ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Այս օրերին, երբ ողջ աշխարհի աչքի առջեւ Թուրքիան հերթական անգամ, եւ ամեն ինչից ակնհայտ էՙ անպատիժ, հայերի ցեղասպանություն է իրագործում Քեսաբում, այն վերածելով իսկական դժոխքի, ես չեմ կարողանում առանց սրտի տրոփյունի հիշել, որ տասը տարի առաջ սեփական աչքերով դրա փոխարեն դրախտ եմ տեսել այնտեղ։ Դա լեգենդար «Կիլիկիա»-ի նավարկության ժամանակ էր։ Ես պետք է կիլիկյան հայտնի նավահանգիստ Այաս հասնեի թուրք-սիրիական սահմանով, որն անցնում է պատմական հայկական Քեսաբի տարածքով։ Սակայն թուրք սահմանապահը, երկար փորփրելով համացանցը, դիմափոխվեց եւ հրաժարվեց կնիք դնել իմ անձնագրում։ Բայց դա այլ պատմություն է։ Այդ մասին ես մանրամասն պատմել եմ «կիլիկյան» ոդիսականի առաջին հատորում։
Ես յուրովի շնորհակալ էի թուրք սահմանապահին, քանզի նրա շնորհիվ ամբողջ երկու օր ու գիշեր, հուշատետրը ձեռքիս ճամփորդեցի ողջ Քեսաբով։ Այցելեցի բոլոր հայկական գյուղերըՙ առանց բացառության։ Այդ մասին գրեցի ծավալուն ակնարկ, որը տպագրվեց մեր թերթերում եւ ապա «Զիմ «Կիլիկիա»» գրքում։
Եվ այսօր, երբ Թուրքիան նորից ավերում ու թալանում է Քեսաբի հայկական տներն ու գյուղերը, դպրոցները, խաչքարերը, անհետաձգելի անհրաժեշտություն կա հրապարակել որոշ հատվածներ տասնամյա վաղեմության ճամփորդական գրառումներից։
***
Առաջինը, ում հետ հանդիպեցի, Սուրբ Տիրամոր եկեղեցու քահանա հայր Եղիշեն էր։ Նա հզոր կազմվածքի տեր, բարձրահասակ, նուրբ դիմագծերով մարդ էր, որի գունատ դեմքին աչքի էր զարում սեւ մորուքը: Չգիտեմ, հարմար է այդ մասին խոսել, թե ոչ, բայց նրամ սքեմը արտակարգ էր սազում:
Եկեղեցին կառուցվել է 700 տարի առաջՙ Կիլիկյան թագավորության շրջանում: Երեք խաչ է զարդարում միջանդարյան եկեղեցաշինության այդ անկրկնելի կոթողի երեք գմբեթը: Հիմնականՙ կենտրոնական գմբեթի խաչը բաղկացած է բազմաթիվ ծայրաթեւերից, որոնք հնարավորություն են ընձեռում բոլոր չորս կողմերից տեսնել քրիստոնեական հավատի գլխավոր խորհրդանիշի երկրաչափությունը: Պատմական Կիլիկիայի թուրքական կողմն այցելած զբոսաշրջիկների նկարած ֆիլմերում եւ. լուսանկարներում դժվար չէ տեսնել, թե ինչի են վերածվել հայերի կողմից միջնադարում կառուցված տները, ամրոցները, եկեղեցիները: Համատարած ավերակներ են: Թվում Է, այստեղ Էլ, այնտեղ Էլ օտարություն Է: Ե՛վ այնտեղ, եւ՛ այստեղ մահմեդական պետություն Է: Բայց տարբերությունը, ինչպես ասում ենՙ երկինք ու գետին: Այս զուգահեռը բոլորովին Էլ պատահաբար չեմ անցկացնում: Առաջ անցնելով ասեմ, որ վերջին ժամանակներս Ադրբեջանում հերթական անգամ հիստերիկ վայնասուն բարձրացրին իմ անձի շուրջ: Ես, իհարկե, ուշադրության չեմ արժանացնում նմանատիպ անհեթեթ մեղադրանքները, սակայն ամեն անգամ պարտքս եմ համարում պատասխանել Նրանց, ովքեր հետապնդելով նենգ նպատակներ, սադրիչորեն շեշտադրում են կատարում այն բանի վրա, թե ես իբր հանդես եմ գալիս իսլամական դավանանքի, մահմեդական աշխարհի դեմ: Այդ կապակցությամբ ցանկանում եմ առաջին հերթին դիմել իմ հայրենակիցներինՙ ինչպես Հայաստանում (բնականաբար, ներառյալ Արցախը), այնպես Էլ առանձնապես Սփյուռքում: Ցանկանում եմ ասել, որ միշտ ակտիվորեն, նույնիսկ մարտականորեն դեմ եմ եղել մեր ազգային-ազատագրական պայքարը եւ Թուրքիայի հակահայկական չարաղետ քաղաքականության մերկացումը տեղափոխել միջկրոնական հակամարտության դաշտ: Երբեք հանդես չեմ եկել, ինչպես այսօր Բաքվում են գրումՙ «թուրքերի» եւ »թուրքական ժողովուրդների» դեմ ընդհանրապես: Թուրքիան դեռեւս իսլամը չէ, Թուրքիան դեռեւս ողջ թուրք ժողովուրդը չէ: Իսկ պանթուրքիզմը ֆաշիզմ է։
Համեմատության համար կբերեմ ընդամենը մի օրինակ: Մահմեդական Թուրքիայի վերաբերմունքը հայերին, Հայաստանի պատմությանը, Ցեղասպանությանը եւ մահմեդական Սիրիայի վերաբերմունքը (նույնը կարելի Է ասել ողջ արաբական Մերձավոր արեւելքի Իրանի Իսլամական Հանրապետության, Միջին Ասիայի մահմեդական երկրների մասին) վկայում են, որ մենք գործ ունենք կյանքի օբյեկտիվ իրողությունների հետ:
***
Սիրիա կատարած ուղեւորություններից մեկի ժամանակ ինձ բախտ վիճակվեց ԽՍՀՍ փոքրիկ պատվիրակության կազմում Դամասկոսում հանդիպել Սիրիայի նախկին Նախագահ Հաֆեզ Ասադի հետ: Հիշեցրի, որ ականատես եմ եղել, երբ 1978 թվականի աշնանը, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր հայեր փախստական դարձան եւ ապաստան գտան Սիրիայում: Նախագահը պատմեց, թե ինչպես իր հայրը հայերի ցեղասպանությանը հաջորդած ծանր տարիներին օթեւան տվեց հայ ընտանիքներին, օգնեց դժբախտ փախստականներին դասավորել իրենց կյանքը: Այնպես որ, զարմանալի չէ, որ կատարելով հոր պատգամները, որդին օգնեց հայերին, երբ նրանք վաթսուն տարի անց դարձյալ հայտնվեցին դժբախտության մեջ: Հնարավոր է, որ նմանատիպ փաստարկներն ընկալվեն որպես հույզերի արտահայտություն: Սակայն խոսքը ճշմարտության մասին է, որը միշտ կոնկրետ է: Սիրիական Քեսաբում հայերը բարգավաճում են: Նրանք ունեն իրենց, կասեի վեհաշուք (եւ՛ ճարտարապետական գեղեցկությամբ, եւ չափերով) մշակութային-լուսավորչական կենտրոնը, որտեղ տեղավորված են դպրոցը, ամենատարբեր միջոցառումների համար նախատեսված ընդարձակ դահլիճը, հյուրանոցը, ռեստորանը: Եվ այդ ողջ համալիրի օրինական տերերը հայերն են: Խոսքն ինչ-որ մի բացառիկ դեպքի մասին չէ, եւ ոչ էլ Քեսաբի մի բնակավայրի։ Խոսքը ՔԵսաբիա անունը կրող մի ողջ մոլորակի մասին է: Հաջորդ օրը շրջելով կանաչի եւ խնձորի այգիների մեջ թաղված հայկական գյուղերով, հասկացա, որ խոսքն արդեն հայերով բնակեցված ողջ համաստեղության մասին է: Ավելի ուշ կպատմեմ այդ աստղագյուդերով իմ ուղեւորության մասին, իսկ առայժմ ավարտենք միտքն այն մասին, որ այս տողերի հեղինակը խորին հարգանք ունի բոլոր երկրների եւ ժողովուրդների հանդեպ, որոնք դավանում են քրիստոնեություն, մահմեդականություն եւ այլ կրոններՙ այն գթասրտության եւ հավատքային հանդուրժողականության համար, որով նրանք օթեւան են տվել եւ սրտացավություն են դրսեւորել Թուրքիայի կազմակերպած դժոխքից հրաշքով փրկված հայերի նկատմամբ: Հայ ժողովուրդը մեղադրում եւ դատապարտում է ոչ թե մահմեդական Թուրքիային, այլ թուրքական պետությանը, որը քարոզում է պանթուրքիզմի ֆաշիստական գաղափարախոսություն: Չէ՞ որ Նյուրնբերգյան դատարանը դատապարտեց ոչ թե քրիստոնեական Գերմանիային, այլ ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներին: Դրանք տարբեր բաներ են: Եվ ոչ մեկի մտքով չի անցել ձեռնածություններ անել զուտ կրոնական փաստարկներով, երբ քրիստոնյա Հիտլերը ոչնչացնում Էր եւ’ քրիստոնյաներին, եւ’ մահմեդականներին, եւ հուդայականներին: Այնպես որ, ի պատասխան սադրիչների անվերջ ծեքծեքումների, կարող եմ ընդամենը ասել, մինչեւ Եվրոմիություն Թուրքիային ընդունելը, Եվրոմիությունը սկզբում պետք Է նրա դեմ սկսի Նոր Նյուրնբերգյան դատավարություն, որպեսզի լույս սփռվի բոլոր հարցականների վրա:
***
Ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Քեսաբում հանդիսավոր հրաժեշտ են տալիս ամառային, արձակուրդային, կարելի է նույնիսկ ասելՙ ամառանոցային սեզոնին: Այդ օրը նշում են ինչպես գյուղերում, այնպես Էլ բուն «շրջկենտրոնում», ուր հավաքվում են ներկայացուցիչներ Քեսաբիայի բոլոր բնակավայրերից, ինչպես նաեւ Լաթաքիայից, Հալեպից եւ Սիրիայի այլ քաղաքներից եւ նույնիսկ Անթալիայից, որը գտնվում է սահմանի այն կողմումՙ պատմական Կիլիկիայի թուրքական մասում: Արձակուրդներին հրաժեշտ տալու տոնը նշվում է շքեղորեն, կազմակերպված եւ ուրախ: Եվ ինչպիսի բարեբախտություն էր, որ ես հենց այդ օրը ապարդյուն փորձեցի անցնել թուրքական սահմանը, եւ ներքին ձայնը, եթե չասենքՙ պարտքը, ինձ բերեց Քեսաբ: Դարձյալ Աստծո մատն էր խառը այն հարցում, որ քեսաբցիների հետ նշեմ նրանց երջանիկ օրը, որն ինձ համար էլ տոն դարձավ:
***
Արդեն կեսգիշերն անց էր, երբ հյուրանոցի համարում, գտնվելով զարմանալի օրվա ընթացքում ստացած տպավորությունների ներքո, ես գրառումներ էի կատարում հուշատետրում: Քնեցի միայն լուսադեմին, արթնացա հեռախոսի զանգից: Կարեն Բալայանն էր:
¬ Սկզբում դուք զեկուցեք, իսկ հետո ես: Որովհետեւ մենք երեկ չկարողացանք գլխի ընկնել, թե ինչ է պատահել, վատ էր լսվում,- ասաց նավապետը: Ես նրան համառոտ պատմեցի Թուրքիայում գտնվելու իմ քառասուն րոպեների մասին: Եվ հետո շնչակտուր պատմեցի Քեսաբի մասին, ավելացնելով.
Հիշո՞ւմ ես, Լաթաքիայում Դաշնակցություն կուսակցության ակտիվիստներից Սիրվարդ Գարբուշյանը ողջ անձնակազմին առաջարկեց անպայման այցելել Քեսաբ: Ես դեմ էի այն պատճառով, որ «Կիլիկիա»-ի երթուղու ժամանակացույցը կարող էր խախտվել: Իսկ հիմա ահա ինքըՙ Աստված է ինձ ուղարկել այստեղ, որպեսզի գրքում մի ողջ գլուխ նվիրվի Քեսաբին, որ Կիլիկիայի մասն էր կազմում: Հավանաբար կյանքս կաղքատանար եւ կկողոպտվեր, եթե տեսած չլինեի այս ամենը սեփական աչքերով: Իսկ այսօր դեռ պետք է այցելեմ բոլոր հայկական գյուղերն առանց խտրության եւ հասնեմ մինչեւ թուրք-սիրիական ծովային սահմանին, որտեղից, ասում Են, ինչպես ափի մեջ, երեւում է Մուսալեռը:
Իսկ մենք մյուս կողմից կմոտենանք Մուսալեռին: Բայց գլխավորը,- ուրախ ձայնով շտապեց հաղորդել Կարենը,- դատելով ըստ ամենայնի, «Կիլիկիա»-ով կմտնենք Այաս: Հնարավոր էՙ նաեւ այլ նավահանգիստներ: Այստեղ նկարահանման աշխատանքների անծայր ասպարեզ կա:
Այդ առումով չափազանց ափսոսում եմ, որ ինձ հետ կինոօպերատոր չկա: Ահա եւ անընդհատ գծանկարներ եմ անում իմ հուշատետրում:
Ուրեմն, պարբերաբար կզանգենք միմյանց: Հա, Կարեն ջան, հայտնիր Կարեն Դանիելյանին, որ իր ռեպորտաժներին ավելանալու է մի ողջ աշխարհագրական գոտիՙ Քեսաբը: Եվ թող նա մանրամասնորեն գրի Կիլիկիայի թուրքական հատվածի մասին, որպեսզի դա ներառեմ գրքիս մեջ:
Ցանկանում էի մի քիչ էլ քնել, երբ հանկարծ հյուրանոցի համարի պատուհանից մի ինչ-որ համաչափ աղմուկի պես բան ներխուժեց: Ասես մի մարզիչ հրահանգներ էր տալիս երեխաների խմբին: Մոտեցա պատուհանին եւ համոզվեցի, որ այնքան էլ չեմ սխալվել: Դպրոցի մուտքի առջեւ չորս շարքով կանգնած էին երեխաներՙ համազգեստներով. կապույտ տաբատ եւ կիսաշրջազգեստ, սպիտակ վերնազգեստ: Երգում էին հայերեն երգեր: Ապաՙ արաբերեն: Հնչեց հրահանգըՙ «Ձա՛խ դա՛րձ», եւ չորս շարքերն էլ միմյանց հետեւից անաղմուկ մտան դպրոց:
Ես շտապ կատարեցի իմ ավանդական մարզանքըՙ կազմված մի քանի պարտադիր վարժություններից, վրաս սառը ջուր լցրի, բարեբախտաբար սափրվել պետք չէր, եւ հագնելով «Կիլիկիա»-ի էմբլեմով կիսաթեւ վերնազգեստս, հուշատետրը ձեռքիս շտապ իջա ուղիղ դպրոց:
Ուսուցչանոցում մի քանի ուսուցչուհիներ էին նստած: Նրանք ինձ ճանաչեցին: Ես դպրոցական գրադարանի ընթերցողների համար ստորագրեցի իմ գրքերից մի քանիսի վրա եւ խնդրեցի, որ ինձ տանեն որեւէ դասարան: Սակայն իմանալով սիրիական օրենքները, ինքս խնդրեցի, որ նախապես ինձ ծանոթացնեն դպրոցի տնօրենի հետ: Ողջ երկրում, բոլոր հայկական դպրոցների տնօրեններն ազգությամբ արաբ են: Դա է, ինչպես ձանձրացնում եմ կրկնելով, կյանքի իրողությունը: Այդ մասին քաջ գիտեի դեռեւս 1978 թվականին եւ հետագա տարիներին այցելելով Սիրիա եւ ամեն անգամ համոզվելով, որ պաշտոնական սիրիացի տնօրենը եւ ոչ պաշտոնական հայազգին, մեծ ըմբռնումով գիտակցելով գիտելիքի կարեւորությունըՙ համերաշխ աշխատում են միասին: Տնօրենի աշխատասենյակով գրառում եմ կատարել. «Սիրիացի տնօրենը Տաուտ Ամմունն է։ Ես նրան կատակով կոչեցի Դավիթ, եւ նա սիրով, լայն ժպիտով ընդունեց իր անվան հայկական (եւ ոչ միայն հայկական) տառադարձումը ահա թե ինչ ասաց Ամմունը անթաքույց հպարտությամբ հայկական դպրոցում իր երկարամյա աշխատանքի մասին.
Ես արդեն երեսուն տարի է, ինչ աշխատում եմ այստեղ: Կարելի է ասելՙ հայ երեխաների երեք սերունդ է աճել այս դպրոցում: Այսօր մեր շատ նախկին աշակերտներ են այստեղ աշխատում որպես ուսուցիչներ:
Այս ամենը եւս անհերքելի փաստարկ է հօգուտ նրա, որ հայերի եւ մահմեդական ժողովուրդների միջեւ իսպառ բացակայում է կրոնական անհանդուրժողականությունը: Հակամարտության պատճառները ավելի հաճախ պետք է որոնել ռասիստական եւ ֆաշիստական գաղափարախոսության մեջ, որ քարոզում են որոշ երկրների ղեկավարներ:
Այցելեցի մի քանի դասարաններ հենց դասի ժամանակ: Եվ ուսուցիչների ու արդեն իմ բարի բարեկամ Դավիթ Ամմունի հետ միասին հիանալի զվարճացանք երեխաների հետ:
***
Համաձայն ուրախ, զրուցասեր եւ Քեսաբում շատ հայտնի Գրիգոր Դումկյանի (Գոգո) հետ պայմանավորվածության, մեքենան կանգնած էր դպրոցի մոտ ճշգրիտ նշանակված ժամին: Եվ մենք ճամփա ընկանք դեպի քեսաբյան հայկական գյուղերի «համաստեղություն», անցնելով ամուր ու գեղեցիկ տների, հիրավի դրախտային խնձորի այգիների մոտով: Մեքենայում էին գտնվում նաեւ, չգիտեմ հալեպյան քեսաբցիներ, թե քեսաբյան հալեպցիներ Համբարձում (Համբիկ) Ջաբախջուրյանը եւ Գեւորգ Լաբլեֆյանը: Հիանալի անձնակազմ էր: Մի բան էր վատ. երեքն էլ միասին, շնչակտուր, միմյանց խանգարելով եւ ընդհատելով պատմում էին գյուղերի մասին, այնտեղ ապրող իրենց բարեկամների մասին, ամենածերերի եւ ամենաերիտասարդների, նաեւ եկեղեցիների մասին: Եվ այնուամենայնիվ, հասցնում էի որսալ անհրաժեշտը եւ հենց ընթացքում գրի առնել: Առաջինը, որ արեցի, բոլոր գյուղերի անունները գրելն էր: Միաժամանակ Գրիգորը, որ բոլորից լավ գիտեր երկրամասի աշխարհագրությունը, ընդգծեց, որ իրենք ունեն տպագրված Կիլիկյան պետության ժամանակաշրջանի հայկական բնակավայրերի պատմական անվանումները: Թուրքերն, ինչպես հայտնի է, զավթելով ուրիշի հողերը, անմիջապես վերատպում էին քարտեզներն իրենց ուզած ձեւով: Այնպես որ, ոչ միայն Կոնստանդնուպոլիսը դարձավ Ստամբուլ, այլեւ քեսաբյան Աեւաղբյուրըՙ Կարաբուլախ: Ի դեպ, սիրիական իշխանությունների թույլտվությամբ դեռ վաղուց այդ գյուղը վերանվանեցին Աեւաղբյուր: Իսկ հետո միայն հասցնում էի մտնել հերթական գյուղը, խմել աղբյուրի ջուր եւ գրի առնել բնակավայրի անունը. Գալադուրան, Էսկյուրան, Կյորկյունա, Չինար, Բախտախեր եւ այլն: Հիշատակված Էսկյուրան գյուղից ոչ հեռու քեսաբցիները տարին մեկ ուխտագնացություն են կատարում: Հավաքվում են, եւ ինչպես մենք Հայաստանում մուսալեռցիների հուշարձանի մոտ, հավի մսով ու ձավարով հարիսա եփում: Այդ ուխտագնացությունը նվիրվում է ցեղասպանության զոհերի, հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:
***
Օրվա երկրորդ կեսին մենք դանդաղ, կանգ առնելով հիշարժան վայրերում, սկսեցինք իջնել դեպի ծով: Եվս մեկ կտրուկ շրջադարձ անցնելուց հետո անսպասելիորեն մեր առջեւ բացվեց հայի համար եզակի մի գեղանկար, որի վրա պատկերված էր, թե ինչպես են ցած ձգվում սարերի կանաչ լանջերը եւ նրանց միջեւՙ երկնագույն գույն ծովի մի պատառիկ: Հորիզոնում հառնում է մի լեռ. Մովսեսի լեռն է. Մուսալեռը, Մուսադաղը: Մի քանի գծերով հուշատետրիս էջին «պատճենեցի» այդ, ինչպես Բալզակը կասերՙ ըմբռնելի գլուխգործոցը: Ցանկանում էի այն տեսնել ավելի մոտիկից: Դրա համար պետք էր իջնել մինչեւ ծով, որտեղ հենց ափին գտնվում է սիրիական սահմանապահ ուղեկալը: Գոգոն ասաց, թե խնդիրներ չեն ծագի: Սիրիացիները երբեք չեն խոչընդոտում մոտեցող եւ Մուսալեռը ներքեւից նայողներին: Ճանապարհին մտանք Գալադուրան գյուղը, որտեղ ես, ինչպես կենդանի էակի հետ կծանոթանան, ծանոթացա Սուրբ Աստվածածնի անունը կրող եւս մեկ եկեղեցու հետ: Հուշատետրում գծանկարով պատկերեցի փոքրիկ, գեղեցիկ եկեղեցին: Իսկ տասը րոպե անց արդեն կանգնած էինք ծովի ափին: Իհարկե մեր բախտը բերեց: Եղանակը հիասքանչ էր: Մուսալեռը շատ լավ էր երեւում: Հաշվեցի չորս լեռնագագաթ, ինչպես Արագածի վրա: Վերջինը (ձախիցՙ աջ) հենց Մովսեսի լեռն է: Հենց այդ գագաթի վրա եւ իմ հուշատետրում «բարձրացրի» փրկության դրոշը: Լեռան հիմքի մոտ, խոր ջրաշերտի վրա արագ նկարեցի երկու նավակ: Որպեսզի հետո հասկանալի լինի. հենց այստեղ են կանգնած եղել ֆրանսիական նավերը, որոնք փրկեցին հրաշքով ողջ մնացած մուսալեռցիներին: Ես ոչինչ չէի գրում: Միայն մտածում էի, մեկ էլ նույնիսկ առանց թղթին նայելու, ինչ-որ գծեր քաշում: Ներքեւում ամսաթիվն էր. «20 սեպտեմբերի, 2004 թվական, ժամըՙ 16-ն անց 20 րոպե: Մուսալեռ»:
Մեզանից ոչ մեկը լուսանկարչական խցիկ չուներ (ես ընդհանրապես երբեք չեմ ունեցել) եւ ստիպված հուշատետրում եւս մի քանի գծանկարներ արեցի: Որպեսզի հեշտ լիներ սրբազան լեռան տեղը որոշելը, առանձնացրի մի քանի մանրամասներ, ծովախորշը, որն աջից լավ երեւում էՙ Թուրքիան է: Իսկ ավելի մոտիկՙ մեծ քարերի մի կույտ, որը յուրօրինակ «սահմանասյուն» է Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ:
Վերջինը այցելեցինք Դյուզարազան գյուղ: Այնտեղ Գոգոն ինձ ծանոթացրեց ողջ Քեսաբում լավ հայտնի 82-ամյա ծերունի Ջորջ Լիտյանի հետ, որը հաջողացնում է ամեն օր ստանալ թարմ թերթեր եւ տեղեկատվություն այն բոլոր հարցերով, որոնք հուզում են հայերին: Մեկ ժամ նստեցինք Ջորջ քեռու այգում, եւ նա ինձ պատմեց աշխարհի բոլոր նորությունները: Վերջում արեց մի յուրօրինակ հայտարարությո՞ւն ասեմ, թե՞ կտակ.
Ես ծնվել եմ դաշնակ եւ կմեռնեմ դաշնակ: Այն աշխարհում էլ դաշնակ կլինեմ:
Հ.Գ. Տպագրության նախապատրաստելով ճամփորդական օրագրի էջերը, գրված տասը տարի առաջ, ես այսօր թերթերում կարդում եմ. «Լիբանանում Սիրիայի դեսպանն այցելել է Կիլիկիո Մեծի տանն Կաթողիկոս Արամ Առաջինին նրա նստավայրում, հանձնելով նրան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուղերձը։ Նամակում սիրիական առաջնորդը հավաստիացնում է կաթողիկոսին, որ Քեսաբում խաղաղությունը կվերականգնվի, եւ հայերն անպայման կվերադառնան իրենց տները»։
Դե ինչ, ինչպես ասում են, «գենետիկորեն տրամաբանված է»։ Որդին հորից ժառանգել է գործուն բարեմտություն եւ բարեսրտություն։ Սակայն մի՞թե այս անգամ էլ ամեն ինչ անպատիժ է մնալու։ Մի՞թե նորին մեծություն ՄԱԿ-ին հասկանալի չէ, որ միայն անպատիժ չարիքն է նոր չարիք ծնում։ Որքա՞ն կարելի է։