Երեկ Հայկական պետական մանկավարժական համալսարանում «Տեմպուսի»` «Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական աշխատաժողով-կոնֆերանսը:
Ներկաներին ողջունեցին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու կրթության որակի եւ հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը :
Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ աշխատաժողովը ոչ միայն հնարավորություն է տալիս ի մի բերել մեկ տարվա ընթացքում արված աշխատանքները, այլեւ պլանավորել հետագա անելիքները:
«Տեմպուս» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան համակարծիք է` հանդիպումների շնորհիվ ոլորտի մասնագետները ծանոթանում են բարձրագույն կրթության համակարգի եւ ՏՏ ոլորտի նորույթներին ու հիմնական միտումներին:
«Տեմպուս» ծրագրի գրասենյակի ղեկավարը ցավով նշեց` շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, Բոլոնյան գործընթացը կրում է ֆորմալ բնույթ. ծրագրի մասնակցությունը գուցե լուծի նաեւ այդ խնդիրը եւ բովանդակային փոփոխություններ կատարի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսումնական գործընթացներում:
Հետազոտությունների եւ նախաձեռնությունների եվրոպական կենտրոնի ներկայացուցիչ Լուիզա Արդիզոնեն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Տեմպուսի` «Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի մեկ տարվա աշխատանքը:
Նա ներկայացրեց Հետազոտությունների եւ նախաձեռնությունների եվրոպական կենտրոնի իրականացրած մոնիթորինգի արդյունքները` մանրամասնելով այս ընթացքում արված աշխատանքները:
Բաֆ Սպա համալսարանի ներկայացուցիչ Փոլ Հայլանդը , խոսելով ծրագրի մասին, կարեւորեց վերջնարդյունքների եւ հետագա գործողությունների հստակեցումը: Նա ակնկալեց մասնակիցների ակտիվությունն ու ծրագրում առավել մեծ թվով մարդկանց ներգրավումը:
Աշխատաժողով-կոնֆերանսի երկրորդ մասում ծրագրի մասնակից-գործընկերները` Մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Վանաձորի պետական մանկավարժական, Գորիսի պետական համալսարանների, Վրաստանի Իլիայի պետական, Սեւծովյան միջազգային, Շոթա Ռուստավելու անվան եւ Ակակի Ծերեթելու պետական համալսարանների ներկայացուցիչները, հանդես եկան աշխատանքային առաջին փաթեթի հաշվետվությամբ:
Հեռանկարային ծրագրերի մշակման եւ մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գեւորգյանը ներկայացրեց «Տեպմուսի» ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում բուհում ներդրված «Կրթության կառավարում» մասնագիտության ուսումնական ծրագրերը, մշակված դասընթացները, ուսանողներին մատուցված աշխատանքային փաթեթը, մանրամասնեց հետագա 2 տարիների գործողությունների պլանն ու ռազմավարությունը:
Ռիտա Գեւորգյանը դրական գնահատեց ծրագրի արդյունքները` նկատի ունենալով նաեւ եվրոպացի գործընկերների կարծիքները:
Ծրագրի աշխատանքները կշարունակվեն նաեւ այսօր. կքննարկվեն ուսանողների շարժունակության խնդիրները:
Հիշեցնենք, որ «Տեմպուսի»` «Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի նպատակն է մշակել կրթական ծրագիր` հիմնված ուսումնական վերջնարդյունքների վրա, ուսումնական վերջնարդյունքներով պայմանավորված համապատասխան գնահատման համակարգ, դասավանդման եւ ուսուցառման մեթոդաբանություն:
Ծրագրի տեւողությունը 36 ամիս է. ավարտը նախատեսված է 2015 թվականի հոկտեմբերի14-ին:
Դրամաշնորհային ծրագիրը շահած Հայկական պետական մանկավարժական համալսարանը համակարգում է աշխատանքների ընթացքը: