Նոր վարչապետի անունը` երկուշաբթի
Երեկ հանրությունը սպասում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որտեղ պետք է հնչեր նոր վարչապետի անունը: Սակայն ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, թե միայն երկուշաբթի տեղի կունենան ՀՀԿ գործադիր մարմնի, ապա նաեւ ՀՀԿ խորհրդի նիստերը, եւ միայն այդ օրը հայտնի կդառնա, թե ո՞վ է դառնալու երկրի նոր վարչապետը: Երեկ դեռ օրվա երկրորդ կեսին նախագահ Սարգսյանը խորհրդակցական հանդիպումներ էր ունենում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացնում էին իրենց պատկերացումները ապագա կառավարության վերաբերյալ: Բնականաբար` դրանք պետք է որ մտածելու առիթ լինեին նախագահի համար, ու տրամաբանական պիտի լիներ դեռ մի երկու օր էլ նոր վարչապետի անունը չհնչեցնելը: Իսկ ահա ԳՄ նիստին նախագահը ներկայացրել է իր խորհրդակցությունների արդյունքները: Հետաքրքրական է, որ երեկ ակտիվ հանդիպումների մեջ էր ոչ իշխանական ուժերից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ստեղծված իրավիճակի մասին քննարկումներ էր անցկացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստեփան Դեմիրճյանի հետ: Իսկ նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը, ըստ ԲՀԿ-ական աղբյուրների, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ, որ ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիայի մաս կազմելու խնդիր չի դրված եւ խոսել է տնտեսական փոփոխությունների անհրաժեշտությունից: Սերժ Սարգսյանի հետ հանդիպած ՀՅԴ-ն երկրի նախագահին է ներկայացրել իրավիճակը փոխելու իր 7 առաջարկությունները:
Վարչապետի հրաժարականին հաջորդած մեկ շաբաթը բացահայտեց իշխանական ինտրիգների արիալն` իր ողջ ներկապնակով: Մեր լրատվամիջոցներն ըստ իրենց նախընտրությունների մի այնպիսի պայքար են սկսել հրապարակ նետված վարչապետական թեկնածուների դեմ կամ կողմ, որ սրտխառնուքով այլընտրանքային լրաղբյուր ես փնտրում արժանահավատ տեղեկատվություն ստանալու համար եւ չես գտնում: Իսկ վարչապետի հավանական թեկնածուի մասին ռուսական հետքը վկայում է, որ հայ պաշտոնյաների սնուցող ձեռքը հասնում է նաեւ այլ երկրի լրատվամիջոցներին: Ավելի պարզ ասած` ողբերգություն է, որ մեր երկրի կարեւոր ներքին խնդրի լուծման ճանապարհին ռուսական լրատվամիջոցն է համարվում տեղեկատվության ազդեցիկ աղբյուր, ու հայկական լրատվամիջոցներն այնտեղ տպագրված տեղեկությունն այլեւս կասկածի տակ չեն դնում, ընդունում են որպես վերին ճշմարտություն` այդպիսով նաեւ հայոց ներքին քաղաքական խնդիրների վրա արտաքին քաղաքական ազդեցությունները, կամ առնվազն` ազդեցության ցանկությունները ցուցանել-խրախուսելով: Հարց է ծագում` վարչապետի հրաժարականը մինչեւ վերջին պահը որ ոչ ոք չգիտեր, այդ ինչպե՞ս է, որ նոր վարչապետի հնարավոր նշանակումը բոլորին, այդ թվում` ռուսական լրատվամիջոցին հայտնի է: Մեր լրատվամիջոցները ոչ միայն գիտեն, այլեւ համոզված են, որ հիմնական ֆավորիտ Հովիկ Աբրահամյանը կազմել է արդեն իր կառավարությունը, այնտեղ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը փոխվարչապետ է լինելու, Գագիկ Բեգլարյանը տարածքային կառավարման նախարար, Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարար կամ փոխնախարար (կամ էլ` Վաչե Գաբրիելյանի ներկայիս պաշտոնին) եւ այլն: Ու այնքան են առաջ անցնում (կամ` նրանց ուղղորդում են առաջ անցնել), որ Գալուստ Սահակյանին կամ Դավիթ Հարությունյանին արդեն նշանակում են ԱԺ նախագահ (չնայած այդ պաշտոնն ընտրովի է, բայց դե ո՞վ է Հայաստանում ընտրության հավատում):
Թեեւ Սերժ Սարգսյանը բազմիցս արդեն ապացուցել է, որ գիտե գաղտնի պահել իր մտածածը եւ մինչեւ վերջին պահը իր որոշումների անսպասելիության ինտրիգը, եւ չի կարելի միանշանակ պնդել, որ վարչապետի նոր թեկնածուի հարցում էլ նա մի խաղաթուղթ մինչեւ վերջ թաքցրած չի լինի: Բայցեւայնպես, մինչեւ այժմ վարչապետի պաշտոնի համար շրջանառված անունները խոսում են այն մասին, որ մերոնք կառավարման նոր մշակույթի կամ ինտելեկտուալ վարչապետի պարագան առհասարակ ուզում են ուղարկել գրողի ծոցը եւ վերջնականապես որդեգրել կառավարման ասիական-արեւելյան ձեւերի ողջ համակազմը: Այդ համակազմի մաս են կազմում օլիգարխիկ կառավարման խորացումը, կառավարման համակարգի բոլոր ճեղքերի փակումը սովորական, բայց տաղանդավոր հայ մարդու համար, քվոտաների բաժանումը յուրայինների միջեւ, իսկ տնտեսությունը հազիվ թե ազատվի իրեն ծնկի բերած մենաշնորհներից եւ դրանց է՛լ ավելի բյուրեղացումից, ընդհակառակըՙ այն կարող է հայտնվել խնամիացած երկու-երեք ընտանիքի ձեռքին առհասարակ:
Թե ինչ բարդ ու բազմաքայլ օպերացիա է մտածել գործող նախագահը` հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին պատրաստ լինելու եւ իշխանությունն իր մտածած ձեւով հորով-մորով անելու առումով, կերեւա միգուցե արդեն երկուշաբթի, սակայն ընդդիմության այն հայտարարությունները, թե իշխանությունն իրենց շարժումից վախեցավ, դրա համար է կառավարություն փոխում` չենք կարծում , թե իրականությանը մոտ են: Վարչապետի հրաժարականի եւ այդպիսով իշխանության համար խնդիր դարձած մի շարք որոշումների համար ժամանակ շահելու այս հնարավորության վրա առավել առարկայական ազդեցություն կարող են ունեցած լինել բոլորովին ուրիշ գործոններ` օրինակ Մաքսային միություն մտնելու ճանապարհային քարտեզը տարբեր նպատակահարմարությունների տեսակետից ուշացնելու, կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կիրառելու համար առավել մեղմ մթնոլորտ ապահովելու եւ մի շարք այլ գործոններ:
Ոչ իշխանական կուսակցությունների ինքնագոհ հայտարարությունների ֆոնին առավել իրատեսական է նույն ոչ իշխանականների ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, ով «Հետքի» իր վերլուծությունում գտնում է, որ ֆորս- մաժորը Հայաստանի նախագահի համար ելք էր` առանցքային մի շարք խնդիրներ լուծելու: Նախ Ռուսաստանին ի ցույց դնելով, թե առաջին եւ երկրորդ նախագահները համաձայնեցված կամ միգուցե չհամաձայնեցված կառավարություն փոխելու իրենց գործողություններով ինչպես են խոչընդոտում Հայաստանի եվրասիական ինտեգրմանը, այդպիսով ներկա նախագահը կխուսափի նաեւ Հայաստանի համար հերթական վտանգավոր ժամկետից` մայիսից, երբ պետք է պատրաստ լինեն ՄՄ-ին եւ Եվրասիական միասնական տնտեսական տարածքին անդամակցելու միջազգային պայմանագրերը, եւ Եվրասիականի խորհուրդը, որտեղ Հայաստանն ներկայացված չէ, նաեւ Հայաստանի մասով պետք է որոշում