Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով: Պատվիրակության կազմում եմ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի եւ ԱՄՆ պաշտպանության եւ անվտանգության համագործակցության գործակալության պաշտոնյաները:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը, որն իրականացվում է հիմնականում երկու` ՀՀ միջազգային անվտանգության ապահովման եւ խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացման եւ պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնագիտական խորհրդատվական աջակցություն տրամադրման ուղղություններով:
ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում եւ վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթության եւ անհատական ու ստորաբաժանման կազմով վարժանքների` վերջերս ընդլայնված հնարավորությունները մեծ դեր են խաղում ՀՀ ԶՈՒ անձնակազմի պատրաստության գործում, սակայն անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում խաղաղապահ վարժական կարողությունների ստեղծման ուղղությամբ:
Դոկտոր Ֆարկասը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջազգային անվտանգության ապահովման գործողություններում մեծ ներդրման համար, նշեց որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 19-ին, որի ընթացքում կամփոփվեն համագործակցության նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները եւ կհաստատվեն հետագա համագործակցության հեռանկարները