Բորիս Էյֆմանի Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի ներկայացումը` «Մեղքից այն կողմ» խորագրով` հայկական բեմում
Նոյեմբերի 16-ին եւ 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ներկայացման առաջնախաղը:
Ի դեպ, Ֆյոդոր Դոստոեւսկու վեպի հիման վրա ստեղծված ներկայացաման երաժշտությունը գրել են Ռ. Վագները, Մ. Մուսորգսկին, Ս. Ռախմանինովը:
ՌԴ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» եւ «Ոսկե լամպաշար» մրցանակների դափնեկիր, «Հայրենիքի հանդեպ ծառայությունների» չորրորդ, երրորդ եւ երկրորդ աստիճանների շքանշանակիր Բորիս Էյֆմանը մի քանի տասնամյակ վարում է ակտիվ ստեղծագործական գործունեություն. նա քառասունից ավելի բեմադրությունների հեղինակ է:
1977 թ. Բորիս Էյֆմանը ստեղծել է սեփական թատերախումբ` «Լենինգրադի նոր բալետը», որն այսօր հանդիսատեսին հայտնի է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոն անվանումով:
Թատերախմբի առաջին իսկ ներկայացումները` «Երկու ձայն», «Բումերանգ», հաջողությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից` քննադատներին ստիպելով խոսել ռուսական բալետային արվեստում նոր ուղղության մասին:
Այսօր Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հայտնի է Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի պարարվեստի սիրահարներին «Չայկովսկի», «Ես Դոն Կիխոտն եմ», «Կարմիր Ժիզել», «Ռուսական Համլետ», «Աննա Կարենինա», «Ճայ», «Օնեգին», «Ռոդեն», «Մեղքից այն կողմ» ներկայացումներով: