Լրագրողների ընտրության հնարավորությունը խիստ սահմանափակվել է
Ինչպես խոստացել էինք, այսօր անդրադառնում ենք Հայաստանի լավագույն մարզիկի ընտրության ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մշակած կարգին: Նախ նշենք, որ այդ կարգը քննարկվել էր մարզական լրագրողների ֆեդերացիայում եւ հավանության չէր արժանացել: Ուստի ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ մարզական լրագրողների ֆեդերացիան ներկայացրել էր թեկնածուների ցանկըՙ ելնելով մրցաշրջան-2013-ում մարզիկների նվաճումներից: Թեկնածուների ցանկում բացակայում էին ֆուտբոլիստները, ինչն էլ հարուցել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վրդովմունքը: Նա հանդիպել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Այդ հանդիպման արդյունքում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ մշակել էր մարզական արդյունքների գնահատման չափորոշիչները: Ըստ դրա, օլիմպիական խաղերի չեմպիոնը ստանում էր 10 միավոր, 2-րդ եւ 3-րդ տեղեր զբաղեցնողներըՙ համապատասխանաբարՙ 8 եւ 7 միավոր: Աշխարհի մեծահասակների առաջնության մրցանակակիրների միավորներն են 7,5 եւ 4, Եվրոպայի մեծահասակների առաջնությանըՙ 4, 3 եւ 2: Համաշխարհային ուսանողական խաղերում, աշխարհի երիտասարդական առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկները ստանում են 2,1 եւ 1 միավոր, իսկ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնըՙ 1 միավոր: Ընդհանուր առմամբ միավորների այս ցանկը կարելի է նորմալ համարել: Իսկ ահա զարմանք է պատճառում այն, որ խաղային մարզաձեւերի ներկայացուցիչներին անկախ ունեցած հաջողություններից (որոնք այս տարի բացակայում են) տրվել է 4 միավոր: Ընդ որում լրագրողներն առավելագույնը կարող են 2 մարզիկի նշել տասնյակում խաղային մարզաձեւերից:
Յուրաքանչյուր մարզաձեւի ֆեդերացիա պետք է նախարարություն ներկայացներ առավելագույնը 5 մարզիկի թեկնածություն: ՀՖՖ-ի հնգյակն այսպիսին է. Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիս, Ռոման Բերեզովսկի, Կառլեն Մկրտչյան: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 57 մարզիկի թեկնածություն, որոնք ներկայացնում են 18 մարզաձեւ:
Ամենազավեշտալին այն է, որ լրագրողները ներկայացված ցանկից ազատ ընտրության հնարավորություն չունեն, քանի որ տասնյակի տարբերակը կազմելիս պետք է խստորեն առաջնորդվեն մարզական արդյունքների գնահատման չափորոշիչներով, այսինքն թվաբանական պարզ հաշվարկի միջոցով ընտրեն առավելագույն միավորներ վաստակած 10 մարզիկներին: Հակառակ դեպքում քվեաթերթիկն անվավեր կհամարվի եւ քվեարկությանը չի մասնակցի: Լրագրողին միայն իրավունք է վերապահվում հավասար միավորների դեպքում մարզիկներին տասնյակում տեղաբաշխել ըստ իրենց հայեցողության: Մյուս ազատությունն էլ այն է, որ խաղային մարզաձեւից լրագրողը կարող է ընտրել ոչ թե 2, այլ 1 մարզիկի: Սակայն քանի որ խաղային մարզաձեւի ներկայացուցչին տրվել է 4 միավոր, որին արժանանում է նաեւ Եվրոպայի չեմպիոն հռչակված մարզիկը, ապա ֆուտբոլիստները կամ այլ խաղային մարզաձեւի մարզիկներն անպայման ընդգրկվելու են լավագույն տասնյակում:
Լրագրողներին թվաբանական հաշվարկներ պարտադրելու փոխարեն նախարարության աշխատանքային խումբն ինքը կարող էր դրանք կատարել ու հրապարակել տարվա լավագույն մարզիկների տասնյակը: Դա այնքան էլ աշխատատար գործ չէ: Ահա թե ինչպիսին կլիներ տասնյակն ըստ միավորների հաշվարկի:
1. Դավիթ Սաֆարյան | 7 |
2. Աշոտ Դանիելյան | 7 |
3. Արթուր Ալեքսանյան | 5 |
4. Մավրիկ Նասիբյան | 4 |
5. Տիգրան Կիրակոսյան | 4 |
6. Արսեն Ջուլֆալակյան | 4 |
7. Ռոման Ամոյան | 4 |
8. Հենրիխ Մխիթարյան | 4 |
9. Յուրա Մովսիսյան | 4 |
10. Սոսե Բալասանյան | 4 |
Իհարկե, յուրաքանչյուր լրագրողի տարբերակում 4-10-րդ տեղերի մարզիկների հերթականությունը կարող է տարբեր լինել: Իսկ եթե մեկ ֆուտբոլիստ ընդգրկվի տասնյակում, ապա այն կեզրափակի 3 միավոր ունեցող Մուսա Մուրթազալիեւը: