Հայ-բելգիական հարաբերությունների աշխուժացում
Հայ ժողովրդի պատմության գրեթե բոլոր էտապներում արտագաղթը մեր ճակատագրական ուղեկիցն է եղել: Բելգիայի հայ համայնքն ունի տարիների հարուստ նկարագիր: Պատմական տարբեր ժամանակահատվածներում, տարբեր թոհուբոհների հետեւանքով են հայերը հաստատվել այստեղ: Առաջին հայացքից, շատերի համոզմամբ, Եվրոպան բաց դռներով օրրան է, ուր կարող ես գտնել ապահով, բարեկեցիկ կյանք, սակայն, այդ ամենին հասնելն այնքան էլ դյուրին չէ: Այն նախ պահանջում է տարիների համբերատար սպասում, օտար բարքերի հաղթահարում, իսկ ամենակարեւորըՙ կոսմոպոլիտ հասարակության մեջ ուրույն տեղ գտնելու հնարավորություն:
Մաքառումների ճանապարհներ հատած մեր հայրենակիցներն այսօր արդեն բելգիական հասարակության մեջ զգալի տեղեր են զբաղեցնում:
Դանիել Տիգրանյանի ընտանիքը 80 -ական թվականներին է Թուրքիայից գաղթել Բելգիա: «Թուրքիայում ապրելու համար շատ համարձակություն էր պետք ունենալ: Հայերն այնտեղ ապրել են մշտական ահուսարսափի մեջ, վախեցել են հայերեն խոսել: Հիմա վիճակը գուցե մի քիչ փոխվել է, գուցե ավելի հեշտ է հայերի համար, բայց մինչեւ 80- ականները հայերը սարսափի մեջ են եղել: Ովքեր հնարավորություն են ունեցել, դուրս են եկել երկրից: Ծնողներս ուզում էին, որ հայ մնանք, հայեցի մեծանանք, հայկականը պահպանենք: Մենք այստեղ ենք իմացել ցեղասպանության մասին, մեր ծնողները մեզ խնայել են, վախեցել են այդ մասին խոսել», այսպես մեր զրույցում իր հիշողությունները վերապրեց մեր հայրենակիցը:
Բարձրագույն կրթությունը ստանալով Բելգիայում, մասնագիտացած որպես սրտաբան, սրտանոթային հիվանդությունների գծով, նա այսօր պատասխանատու աթոռ է զբաղեցնում Բրյուսելի սբ. Էլիզաբեթ բժշկական կլինիկայի սրտաբանության բաժանմունքում: Մեր զրույցի ընթացքում, պարոն Տիգրանյանը տեղեկացրեց, որ պարբերաբար մասնակցում է նաեւ հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներին: Վերջերս նա գործնական այցով Հայաստան էր մեկնել եւ ցանկացավ հայաստանյան որոշ հիվանդանոցների վերաբերյալ կիսել իր տպավորությունները:
– Հաճախ ե՞ք լինում Հայաստանում:
– Չորս անգամ եղել եմ Հայաստանում, բայց վերջին անգամ երկու տարի առաջ հայ-բելգիական առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված գործնական այցով էի գնացել: Ցանկանում էի ուսումնասիրել Երեւանի հիվանդանոցների, մասնավորապեսՙ սրտանոթային բաժանմունքներում տիրող իրավիճակը:
– Ինչպիսի՞ն էր տպավորությունը:
– Այցը կարճատեւ էր, ժամանակսՙ սահմանափակ: Հասցրեցի միայն Երեւանի երեք հիվանդանոցներում լինելՙ «Մարաշ», «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանում բժիշկներն ունեն մասնագիտական լավ ուսում, փորձում են կապեր ունենալ արտասահմանյան երկրների հետՙ փորձի փոխանակման եւ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Հնարավորություն ունեցա տեսնելու սրտաբանության, սրտանոթային բաժանմունքների տեխնիկական սարքավորումները, վիրաբուժության վիրահատական սարքավորումները եւ շատ զարմացած եմ: Օրական բավականին վիրահատություններ են կատարվում, բայց սարքավորումները հին են: Բելգիայի համեմատ անցած մոդելի են: Այդպես շատ դժվար է հիվանդին բուժել ինչպես որ հարկն է: Ամեն դեպքում, ես չեմ ուզում քննադատել իրենց աշխատանքը, քանի որ իրենք ա՛յդ սարքավորումներն ունեն եւ անում են հնարավորն ինչ կարողանում են:
– Արդյոք Ձեր այս այցը կունենա՞ որեւէ հետեւանք:
– Միայն իմ անձնական նախաձեռնությամբ շատ բարդ է: Այն ինչ տեսա Հայաստանում, կարծում եմ, որ Հայաստանի երիտասարդ բժիշկները Եվրոպայում վերապատրաստման, փորձի փոխանակման կարիք ունեն: Ես իհարկե խոսում եմ միայն իմՙ սրտանոթային համակարգի բնագավառի վերաբերյալ: Կարծում եմ կարելի է Հայաստանի եւ Բելգիայի հիվանդանոցների միջեւ ստեղծել համագործակցություն: Դա իհարկե առողջապահության նախարարի միջոցով, քանի որ այս ամենը պահանջում է նախ ադմինիստրատիվ եւ ֆինանսական խնդիրների լուծում:
– Տարիներ ի վեր Բելգիան հոգատար օգնություն է ցուցաբերել հատկապես առողջական խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր այս երկրում ապաստան են խնդրել, սակայն վերջին հինգ տարիներին, այստեղից մեծ քանակությամբ հայերի են արտաքսում Հայաստան: Մեր հայրենակիցներն այս ամենի մեղքը բարդում են մեր ղեկավարության վրա, իսկ ավելի ստույգՙ Արա Բաբլոյանի: Նրանցից շատերի խոսքերով հայկական կողմը Բելգիայում հիմնավորել է, թե իբր Հայաստանում կան լավագույն հիվանդանոցներ, բժշկական սարքավորումներ, եւ անվճար բժշկություն:
– Ես չգիտեմ, որ հիվանդանոցն է ղեկավարում Արա Բաբլոյանը , բայց կարծում եմ յուրաքանչյուր խոսք,որ արտահայտվում է, պետք է պահել:
Ես չեմ կարող ասել, որ բաժանմունքների մասին է եղել խոսքը, բայց, ամեն դեպքում, դա չի վերաբերում սրտաբանության, սրտանոթային բաժանմունքներին: Այն, ինչ ես տեսա Հայաստանում, կարծում եմ շատ հիմնարար փոփոխությունների կարիք ունի: Հայաստանի բժիշկները վերապատրաստման կարիք ունեն: Սա միայն իմ տեսակետը չէ: Հայաստանյան բժիշկներն էլ են նույն համոզման: Իհարկե նրանք անում են հնարավորը, բայց դա ամենայն հավանականությամբ բավարար չէ: Օրինակ, այստեղ Բելգիայում, հնարավոր չէ հիվանդին բժշկել լավ պայմաններումՙ բայց սահմանափակ սարքավորումներով:
– Ի՞նչ եք կարծում, հայ-բելգիական համագործակցության շրջանակներում հնարավո՞ր է որեւէ աջակցության ծրագիր իրականացնել:
– Սա առաջին գործնական այցն էր Հայաստանՙ տեսնելու, առավել մոտից տեղեկանալու հայաստանյան հիվանդանոցների խնդիրներին: Հետագայում պետք է նստել սեղանի շուրջ եւ քայլեր մտածել այս ուղղությամբ: Հաջորդ այցը նախատեսված է հունիսին: Այո, հնարավոր է նախաձեռնել որեւէ կոնկրետ ծրագիր,բայց միայն իմ մասնակցությունը բավարար չէ: Այս գործում պետք է ներգրավել դեսպանությանը, բելգիական կառավարությանը, արտգործնախարարությանը:
Տեսնենք ինչպես է հնարավոր աջակցել:
Բելգիա