կայացնի: Հիմա մինչեւ խորհրդի հաջորդ նիստ, այսինքն մի քանի ամիս հետո, Հայաստանի հետ կապված մասը գուցե հետաձգվի, քանի որ նոր կառավարությունը այդ պայմանագրերը (դրանց համար մանրամասնված ճանապարհային քարտեզները) պատշաճ ժամկետում պետք է հաստատի: Այս վարկածի մանրամասն հիմնավորումների օգտին փաստարկներ կարելի է գտնել եւ Հայաստանի` ՄՄ անդամակցություն շտապելու ճանապարհին հարուցվող արտաքին խոչընդոտների, եւ Բելառուսի ու Ղազախստանի նախագահերի` ավելի վաղ Հայաստանի մասով արված հայտարարությունների մեջ, որոնց գործնական շարժառիթները (տնտեսական եւ քաղաքական) հավանաբար Սերժ Սարգսյանի համար առավել տեսանելի են: Այդ ու հարակից մի շարք խնդիրների առումով, այդ թվում` Քեսաբի հետ կապված ռուսական քարոզչական սադրանքներին մասնակից դառնալուց ապահովագրվելու, Ադրբեջանի նախագահի հետ ղարաբաղյան խնդրով նոր հանդիպման հետաձգման առումով ֆորս-մաժորը, կառավարության փոփոխությամբ ժամանակ շահելով, առայժմ խնդրի լուծում է: Կտեսնենք, թե որքանով այս բացատրությունը, որը մեզ էլ առայժմ ամենից խելքին մոտն է թվում, գործնականում նյութականանում: Էլ չասած` իշխանությունը հետագայում ցանկալի անձի հանձնելու եւ միգուցե վարչապետի տեսքով իշխանություն վերադառնալու ներկայիս նախագահի ջանքը, որի մասին դեռ կարելի է առանձին խոսել: Համենայնդեպս` վարչապետի հրաժարականի պահի ընտրությունն ու անսպասելիությունը շատ բանի մասին են խոսում, ու առավել այս վարկածի օգտին են, քան ընդդիմության` ինքն իրեն հաղթանակի դափնի շնորհելու վարկածի:
Չնայած չենք խանգարի ընդդիմության կամ ինչպես ընդունված է ասել` ոչ իշխանական ուժերի երջանիկ պատրանքներին, թե հենց իրենք հասան վարչապետի հրաժարականին կամ պաշտոնանկությանը, ու այդ ինքնասրտապնդմամբ էլ գոնե ընդդիմության մի մասը գուցե մաս կազմի նոր կառավարության: Թեեւ ոչ իշխանական ուժերի պատուհանից առավել ակտուալ պետք է լիներ այն հարցը, թե ի՞նչ է փոխվել, ախր, նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո, որ մաս կազմեն կառավարությանը, չէ որ այն ժամանակ ընդդիմությունն ու այլընտրանքը փնովեցին մեծամասնությանը, ընտրություններն անվանեցին կեղծված ու չմտան կոալիցիա: Հիմա ի՞նչ է փոխվել, քանի որ եւ այն ժամանակ, եւ հիմա, եթե ԲՀԿ-ն մաս կազմեր եւ կազմի կոալիցիոն իշխանության, ՀՀԿ-ի եւ նախագահի ծրագիրն է շարունակելու իրականացնել, սա մի՞թե հասկանալի չէ: Կամ միգուցե Ազգային ժողովը չէ՞ր հաստատել նույն մեծամասնության կառավարության ծրագիրը` կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչով հանդերձ: Չէ՞ որ որեւէ նոր կառավարություն շարունակելու է կատարել հին ծրագիրը, դրանք կազմելու, հաստատելու բավական բարդ եւ երկարատեւ ընթացակարգեր կան, եւ իրապես նոր կառավարությունները նշանակվում են ընտրությունների արդյունքում ձեւավորվող մեծամասնությունից, որը նախապես ծրագիր է հրապարակում եւ դրանք հետո կյանքի կոչում: Ուրե՞մն: Եթե խնդիրը միայն անձերն են, այսինքն` եթե ցանկալի անձերը կառավարությունը ղեկավարեն, ապա հիմնական ոչ իշխանական ուժը կհամագործակցի կառավարության հետ, ապա մեր, հայկական ընթացքը դույզն իսկ չի փոխվի. կշարունակի օլիգարխիկ տնտեսության կառուցումը, որը մեզ բերեց- հասցրեց այս վիճակի եւ որի դեմ նախկին վարչապետն անզոր գտնվեց: Կամ միգուցե բոլորը մասնակի՞ց են մի խաղի, երբ ժամանակ է շահվում, անցումային վարչապետ նշանակվում` հաջորդ նախագահ եւ վարչապետ որպես որոշակի անձերի եւ նրանց հարմարեցված օրենսդրության նախապատրաստության համատեքստում:
Բայց որ «հրաշալի քառյակի» բոլոր պլանները խառնեց գործող նախագահը, դա` հաստատ: Այ, հիմա քառյակը քննարկում-քննարկում է ու չի կարողանում միասնական դիրքորոշումների հասնել հետագա միասնական պահվածքի վերաբերյալ, նրա առնվազն երկու անդամ, եթե իրենց պահանջներն ընդունվեն, կոալիցիա կարող է մտնել, իր հետեւանքներով հանդերձ, իսկ մյուս երկուսը այս իշխանության հետ համագործակցությանը դեմ են: Ու սոսկ ոչ իշխանականների խնդիրն է` նրանցից երկուսը շարունակո՞ւմ են խոսել միասնական օրակարգից եւ բողոքը շարունակելու անհրաժեշտությունից, իսկ երկուսն իրենց «յոթ» կետերի ընդունելի լինելուց եւ կառավարություն մտնելուց, սա արդեն տվյալ ոչ իշխանական ուժերի համագործակցության իսկական դեմքն է ու ոչ մի կապ չունի հասարակության իրական պահանջների հետ:
Ամբողջական չէինք լինի, եթե չանդրադառնայինք ոչ իշխանականներից մեկի` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանի կանխարգելակիչ դիտարկումներին` ուղղված իր ոչ իշխանական գործընկերներին, որտեղ նա նշում է, թե առաջին անգամ մեր երկրում ընդդիմությյան ճնշման արդյունքում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել, իսկ վարչապետի ինքնակամ հրաժարականը հեքիաթի ժանրից է համարում` իշխանության այս պնդումները դեմքը փրկելու միջոց եւ խորհրդարանական ընդդիմության դերի նսեմացում անվանելով: Նա ընդդիմությանը կոչ է անում իշխանության հետ չհամագործակցել եւ զարգացնել հաջողությունը` համագործակցելով մեծագույն նվեր չմատուցելով Սերժ Սարգսյանին եւ չնպաստելով երկրում մղձավանջի խորացմանը:
Սակայն հենց երեկ ԲՀԿ-ն հրավեր ստացավ նախագահի աշխատակազմից` հանդիպելու եւ խորհրդակցելու գործող նախագահի հետ, եւ դրա համաձայնությունը տվեց ու գնաց հանդիպման, ու չհարցրեց այդ մասին Տեր-Պետրոսյանի կարծիքը: Նույն կերպ վարվեց ՀՅԴ-ն: Իսկ Հայաստանի քաղաքական գործընթացները, վաղուց ենք ասել, ընթանում են բոլոր քաղաքագիտական կանոններին հակառակ, ու ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես երեւում է, նորից , երկրորդ անգամ, պատրաստվում են մտնել կոալիցիոն գետը (ֆորմալ, թե թաքնված), ու չգիտենք, թե այս անգամ ի՞նչն է կամուրջ ծառայելու դրա համար կամ որքա՞ն կդիմանա այդ կամուրջը:
Իսկ ահա երեկ հրապարակված եւ նախագահին ներկայացված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով մի շարք արմատական փոփոխություններ են առաջարկվում Հայաստանի կառավարման կարգում, այդ թվում` խորհրդարանական համակարգ, յոթ տարով եւ առանց վերընտրման իրավունքի երկրի նախագահի ինստիտուտ (համարյա անգլիական թագուհու կարգավիճակով), միայն Ազգային ժողովի առաջ պատասխանատու կառավարություն, մտածել է տալիս, որ ոչ մի բան էլ չնախագծված չէ մեր երկրում: Եվ իրոք, այժմ ձեւավորվելիք կառավարությունը անցումային է լինելու` նոր փոփոխություններին համեմատ թեկնածություններ ուրվագծելով ողջ իշխանական համակարգում: