ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
2014 թվականի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը վախճանվեց Գրիգոր Գուրզադյանը: Վաղ առավոտյան, գտնվելով հանգուցյալի բնակարանում, ես որոշ ժամանակ մնացի մահճակալի մոտ, որի վրա կանգ էր առել մեծ գիտնականի սիրտը: Եվ մտաբերեցի, թե ինչպես մի անգամ Գուրզադյանը մի տեսակ հուզախառը եւ բավական երկար խոսեց հենց իր սրտի մասին: Ես շատ լավ եմ հիշում այդ օրը: 1998 թվականի դեկտեմբերի 18-ն էր: Չեմ պարծենում սուր հիշողությամբ: Պարզապես գիտեմ, որ այդ օրը մենք բոլորովին էլ ոչ շքեղորեն նշում էինք, ինչպես մենք էինք ասում, «Օրիոնյան հոբելյանը»ՙ արտամթնոլորտային «Օրիոն-2» աստղադիտարանով սարքավորված հրթիռի դեպի տիեզերք արձակման քսանհինգամյակը: Գրիգոր Արամովիչն այդ օրն ասաց, թե քառորդ դար առաջ իր սիրտն ուժգին տրոփում էր, այնքան ուժգին, որ թվում էրՙ դուրս է թռչելու կրծքից: Դա երջանիկ տրոփյուն էր: 1973 թվականի դեկտեմբերի 18-ի վաղ առավոտյան Բայկոնուր տիեզերակայանից աշխարհում առաջին անգամ Երկրի ուղեծիր դուրս բերվեց մի տիեզերանավ, որը մտավ համաշխարհային աստղագիտության եւ աստղաֆիզիկայի պատմության մեջ: Դա «Սոյուզ-13» տիեզերանավն էր: Նավի հրամանատարն էր Պյոտր Կլիմուկը, ինժեներ-օպերատորըՙ Վալենտին Լեբեդեւը: «Օրիոն-2»-ի գլխավոր կոնստրուկտորը եւ տիեզերական գիտափորձի գիտական ղեկավարն էր Գրիգոր Գուրզադյանը:
Քսանհինգ տարի անց ես իմացա, թե այդ ինչու էր ակադեմիկոս Գուրզադյանի սիրտը պատրաստ «դուրս թռչելու կրծքավանդակից»: «Օրիոն-2»-ի հաջող գործարկումից երկու տարի առաջ «Սոյուզ-11» տիեզերանավում տեղադրվել էր գուրզադյանական «Օրիոն-1»-ը, որը երկարաժամկետ գործողության տիեզերական աստղադիտարան էր: Ցավոք, այդ թռիչքը ողբերգական ավարտ ունեցավ: Տիեզերանավի անձնակազմըՙ տիեզերագնացներ Դոբրովոլսկին, Վոլկովը եւ Պացաեւը զոհվեցին վայրէջքի ժամանակ: Նշենք, որ օպերատոր եւ էլեկտրոնիկայի մասնագետ Վիկտոր Պացաեւը, ինչպես ինքն էր ասում, սրբազան երազանք ուներՙ տիեզերքից վերադառնալուց հետո տեղափոխվել Հայաստան, որտեղ մտադիր էր ապրել եւ աշխատել Գառնիում, ավելի ճիշտՙ Գառնիի ասղագիտական կենտրոնում:
Այնպես որ, կարելի էր հասկանալ «Օրիոն-2»-ի հեղինակ Գուրզադյանի հոգու եւ սրտի վիճակը այն պահին, երբ տիեզերք էր աձակվում երկրորդ տիեզերանավը, իր վրա կրելով նրա մտքի արգասիքը: Եվ ահա մեծ աստղաֆիզիկոսի, ինժեներ-կոնստրուկտորի, բառիս ուղղակի եւ փոխաբերական իմաստով իսկական արվեստագետի այդ սիրտը կանգ առավ նրա կյանքի 92-րդ տարում:
Երկար ու համառորեն էր պայքարում Գրիգոր Արամովիչը ծանր, եթե չասենք ահավոր հիվանդությունների դեմ: Նա կուրացավ երկու աչքով: Հազիվ էր կարողանում ձայներ ընկալել նույնիսկ լսողական սարքի օգնությամբ: Չէր լսում այն մարդը, որն իր ողջ կյանքում ծարավի էր զրույցների, վեճերի, բանավեճերի, երկխոսություններիՙ աստղերի մասին, Տիեզերքի մասին, Ղարաբաղի մասին, Հայաստանի պատմության եւ ապագայի մասին, քրիստոնեական բարոյականության մասին, պատերազմի եւ խաղաղության մասին, հայ ժողովրդի համար պառակտման վտանգավորության մասին: Չէր տեսնում այն մարդը, ում Մարտիրոս Սարյանը եւ Վիլյամ Սարոյանը անվանում էին լույսի ու գույնի երգիչ, նկատի ունենալով նրա վրձնած անկրկնելի արեւաշունչ կակաչներըՙ կանաչ սարերի լանջերին:
Չորրորդ հարկի մեր բնակարանների դռների միջեւ տարածությունն ընդամենը մեկուկես մետր է: Հաճախ էինք բարձրաձայն երկխոսությունների բռնվում: Մեր հանդիպումների մասին ես շատ եմ գրել: Ես տեսնում էի, թե ինչ անձնազոհություն է ցուցաբերում Գուրզադյանի կինըՙ Մարիաննան, որին քույր եմ անվանում: Երկուսիս հայրերն էլ ստալինյան բռնաճնշումների զոհեր էին: Նա օր ու գիշեր խնամում էր անօգնական ամուսնուն: Ի դեպ, հաճախ էլ ուրախությամբ ծաղրում էր մեր երկխոսությունները:
Դժվար էր տեսնել, թե ինչպես է դեռեւս ոչ շատ վաղուց արագաքայլ, անդադրում, անհանգիստ մարդը հանկարծ օրվա քսանչորս ժամը անցկացնում անշարժության մեջ: Ահա թե ինչ ասաց մի անգամ, չիմանալով, որ ես միշտ գրառումներ եմ կատարում. «Առաջ ես չէի սիրում երկար քնել, քանզի ինձ համար ժամանակից թանկ ոչինչ գոյություն չունի: Իսկ հիմա անընդհատ ուզում եմ քնել, որպեսզի երազում տեսնեմ տաք արեւն ու վառ աստղերը, կարմիր կակաչներն ու կապույտ երկինքը»:
«Օրիոն-2»-ի հաղթարշավից հետո Գուրզադյանն ու իր համախոհները ձեռք զարկեցին մի նոր նախագծի, նոր տիեզերական աստղադիտարանի, այն կոչելով «Քրոմոս»: Գուրզադյանի կարծիքով այդ ծրագիրը պետք է հիմք ծառայեր ստեղծելու յուրօրինակ գիտությունների Հայկական ակադեմիաՙ Տիեզերքում: Գործընկերներից շատերը ժպիտով էին վերաբերվում բուն գաղափարին: Դրանք իմ կողմից շատ հարգված գիտնականներ էին, որոնց հետ, բնականաբար, ես ինձ թույլ չտվեցի վեճի բռնվել: Քանզի ինձ համար, որպես գրողի, չափանիշ էր բուն փաստը. Գրիգոր Գուրզադյանն արդեն ապացուցել է, որ իր գաղափարը գործնականում իրականացվել է եւ փառք բերել Հայաստանին: Չորս աստղադիտակներից եւ սպեկտրոգրաֆներից բաղկացած «Քրոմոս»-ի բախտն այնպես չբերեց, ինչպես «Օրիոն-2»-ինը: Եվ ասեմ անկեղծաբար. խորապես հոգուս դիպավ ոչ թե գործի տեխնիկական կողմը, որից քիչ եմ հասկանում, այլ Գուրզադյանի գրած բառերը, որպես ինչ-որ քնարական, եթե չասենքՙ հայրենասիրական շեղում. «Եթե վաղը Արարատյան դաշտավայրում խփեն նավթի բյուրավոր շատրվաններ, կամ էլ Հայաստանը, ասենք, երկրորդ Ճապոնիա դառնա էլեկտրոնիկայի գծով, ապա բոլորովին էլ չենք զարմացնի աշխարհին: Բայց եթե վաղը բոլոր երկրների բոլոր ռադիոկայանները այդ նույն աշխարհին հայտնեն, թե Երկրի ուղեծիր է դուրս բերվել հայկական արբանյակՙ հայկական «Քրոմոս» աստղադիտարանով, ապա ողջ աշխարհը կցնցվի մեր Հայաստանով»:
Երազո՞ղ: Ռոմանտի՞կ: Իսկ ինչ կա որ: Մի՞թե վատ բան է լինել թե՛ երազող, թե՛ ռոմանտիկ եւ, միաժամանակ, միջազգային հեղինակավոր գիտաժողովի ամբիոնից պաշտոնական հայտարարություն լսել, թե «Թույլ աստղերի սպեկտրալ դասակարգման ապագա են հանդիսանում միայն եւ միայն Գ.Գուրզադյանի «Օրիոն-2» մեթոդը եւ Տիեզերք հանված աստղադիտակների եւ սպեկտրոգրաֆների օգնությամբ այդ մեթոդի լայն կիրառումը»:
Այսօր, երբ արդեն կանգ է առել ականավոր գիտնականի եւ փիլիսոփայի սիրտը (ես հավատում եմ, որ ինչ-որ ժամանակ մեր ժողովուրդը եւ ընդհանրապես ողջ մարդկությունը նորից նախկին սիրով եւ նախկին պատկառանքով կվերադառնա գրքին, որի մեջ կտեսնի աշխարհի փրկությունը եւ այնժամ կիմանա, թե փիլիսոփայական ինչպիսի աշխատություններ ունի Գուրզադյանը), ես ցանկանում եմ եւս մեկ անգամ մեջբերում կատարել մեր երկխոսություններից մեկից. «Ես Գուրզադյանին հիշեցրի, որ շուտով լրանալու է նրա իննսուն տարին: Նա խնդրեց Մարիաննային, որ թեթեւակի հարմարեցնի աջ ականջի անիծյալ, ցավ պատճառող, լսողական սարքը: Ես կրկնեցի խոսքերս հոբելյանի մասին: Նա ոչինչ չասաց: Մտածեցի, թե չի լսել եւ բավական բարձր դիմեցի.
– Ասում եմ, շուտով լրանալու է իննսուն տարիդ: Քո հոբելյանը:
Նա գլուխը տարուբերեց, հասկացնել տալով, որ լսել է ինձ, եւ որ այդ հոբելյանը բոլորովին էլ չի կարող մեր խոսակցության թեմա լինել, եւ մի տեսակ մտահոգ ասաց.
– Ավելի լավ էՙ դու ինձ պատմես, թե այսօր ինչ է կատարվում աշխարհում:
Այստեղ Մարիաննան, նրան ընդհատելով, հայտնեց, թե ամենուր կռվում են, կրակում են, ռմբակոծում են:
– Այսօր ռմբակոծել են Բաղդադը,-ավելացրի ես:
Աստված իմ, ի՜նչ կատարվեց Գրիգորի հետ: Նա երկար լռեց: Հետ գցեց գլուխը, ասես ինչ-որ բան էր կարդում այնտեղ, առաստաղի վրա: Խոր ներշնչելովՙ դանդաղ կռացավ, ջղոտ ափերով ծածկեց դեմքը եւ մատների արանքից բարձր արտաբերեց.
– Ես այնտեղ եմ ծնվել: Բաղդադում:
Այո, Գուրզադյանը ծնվել է այնտեղ, Բաղդադում: Հրաշքով փրկված նրա ապագա ծնողները, չլսված ողբերգություն ապրելով պատմական հայկական Սեբաստիայում, անցել էին Տեր Զորի մղձավանջների միջով եւ օթեւան գտել Իրաքում: Տասնամյակներ անց Գրիգոր Արամովիչի որդինՙ Վահագն Գուրզադյանը Բաղդադում այցելեց 1640 թվականին կառուցված Սուրբ Տիրամոր հայկական եկեղեցին, որի արխիվներում գտավ եզակի փաստաթղթեր, որոնց մեջ էր նաեւ Գուրզադյանների ընտանիքում 1922 թվականի հոկտեմբերի 18-ին Գրիգոր անունով կնքված երեխայի ծննդյան գրառումը: Երկու տարի անց այդ ընտանիքը Հայաստան փախավ (հենց փախավ, այն էլՙ նաեւ Արաքսի վրայով):
– Իսկ ո՞րն է քո ամենասիրելի կետը ողջ Տիեզերքում,-հարցրեցի ես:
– Գառնին,-արագ նետեց նա, ասես պատրաստ էր այդ, թվում է թե, տարօրինակ հարցին:
– Ողջ Տիեզերքում միայն Գառնի՞ն,-հարցրեցի ես:
– Ըստ էության, «Օրիոն-1»-ը եւ «Օրիոն-2»-ը մեկնարկել են ոչ թե Բայկոնուր տիեզերակայանից, այլՙ պատմական Գառնիից: Տիեզերք թռան իմ…որսորդները:
– Ինչո՞ւ որսորդները:
– Նրա համար, որ Օրիոնը որսորդ-հսկա էր, եւ աստվածների հայր Զեւսը նրան վերածեց ամենագեղեցիկ հասարակածային համաստեղությանՙ առաջին մեծության երկու վառ աստղերով եւ երկրորդ մեծության եւս երեք աստղերով: Դե, իսկ մեր «Օրիոնները», Գառնիից թռչելով Տիեզերք, վերադարձան Երկիր եւ Գառնի բերեցին աստղային հարուստ որս:
Ահա թե ինչ է գրել այդ մասին մեծ աստղագետ, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկըՙ Վիկտոր Համազասպի Համբարձումյանը. «Գիտափորձի ղեկավարը եւ «Օրիոն-2»-ի բոլոր հիմնական սարքերի գլխավոր կոնստրուկտորն է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Գրիգոր Գուրզադյանը: Նա նույնպիսի համառությամբ Գառնիում իրագործեց տիեզերքից ստացված լուսանկարների մշակումը: «Օրիոն-2»-ը տվեց ոչ միայն չափազանց հետաքրքրական արդյունքներ գիտության եւ գիտական սարքաշինության համար, այլեւ մեր առջեւ դրեց բոլորովին նոր խնդիրներ, որոնց լուծման համար պահանջվում են նոր «Օրիոններ»»:
Ես այս տեքստը նրա համար բարձր ընթերցեցի Մարիաննայի ներկայությամբ: Գրիգոր Արամովիչը, ցավից կնճռոտվելով, ականջից դուրս քաշեց լսողական սարքի ծայրը եւ ասաց. «Այդ ամենը ճիշտ է: Սակայն ես մենակ չէի: Ինձ հետ էին եւ՛ Կոռոլյովը, եւ՛ տիեզերագնացները, եւ՛ հայ գիտնականները, եւ՛ հայկական գիտությունը եւ, իհարկե, ողջ Հայաստանը»:
Երկնային արքայություն քեզ, թանկագին որսորդ աստեղաց…