ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Նոյեմբերի 2-4-ը Ստամբուլի Բողազիջի (Բոսֆորի) համալսարանում տեղի ունեցած մահմեդականացած (մահմեդականացված) հայերի համաժողովը, նույն օրերին եւ նույնպես Ստամբուլում Արեւմտահայոց ազգային համագումարի պատվիրակության հանդիպումները թուրքական քաղաքական եւ իրավաբանական շրջանակների հետ առիթ են ի մի բերելու հայ-թուրքական առնչությունների ողջ փաթեթը եւ վերլուծելուՙ հասկանալու համար, թե ո՞ւր են տանում այս առնչությունները, մոտեցնո՞ւմ են դրանք արդյոք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ ո՞րն է լինելու դրա հետեւանքը: Վերջին շաբաթներին հայ փորձագետները փորձել են հասկանալ եւ գնահատել Թուրքիայում Հայաստանին եւ հայերին վերաբերող տեղեկությունների հրապարակման գործընթացըՙ փորձելով դրանից ինչ-ինչ եզրակացություններ անել: Հայտնի է, որ երկու պետությունների խորհրդարաններում սառեցված հայ-թուրքական արձանագրությունները պաշտոնական առումով այդ հարաբերությունների կարգավորման տեղ առայժմ չեն թողնում: Սակայն փաստ է նաեւ, որ քաղաքական, հասարակական, մշակութային, գիտական շրջանակների ներկայացուցիչները շփվում են միմյանց հետ, թուրքական մամուլում գնալով շատանում են Հայաստանին եւ հայերին վերաբերող նյութերը: Փորձենք ի մի բերել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին երկկողմ առնչությունների արդի վիճակը:
Մահմեդականացած հայերի համաժողովը եւ ծպտյալ հայերի հիմնախնդիրը
Ստամբուլի հեղինակավոր համալսարաններից մեկում իսլամ ընդունած հայերի ժառանգների համաժողովը ոչ այնքան գիտական, որքան հրապարակային հասարակական միջոցառում էր: Եթե մի քանի տարի առաջ Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին հավաքված ոգեկոչման հանրահավաքը կոտրեց Հայոց ցեղասպանության վրա դրված թուրքական պաշտոնական տաբուն, ապա այս համաժողովը բոլորովին այլ դիրքերից քանդեց այնՙ թուրքական ականջի համար սովորական դարձնելով ցեղասպանություն եզրը: Ինչ գնահատական էլ որ տանք երբեմնի քրիստոնյա հայերիՙ 1915 թվականին եւ դրանից հետո իսլամ ընդունած լինելու երեւույթին, անկարելի է չընդունել, որ 90-ամյա արգելքից հետո իրենց պապերի կրած չարչարանքների ու դժվարությունների մասին խոսող երբեմնի հայերի թուրքացած ու քրդացած այսօրվա սերնդի ներկայացուցիչները հարգանքի են արժանի: Ինքըՙ հայերի մահմեդականացման երեւույթը, Թուրքիայում բոլորովին էլ նոր չէ: Դեռ միջնադարում հայտնի են եղել հայերի մահմեդականացման դեպքեր, որոնց մասին դեռ հարյուր տարի առաջ գրում էին ժամանակի ճանաված արեւելագետ-թուրքագետները: Սակայն Հայոց ցեղասպանության իրագործումից հետո Թուրքիայում մինչեւ այս համաժողովը երբեւէ բարձրաձայն, առավել եւս հրապարակայնորեն չի խոսվել հայ նախնիների, մասնավորապեսՙ եղեռն տեսած հայ նախնիների մասին: Պետք է խոստովանել, որ այս համաժողովը միանգամից եւ հանկարծակի տեղի ունեցած իրադարձություն չէր: Համաժողովի բազմաթիվ մասնակիցներՙ իրենց թուրք, քուրդ, զազա, համշենցի եւ այլ էթնիկական խմբերի ներկայացուցիչ համարող մարդիկ ավելի վաղ արդեն հրապարակային առանձին ելույթներ ունեցել էինՙ հասարակության դատին հանձնելով իրենց հայտնի պատմությունները Հայոց ցեղասպանության զանազան դրվագների մասին: Այնպես որ Բողազիջի համալսարանի համաժողովն այդ մարդկանցՙ սեփական ինքնությունը բացահայտելու, տասնամյակների վախից ու տագնապից ազատվելու մի հրապարակային իրադարձություն էր: Ճիշտ են այն գիտնականները, որոնք գտնում են, որ վերոհիշյալ համաժողովը քիչ գիտական էր, չնայած այնտեղ գիտական ճանաչում ունեցող անհատներ շատ կային: Փնտրել ակադեմիականություն այս համաժողովի ելույթներում առանձնապես իմաստ չունի: Ականատեսների վկայությամբՙ լեփ-լեցուն դահլիճում անցած եռօրյա համաժողովը ավելի շատ հասարակական-քաղաքական իրադարձություն պետք է համարել, որն ուներ մեկ անվիճելի նպատակՙ հայ նախնիներ ունեցած մարդկանց նկատմամբ վերացած համարել տասնամյակների տաբուն: Հաջողվե՞լ են արդյոք համաժողովի կազմակերպիչներն իրենց այդ նպատակի իրագործման հարցում, դեռ ցույց կտան ծավալվող հասարակական գործընթացները: Սակայն այդ համաժողովը պատճառ եղավ, որ հայ արեւելագետների եւ քաղաքագետների շրջանում հառնի իսլամացած հայերի նկատմամբ վերաբերմունքի հարցը: Եվ իսկապես, ինչպե՞ս վերաբերվել մարդկանց, որոնք իսլամադավան են, խոսում են թուրքերեն կամ քրդերեն, սակայն համարում են իրենց արմատներով հայՙ երբեմն պահպանած լինելով հայկական ծեսերի, սովորույթների, մշակույթի տարրեր: ՄԻնչեւ 20-րդ դարը այդպիսի հայերի նկատմամբ առանձնապես ձեւավորված վերաբերմունքի կարիք չկար: Կար քրիստոնյա արեւմտահայությունը, որը եթե ոչ ամենուրեք մեծամասնություն, ապա շատ ու շատ տարածքներում ստվար ու ինքնակազմակերպված տարր էր Օսմանյան կայսրությունում: Սակայն Արեւմտյան Հայաստանում, հարակից թուրքաբնակ եւ քրդաբնակ շրջաններում, Փոքր Ասիայի խորքերում, բնաջնջվելու հետ մեկտեղ, ինչպես պարզվում է, հոծ հայկական զանգվածներ բռնի մահմեդականացվեցինՙ դրանով փրկելով իրենց գոյությունը: Ցեղասպանություն հասկացությունը ներառում է ոչ միայն զանգվածային բռնագաղթն ու կոտորածները, այլեւ բռնի կրոնափոխությունը: Այնպես որ մահմեդականացած հայերի ժառանգների փաստորեն ձեւավորված ուրույն ինքնության ձեւակերպումը 1915-1923 թվականների իրադարձությունների գնահատականը չի փոխում: Այդ մարդիկ, փաստորեն, ուզում են ազատվել նախորդ երկու սերունդներին պարտադրված կապանքներից եւ ազատ լինել իրենց ինքնության արտահայտման կամ իրենց ինքնությանը վերադառնալու հարցերում: Ոմանք ասում են, թե Թուրքիայում նման մարդիկ մի քանի տասնյակ հազար են, ոմանք էլ պնդում են, թե նրանց թիվը հասնում է մի քանի միլիոնի: Հայաստանցի արեւելագետները վերջին տարիներին հետաքրքրական ուսումնասիրություններ են կատարել, որոնք գալիս են փաստելու, որ Հայոց ցեղասպանության տարիներից հետո անցած տասնամյակների ընթացքում այս մարդիկ ուրույն խումբ են կազմում մահմեդական միջավայրերում, որոնց ծագման մասին տեղեկությունները եթե հայտնի էլ են բոլորին, ապա առաջներում դրա մասին առանձնապես չէին խոսում: Պոլսի հայոց պատրիարքարանին մոտ կանգնած տարբեր աղբյուրներից իմանում ենք, որ գնալով շատանում է մկրտություն խնդրող քրդախոսների եւ թուրքախոսների թիվը, եւ որ հայ հոգեւորականները զանազան պայմաններ են դնում նրանց քրիստոնեության վերադարձնելու ճանապարհին:
Կասկածից վեր է, որ Թուրքիայում ընթացող ժողովրդավարացման ընդհանուր գործընթացի մեջ իրենց ինքնությանը վերադառնալու փորձերը էական եւ կարեւոր տեղ են գրավում: Վստահորեն կարելի է ասել, որ հասունացել է, օրինակ, Հայաստանում մահմեդականացած հայերի կամ ծպտյալ հայերի նոր ինքնության ուսումնասիրությանը նվիրված մեծ գիտական համաժողով հրավիրելու հարցը: Այդպիսի համաժողովի ժամանակ կարելի կլիներ ժամանակակից գիտության դիրքերից փորձել ձեւակերպել մերօրյա հայության վերաբերմունքը դեպի այդ ուրույն էթնիկական խմբերը:
Արեւմտահայոց ազգային համագումարի հետապնդած պայմանները
Նույն օրերին Ստամբուլում էր գտնվում «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությունը: Համագումարի ազգային խորհրդի անդամները հանդիպել են թուրքական քաղաքական եւ իրավաբանական շրջանակների հետ: Պատվիրակության անդամներից մեկիՙ պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանի խոսքով, Արեւմտահայոց ազգային համագումարը համարում է, որ ժամանակակից Թուրքիայում արդեն քննարկվում է Հայոց ցեղասպանության թեման եւ հասունացել է ցեղասպանության հատուցման հարցը: Որպես հատուցման դրսեւորում, այդ կազմակերպության ակտիվիստների կարծիքով, պետք է դրվի հայրենազրկված արեւմտահայերի Թուրքիա վերադառնալու եւ իրենց սեփականությանը տեր կանգնելու պահանջը: Դրան զուգահեռ պետք է սկսի բարձրացվել հայկական հանրային սեփականություն եկեղեցիների, դպրոցների, ազգային հաստատությունների ու նրանց լքյալ գույքի վերադարձման հարցը:
Ինձ հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը ցույց տվեց թուրքական մի շարք թերթերումՙ «Թարաֆում», «Ջումհուրիեթում», «Սաբահում», «Զամանում», «Վան Գյոլուում» հրապարակված բազմաթիվ նյութեր Հայաստանի ու հայերի մասին, ինչը գալիս է ապացուցելու, որ ժամանակակից թուրքական հասարակության մեջ մի կողմից բնական հետաքրքրություն կա դեպի հայկական թեման, մյուս կողմից այդ մասին գրելն այլեւս արտոնված է եւ տաբուները հանված են:
Փաստորեն սա նշանակում է նաեւ, որ հասարակական մակարդակներում հայ-թուրքական երկխոսությունը շարունակելու տեղ կա: Ըստ Արագած Ախոյանիՙ հենց թուրք իրավաբանների աջակցությամբ իրենք ձգտելու են թուրքական դատարաններում հայցեր ներկայացնել արեւմտահայերի հանրային սեփականությունը վերադարձնելու վերաբերյալ: Անշուշտ, մեծ է հավանականությունը, որ թուրքական դատարանները ազգայնականների ճնշման տակ չեն բավարարի այդ հայցերը: Բայց եթե դա տեղի ունենա, ապա Արեւմտահայոց ազգային համագումարի գործիչները հայցեր կներկայացնեն եվրոպական դատարաններ: Ահա այսպես, քայլ առ քայլ նրանք մտադիր են վերադարձնել եւ վերանորոգել հայկական վանքներն ու եկեղեցիները, վերադարձնել բռնագրավված ազգային կալվածքները, հետապնդել փոխհատուցման այլ խնդիրներ:
Այստեղ ծագում են բազմաթիվ հարցեր: Մեր հասարակության մեջ, ինչպես մենք բոլորս լավ գիտենք, առայժմ ձեւակերպված չեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում հատուցման պահանջի տակ հասկացվող մանրամասները: Հայկական քաղաքական տարբեր շրջանակներում այս հարցում տարբեր մեկնաբանություններ կարելի է լսել: Բայց այն հանգամանքը, որ այսօրվա Թուրքիայում սկսել են պարզ եւ բաց խոսել Հայոց ցեղասպանության իրողության մասին, լուսաբանել այդ թեման լրատվամիջոցներում, քննարկել այդ թեման թուրքական եւ քրդական քաղաքական շրջանակներում, ելքեր փնտրել նվազագույն կորուստներով այդ հարցին ընդունելի լուծումներ տալու համար, մեծապես արագացնում է հայ ժամանակակից իրականության մեջ պահանջատիրության 21-րդ դարին հարիր ձեւակերպում տալու եւ հատուցում ակնկալելու խնդիրը:
Արեւմտահայոց ազգային համագումարի ներկայացուցիչները համոզված են, որ հատուցման պահանջների իրականացման ճանապարհին արեւմտահայերի ժառանգների կողմից խորհրդանշական գումարների փոխանցումը այդ նպատակների համար կարող էր խորհրդանշել այն, որ նրանք լիազորորություն են ստանում հայրենազրկված արեւմտահայերի սերունդների կողմից այդ հարցերը Թուրքիայում բարձրացնելու եւ միջազգային իրավական հարթակներում լուծելու համար: ԱԱՀ-ի գործիչներն ինձ պատմեցին նաեւ Ստամբուլում գրասենյակ բացելու մտադրության մասին, որը ժամանակակից թուրքական իրավունքի շրջանակներում պետք է սկսի հետապնդել հատուցման խնդիրը: Այս մոտեցման կողմնակիցները Հայաստանում եւ Սփյուռքում գնալով շատանում են: Սա նշանակում է, որ ազգային հնչողություն ունեցող այս խնդիրների լուծման հարցում ավելի մեծ թվով ազդեցիկ ու հեղինակավոր մարդիկ ընդունում են Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման խնդրի նման ձեւակերպումը:
Անշուշտ մեր իրականության մեջ կա նաեւ այլ մոտեցումՙ բոյկոտել Թուրքիան մինչեւ Հայոց ցեղասպանության փաստի ամբողջական ընդունումն ու հայության իրավունքների վերականգնումը: Սակայն մեր հասարակական-քաղաքական հրապարակային հնչողություն ունեցող կարեւորագույն հարցերի շրջանակում Թուրքիայում տեղի ունեցող փոփոխությունների լույսի ներքո մեր ազգային պահանջների ճշգրիտ ձեւակերպման եւ արտահայտման հարցը դառնում է կարեւորագույններից մեկը: Մանավանդ որ առջեւում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, երբ բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների դիմակայող հայությունը նորից մեկտեղվելու է, նորից դառնալու է բռունցք, նորից աշխարհին հիշեցնելու է իր արդար պահանջը: