Ուկրաինայում արդեն 12-րդ անգամ անցկացվում է «Серебренное перо» («Արծաթե փետուր») պոետական անունը կրող միջազգային ստեղծագործական մրցույթը: Մրցույթի հիմնադիրներն են Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միությունը, Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միության Ղրիմի հանրապետական կազմակերպությունը, Ղրիմի Ինքնավար Հանրապետության ինֆորմացիայի պետական կոմիտեն, Ղրիմի մամուլի ակումբը եւ «Սուդակ» զբոսաշրջային-առողջարարական համալիրը:
Միջազգային մրցույթը հետապնդում է հասարակության մեջ մամուլի դեմոկրատական սկզբունքների ամրապնդման եւ ժուռնալիստների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացման, ԶԼՄ-ների գործունեության բարոյաէթիկական եւ իրավական նորմերի հաստատման, հասարակության ու քաղաքացիների մասնակցության, հասարակությունում ազգամիջյան համաձայնության եւ հանդուրժողականության սկզբունքների հաստատման, Ղրիմի դրական կերպարի ձեւավորման նպատակներ:
Միջազգային մրցույթը համարվում է բաց եւ անցկացվում է ամեն տարի: Մրցույթին կարող են մասնակցել Ուկրաինայի, Ղրիմի Ինքնավար Հանրապետության ԶԼՄ-ներում եւ ինտերնետ կայքերում աշխատող, ինչպես նաեւ արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Մրցույթին ներկայացվում են ժուռնալիստների եւ հրապարակախոսների տվյալ տարվա հրապարակած աշխատանքները:
2013 թ. «Արծաթե փետուր» ստեղծագործական մրցույթը անցկացվեց հետեւյալ 10 անվանակարգերի շրջանակներումՙ տարվա լավագույն տպագիր հրապարակում, հեռուստածրագիր, ռադիոծրագիր, ֆոտոհրապարակում (Լեոնիդ Յաբլոնսկու անվան), ժուռնալիստական ակցիա, ինտերնետ-ժուռնալիզմ, ժուռնալիստական կադրերի պատրաստում (ժամանակակից մոտեցում եւ ժուռնալիստական կրթություն), մեդիադիզայն, նոր անուններ, մեդիանՙ մեդիայի մասին (հրապարակումՙ ժամանակակից ժուռնալիստիկայի պրոբլեմների մասին), հատուկ մրցանակներ, որոնք ներառում են 3 անվանակարգՙ տարվա խմբագիր (Վլադիմիր Բաբաշինսկու անվան), ղրիմյան առաջնահերթություններ, Ղրիմի իմիջ, դեբյուտ ղրիմյան ժուռնալիստիկայում:Աշխատանքներն ընդունվում էին էլեկտրոնային տարբերակով, ռուսերեն եւ ուկրաիներեն լեզուներով, իսկ այլ լեզուներով ներկայացվող աշխատանքներին պետք է կցեին նաեւ ռուսերեն կամ ուկրաիներեն լեզուներով թարգմանությունները, մուծեին մասնակցության անդամավճար, ինչպես նաեւ պետք է լրացնեին մասնակցության հայտՙ անկետային տվյալներից բացի նշելով այն անվանակարգը, որին հավակնում է մասնակցել ներկայացվող աշխատանքը:
Ֆ. Ափուջանյանը, ցանկություն հայտնելով մասնակցելու միջազգային մրցույթին, պատասխանատվության բարձր զգացումով գրեց եւ իր խմբագրած «Լուսարձակ» թերթում հրապարակեց «Ուկրաինական սյուիտ» հոդվածը:
2007 թ. սեպտեմբերին IREX-ի «Հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների աջակցման ծրագիրը» Ուկրաինայի տեղական լրատվամիջոցների կատարելագործման ինստիտուտի (RPDI) հետ համատեղ հայաստանյան թղթակիցների եւ խմբագիրների համար կազմակերպվել էր ուսումնական ուղեւորություն, որը նրանց հնարավորություն տվեց ուսումնասիրելու հատկապես ուկրաինական մարզային լրատվամիջոցների զարգացման ընթացքը: Խմբի կազմում էր նաեւ Ֆ. Ափուջանյանը:
Ուղեւորության ընթացքում արված գրառումների հիման վրա հետագայում գրված նրա խորհրդածությունների մի մասը տպագրվեց «Լուսարձակում»: Հետագայում նա հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի այն ժամանակվա դեսպան Ալեքսանդր Բոժկոյին եւ նրա հետ զրույց ունեցավ: Վերջին երեք տարվա ընթացքում 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից ավերված Սպիտակ քաղաքում հրապարակներից մեկն անվանակոչվեց Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի անունով, ով այն տարիներին Ուկրաինայից եկած աջակիցների շարքերում իր ակտիվ մասնակցությունն էր բերել Սպիտակում իրականացվող փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին: 2012 թ. այդ նույն հրապարակում ուկրաինական կողմի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ կառուցվեց եւ շահագործման հանձնվեց մանկական սրճարան: Այս ամենի հիման վրա գրվեց «Ուկրաինական սյուիտ»ՙ էսսեների եւ քրոնիկոնների շարքըՙ վերնագիր ընտրելով Ղրիմի ծնունդ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի համանուն սիմֆոնիկ երկի անվանումը:
Էսսեների եւ քրոնիկոնների այդ շարքն էլ Ֆ. Ափուջանյանը ներկայացրել էր մրցույթն անցկացնող բավականին ազդեցիկ կազմկոմիտեին եւ ժյուրիին, որտեղ ընդգրկված էին ոլորտը ներկայացնող գիտնականներ, հրապարակախոսներ, հասարակական գործիչներ:
«Серебренное перо-2013» մրցույթին այս տարի մասնակցում էին 13 երկրներիՙ ԱՄՆ-ի, Բելառուսի, Էստոնիայի, Իսպանիայի, Լատվիայի, Լեհաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Վրաստանի ներկայացուցիչներՙ շուրջ 700 հրապարակումներով: Հայաստանը ներկայացնում էր Ֆ. Ափուջանյանը: Եվ ահա եկավ ուրախ լուրը. հանրապետության վաստակավոր լրագրող Ֆ. Ափուջանյանը «Մեդիան մեդիայի մասին» անվանակարգում ճանաչվել է հաղթող եւ արժանացել ժյուրիի բարձր գնահատականին: Այդ 10 անվանակարգերում ներկայացված 700 աշխատանքներից հաղթողներ են ճանաչվել 80-ը, յուրաքանչյուր անվանակարգումՙ 7-8 աշխատանք:
Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 24-ից 27-ը, Ղրիմի Սուդակ քաղաքում:
Ցավոք, մեր գործընկերը վատառողջ լինելու պատճառով չմասնակցեց մրցանակների հանձնման արարողությանը եւ մրցանակը ստացավ փոստով: Մեր հայրենակից, ճանաչված մտավորականը, հանրապետության վաստակավոր լրագրողը, բարձր պահելով հայ հրապարակախոսի անունն ու վարկը, միջազգային մրցույթում դարձավ հաղթող:
Հիշեցնենք, որ 2013 թ. ընթացքում նրա հեղինակած «Յո՞ երթաս» հրապարակախոսությունը արժանացել է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայերի կոնգրեսի, ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանի ժուռնալիստների միության անցկացրած «Մեր հավատամքը, պետականությունը, մասնակցությունը ազգային ինքնությանը» նշանաբանով համահայկական լրագրողական մրցույթի առաջին կարգի դիպլոմի:
Իրենց երկարամյա գործընկերոջըՙ Ֆահրադ Ափուջանյանին առաջինը շնորհավորեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, «Լոռու մարզ» եւ «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը, «Մաշտոց» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Աթաբեկյանը, «Թումանյանական աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Արարատ Թամրազյանըՙ մաղթելով, որ նա մաճկալի համառությամբ, քրտինքը ճակատին շարունակի հերկել հայ գրի ու գրչության անդաստանը եւ այսուհետեւ եւս ստանա առատ հունձք:
Շնորհավորանքներին միանում է նաեւ «Ազգ»ը, առողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթելով վաստակավոր գործընկերոջը: