Գաղտնիք չէ, որ պաշտոնական Ադրբեջանն ու Թորքիան երբեք էլ զուսպ չեն եղել իրենց արտահայտություններում եւ անթաքույց, առանց որեւէ հիմնավորման, բազմիցս են հայտարարել, թե իրենց առաջին թշնամին սփյուռքում ապրող հայերն են:
Պաշտոնական թվերով երեսուն հազար հայ է ապրում Բելգիայում, իսկ թուրքերի թվաքանակն արդեն վաղուց հատել է երկու հարյուր հազարը:
Հայերի համեմատ թուրքերն ավելի ուշ են հաստատվել Բելգիայում, չնայած դրան, այսօր բելգիական բարձրակարգ ատյաններում որոշիչ պաշտոններ են զբաղեցնում: Սա ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ թուրքերի խորամիտ քաղաքականությամբ: Այսինքն, եթե թուրք իշխանավորները պաշտոնական մակարդակով որեւէ այց են իրականացնում Բելգիա, ապա առիթը բաց չեն թողնում խոնարհաբար շնորհակալություն հայտնելու բելգիական կառավարությանն այստեղ ապրող թուրքերի նկատմամբ բարեհամբույր վերաբերմունքի եւ ինտեգրման աշխատանքներ տանելու համար: Իսկ սրան հակառակ, Հայաստանի պաշտոնյաները Եվրոպայի հետ համաձայնությամբ օրեցօր հայերին արտահանձնելու մեխանիզմներ են մոգոնում: Եվ այսպես, տարեցտարի Եվրոպայում թուրքերն աճում, բազմանում եւ քաղաքական աթոռներ են զբաղեցնում:
Ամուր եւ միասնական սփյուռք ունենալն ինչ խոսք կարեւոր է: Եվ առանց երկմտելու, միանշանակ կարող ենք ասել, որ սփյուռքը Հայաստանի անփոխարինելի նեցուկն է, որը բազմաթիվ բարեգործական աշխատանքներին զուգահեռ, միջազգային ատյաններում Հայաստանի ճանաչողական գործում զգալի ազդեցություն ունի:
Բելգիայում հայերս թերեւս քաղաքական աթոռներ չունենք, բայց ունենք աշխույժ համայնք, որը որոշակի ծրագրեր է իրականացնում:
Բրյուսելում հանդիպեցինք Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եվրոպական տնօրեն Նիկոլաս Դավիթյանին :
Մեր զրույցում պրն Դավիթյանը տեղեկացրեց, որ ներկայումս «Հրանտ Դինք» հիմնադրամի հետ իրականացվում է հայկական ժառանգության պահպանման ծրագիր: Այս ուղղությամբ Եվրոպառլամենտում կազմակերպվել է նաեւ համաժողով: Սա կարեւոր է այնքանով, որ Եվրոպան տեղեկանա եւ հասկանա, որ իրականում ոչ թե տեղի են ունեցել հայ-թուրքական տեղական ջարդեր առանց հետեւանքների, այլ ոչնչացվել է մի ամբողջ քաղաքակրթություն, որն ունի հետեւանքներ: Թուրքական տարածքում եղել են եւ դեռ կան հայերին պատկանող ճարտարապետական կոթողներ, եկեղեցիներ, հուշարձաններ: Կան հազարավոր նկարների հավաքածուներ, որ փաստում են դրանց իսկությունը: Հիմա աշխատանքներ են տարվում այդ նկարները թվայնացնելու, website ստեղծելու եւ համայն հանրությանը իրազեկելու ուղղությամբ:
Այս ծրագիրը չի վերաբերում միայն Թուրքիայի տարածքում գտնվող հայկական ժառանգությանը, այլ նաեւ Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ եվրոպական այլ երկրներում գտնվող հայկական ժառանգությանը:
Կան շատ թուրքեր, որոնք հայկական արմատներ ունեն, ժառանգության ծրագրին համընթաց, աշխատանքներ են արվում հնարավորինս հայտնաբերելու այդ անձանց:
ՀԲԸՄ-ն համագործակցում է թուրքական «Դյուրդե» հասարակական կազմակերպության հետ, որը Թուրքիայում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ պայքարում է: Ի դեպ, կազմակերպության ակտիվիստներ Լեւենթ Սենսեւերը եւ Չենկիզ Ալկանսը դեկտեմբերին Բրյուսելում էին եւ հայ մշակութային կենտրոնում մասնակցեցին հայկական ճաշկերույթին, որի ընթացքում խաղարկվեց նաեւ Հայաստան ճամփորդություն: Ուղեգիրը շահեց Շվեյցարիայի ՀԲԸՄ հիմնադիր Վահե Գաբրաշը, սակայն նվիրեց թուրք ակտիվիստներին:
Արդեն մեկ տարի ՀԲԸՄ-ը համագործակցում է նաեւ «Էգամ» եվրոպական հակառասիստական կազմակերպության հետ: Ըստ Նիկոլաս Դավիթյանիՙ կազմակերպության դերն առաջնային է այնքանով, որ Թուրքիայում, ցեղասպանության ճանաչման աշխատանքներ տանելուն զուգահեռ, փորձում են Եվրոպային հասկացնել, որ ցեղասպանությունը ոչ միայն հայ-թուրքական, այլեւ համաեվրոպական հարց է: Այստեղ միայն հայերի եւ թուրքերի համաձայնության գալը չէ, այլ պետք է աշխատել ընդհանրապես ռասիզմի դեմ:
Արժեւորելով ՀԲԸՄ-ի մարդասիրական դերը, պրն Դավիթյանն ընդգծեց, որ «Գորիզ» ծրագրի շրջանակներում օգնում են 25-35 տարեկան երիտասարդ առաջնորդներին, որ եվրոպական տարբեր համայնքներում ակտիվ, հայանվեր գործունեություն ծավալեն:
Կարեւորելով հայերի ինտեգրումը եվրոպական հասարակության մեջ, մեր հայրենակիցը նշեց, որ աջակցում են նաեւ եվրոպայում ապրող հայ ուսանողներին, երաժիշտներին, գիտնականներին եւ այլ տաղանդավոր երիտասարդներինՙ սովորել, փորձի փոխանակում ունենալ Հայաստանում:
Անդրադառնալով ԵՄ համաձայնագրի ձախողմանըՙ Նիկոլաս Դավիթյանն ընդգծեց, որ ՀԲԸՄ-ը պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում, բայց իր անձնական կարծիքով Հայաստանն օրենքի երկիր դառնալու կարիք ունի: Եվրոպան ավելի օրինական է: Եթե Հայաստանը գար ԵՄ, ապա օրենքներն ավելի կգործեին, իսկ Ռուսաստանն անվստահելի է: