ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Կրթությունը առանձահատուկ կարեւորելը հայերիս ազգային հպարտությունն է, եւ իզուր չէ, որ այս հողի վրա Վանաձորը մեծ ալեկոծումերի մեջ է հայտնվել: Մանկավարժական եւ ճարտարագիտական բուհերը միավորելու անակնկալ լուրը ափերից հանել է ողջ քաղաքը:
Հիբրիդ համալսարա՞ն, թե՞ ճյուղային խոր զարգացում
Բուհերի խոշորացման հարցը հրատապ է ոչ միայն մեր երկրում: Գիտության պահանջները բավարարելու համար պետք է թարմացնել կրթական համակարգը: Սակայն թարմացնել ինչպե՞ս: Պարզվում է` ներկայումս ամբողջ աշխարհում բուհերի խոշորացման 2 ճանապարհ կա. մեկը` տարածաշրջանային, մյուսը` մայր բուհի շուրջը ստեղծվող մասնաճյուղային սկզբունքով: Բոլոնյան համակարգը տեղայնացնող շատ մասնագետների կարծիքով նախընտրելին 2-րդ ուղղությունն է, որի ջատագովն է հարցը բոլոր կողմ ու դեմեր-ով վերլուծած գիտնական, ՀՊՃՀ երկարամյա նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանը:
– Հայաստանը փոքր, բայց ուրույն պահանջների տեր երկիր է,- ասում է ակադեմիկոսը,- ուստի ուժեղ համալսարաններ պիտի ունենանք եւ որակի պատասխանատվությունը դնենք կենտրոնների վրա, ոչ թե ունենանք այսքան հատվածական պատկեր` Գավառի համալսարան, Գորիսի համալսարան, վաղն էլ` Լոռվա ու Շիրակի համալսարան… Կենտրոնացված կրթությունը բոլոր կողմերով է մրցունակ, քանի որ մայր բուհի պոտենցիալը վերաբերում է նրա բոլոր մասնաճյուղերին եւ հեռավոր մարզերի ուսանողությանն անգամ հնարավորութուն է տալիս կրթվելու գիտության վերջին նվաճումներով: Մեր ճարտարագիտականը զարգացել է հենց այս կերպ եւ դրանով էլ ուժեղ է: Ես մեկ անգամ չէ, որ առաջարկել եմ նույն սկզբունքով Հայաստանում ձեւավորել 5-6 ուժեղ ուղղություններ եւ կենտրոնական առանցքների շուրջը համախմբել մարզային բուհերը:
Ասվածից միանշանակ երեւում է, որ ծախսատար ուղղությունները, ինչպիսին հատկապես ճարտարագիտությունն է, հնարավոր չէ զարգացնել մարզերում: Չէ՞ որ արդեն ունենք դառը փորձը. այս 20 տարում Գորիսի, Գավառի եւ Ստեփանակերտի նորաբաց համալսարաններում ճարտարագիտական մասնաճյուղերն ուղղակի մարեցին, վերացան:
– Գորիսում մնացել է միայն էլեկտրոնիկան, այն էլ ոչ այնքան հուսադրող մակարդակի,- ասում է ՀՊՃՀ պրոֆեսոր, դարձյալ բուհական գործի կազմակերպիչ Ոստանիկ Մարուխյանը:- Ճիշտ է, հենց մայր բուհում նեղ մասնագիտացումների շքեղություններ հաճախ չենք կարողանում թույլ տալ, օրինակ` Ռուսաստանի նման չենք բացում «Ջրամշակումը աէկերում» հատուկ բաժինը, բայց ընդհանուր ուսուցում ապահովում ենք: Ասածս այն է, որ Վանաձորի մեր մասնաճյուղում էլ ելնում ենք արդի պահանջներից, եւ քանի որ Լոռիում գերակա ճյուղը արդյունաբերությունն է, շեշտը դնում ենք լեռնաարդյունաբերության ու գունավոր մետալուրգիայի վրա, իսկ մեքենաշինությունն ու քիմիան մոտ ապագայում հավանաբար նորից կգործարկվեն: Կրթություն-գիտություն-արդյունաբերություն գիծը միասնական շղթա է: Չի կարելի կտրել սնուցող երակը:
Այս գիտակցմամբ, այսինքն` ճարտարագիտականի բարի համբավը եւ իրենց խոր կրթական մակարդակը` բրենդը, պահպանելու մտահոգությամբ էին լոռեցիները մեծից փոքր դուրս եկել փողոց: Փորձեցինք լսել նաեւ նրանց կարծիքը:
Ուսանողները ճշմարտությունն ասելուց չեն վախենում
Աննա Եղոյան. մագիստրանտ
– Իմ 4-ամյա դիպլոմով ես առանց դժվարության կարող եմ աշխատել տարբեր ոլորտներում` արդյունաբերությունից մինչեւ բանկ: Ունեմ նորարարական աշխատանքներ եռակցող սարքերի արտադրության գծով: Մեր դիպլոմը մեծ ուժ ունի եւ ճանաչված է շատ երկրներում, այդ իսկ պատճառով չեմ պատրաստվում ավարտել ինչ-որ կասկածելի բուհ: Լուծարման մասին այս խոսակցությունները մարդու իրավունքի կոպիտ ոտնահարում են:
Կարեն Գեւորգյան
– Մենք դիմել ենք ՀՊՃՀ սովորելու, որակյալ ճարտարագիտական կրթություն ստանալու, այնպես որ, մեր հարազատ բուհի լուծարումը սառը ցնցուղ է ամբողջ ուսանողության համար: ՀՊՃՀ-ն ՀՀ խոշոր ճյուղային բուհերից է, մենք հզոր կառույցի մեջ ենք: Մեր մասնաճյուղի լուծարմամբ կոչնչացվի մարզում 54 տարի գործող եւ զարգացող տեխնիկական մտավորականության դարբնոցը:
Գոհար Դարբինյանան
– Երբ մեզ հուզող հարցերով հանդիպեցինք մարզպետ Արթուր Նալբանդյանին, նա նույնպես դեմ արտահայտվեց կառավարությունում քննարկվելիք հարցին եւ ասաց. «Քանի որ Լոռին արդյունաբերական մարզ է, չի կարող զարգանալ առանց ճարտարագիտական կրթության»:
Դավիթ Խառատյան
– Նոյեմբերի 13-ին քաղաքը շատ լավ ընդունեց մեր երթը: Մարդիկ ինքնաբուխ միացան ու կանգնեցին մեր կողքին, որովհետեւ յուրաքանչյուր վանաձորցու համար թանկ են տասնամյակների ձեռքբերումները: Մենք ընտրել ենք բարդ ու դժվարին կրթության այս ճանապարհը, պայմանագիր ենք կնքել բուհի հետ, ուստի պահանջում ենք առողջ մոտեցում: Սա սահմանադրական իրավունքի խախտում է:
Անուշիկ Հակոբյան
– Ճարտարագիտական համալսարանը Վանաձորում շատ բան ունի անելու: Մեր ուղղվածությունը միանգամայն այլ է մանկավարժականի համեմատ, ուստի այդ երկու բուհը չեն կարող հայտնվել մեկ հարկի տակ: Չէի ցանկանա թեթեւ կրթությամբ շեղել տարիների ձեռքբերումներս: Մեր բուհի վարկանիշը շատ բարձր է:
Ուսանողների ծնողները շեշտում են, թե իրենք հավատացել են պետական կրթական քաղաքականությանը, բայց ահա կանգնում են ծանր փաստի առաջ: Այլեւս ո՞ւմ պետք է վստահեն, եթե ողջ աշխարհում ճանաչված ՀՊՃՀ դիպլոմի փոխարեն իրենց երեխաներին ուզում են դեմ անել մի անհայտ համալսարանի դիպլոմ: Նրանցից շատերը պարծանքով նշում են, որ ՀՊՃՀ-ն ավարտելով` զարգացրել են հայրենի արդյունաբերությունը, կապ պահել աշխարհի զարգացած շատ ձեռնարկությունների հետ եւ հիմա էլ մեծ հույս ունեն, որ երեխաները կշարունակեն իրենց սկսած գործը:
Ի՞նչ կարծիքի է մասնաճյուղի դասախոսական կազմը
Արմեն Խառատյան. մասնաճյուղի տնօրեն
– Պոլիտեխնիկի մեր մասնաճյուղը Լոռվա 1-ին բուհն է, ստեղծվել է 1959 թ., զարգացրել մարզի մեքենաշինական, քիմիական եւ շինարարական ինժեներիան: Այժմյան արդյունաբերության եւ աշխատաշուկայի պահանջարկով մենք մասնագետներ ենք ապահովում ինչպես նախկին 3, այնպես էլ 7-8 նոր մասնագիտությունների գծով: Մեր կադրերն են աշխատեցնում Ալավերդու, Ախթալայի, Ստեփանավանի, Թեղուտի հանքերը: Մեր շրջանավարտները, անգամ եթե ճշգրիտ մասնագիտությամբ չաշխատեն, հարակից ոլորտներում միշտ էլ դրսեւորում են իրենց: Այդ է պատճառը, որ մեզ հետ համագործակցում են բարձր տեխնոլոգիաներին առնչվող կազմակերպությունները, «Վիվասել»-ը եւ «Օրանժ»-ը կրթաթոշակ են հատկացնում ուսանողներին, իրենց աշխատաշուկան են առաջարկում բանկերը: Մեր գովազդը նաեւ մեր վարժարանն է, որի 10-15 տարվա շրջանավարտներից 5-ն արդեն գիտությունների թեկնածու են: Հանրապետությունում քիչ կլինեն այդպիսի դպրոցներ:
Միքայել Նաջարյան. ուսումնական մասի վարիչ
– Ես հատուկ ուզում եմ շեշտել, որ մենք առանձին բուհ չենք, որ միավորեն մի այլ կառույցի մեջ: Մենք արդեն 54 տարի ՀՊՃՀ կազմում ենք: Եթե ուզում են մեզ մի այլ կառույցի մեջ տեղավորել, գոնե մեր տիրոջը` մայր բուհին, այդ մասին հարցրե՞լ են: Դեռ մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 19-ին, ճարտարագիտականին շնորհավորում էին 80-ամյակի առթիվ, շեշտում մասնաճյուղերի անուրանալի դերը, ի՞նչ փոխվեց այս մեկ ամսում: Չկա ճարտարագիտական բնագավառ, որտեղ մեր կադրերն իրենց խոսքն ասած չլինեն: Տարածաշրջանային ձեռնարկություններում, քաղաքապետարանում ու մարզպետարանում էլ ղեկավար աշխատակիցների գերակիշ մասը հենց Պոլիտեխնիկի շրջանավարտներն են, եւ դա գալիս է նրանից, որ մենք առաջնորդվում ենք գիտակրթական այն ծրագրերով ու չափորոշիչներով, ինչ որ մայր բուհը:
Նելսոն Մամուլյան. մասնագիտական կարիերայի կենտրոնի համակարգող
– Կրթական որակի ապահովման համար միջազգային գործընկերների` Իտալիայի, Իսպանիայի, Հոլանդիայի եւ այլ երկրների հետ իրականացնում ենք համալսարան-աշխատաշուկա դաշտի ուսումնասիրություն, ստեղծում բուհ ավարտողների եւ գործատուների տվյալների բանկ, ճշտում մասնագիտական ցանկերը, որ բուհն ավարտողը աշխատանք ունենա: Սեպտեմբերին մայր բուհում 6 միլիոն եվրոյի արժողությամբ գերժամանակակից լաբորատորիաներ ստեղծվեցին, որոնք կոչվում են հայկական ճարտարագիտական լաբորատորիաներ: Չհաշված, որ մեր ուսանողները այդտեղ պետք է անցնեն հասանելիք ժամաքանակը, մայր բուհի օժանդակությամբ 70 հազար եվրոյի արժողությամբ 2 լաբորատորիա էլ պետք է բացվի այստեղ, իսկ կառավարության նախաձեռնությամբ մեր թափուր 2 մասնաշենքում պետք է ստեղծվի հզոր տեխնոպարկ:
Միշա Սիմոնյան. մասնաճյուղի նախկին տնօրեն
– Իմ աշխատանքի դժվարին տարիները համընկան երկրաշարժի ավերածություններին: Պոլիտեխնիկի 7 մասնաշենքերը մի րոպեում դարձան վթարային, բայց մենք մի րոպե անգամ չդադարեցրինք աշխատանքը: 20 օրում 20 տնակ կառուցեցինք եւ շարունակեցինք դասերը, սեյսմակայունության այնպիսի նորամուծություններ արինք, որոնք անմիջապես մտան կյանք: Այժմ 5 մասնաշենք հագեցրել ենք արդիական սարքավորումներով, ստեղծել նախկինից էլ լավ պայմաններ: Ուսանողությունը մեծ սիրով է հաճախում դասերին, օրեցօր ընդլայնում ենք միջազգային կապերը: Ուրիշ ի՞նչ է հարկավոր…
Մյուս դասախոսներից Վոլոդյա Բալայանը, Ալբինա Գալստյանը, Սերգեյ Ղազարյանը, Վերժինե Նաջարյանը, Հրանտ եւ Աշոտ Գյուրջինյանները հերթով ցույց են տալիս իրենց լաբորատորիաները: Ալբինա Գալստյանը նշում է, որ արցախյան ազատամարտի տարիներին քիմիայի լաբորատորիայում իրենք պայթուցիկ են սինթեզել, ուղարկել ճակատ, իսկ հիմա այնպիսի միացություններ են ստանում, որոնցով կարելի է զարգացնել հայկական ապակեգործությունն ու խեցեգործությունը:
Հրանտ Գյուրջինյանը. գծագրական լսարաններով անցնելիս հարցնում է.
– Ո՞ր բուհում մեզ նման կպարծենան, թե իրենց հին շրջանավարտները գույք ու տեխնիկա են նվիրում կրթօջախին: Այս լաբորատորիայում ամեն ինչ նվիրատվություն է: Շատերն են հեռվից անհանգստացած զանգում, զորակցություն հայտնում: Ամեն օր այդպիսի զանգեր ենք ստանում:
Այստեղից կրկին տնօրենի սենյակ գնալով` հետաքրքրվում եմ.
– Ձեր հին ուսանողներն ի՞նչ կարծիքի են բուհերի միավորման մասին:
– Խնդրում են` ամեն ինչ անենք, որ պոլիտեխնիկին ձեռք չտան:
Բոլոր ներկաները ծիծաղում են:
– Իսկ պետական հատկացումները որքա՞ն են:
– Պետությունը հոգում է բուհերի ծախսերի 30 տոկոսը: Բայց եթե հաշվի առնենք բացված ու խոստացված լաբորատորիաների եւ տեխնոպարկի ծախսը, թվերն իհարկե կբազմապատկվեն: Ամենամեծ հենարանը մայր բուհն է: Այնտեղ շուտով անցնելու են դասավանդման օնլայն ռեժիմի, որ կարեւոր դասախոսություններն ունկնդրեն ոչ միայն Երեւանի, այլեւ բոլոր մասնաճյուղերի ուսանողները` էկրանի օգնությամբ:
Տնօրենի սենյակից դուրս գալիս չեմ կարողանում չհապաղել Միքելանջելոյի «Ստեղծարար ձեռք» նկարի առջեւ, որ «Աշխարհի արարումը» հանրահայտ որմնանկարի մի դրվագ է:
– Սրա տակ Դուք ճարտարագետի ձե՞ռքը նկատի ունեք,-հարցնում եմ:
– Իհարկե,- ասում է Արմեն Խառատյանը,- ճարտարագետները աշխարհի ստեղծարար ձեռքն են: Աստված մի հպումով կենդանացրեց մարդուն` Ադամին, մենք էլ կենդանացնում ենք մարդու մտահղացումները:
Դեպի Երեւան
Վանաձորի ճարտարագիտականի ռեսուրսները «սպառելով»` ես ուղեւորվում եմ Երեւան: ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը եւս պաշտպանում է ճյուղային բուհերի զարգացման տեսակետը, դրական գնահատում վանաձորյան ներդրումները, ասում, որ դասախոսների աշխատավարձը բարձրացրել է, հասցրել մայրաքաղաքի սանդղակին, իսկ վերջին նվաճումների մասին պատմում է.
– 2 ամիս առաջ մենք բացեցինք լաբորատորիաների մի ամբողջ շենք, որ աշխարհում հանդիպող եզակի թանկ հավաքածու է: Շուտով իրենց դասերն այստեղ կանցնացնեն նաեւ Վանաձորի, Գյումրու ու Կապանի մեր ուսանողները, իսկ երբ անցնենք օնլայն դասախոսությունների, այլեւս ոչ մի տարբերություն չի մնա մայրաքաղաքի ու մարզերի շրջանավարտների միջեւ:
Մտնում եմ լաբորատորիաների շենք եւ հիանում ձեռքբերումներով: Տեխնիկական կիրթ միջավայրում բանասեր-լրագրողն էլ իրեն մի քիչ ճարտարագետ է զգում: Հարյուրավոր սարքերի մեջ ուշադրույթունս գրավում է արեւային մարտկոցը, որով ուսանողները լույսից էներգիա են ստանում: Եթե այսքանը կարողանում են, ուրեմն` մեր արեւը կօգտագործեն, մտածում եմ բանասիրական լավատեսությամբ:
Բանասիրական լավատեսությամբ էլ դուրս եմ գալիս ճարտարագիտական մեծ համալսարանից` համոզված, որ գալիք սերունդը մեզնից լավն է լինելու, մեզնից ուժեղ ու գործունյա է լինելու, կերտող ու ստեղծարար է լինելու: Անսխա՛լ է լինելու: Ի վերջո, ո՞ւր է գնալու այսքան գեղեցիկ հայկական ճարտարագիտությունը…