Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

ԳՅՈՒՄՐՈՒ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ, ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Գ. Մ.

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 9-11-ը հյուրախաղերով հանդես կգա Եղեգնաձորում, Գորիսում եւ Ստեփանակերտում: Մարզերի եւ Արցախի հանդիսատեսին կներկայացվի թատրոնի խաղացանկի ամենաշատ ցուցադրված բեմադրություններից մեկըՙ «Չար ոգին»: Թեկուզ մեկ ներկայացմամբ հյուրախաղային այս կարճ շրջագայությունը հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:

Թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը դեկտեմբերին վանաձորցիներին կներկայացնի Լեւոն Մութաֆյանի «Առնետները», որով մեկնարկել է աճեմյանցիների ներկա թատերաշրջանը: Իսկ արդեն եկող տարիՙ ապրիլ ամսին, գյումրեցի արտիստներն իրենց խաղացանկի հինգ ներկայացումներ կհանձնեն մայրաքաղաք Երեւանի հանդիսատեսի դատին:

Կանցկացվի պարային մրցույթ-փառատոնՙ «Աշնանային երանգներ»

Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի եւ Երեւանի 25 պարախմբեր կմասնակցեն «Աշնանային երանգներ» խորագրով պարի մրցույթ-փառատոնին, որը կայանալու է Գյումրիում նոյեմբերի 10-ին: Ինչպես տեղեկացրել են կազմակերպիչները, փառատոնի մեկնարկը տրվելու է տոնական երթով, մասնակից խմբերը Վարդանանց հրապարակից քաղաքի կենտրոնական փողոցներով շարժվելու եւ հասնելու են Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն:

Խմբերը թատրոնի բեմում հանդես են գալու մեկական մրցութային, ապա համերգային ելույթներով: Վերջին տարիներին այստեղ անցկացվող պարային փառատոները նախատեսվում է դարձնել ավանդական: