Երեկ, կարելի է ասել, անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան Ազատության հրապարակում եւ նրան մերձ տարածքում: Մերոնք սկսել են ինչ-որ օտարամուտ տոներ նշել ու ըստ դրանց բովանդակության` «լոճվել»: Երեկ նույնպես այդ կարգի մի օր էր, որն աշխարհում կոչվում է Անոնիմուսների օր, երբ դեմքերը զանազան դիմակներով ծածկած մարդիկ, եթե հավեսները տեղն են լինում, աշխարհի կառավարիչներից արդարություն են պահանջում: Չգիտես ինչու այդ տոնի առաջամարտիկը երեկ դարձել էր ոչ անհայտ Շանթ Հարությունյանը` մի խումբ կողմնակիցներով երթ անելով Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա: Մինչեւ երթը` Շանթ Հարությունյանն իր խոսքում նշում էր, թե պետք է իշխանություններից ազատվել, որ երկիրը «դզվի», ընդհանրապես` այդ կարգի այլ մտքեր էր հայտնում իր ոճով, որը, կարծում ենք, շատերին, այդ թվում` մեր բարձր պաշտոնյաներին անծանոթ չէ, քանի որ Շանթին նրանցից շատերն անձամբ են ճանաչում: Իսկ ժամը 17:00-ի սահմանում սկսվեց երթը: Շ. Հարությունյանը մի քանի տասնյակ մարդկանց եւ իր որդու հետ շարժվեց դեպի Մաշտոցի պողոտա` նաեւ ձեռքներին փայտեր ունենալով, որոնք, ըստ Հարությունյանի, պաշտպանական նպատակներով էին վերցրել: Ինչ-որ մի պահ երթի մասնակիցները երբ ցանկացան կտրել Մաշտոցի պողոտան երթեւեկելի մասից, բավական ստվար ոստիկանները սկսեցին արգելել դա, քաշքշուկ եւ հրհրոց սկսվեց: Այդ ընթացքում պայթուցիկ նյութեր են շպրտվել ոստիկանների ուղղությամբ:
Միմյանց հրել ու հարվածել են եւ ոստիկանները, եւ ակտիվիստները` առաջիններն իրենց ռետինե մահակներով, երկրորդները` փայտերով, դա, կարելի է ասել, բախում էր: Քիչ անց ոստիկանները շատացան, Մաշտոցի պողոտան փակվեց, երթի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել, եկավ նաեւ «շտապ օգնությունը», քանի որ բժշկական օգնության կարիք ունեցողներ կային: Դեպի Բաղրամյան պողոտա ոստիկանական պատ կազմվեց , այստեղ երեկ ուշ ժամի էլ շատ ոստիկաններ կային: Դեպքի վայրում էին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը (նա, ի դեպ, հայտնեց, որ ոստիկան է դանակահարվել), Երեւանի ոստիկանապետը, փոխոստիկանապետը:
Ակտիվիստների մի մասը համոզված էր, որ տեղի ունեցողը սադրանք է եղել: Համենայն դեպս` այդ մասին Արգիշտի Կիվիրյանն ասել էր tert.am-ին, այլապես, նրա կարծիքով 500 -ից ավելի ոստիկան այդ պահին ի՞նչ գործ ունեին Երեւանի կենտրոնում: Իսկ ինքը` Շանթ Հարությունյանը եւս իր խոսքում զգուշացել էր պրովոկատորներից` ոստիկաններին կոչ անելով նրանց կարգի հրավիրել: Այսպես թե այնպես` կան վիրավորներ, բերման ենթարկվածներ, իրադրությունը լարված է:
Մի հետաքրքրական եւ, կարելի է ասել` տարօրինակ մանրամասն. կատարվածից առաջ կայքերից մեկի հարցազրույցում 7-ի գործով նախկինում մեղադրված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությույունյանը խոսել էր այն մասին, որ հեղափոխություն իրականացնելու իր մտադրությանը աջակցողներ կան, ու վստահ չէր` նրանք պրովոկատորնե՞ր են, անվտանգության գործակալնե՞ր, թե՞ իսկապես իր գործին աջակցողներ, քանի որ գալիս ասում էին` կաջակցենք ինչով կարող ենք` բենզինի շիշ է, ինչ է: Ու ասում էր, որ ռիսկ չի անի ու ոգեւորության տակ չի արագացնի հեղափոխություն անելու իր քայլերը: Դրանից հետո, ուրեմն, անհասկանալի է տեղի ունեցողը, ու առաջին հարցը որ ծագում է, այն է, թե ո՞ւմ է հարկավոր խառնշտված Հայաստանը: Հավանաբար կա մի կողմ, ու դա այդ կողմին հարկավոր է: Իսկ առհասարակ` պետք է քննել ու հասկանալ, թե ինչո՞ւ վերստին հայտնվեց Շանթ Հարությունյանը, ինչո՞ւ այս պահին, եւ ի՞նչ նպատակով էր բացում իր «հեղափոխության» ծրագրերը, թե` եթե ռեսուրսներ լինեն, պետք է բենզինի շշերով գրավել ՆԳՆ-ն, ԱԱՆ-ը, ՍԴ-ն ու բանտերը: Բա հեղափոխություն անողը այդ մասին նախօրոք լրատվամիջոցներով պատմո՞ւմ է, ասո՞ւմ է օրն ու ժամը, այն է` Պուտինի այցի օրը, դեկտեմբերի 2-ին: Սա մանկական խաղի նմա՞ն չէ: Կամ էլ` կացնային սադրանքի:
Մի խոսքով` երեկ ոստիկանները ուժի կիրառմամբ մոտ երկու տասնյակ ակտիվիստների են բերման ենթարկել, ու դրանց մեջ` նախ Շանթ Հարությունյանին, մինչեւ ուշ երեկո էլ ոստիկաննական կուտակումներ կային Ազատության հրապարակում, Մաշտոցի պողոտայում, Բաղրամյան պողոտայում, երթեւեկը դադարեցված էր: News.am- ը հաղորդել է, որ իրենց լրագրողը եւս վնասվել է:
Ավելի ուշ տարածվեց ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ բազմիցս ոստիկանությունը զգուշացրել է արդեն մի քանի օր Ազատության հրապարակում բռնության կոչեր անող Շանթ Հարությունյանին` դադարեցնել անխոհեմ պահվածքը եւ անօրինական գործողությունների մղելու կոչերը: Իսկ երեկ էլ, երբ ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսեւորելուց, չխախտել հասարակական կարգը եւ ազատել Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատվածը, վերջիններս, ոստիկանության հաղորդագրությամբ, «գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ եւ գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել». «Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին եւ ազատել պողոտան: Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Կան տուժած ոստիկաններ: Կատարվում է դեպքի վայրի զննություն:
Տուժածների եւ ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու եւ ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ», ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Իհարկե, մի կարճ պահ լինելով Ազատության հրապարակում, հետո դիտելով բախման կադրերը, լսելով ականատեսներին եւ ոտիկանության հաղորդագրությունն ընթերցելով, դժվար է միանշանակ եզրակացության հանգել տեղի ունեցածի վերաբերյալ: Պրովոկատորներ, այո, կարող էին լինել, մանավանդ` տաքգլուխ Շանթ Հարությունյանի միջոցառումն օգտագործելն իրենց նպատակների համար լավ նախադրյալ համարողներ` հատկապես: Սա եւս իրավապահ մարմինների քննելիքը պետք է լինի: Իսկ ընդհանրապես` վերստին տանք հարցը. ո՞ւմ է հարկավոր այս պահին խժդժությունը Հայաստանում:
Խմբ. կողմից. – Զարմացնում է Ազգային անվտանգության ծառայությունն իր անգործությամբ: Մարդը (Շանթ Ավետիսյան) 2 օր շարունակ մամուլով եւ հրապարակավ սպառնալիքներ է հնչեցնում պետական կառույցների դեմ, գավազաններ ու պայթուցիկներ է ձեռք բերում, մինչ ԱԱԾ-ը, որի առաջին պարտականությունը կանխելն է վտանգը, չի կատարում իր այդ պարտականությունը: