ԱՆԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու
(Խոհ Հրաչյա Թամրազյանի «Սրբազան խավար» ժողովածուի լույս ընծայման առթիվ)
Հրաչյա Թամրազյանիՙ «Սրբազան խավար» խորագրով ժողովածուն բանաստեղծի խոհական, ինտելեկտուալ պոեզիայի բովանդակային ու տաղաչափական համակարգի բյուրեղացումն է: «Եռակերպություն», «Վկայություններ», «Հյուսվածքներ», «Երկու բառ…», «Զուգաշխարհներ», «Աստղաքաղ», «Մերձեցման փորձեր» շարքերի ներքին կառույցում 21-րդ դարի փիլիսոփա բանաստեղծը բացահայտում է տիեզերքիՙ «իբրեւ սրբազան խավարի» ընկալելու աստվածաշնչյան խոհը:
Ժողովածուն ունի մեկնարկային սկիզբ ՙ «Սրբազան խավար» վերնագրով ասքը, որտեղ Թամրազյանը նախՙ հռետորական հարցադրմամբ հստակեցնում է բանաստեղծական ժողովածուի նյութ-բովանդակությունը.
Ինչպե՞ս օտարվող այս տիեզերքը
Ընկալել, իբրեւ «սրբազան խավար»,
ապաՙ հաջորդում է բանաստեղծական ես-ի հոգեկցական տարանջատումը իրական աշխարհից.Երբ նրա զարկը անհաղորդ է քեզ Եվ իր պատկերըՙ աղոտ, անավարտ:
Իրականության խզման տիրույթում Թամրազյանը վերամարմնավորում է իր բանաստեղծական աշխարհըՙ Միջնաշխարհը, որը «ներաշխարհի ու արտաքին աշխարհի հպման, գոյավորման, խաչասերման մի տարածություն է, որի տատանվող եզրագծերով հոգին շոշափում է էությունների աղոտ աշխարհը եւ սնում նրանցով իր տարածական խորքերը: Դա այն վայրն է, ուր ներքին եւ արտաքին աշխարհները հանդիպում են իրար, ներքին պատկերըՙ արտապատկերին, գրողը իր երեւակայական ընթերցողին, հիշողությունը իր երազանքին»:
Միջնաշխարհում իրերն ու երեւույթները, առարկաներն ու անձերը առաջանում-փոխվում-փլուզվում են Բառի խորքային ճյուղավորումների ու ծավալումների շնորհիվ, եւ այդ շրջապտույտի մեջ էլ հեղինակը արարում է Գոյի լինելության ընթացքը, որը չունի սկիզբ ու ավարտ.
Մենք չե՛նք արթնանում ու քուն չե՛նք մտնում,
Չենք ծնվում, ավաղ, ու չենք մահանում,
Ուրիշ մի կյանքի եզերքն է փնտրում
Բյուր սերունդների շղթան անանուն:
Բանաստեղծի վերացարկված, երեւութական աշխարհում Բառերը մարդեղացված են, այսպեսՙ Բառը ձայն ունի ու տեսողություն / Ու թղթի վրա դողացող ձեռքեր, / Եվ իբրեւ խռովք, իբրեւ թողությունՙ / Նրա քայլերը մոտենում են քեզ: Զգում ենք Բառի սրտի բաբախյունըՙ Բառեր ու տողեր, օրեր ու թվեր / Որ նրանց խորքում սիրտն է բաբախում : Ավելինՙ մենք շոշափելի տեսանելիությամբ ականատես ենք դառնում Բառի աստիճանակարգային զարգացմանըՙ նշանագիր-հնչյուն-բառ-խոսք հերթագայությամբ.
Նշանագրեր, այլ ոչ թե բառերՙ
Փռված սպիտակ թղթի երեսին,
Մի քիչ հմտություն ու մի քիչ արվեստ
Ու ճանաչում եմ քիչ առ քիչ ես ինձ: /«Ձեռագիր»/
Թամրազյանական բառերը մեծ առաքելություն ունեն. նրանքՙ որպես նշանագրեր, շոշափում են բանաստեղծի հոգեկան աշխարհըՙ տխրությունը, կարոտը, վախը, հիշողությունը, երազը, տեսիլը, իրար կապում երեւութական ու իրական աշխարհները եւ վերջնամասում վերածվում Խոսքի: Միջնաշխարհի իրականությունը կերտում են Բառերը, որոնք իրական կյանքը փոխակերպում են զգայական հիշողության եւ կորցրած ժամանակի որոնման, իսկ զգայական հիշողությունըՙ համընդհանուր հիշողության (Ու ես վաղուց եմ այսպես թափառում / Անհայտ վայրերով, անհայտ տեղերով, / Հիշողության մեջ այս համընդհանուր / Անուն առ անուն կյանքն անթեղելով) : /«Իմ եւ իմ միջեւ»/
Միջնաշխարհյան տարածականության մեջ բանաստեղծը Բառին նաեւ «իշխանություն» է շնորհում.
Որ տիրույթներում անկախ, ինքնակա
Տիրակալ դառնա բառը առինքնող…
/«Եռյակ դաշինք»/՚
Բառը գոյավորում է բանաստեղծի Ներքին մարդուն, նա տիրակալն է Միջնաշխարհի, երկկողմ դաշնություն է կնքել արյան ու դարի հետ, Բառն է զգում երեւութական աշխարհի գեղեցկությունները, շոշափում բանաստեղծի գերզգայուն հոգին – «Բառը հոգու գերագույն նշանն է» (կամՙ Ու ըմբռնում եսՙ բառն է նախնական / Այս կյանքի հենքը նախախնամում) բանաձեւում է բանաստեղծը:
Մեքսիկացի գրող, մշակութաբան Օկտավիո Պասիՙ պոեզիայի մասին ձեւակերպումները բնութագրական են հենց թամրազյանական աշխարհին. «Բառերը, հնչյունները, ներկերն ու այլ նյութերը վերափոխվում են, հենց որ մտնում են պոեզիայի շրջանակ: Չդադարելով լինել նշանակությունների կրողներ եւ հաղորդակցման միջոցներ, դրանք վերածվում են «այլ բանի»: Սակայն այդ վերածումն, ի տարբերություն այն բանի, ինչ տեղի է ունենում տեխնիկայի հետ, դավաճանություն չէ քո բնույթին, այլ վերադարձն է` առ այն: Լինել «այլ բան»` նշանակում է` լինել «հենց այն բանը», այն, որ իրական է եւ ի սկզբանե էություն»:
Հարց է ծագում. իրական աշխարհի տեսլականը բառերին հանձնած պոետ-քաղաքացին իր հոգեւոր թաղանթում ինչպե՞ս է ապրում, հարաբերվում, վերարժեւորում մարդկային արժեքները ու ի՞նչ խոհ-պատգամ է հղում ընթերցողին:
Թամրազյանի խոհաշխարհում քնարական հերոսը հանդես է գալիս ներքին շունչ (ուրվական) – ներքին մարդ – բանաստեղծ եռակերպությամբ:
Ներքին մարդու մենախոսությունը զգայական խոհ էՙ «Մենք դուրս ենք դրել մեզՙ մեր իսկ կյանքից» փիլիսոփայական բանաձեւումով: Տարածաժամանակային ծիրում բանաստեղծը հստակ տեղակայում է ներքին մարդուն.
Ու մենախոսել միշտ խզման եզրին,
Երբ քո ներսում է կյանքը փլուզվել:
Ներքին ես-ի հոգեկան փլուզումների ու երկատվածության կշռույթով էլ Թամրազյանը վերարժեւորում է իր ա/ անցյալըՙ Այս է քեզ տրվածՙ մի նոր անձկությամբ / Դու քո անցյալը պիտի երազես, կամՙ Մենք վերապրում ենք անցյալներնՙ իբրեւ / Ժամանակների պատռված փառեր, բ/ հոգեկան աշխարհի ներքին հոսքերըՙ կարոտըՙ Ակնաքարեր են բյուր աչքերն այդ ջերմ / Ու կարոտներ միշտ անկարելի, վախը` Ես սարսափում եմ իմ իսկ սարսափից / քայլում եմ իմ իմ մեջՙ միշտ խարխափելով / սեփական մահն իմ հաղթահարելով / Խեղդելով իմ մեջ սեփական վախն իմ…, տխրությունըՙ Ու շոշափում ես քո տխրությունը / Մոմե վարդի պես մերկ ու գեղեցիկ, գ/ ներքին ես-ի օտարվածությունըՙ Դժվար է ապրել, դժվար է անգամ / Շնչել, երբ շուրջը մաղձ է ու թույն / Ու կաղապարել խոսքով ապագան / Ու մրուր դառնալ օրվա լուծույթում, դ/ հոգու եւ մարմնի երկվությունըՙ Դու երկատվել ես, ու արյան նման / Ներծծվել է քեզ կյանքը եռակի, ե/ սերըՙ Քեզնից եմ առնում շունչն իմ հարակա / ու մենք ապրում ենք «համաշնչապես» :
Այսպիսովՙ Թամրազյանի հոգեւոր միջուկում մարդեղացած բառերը շոշափում են գրողի գերզգայուն հոգին, զգում նրա երեւութական աշխարհի գեղեցկությունները եւ այդ հոգեւոր թաղանթից արարում մի աշխարհ, որտեղ ապրումը փոխակերպվում է ներապրումի, ժամանակըՙ ներքին ժամանակի, մարդըՙ ներքին մարդու, տիեզերքըՙ ներտիեզերքի, բանաստեղծությունըՙ հոգետան, բանաստեղծական աշխարհըՙ հոգենյութի, որի միջոցով էլ բանաստեղծը իմաստավորում է խավարից լույս տանող մեծ Լինելության խորհուրդը:
«Վերացարկումը պիտի համարժեք հիմք ունենա հենց Միջնաշխարհում, երազների եւ իրականության սահմանաշերտին, որ քուն թե հարթմնի, դեռ անապակ, դեռ նոր մարմնավորվող ու թաղանթավորվող զգացմունքների մեջ է թաթախված…»,- բանաստեղծի այս միտքը տարրալուծվում, իմաստավորվում է նրա պոեզիայում: Տեղի է ունենում Կյանքի վերաբնակեցում սեփական հոգեաշխարհումՙ Մեր մեջ է կյանքը մեր բնակալում, / Եվ ճյուղավորվում, եւ շյուղ է տալիս, / Եվ հուն է բացվում մեր արյան առուն, / Կիրքը դառնում է կենսական ավիշ, Կամՙ Մեր շուրջն է հավերժ կյանքը պտտվում, / Ու մենք կարող պոկվել մեզանից , Կամՙ
Քո միջով է կյանքը հոսում
Անրջում են երազ ու նինջ:
Սեփական ես-ով աշխարհը ճանաչելու թամրազյանական պոետականությունը առնչակցվում է ամերիկացի գրող Ու. Ուիթմենի հոգեզննության պատկերի հետ.
Քաղաքը քնած է, եւ գյուղերը քնած են,
Բոլոր ապրողները քնած են,
Նրանք բոլորը ներհոսել են իմ մեջ
եւ ես ներհոսում եմ նրանց մեջ,
Նրանք բոլորը ես եմ:
(«Խոտի տերեւներ»)
Իրական կյանքի սահմանը հատելովՙ բանաստեղծը վերսլացումով կերտում է մի անգո-անիրական աշխարհ, որի մեջ հեղինակը վերապրում է կարոտի սուր բռնկումներ, հոգեկան փլուզումներ ու երկատվածություն, հասու դառնում ներքին իրերի ներդաշնակ շարժմանը.
Ե՛ս եմ այս կյանքը երեւակայել,
Խոր քնի մեջ է կարոտն այդ զարթնում,
Ու նրա համար չկան սահմաններ,
Նա ավելի է իրական, քան դու…
(«Հոգենյութ»)
Թամրազյանական պոեզիային ներդաշն է նաեւ աշխարհի այս կերպընկալումըՙ Որ խրվել է այս աշխարհը իրեղեն / Անիրական երազի մեջ մի պատիր: («Երգեհոն») :
Կյանքի եւ Մահվան նորՙ թամրազյանական յուրօրինակ ընկալումները արդի հայ պոեզիայի նվաճումներն են: Կյանք-մահ հարափոփոխության մեջ բանաստեղծն ունի իր հստակ ձեւաչափումները. մարդու ներսում են կատարվում բոլոր փոփոխությունները. սերմը փոխանցվում է սերնդեսերունդՙ Մենք մահանում ենք, սակայն չենք մեռնում / Մենք ծիլ ենք տալիս նորից ու նորից : Այս փիլիսոփայական խոհը ծավալում ու խտացնում է իր արժույթը ժողովածուն մեկնարկող ու ավարտին հասցնող «Սրբազան խավար» բանաստեղծության մեջ.
Ու անրջում ենք ասես երազում,
Ասես քնի մեջ զրուցում երկար
Զգում ենք ասեսՙ մահ չկա կյանքում,
Այլ անմեռ բնազդ, ապրելու հրճվանք,
Տենչում ես ապրել կյանքում այդ թաքուն,
Թեկուզ խավարի գիրկը մխրճված:
Բանաստեղծի ներքին մարդու հուսալքության ու մենակության զգացումները խորհդանշողՙ «կույր քաղաք», «մեռած աչքեր», «կույր իղձեր», «ամայացած հայացք», «օդեղեն կամուրջ», «կույր ժամանակ», «կույր անգիտություն» բառ-պատկերները կազմաքանդվում-նորանում են, երբ հեղինակը ցուցանում է իր հոգուՙ խավարից լույս տանող ճանապարհըՙ Մի՛ քիչ ջերմություն, եւ ուրիշ ոչինչ /Էլ ոչինչ պետք չի ապրելու համար… («Կարոտ»), Կամՙ
Բայց ես տենչում եմ երկար անձրեւներ
Ինձ իջնեն այնքան, որ անձրեւանամ,
Որ ինքս իջնեմ ձեզ իբրեւ անձրեւ,
Որ ձեր սրտերում… մի քիչ ջերմանամ…
(«Անձրեւի մարդը»)
Թամրազյանական աշխարհում ընթերցողը ներշնչվում-հիանում-հափշտակվում է իրական ու երեւութական աշխարհների վերապրումից հյուսված Հոգենյութի խոհականությունից, կռահում-ըմբռնում է «սրբազան խավարի» փիլիսոփայական ենթաշերտն ու սնուցող երակըՙ Այդ խավար լույսն է, որ չի ցամաքում: / Այդպես իմ կյանքը եկավ ու անցավ / Այդ ե՛ս չեմ, այդ իմ հոգի՛ն է երգում, զգում-տեսնում- ընկալում է հեղինակի խոհաշխարհը, Ու թանկ է ամեն անցնող ակնթարթ, / Ու սիրելի է ամեն հեռացող / Անցնող օրվա պես ընդունիր կյանքդ / Ու բավարարվիր միայն եղածով, կռահում-յուրացնում-արժեւորում է իրեն ուղղված պատգամները. Ու իրար մաղթենքՙ «Աչքի նման պարզ / Ու հայացքի պես թափանցիկ եղիր », հավատում է բանաստեղծի տեսլականին.
Վաղ առավոտյան քնից արթնանալ,
Հավատալ, որ կա անսահման աշխարհ.
Որ ծայր է առնում մի պարզ հայացքից,
Որ չի տրորել դեռ կյանքը պղտորՙ
Անտես ընթացող կյանքն այդ հարակից,
Որին չի ցնցել ոչ մի բառ կամ տող…
Շնորհավորանք
Այսօր լրանում է բանաստեղծ, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, իրավ մտավորական Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60-րդ տարեդարձը: Այս առթիվ «Ազգի» խմբագրությունն իր եւ ընթերցողների անունից ջերմորեն ողջունում է հոբելյարին եւ նրան մաղթում բանաստեղծական նորանոր թռիչքներ, հոգենյութային սուզումներ, ոգեկան անդորր, ստեղծագործական ու գիտական նվաճումներ: