Դեկտեմբերի 13-15-ը անգլիական Մանչեսթր թաղաքում կանցկացվի թաեքվոնդոյի Գրան պրիի խաղարկությունը, որին անհատապես հրավիրվում են մասնակցելու միայն իրենց քաշային կարգերում բարձր վարկանիշ ունեցող մարզիկները: Ստուգատեսի մասնակից 250 ուժեղագույն թաեքվոնդոյիստների թվում կլինի նաեւ հայկական թաեքվոնդոյի առաջատար, Լոնդոնի օլիմպիական խաղերում 5-րդ տեղը գրաված Արման Երեմյանը: Մինչեւ 80 կգ քաշային մարզիկն իր մարզիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, ՀԱՕԿ-ի աջակցությամբ մասնակցել է Իրանում, Ֆրանսիայում եւ Մեքսիկայում կազմակերպված ուսումնամարզական հավաքներինՙ փորձամրցումներ անցկացնելով մի շարք ուժեղագույն թաեքվոնդոյիստների հետ:
Արման Երեմյանը ներկայումս իր քաշային կարգում վարկանիշային աղյուսակում 16-րդն տեղն է զբաղեցնում: Հիշեցնենք, որ լավագույն 6 վարկանիշ ունեցողները մեխանիկորեն օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում:
Մանչեսթրում կայանալիք մրցաշարը նաեւ վարկանիշային է, ուստի այն շատ կարեւոր է Երեմյանի համար: Հայ մարզիկն իր առջեւ խնդիր է դրել հաջող մրցելույթների շնորհիվ տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում: Այս տարվա հուլիսին նա շատ հաջող հանդես եկավ Մեքսիկայի Պուեբլո քաղաքում ընթացած աշխարհի առաջնությունում, որտեղ շատ մոտ էր 2016-ի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն:
Հիշեցնենք, որ Արմանը 2008-ի Եվրոպայի չեմպիոնն է, Ունիվերսիադայի եռակի բրոնզե մեդալակիր (2005, 2007, 2009-ին):