Գերմանագիր մամուլի տեսություն
Անցյալ շաբաթՙ ապրիլի 5-ին գերմանական մի շարք քաղաքներումՙ Քյոլնում, Համբուրգում, Դյուսելդորֆում համայնքային կազմակերպությունների ջանքերով Save Kessab բողոքի արշավը գրավեց նաեւ գերմանացիների ուշադրությունը:
Դյուսելդորֆում Թուրքիայի հյուպատոսության դիմաց մեր մոտ 60 հոգանոց խմբին ծիծաղելի համամասնությամբ 6-ից ավելի ոստիկանական մեքենա էր հսկում, 3 ժամում խնդրին ոչ միայն դաշնային ոստիկանությունը, այլեւ սակավաթիվ անցորդներ էլ ծանոթացան:Կաթիլՙ իհարկե, բայց հետեւողականի դեպքումՙ ապառաժ էլ է քայքայում: Միջադեպ չեղավ, բայց ոստիկանները զգաստացան, երբ հյուպատոսարանի դիմաց հայտնված մի թուրք սկսեց բուռն հակադարձել հայերիՙ հատկապես «Էրդողանՙ տեռորիստ» վանկարկումներին: Մեկ -երկու գլխաշորով երիտասարդ կանայք էլ հայտնվեցին, բայց լուռ հյուպատոսարան մտան: Այս դեպքում Անկարան թուրքական հետեւակ չէր հավաքել, ինչպես օրեր առաջ Կոնստանցի թատրոնի առջեւ էր համախմբել կամ ապրիլի 13-ին է կանխատեսվումՙ նույն թատրոնում հրավիրված թուրք, հայ, գերմանացի բանախոսների քննարկման առիթով, մանավանդ երբ «Վերջին մտքի հեքիաթը» ներկայացումից զատ նույն վայրում ցուցադրվելու է նաեւ Ֆրիդլերի «Աղետ» ֆիլմը: Բայց սրա մասին, ինչպես խոստացել էինք, քննարկումից հետո:
Քյոլնում Քեսաբին ուղղված ակցիան իհարկե առավել մարդաշատ վայրում էրՙ Մայր տաճարի հրապարակում, որ բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն տվեց գոնե հպանցիկ ծանոթանալու արդիականՙ լուսաբանման կարոտ այս ողբերգական իրողությանը:
Անշուշտ միամիտ կլիներ հավատալ, թե գերմանական լրատվամիջոցները, որ մինչ ռուս- ուկրաինական լարվածությունը Սիրիայի պատերազմին հետեւում էին ամենայն մանրամասնությամբ, հաջորդ օրն իսկ խախտելու էին անհասկանալի լռությունը եւ լուսաբանելու էին Քեսաբի դեպքերը: Նրանց առայժմ Ուկրաինան ու կորած մալայզական ինքնաթիռն են հետաքրքրում: Բայց որ հայկական ակտիվությունը ուշադրություն է գրավումՙ տարբեր մեկնաբանությունների առիթ դառնալով, իհարկե հաստատեցին անցած շաբաթ գերմանալեզու լրատվադաշտում մեր ընթերցած մի քանի հրապարակումներ, որ անդրադարձել էին Սիրիայում Թուրքիայի դերակատարման, դրանով պայմանավորված Քեսաբից փախստական դարձած հայերի ճակատագրին, ինչպես նաեւ SAVE Kessab նախաձեռնությանը:
Ամենահետաքրքրական բացահայտումը տպագրեց ավստրիական «Դի փրեսսեն»ՙ ապրիլի 8-ի համարում զետեղելով աշխարհում հայտնի հետաքննող լրագրող Սեյմուր Հերշի «London Review of Books»-ում հրապարակված հոդվածըՙ «Թուրքիան պետք է որ Սիրիայում թունավոր գազի հարձակումը կազմակերպած լինի»: Լրագրողը հենվելով գաղտնի ծառայությունների աղբյուրների վրա գրել էր, թե թուրք պաշտոնատարներն ըստ ամենայնի Էրդողանի իմացությամբ օգնել են Սիրիայի ծայրահեղականներին թունավոր գազ պատրաստել: Սեյմուր Հերշը պնդում է, թե Անկարան է կանգնած ալ¬Ղութայի գազային հարձակման թիկունքում: Ամերիկացի լրագրող Հերշը, որ Աբու Ղրեյբի մասին բացահայտումների հեղինակն է նաեւ,մեղադրում է Թուրքիայինՙ նպատակ հետապնդելով պրովոկացիայի միջոցով ԱՄՆ հարձակման համար հող նախապատրաստել: Դամասկոսին մերձակա ալ¬Ղութայում օգոստոսի 21-ին իրականացված գազային հարձակումից հետո ամերիկյան գաղտնի ծառայությունները լսել են Թուրքիայի կառավարության անդամների միմյանց շնորհավորող հեռախոսազրույցները: Արեւմուտքը հարձակումը բարդում է սիրիական իշխանությունների վրա:Օբաման, որ սիրիական քաղաքացիական պատերազմում թունավոր գազի հարձակումը դիտարկել էր որպես կարմիր սահմանագիծ, հանկարծ հրաժարվում է հարձակումից: «Գիտենք, որ սա քողարկված գործողություն էր, Էրդողանի մարդիկ էին պլանավորել, որ Օբամային ստիպեին կարմիր գիծն անցնել», մեջբերում է Հերշըՙ ԱՄՆ գաղտնի ծառայությունների նախկին աշխատակիցներից մեկի խոսքից:
Ավստրիական «Դի փրեսսեն» նույն հոդվածում գրում է, թե Էրդողանի քննադատները զգուշացնում են թուրքական սահմանին աճող անարխիայի վերաբերյալ: Մարտի վերջին Հայաստանը ԵԱՀԿ-ում քննադատել է Թուրքիային, որ նրա Քեսաբ ուղարկած Ալ Ղաիդայի մարտիկներն են հայկական եկեղեցիները ոչնչացրել եւ քրիստոնյաներին վտարել: Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է, գրում է ավստրիական օրաթերթը:
«Քեսաբի փախստականները Թուրքիայում. մարդասիրական օգնությո՞ւն, թե՞ խորհրդանշական քաղաքականություն» վերնագրով հոդված է տպագրել գերմանալեզու թուրքական «Դոյչ թուրքիշե ջըռնըլը»:Մեծավ մասամբ քրիստոնյա հայերով բնակեցված Լաթաքիայի մարզին պատկանող քաղաքը մարտի 16-ին տարանուն ընդդիմադիրների, որոնց մեջ նաեւ ծայրահեղական Ալ¬Նուսրայի գրոհայինների կողմից գրավվել է:Առանձնակի վայրագությամբ աչքի ընկնող հիշյալ խմբի հարձակման պատճառով բնակչության մեծամասնությունը, որոնց մեջ նաեւ 2000 հայեր, փախստական են դարձել: Երկու ուղղություն են նպատակային համարելՙ համեմատաբար խաղաղ մերձակա Լաթաքիան կամ Թուրքիան: Քաղաքականապես իրավիճակն առավել զգայուն է դառնում, քանի որ Հայաստանի կառավարությունը, հայ լոբբիստական խմբերը արտասահմանում, ինչպես նաեւսիրիական կառավարությունը մեղադրում են Թուրքիայինՙ գրոհայիններին իր սահմանից Սիրիա առաքելու պատճառաբանությամբ: Ռուսաստանն էլ պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ-ից Քեսաբի վրա հարձակման առիթով հետաքննություն անցկացնել: Թուրքիան մերժում է բոլոր մեղադրանքները եւ ընդգծում, որ Անկարան ոչ թե ռազմական, այլ ավելի մարդասիրական օգնություն է տրամադրում: Հայերին Քեսաբից վտարելու մեղադրանքները տարածում են հայկական որոշ խմբերՙ այն համատեքստում, թե հաջորդ տարի 100- ամյակն է լրանում, երբ օսմանյան կայսրությունից վայրագորեն տեղահանել են հայերին:
Գերմանթուրքական «ԴԹՋ» մեջբերում էՙ «Թարաֆի» սյունակագիր թուրքահայ Հայկո Բաղդատը «Սանդեյզ Զաման»-ին տված հարցազրույցում փոխանցել է, թե զարմանալի չէ այն, ինչ սիրիահայերի նկատմամբ տեղի է ունենում. հայ համայնքը երկար ժամանակ է Անկարայից աջակցություն խնդրում պաշտպանելու սիրիահայերին, որ շատ դեպքերում 1915-ին վտարված օսմանյան հայերի հետնորդներն են: Հայաստանում 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» են կոչում, թուրքերն այն չեն ընդունում, քանի որ հայերին սպանելը սիստեմատիկ բնույթ չի կրել, ինչպես նաեւ բազմաթիվ թուրքեր են զոհ գնացել օսմանյան կայսրության փլուզման քաոսին, գրում է թուրքերի գերմանալեզու պարբերականը: Ըստ Բաղդատի, Անկարայի կառավարությունը հայ համայնքի պահանջին շատ հրապարակային է արձագանքելՙ 1915-ի իրադարձությունների համատեքստում հանրության վրա լավ տպավորություն թողնելով: Աբդուլահ Գյուլը օգնություն տրամադրելու հարցով Կարմիր Խաչի եւ հայոց պատրիարքարանի միջեւ պատվիրակ է դարձել: «Դա մի հնարավորություն էր սիրիահայերին Թուրքիայում պաշտոնապես բարի գալուստ ասել, նրանց օգնել, հայ համայնքի միջոցով եւ նրանց օգնությամբ Թուրքիայում պաշտպանություն եւ կրթության հնարավորություն ստանալ», ասում է Բաղդատըՙ «պատճառ չկա նրանց փախստականների ճամբար արտաքսել»: Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ընդգծել է, թե Թուրքիայի դռները լայնորեն բաց են սիրիահայերի առջեւ, եւ կատեգորիկ բացառել իր երկրիՙ Սիրիայում ընդդիմադիր ահաբեկչական խմբերին սատարելը: «Այն ժամանակ, երբ Թուրքիան պնդում է, թե ցեղապաշտական քաղաքականություն չի հետապնդում եւ մաքուր մարդասիրական մեկնակետից է ելնում, ապա պիտի որ ցեղասպանության զոհ դարձած սիրիահայերի համար ինչ¬որ բան անի», պահանջում է Բաղդատը: Հայերն անհանգստացած են, որ Անկարայի կողմից հայ փախստականներին ընդունելը կարող է լինել քարոզչական ակտ, որի ուղերձն էՙ պատմության ընթացքում Հայաստանի հետ խնդիրներ չեն եղել, գրում է թուրք -գերմանական լրատուն:
Մեկ ուրիշ աղբյուրՙ «Դոյչ թյուրքիշե նախրիշթընը» (գերմանաթուրքական նորություններ) ապրիլի 6-ին իրազեկեց, թե առաջին 18 սիրիահայերը Թուրքիա են փախել, քանի որ Ալ Ղաիդան հարձակվել է սիրիական Քեսաբի վրա: Ամերիկաբնակ հայկական սփյուռքը հարձակման պատասխանատու է համարում Անկարային: «Հայերով բնակեցված Քեսաբի վրա հարձակումը հարձակում է բոլոր հայերի վրա», մեջբերում է «Թըդեյզ Զաման» թերթըՙ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի խոսքերը: Հայկական սփյուռքը պահանջում է ԱՄՆ կոնգրեսից եւ Սպիտակ տնից ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Բայց Խաչիկյանը մոռանում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ միասին սատարում է Սիրիայի ազատ բանակին, այլ ոչ թե Ալ Ղաիդային, գրում է գերմանաթուրքական լրատուն:Թուրքիան ցանկություն ունի Սիրիայում մարտնչել իսլամիստ արմատական տարրերի դեմ, որին սակայն հայկական սփյուռքը դեմ է: Դավութօղլուն «Սաբահին» ասել է, թե պատրաստ են հնարավոր բոլոր տեսակի օժանդակություն հատկացնել սիրիահայերին: Թուրքիան դժվար կացության մեջ է: Հակաթուրքական երկրներն ու խմբավորումներն ասում են, թե Թուրքիան Սիրիայում սատարում է Ալ Ղաիդային, իսկ վերջինս էլ իր հերթինՙ Թուրքիային մեղադրում է քրիստոնյաների հետ միաբանվելու միջոցով իսլամիստներին ոչնչացնելու մեջ:
Ավստրիայի կաթոլիկական լրատվական գործակալության կայքէջըՙ kathweb -ը ապրիլի 4-ին անդրադառնալով Քեսաբին իրազեկում է, թե դրամատիկ սրում է նկատվում մերձակայքում, կրկնելով, թե իսլամիստներն մարտի 21-ին առանց խոչընդոտի Թուրքիայի սահմանից են ներթափանցել Սիրիայի տարածք, ինչի հետեւանքով 700 հայ ընտանիք ստիպված են եղել Լաթաքիա փախչել: Լրատուն հաղորդում է, որ Արամ Ա կաթողիկոսը խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանինՙ Քեսաբի շրջանը զինաթափելու պահանջով, իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՆԱՏՕ-ին շտապ արձագանքելՙ նկատի առնելով անդամ Թուրքիայի ներգրավված լինելը: Վիեննայի Հայ առաքելական եկեղեցուց Տիրան Պետրոսյանը դիմել է Ավստրիայի դաշնային նախագահ Ֆիշերին, կանցլեր Ֆայմանին, արտգործնախարար Քուրցինՙ խնդրելով պայմաններ ստեղծել, որ տեղահանված քեսաբցիները վերադառնան իրենց տները, ուշադրություն բեւեռել այն հանգամանքին, որ քեսաբցիները 1915-ի ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Նմանատիպ խնդրագրեր են ուղղել իրենց երկրների ղեկավարներին Հայ առաքելական եկեղեցու սպասավորներըՙ աշխարհի տարբեր անկյուններից: Ավստրիական լրատուն հաղորդում է 80 զոհի մասին: Մոտ 670 հայ ընտանիք փախել է Լաթաքիա, 10-15 ընտանիք մնացել են, քանի որ ընտանիքի անդամների մեջ ծեր կամ հիվանդ են ունեցել:
«Հաղորդագրություններ կարծեցյալ եղեռնի մասին. Ասադի ցինիկ խաղը , հայերի տրավման» վերնագրով հոդված է հրապարակել առցանց «Շպիգելը»: Քեսաբի հարձակման առնչությամբ հոդվածագիրը ծանուցում է, թե Ասադի քարոզչամեքենան բոլոր ալիքներով տարածում է եղեռնագործության նկարներ, իսկ քննադատները հավաստիացնում են, թե դրանց մի մասը սարսափ ֆիլմերից դրվագներ են: Սիրիական մոտ 2000 բնակիչ ունեցող գյուղը վայրագությունից խուսափելու ակնկալիքով դատարկվել է, փախուստի դիմել: Դժբախտաբար սա այլեւս արտառոց դեպք չէ, ավելի քան 3 տարի է սիրիահայերը այս ճամփան են բռնել: Պատերազմը նոր գյուղեր ու քաղաքներ է ընդգրկում, առօրյա դարձած ողբերգության մասին էլ չի հաղորդվում, բայց այս անգամ խնդիրը մի փոքր այլ է: Սիրիացիների սիրելի հանգստավայր Քեսաբում բնակվում են 1915-ի օսմանյան կայսրությունից զանգվածաբար տարագրված հայերի հետնորդները, որոնց մեջ պատմական տրավման խոր հետք է թողել: Լուրը, թե քեսաբցիները փախուստի են դիմել, անմիջապես արթնացնում է վատագույն մտավախություններ: Հայկական ընդգրկուն սփյուռքըՙ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ազդեցություն ունի արեւմուտքի հանրային կարծիքի վրա, սրան իրազեկ է նաեւ սիրիական ռեժիմը եւ փորձում է այժմ նրանց ցավն իր նպատակների համար գործիք դարձնել: Քեսաբի բնակիչների փախուստից հետո Դամասկոսն իր պետական հեռուստաալիքի, դաշնակից Իրանի, Ռուսաստանի, սոցիալական ցանցի միջոցով սկսեց անտանելի պատկերներ տարածել: Ուշադիր դիտելու դեպքում կարելի էր նկատել, որ դրանք մասամբ մեքենայությունների արդյունք են, տեսարան կար նաեւ սարսափ ֆիլմից: Ասադի հակառակորդ ակտիվիստները փորձում են բացահայտել կեղծիքը:Սիրիական քարոզչության տրամադրած պատկերները, որ Twitter-ում Save Kessab-ի տակ են հրամցվում, վարչախմբի ցինիկ սուտն է: Դրանց մի մասն առանց քննադատության շարունակում է տարածում գտնել ամերիկահայ հայտնի քույրերի Քիմ եւ Քլոե Քարդաշյանների միջոցով, թվիթերյան միջազգային տարածքը խռովվում է, ԱՄՆ-ում հայազգիները բողոքում են: «Շպիգելը» վերոնշյալ շարադրանքին է հավելում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Մադլեն Վարդյանի խոսքըՙ «Քեսաբում դեռ ծերեր ու վիրավորներ կան, որոնք որպես պատանդ են պահվում: Նրանց կոչ են արել դավանափոխ լինել»: Եղեռնագործություն չի եղել, բայց Վարդյանի տեղեկացմամբ, շատ քեսաբցիներ կյանքի գնով պատրաստ են իրենց քաղաքը պաշտպանել, հարձակման պատճառով ծանր վիրավորներ կան եւ ստիպված են Քեսաբում մնալ: Եթե անգամ Դամասկոսիՙ դաժան մահապատիժների մասին պնդումներն իրական չեն, ապա պատահածը միեւնույն էՙ ողբերգական է: Հարցական է նաեւ այն, թե քեսաբցիներն իրենց տները երբեւէ կվերադառնան: Հյուսիսային Սիրիայի երբեմնի 60 000 -անոց հայ համայնքը 4 տարվա վայրագությունների ընթացքում ապաստանել է Բեյրութում, Լաթաքիայում, Դամասկոսում կամ արտասահմանում: Դեռեւս հստակ չէՙ Քեսաբի հարձակման մեջ Թուրքիայի դերակատարումը: Հնարավոր է, որ իսլամիստներին աջակցություն են ցույց տվել, սիրիական կործանիչին հարված հասցրել, ինչը Անկարան հերքում է, իսկ Թուրքիայի հանդեպ հայերը մեծ անվստահություն ունեն, եզրափակում է «Շպիգելը»:
Գերմանիա