատել, որ ներկան պատմության հեռավորությունից ավելի լավ է երեւում, եւ որ Կոզմո Կոզմոյանի գործերը գնահատելու ժամանակը դեռ գալու է:
***
Միջավայրի ազդեցությունն առհասարակ մարդկային նկարագրի ձեւավորման հիմնական գործոններից է, սակայն ընտանեկան մթնոլորտը ամենահիմնականն է: Հանապազօրյա հացը ազնիվ աշխատանքով վաստակող, պարզ արհեստավորի ընտանիքում մեծանալով` նա բնականաբար չէր կարող կրողն ու շարունակող չլինել այդ նույն արժեքների:
Ծննդավայրից հիշողություններ շատ չեն եղել, բայց եղածը` այնքան ուշարժան, որ չնայած տարիներ են անցել, ընտանիքում չեն մոռացվում. «Իր ծննդավայրից հիշում էր միայն մի դրվագ, որ խաղալիս է լինում ցորենի արտում, ձիով իրեն է մոտեցել թուրք գյուղապետը, արտից դուրս հանել ու ասել, որ դա հաց է, բարիք է, որ արտից դուրս խաղա: Ավելի ուշ ցավով իմացել է, որ այդ գյուղապետին թուրք իշխանավորները կախել են` հայերի փախուստը գյուղից դեպի Սամսուն կազմակերպելու համար»:
Բնությանն ու արեւին հավատացող, հայրենի հողին կապված մարդիկ էին Դավրա գյուղի բնակիչները, ցորենի արտն էր նրանց հույսն ու մխիթարությունը, նրանք հիմնականում ջրաղացպաններ են եղել, ջրաղացպան էր նաեւ իր հայրը` Սենեքերիմը, ու հացը պաշտամունք էր Կոզմոյանների տանը:
«Մի օր համալսարանից դուրս եկա (Աբովյան փողոցի սեւ շենքը), Ղուկասյանի այգով տուն էի գնում: Այգու մուտքը փայտյա կամար ուներ,- հիշում է որդին, – տեսա մի մարդ կռացավ ու ինչ-որ բան դրեց փայտին: Մոտեցա: Մի կտոր սեւ հաց էր: Այգուց դուրս գալուց նկատեցի այդ մարդուն: Հայրս էր…»:
Ստամբուլի Կեդրոնական վարժարանի սան է եղել Կոզմո Կոզմոյանը, նրա անունը որդին արխիվներում գտել է հոր մահից շատ տարիներ անց, տպավորվել անվան դիմաց եղած գրությամբ. «Հասցե` եկեղեցի, նյութական միջոցները` եկեղեցի, անհրաժեշտության դեպքում ում դիմել` եկեղեցուն»: «Սրանից ավելի` գաղթակա՞ն, ասում ու շարունակում է: Համալսարանի պատմության ֆակուլտետում ուսանելիս, դասախոսության ժամանակ Աճառյանը, որ վատ տեսողություն է ունեցել, մի անգամ անցնելով Կոզմոյի կողքից, կանգնել ու հարցրել է` «Տղաս, դու Գաֆաֆյանի աշակերտն ե՞ս եղել»: Բացառիկ գեղեցիկ ձեռագիր է ունեցել, դա է եղել պատճառը, որ համալսարանի արհկոմը նրան դասախոսությունները արտագրելու հանձնարարություն է տվել, ռոտոպրինտով դրանք բազմացնելու եւ ուսանողներին բաժանելու նպատակով: «Տարիներ անց, – հիշում է Ռոմեն Կոզմոյանը,- հայրական տան բազմոցի փոս ընկած տեղը ցույց էին տալիս ու ասում` հայրդ այնքան էր նստել, որ բազմոցը մաշվել էր»: Եվ ինքն էլ այդպես է հիշում նրան` մինչեւ ուշ երեկո լուսամփոփի մոտ կռթնած, գրելիս:
Էջմիածնում աշխատելիս, երբ ժողկրթության բաժնի վարիչն էր, հաճախ իր կառքով շրջայցի էր գնում գյուղական դպրոցները: Մի oր, ուշ գիշերին տուն դառնալիս դալանում քնած անօթեւան երեխաների է հանդիպում, նրանց բերում է տուն, խնամում, կերակրում, ընտանիքի անդամներին գտնելուց հետո էլ երկար ժամանակ շարունակում է հոգ տանել.- պատերազմի դժվար տարիներն էին: Իսկ դրանից առաջ խորհրդային հասարակությունը դժոխային փորձության շրջան էր ապրել, երբ երկրով մեկ մոլեգնում էին ստալինյան ռեպրեսիաները, մարդկանց փոխհարաբերությունները մղձավանջի էին վերածվել: Վախը սողոսկել էր ամեն տուն, սեփական տան պատերից ներս էլ մարդիկ պաշտպանված չէին կասկածամտությունից ու քսու մատնություններից. «Պատերն էլ ականջ ունեն», ասում էին շշուկով: Թանձր վախ ու անվստահություն կար ամեն տեղ: Փողոցում լսվող մեքենայի ամեն ձայնից կուչ էին գալիս, խառնվում, թե` ուր որ է, մեկին կտանեն:
«1946-ին եղավ ստալինյան հերթական աքսորը. Կոզմոյանին, մի ռուս զինվորականի ու մի չեկիստի «բաժին» էր հասել Նալբանդյան փողոցի մի հասցե: Տունը կիսանկուղային է եղել: Գիշերով, ժամը 1-ին «տրոյկան» հայտնվել է նշված տանը: Տերերը անակնկալի են եկել, վախեցել: Կոզմոն նկատել է, որ տանտերերը միմյանց հետ ինչ-որ հայացքներ են փոխանակում, դանդաղում են ու տվյալ վիճակին ոչ ադեկվատ վարք ունեն: Նա պահ է գտնում ու տանտիրուհուն ասում, եթե թաքցրած բան ունեք, վերցրեք, մի վախեցեք: Տանտիրուհին հայացքով խորդանոցն է ցույց տալիս: Հայրս բռնում է տղամարդու թեւից ու կոպտորեն խորդանոց հրում, ասելով որ շատ են դանդաղում:
Թե ինչ էին վերցրել տանտերերը խորդանոցից, հայտնի չէ, միայն, եթե չեմ սխալվում 1955-ին, երբ այդ աքսորյալները հորս գտան, մի մեծ տորթ էին մեզ բերել, որի վրայի կարմիր վարդի վրա աչքս մնաց, որովհետեւ ամառ էր, մենք սառնարան չունեինք, ես էլ քնել էի, իսկ առավոտյան տորթը թթվել էր:
Կյանքային այսպիսի դրվագները խճանկարի պես են, երբ հավաքում, ճիշտ տեղն ես դնում, կարելի է պատկերացնել, ինչու չէ նաեւ ամբողջացնել կյանքի ազնիվ ճանապարհ անցած, մտավորական աշխատանքի կեսդարյա կենսագրություն ձեւավորած հայ մարդու դիմանկարը, որն իր դավանած արժեքները` կյանքը բարոյական ճշմարտությունների վրա կառուցելու սկզբունքը, փոխանցել է նաեւ ընտանիքի անդամներին: Այդպես եմ ճանաչում նրա երկու զավակներին` Ռոմեն Կոզմոյանին` խորհրդային շրջանում դիվանագետ աշխատած, կյանքի հարուստ փորձով, բնույթով մեղմ, նկարագրով բարեկիթ ու զուսպ մարդուն, հար եւ նման իր հուշագրություններին – սակավ բառերի, սեղմ տողերի բովանդակային խորքով ու զգացականությամբ հաղորդական – եւ Արմանուշ Կոզմոյանին` բացառիկ զարգացած մտավորական, սկզբունքային ինտելեկտուալ կին, միաժամանակ` շատ զգայուն ու նուրբ էություն, արեւելագիտության դոկտոր, պրոֆեսոր: Վահագն Կոզմոյանին չեմ ճանաչել, բայց մեր զրույցից փոքր ինչ տեղեկանալով ընտանիքի պատմությանը, իմացա, որ հայրը շատ երջանիկ է եղել, երբ կրտսեր որդին նախընտրել է տեխնիկական կրթությունըՙ կիբեռնետիկի մասնագիտությամբ:
Ռոմեն Կոզմոյանի հիշողությունները (այդպես են եւ հուշագրությունները) ինձ հիշեցնում են կտավի թափանցիկ մակերեսներ, ջրաներկի բաց գույներով վրձնած: Այդպես նա նաեւ մոր դիմանկարն է ստեղծում. «Մայրս մահացավ 92 տարեկանում, իմ կյանքից հեռացավ իմ հանրագիտարանը: Եթե անհամեստ արտահայտվեմ եւ ասեմ, որ ինչ-որ էրուդիցիա ունեմ` պարտական եմ մորս ավելի, քան իմ կարդացածին կամ կյանքի փորձին: Նա, իմ այն հասակում եւ այնպես է ինձ տվել «Իլիականն» ու «Ոդիսականը», հայ եւ ռուս գրականությունը, որ ուղղակի արյանս մեջ է մտել: Բացառիկ հիշողության, բացառիկ ճաշակի տեր մեկը. հաճախ տանելով օպերային թատրոն` դիտումները սկսելով «Անուշից», նա էր, որ իմ մեջ ներարկեց արվեստի, դասական երաժշտության հանդեպ սերը»:
***
Չարենցի «ժամանակի շունչը դարձիր»-ը այդ շրջանի համար ոչ թե եւ ոչ միայն բանաստեղծական ու պատեթիկ էր, այլ` դրամատիկ ու ողբերգական, երբ իրականությունը շատ չանցած բացեց ծանր ճշմարտություններ: Սակայն շատերը, ստալինյան ռեպրեսիաներին ականատես լինելով անգամ, չկարողացան հավատալ դրանց. այդպիսին էր խորհրդային գաղափարախոսության ազդեցության ուժը: Այդպես է մտածել նաեւ Կոզմո Կոզմոյանը. նա անկեղծորեն է վստահել երկրին ու կուսակցությանը եւ մինչեւ վերջ էլ հավատացած է եղել, թե ժողովուրդների հայրը իրականությանը տեղյակ չի եղել, թե ինֆորմացիան իրեն ճիշտ չեն տեղ հասցրել, խեղաթյուրել են:
Սիրել է Չարենցին ու նրա պոեզիան շատ բարձր գնահատել, «Անսանձ մարդ էր, մի բան պիտի բերեր գլխին», – տխրել է` օբյեկտիվ տեսնելով իրականությունը: Ցավ է ապրել, ծանր տարել, երբ արգելել են բանաստեղծի գրքերը: Հետագայում իմացել են, որ նա իր տանը թաքուն պահել էր «Գիրք ճանապարհին»…
Նա եղել է այն մարդկանցից, ովքեր ամենաանհույս ժամանակներում անգամ կարողանում են ապրելու կամք դրսեւորել, ելքեր փնտրել, իսկ նրանցից ոմանք ընտրում են նվիրումի դժվարին ճանապարհը` լինի աշխատանքային, գիտական, ստեղծագործական, թե մեկ այլ, եւ ամենակարեւորը` կարողանում են պահպանել հավատարմությունը դավանած իդեալներին, աշխատանքին:
Չնայած ժամանակի մռայլ իրականությանն ու ծանր փորձություններին` Կոզմո Կոզմոյանը ապրել ու աշխատել է պատվախնդրորեն` արդարության, բարեմտության ու բարեխղճության հավատամքով, մարդկային իր համակրելի-մեղմ նկարագրի վստահությունը ներշնչել միջավայրին, ընկերներին, զավակներին: