Թուրքիայում երկու նախարար հրաժարական է տվել այն կապակցությամբ, որ իրենց որդիները օրերս ձերբակալվել էին կաշառակերության գործով: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Սկզբում հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, մի քանի րոպե անցՙ ներքգործնախարար Մուամմեր Գյուլերը: «Ես թողնում եմ պաշտոնս, որպեսզի հնարավորություն տամ լույս սփռելու մեր կառավարության դեմ սկսված անարգ գործողության վրա», ասել է Չաղլայանը:
Հայտարարությունն արվել է արտերկրից վարչապետ Էրդողանի վերադարձից մի քանի ժամ առաջ: Սպասվում է, որ վարչապետը փոփոխություններ կկատարի կառավարության կազմում:
Չաղլայանի եւ Գյուլերի որդիները բարձր մակարդակով կոռուպցիայի մեջ մեղադրվող 24 անձանց ցանկում են: Քննիչների տեսադաշտում էր հայտնվել նաեւ բնապահպանության եւ քաղաքային պլանավորման նախարար Էրդողան Բայրաքդարի որդին, բայց երկարատեւ հարցաքննությունից հետո նրան հաջողվել է խուսափել ձերբակալությունից:
Բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ոստիկանության ձեռնարկած հակակոռուպցիոն արշավը զայրացրել է Էրդողանին, որը դրա կազմակերպիչներին անվանել է «լրտեսներ» եւ «դավաճաններ»: Ձերբակալություններին ի պատասխանՙ իշխանությունները հեռացրել են մի շարք բարձրաստիճան ոստիկանների: Պաշտոնանկ են արվել իրավապահ մարմինների 70 ղեկավար աշխատակիցներ: