ՎԱՐՈՒԺԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Բացառիկ երեկո
Նոյեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը լեփլեցուն էր: Հավաքվել էր մշակութասեր մտավորականության ընտրանին:
Թատրոն մտնելու առաջին իսկ վայրկյաններից ճեմասրահում պարուրվում էիք մեծ երգչի սիրելի մթնոլորտովՙ հնչում էին Ավագ Պետրոսյանի կատարումները, նրա բեմական կյանքն արտացոլող նկարներ, ազդագրեր, բեմական հագուստներ, վարպետի հոբելյանին նվիրված շքեղ գիրք-ալբոմն իր ընտրանի երգերի խտասալիկով, օպերային, կամերային, ժողովրդական երգերի նրա կատարումների երեք խտասալիկները: «Անուշ» օպերայի Գոհար Գասպարյան եւ Ավագ Պետրոսյան ոսկյա ձայնագրության բարձրորակ զույգ խտասալիկները չափազանց սպասված էին: Բոլորն էլ արտադրված էին Գերմանիայում:
Հոբելյանական երեկոն հետաձգվել էր թատրոնի բեմի, ձայնային նոր համակարգի տեղադրման աշխատանքների պատճառով, այնպես որ թատրոնն իր ասպետին մեծ ոգեւորությամբ դիմավորեց նոր բեմով, որին նա նվիրաբերել էր իր կյանքի ավելի քան կես դարը, մարմնավորել բազմաթիվ դերերգեր, ստեղծել պետրոսյանական տաղանդով, որոնց մի մասը այնքան էր սիրվել ու գնահատվել, որ ժողովրդի հիշողության մեջ նույնացվել էր սիրված երգչի անվան ու կերպարի հետ:
Հնչում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նախերգանքը թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ օթյակներից հնչող երգչախմբի կատարմամբ: Դիրիժորական վահանակի մոտ էր թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Եվ ահա բացվում է վարագույրը…
Բեմին կից կամարներից մեկում Ավագ Պետրոսյան-Սարոյի որբացած յափնջին է ու մահակը, իսկ մյուս կամարի տակՙ հոբելյանական շքեղ բազկաթոռն էՙ այս անգամ առանց մեծ երգչի: Իսկ բեմըՙ եթերային վարագույրներով շղարշված, հոբելյարի դիմանկարով ու ատտիկյան շքեղ սյունաշարերով է դիմավորում իր երկրպագուներինՙ լռելյայն հայտարարելով, որ այսօր մեծարելու են հայ բեմի ամենասիրելի ու թանկագին սյուներից Ավագ Պետրոսյանինՙ ծննդյան 100-ամյակի առթիվ:
Երեկոն «Վաղարշապատի պար»ով բացում է «Կոմիտաս» պետական լարային քառյակը (գեղ.ղեկավարՙ Էդվարդ Թադեւոսյան):
Բեմի կենտրոնում հսկա էկրանը ողջ երեկոյի ընթացքում ներկայացնում էր հատվածներ Ավագ Պետրոսյանի մասին ֆիլմերից, ընտրանի կատարումներ:
Էկրանից ժամանակ առ ժամանակ Ավագ Պետրոսյանի մասին իրենց սրտի ու գնահատանքի խոսքերն էին ասում մեր մշակույթի մեծերըՙ Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Տիգրան Լեւոնյանը, Գոհար Գասպարյանը, Վարազդատ Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, ինչպես նաեւՙ Հովհաննես Չեքիջյանը, Երվանդ Ղազանչյանը, Ռուբեն Մաթեւոսյանը:
Նրանցից յուրաքանչյուրի էկրանին հայտնվելիս դահլիճը փոթորկվում էր ծափերից ու ծափերով էլ ճանապարհում: Դրանք հիացումի ու կարոտի ծափեր էին, որ ողողում էին դահլիճն անհուն թախիծով: Դահլիճը փոթորկվում էր Ավագ Պետրոսյանի յուրաքանչյուր կատարումից հետո եւ մրմունջով ձայնակցումՙ ողջ երեկոյի ընթացքում արցունքներ քամելով հանդիսատեսի աչքերից:
Տեսանյութը եւ համերգային համարները ընդմիջում էին միմյանցՙ գերզգայուն, դինամիկ վիճակի մեջ պահելով դահլիճը: Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբըՙ հայ օպերային դիրիժորական արվեստի այսօրյա նահապետ, չորս տասնամյակից ավելի Ավագ Պետրոսյանի հետ ստեղծագործած Յուրի Դավթյանի ու Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ նվագակցեցին թատրոնի մեր այսօրյա մեներգիչներինՙ տենորներ Լիպարիտ Ավետիսյանին, Արա Ավանյանին (Ֆրանսիա), Սարգիս Աղամալյանին, որոնք հայ երգարվեստի լեգենդի նկարի հովանու տակ կատարեցին Ավագ Պետրոսյանի երգացանկից, դասական օպերային ամենասիրված մեներգերըՙ Վերդի, Բիզե, Լեոնկավալլո, Պուչչինի: Նրանք օպերայի այսօրն էին ներկայացնում: Դահլիճի ամենաբուռն ծափահարություններից բաժին ունեցավ երիտասարդ հմայիչ տենոր Լիպարիտ Ավետիսյանը: Դահլիճը հիացումով ընդունեց Գեւորգ Հակոբյանիՙ Դավիթ-Բեկի եւ Նունե Բադալյանիՙ Անուշի մեներգերը, Սեն Սանսի «Մեռնող կարապ»ին, որ հրաշալի կատարեց թատրոնի մենապարուհի Սոնա Առուստամյանը:
Ավագ Պետրոսյան-Սարոյի 18 Անուշներից Աննա Նշանյանի ողջույնը Լոս Անջելեսից նույնքան հուզիչ էր, որին հետեւեց դահլիճի բուռն ծափահարություններըՙ ուղղված երեկոյին ներկա երկու «Անուշ»-ներինՙ Էլվիրա Ուզունյանին եւ Ելենա Վարդանյանին:
Հանդիսատեսը մի քանի րոպե մագնիսացել էր ԽՍՀՄ ժող. արտիստ Վարդուհի Վարդերեսյանի խոսքով, Պետրոս Դուրյանի «Լճակ»-ով: Դահլիճը պայթեց ողջ ուժգնությամբ, երբ սիրելի դերասանուհին բոցավառ հնչեցրեց «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում»: Այսպիսի բուռն զգացումներՙ եզակի են լինում:
Երբ երեկոյի հրաշալի հանդիսավարներ Սարգիս Նաջարյանը եւ Աննա Մնացականյանը հայտարարեցին Բիզեի «Կարմեն» օպերայի նախերգանքը, դահլիճը մի անգամ եւս փոթորկվեց: Սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ էր անմահ երգչի որդինՙ դիրիժոր-դաշնակահար Արա Պետրոսյանը: Այս կատարումը երկար ծափողջյունների արժանացավ, որը հիշեցնել տվեց Երեւանի երաժշտասեր հասարակայնության նախընտրելի «ԱՐՄԵՆԻԱ» սիմֆոնիկ մեծ նվագախմբի հաջողությունները, որի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր Արա Պետրոսյանը:
Դեռ ծափերը չէին հանդարտվել, երբ էկրանից Ավագ Պետրոսյանի թոռնուհին, միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր դաշնակահարուհի Մինիոնա Պետրոսյանն իր մեծ հոր հոբելյանը ողջունեց Ժնեւից, Բրամսի «Ինտերմեցցո»-ի կատարմամբ: Սքանչելի, հասուն երաժշտի բացառիկ կատարում, որն ուղղակի ցնցեց հանդիսականին իր խորությամբ, վեհությամբ եւ կատարողական տաղանդով:
Փառք աստծո, Ավագ Պետրոսյանի երաժշտական տաղանդավոր գերդաստանը շարունակվում է…
Ապա Հայաստանի Պետական ազգային ակադեմիական երգչախումբը թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ հիանալի կատարեց Վերդիի «Նաբուկո» օպերայից «Գերիների խմբերգը»ՙ ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծն մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:
Ավագ Պետրոսյանը դարձել է մի աստղ, որ մեր արվեստի երկնակամարում գրանցվեց որպես ազգային մեծ արժեք: Այն անջնջելի կմնա ոչ միայն անցյալի հիշողությունների մեջ, այլեւ որպես հավիտենականության ճամփորդ:
Հանդիսավարների այս խոսքերից հետո, «Բարձր սարերի» պետրոսյանական անմահ կատարման ուղեկցությամբ մասնակիցները բեմ ելան, խոնարհանքի ծափողջյուններ ուղղելով հոբելյարի նկարին:
Հուզված հանդիսատեսը երկար ժամանակ չէր լքում դահլիճը: Այսպիսի բարձրաճաշակ, շքեղ երեկո նրանք շատ-շատ վաղուց չէին վայելել:
Հոբելյանին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հոբելյանական երեկոյի բեմադրող ռեժիսորն էր Հրաչյա Աշուղյանը, իսկ տեսանյութերի երաժշտական խմբագիրըՙ Քնարիկ Փիլոսյանը: Նկարիչն էր Ավետիս Բարսեղյանը: Սցենարի հեղինակն էր Արա Պետրոսյանը:
Հանդիսության կազմակերպիչներն էին Հայաստանի մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ Ազգային օպերային թատրոնը:
Իհարկե ցանկալի կլիներ, որ Օպերային թատրոնի նվագախումբը ավելի լավ իրեն դրսեւորեր:
Մի քանի օր հետո, Սայաթ-Նովա եւ Ավագ Պետրոսյան փողոցների անկյունում Երեւանի քաղաքապետարանն կկատարի իր ժողովրդի անվանի զավակներից Ավագ Պետրոսյանի հուշարձանի բացումը: