ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, Ստեփանակերտ
Վերջին տարիներին Ստեփանակերտում գործող «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի հովանու ներքո հայ ընթերցողի սեղանին են դրվել մի շարք թարգմանական գրքեր: Նախաձեռնողը բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրանտ Ալեքսանյանն է, ով նաեւ «Գեղarm» գրական-թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիրն է: 2002 թվականից լույս տեսնող այդ պարբերականի գլխավոր ուղղություններից մեկը հենց թարգմանական գրականությունն է, որը հընթացս այնքան խորացավ, որ 2010 թվականից արդեն մատենաշարով թարգմանաբար հրատարակվեցին առանձին գրքեր, որոնց նկատմամբ հայկական ընթերցողական դաշտում պահանջարկը մեծ է: «Ոգի-Նաիրին» դանդաղ վերածվում է թարգմանական կենտրոնի` իր ցանկալի բաղադրիչներով:
Հրանտ Ալեքսանյանը զրույցի ժամանակ ասաց, որ ի սկզբանե նախանշված էր ներկայացնել հատկապես ժամանակակից արտասահմանյան գրականությունը եւ առաջնահերթությունը տալ փոքրաթիվ ազգերի գրականությանը, որը հայ ընթերցողական շրջանակներին ընդհանրապես ծանոթ չէ: Մեր այն հարցին, թե թարգմանիչների հարցն ինչպես է լուծվում, Հ. Ալեքսանյանը պատասխանեց. «Այսպես կոչված «փոքր գրականություններից» (ասենք` իսլանդական, դանիական, սլովենական եւ այլն) թարգմանությունները կատարվում են միջնորդավորված կերպով` ռուսերենից եւ անգլերենից: «Փոքր» լեզուներից թարգմանիչներ հայկական դաշտում դեռեւս չկան: Հանդեսը ձգտում է պատուհան բացել դեպի այդ ազգերի հոգեւոր ոլորտը»:
Հանդեսի գործունեությանը զուգընթաց ձեւավորվել է թարգմանիչների մի խումբ, ովքեր այժմ կանոնավորապես զբաղվում են թարգմանությամբ (հիմնականում անգլերենից, ռուսերենից եւ գերմաներենից) եւ գործեր տրամադրում «Գեղarm»-ին : Ի դեպ, հանդեսի յուրահատկությունն այն է, որ եռալեզու է. հիմնական տեղ զբաղեցնող հայերեն գրականությունից բացի անգլերենով ներկայացվում է հայ ժամանակակից պոեզիան օտարալեզու ընթերցողին: Անգլերեն թարգմանության շնորհիվ ակտիվ գրական շրջանառության մեջ են մտել հայ ժամանակակից բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններՙ առանց աշխարհագրական սահմանափակումների, ընդգրկելով համահայկական դաշտը: Օրինակ, վերջինՙ 52-րդ համարում հրապարակվել են Հովհաննես Գրիգորյանի եւ Աշոտ Ավդալյանի բանաստեղծություններից: Իսկ ռուսերեն բաԺնում սովորաբար ներկայացվում է հայ ժամանակակից արձակը:
Թարգմանական զարգացումների արդյունքներից մեկն եղավ այն, որ տրամադրվածություն ստեղծվեց ունենալ մատենաշար, որպեսզի առանձին գրքերով ներկայացվեն այն հեղինակները, ովքեր հայտնվել են հանդեսի հրատարակիչների ուշադրության կենտրոնում: Երկար ժամանակ ծրագիրը մնում էր փափագելի, եւ միայն 2010-ից հնարավոր եղավ այն իրականացնել:
Առաջին «ծիծեռնակը» «Թատերախաղեր արեւմտյան գրականութունից» գիրքն էր (թարգմանիչՙ Վարուժ Սուրենյան), որտեղ ընդգրկված են 10 դրամատուրգների գործեր. շատերը հայերենով հրատարակվեցին առաջին անգամ. Աուգուստ Ստրինդբերգ, Լուիջի Փիրանդելլո, Ջոն Սինգ, Հարոլդ Փինթեր, Արթուր Միլլըր եւ այլք: Երկրորդ գիրքը Ի. Բրոդսկու «Տեղատարափի շաչյունն» է (թարգմանիչներՙ Հրանտ Ալեքսանյան, Ներսես Աթաբեկյան, Ավագ Եփրեմյան, Շանթ Մկրտչյան): Մատենաշարն առավել արդյունավետ է եղել 2012 թվականին. լույս տեսան Սերգեյ Դովլաթովի «Միայնակների երթը» պատմվածքների ժողովածուն (թարգմանիչՙ Ներսես Աթաբեկյան), «Սիրիուսի սրնգահարները», որտեղ ընդգրկված են ռուսական գրականության արծաթե դարի երեք պոետներՙ Վելիմիր Խլեբնիկով, Նիկոլայ Գումիլյով եւ Վլադիսլավ Խոդասեւիչ: Այդ հեղինակներին խորհրդային տարիներին հիմնականում չէին հրատարակում. եռանուն անթոլոգիայի թարգմանիչներն են Հրանտ Ալեքսանյանը եւ Արմեն Հովհաննիսյանը: Նշված գրքերին հետեւեցին Վառլամ Շալամովի «Կոլիմյան պատմվածքները» (թարգմանիչներ` Գ. Բախտամյան, Կ. Գաբրիելյան, Ա. Հովհաննիսյան, Ն. Աթաբեկյան): Այս հանրահայտ պատումների համար հիմք են հանդիսացել կենսագրական փաստերը: Գրքում ճշմարտացի եւ հոգեբանական խտացումներով պատկերված է խորհրդային շրջանի գուլագյան իրականությունըՙ դժոխային եւ մարդկային տոկունության ցնցող երեւույթների գեղարվեստական վառ արտացոլմամբ: Ապա հրատարակվեցին Յուրի Լոտմանի «Միֆ. Անուն. Մշակույթ»-ը, որը մշակութաբանական-գրականագիտական հոդվածների ժողովածու է (թարգմանիչներ` Վ. Եփրեմյան, Հ. Բեյլերյան, Թ. Տոնոյան, Թոնդրակ եւ այլք), Միխայիլ Բախտինի «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները» (թարգմանիչ` Վ. Ֆերեշեթյան) եւ այլ գրքեր:
2013-ին նույն թափը պահել հնարավոր չեղավ. վերջերս լույս է տեսել բոսնիացի գրող Ժարկո Միլենիչի «Լեոնըՙ հրաշագործի աշակերտը» հեքիաթ-վիպակը (թարգմանիչ` Գայանե Բախտամյան): Առավելապես պատանիներին հասցեագրված այս գիրքը ուղերձ է բոլոր նրանց, ովքեր կյանքն ընկալում են գեղեցիկի ու արդարության սահմաններում եւ չեն կորցրել երազելու ունակությունը: Առաջիկայում նախատեսված է հրատարակել Պավել Ֆլորենսկու արվեստաբանական հայտնի աշխատություններից մեկըՙ «Իկոնոստաս» խորագրով, Վասիլի Գրոսմանի «Կյանք եւ ճակատագիր» երկհատոր վեպը, նաեւՙ ռուս կոնցեպտուալ պոեզիայի անթոլոգիա:
Հարկ է նշել, որ տարեկան կտրվածքով հովանավորվում են հանդեսի միայն տպագրական ծախսերը, իսկ գրքերի հրատարակության համար փնտրվում են հովանավորներ, համապատասխան աղբյուրներ, որոնց տրամադրած միջոցներով հնարավոր է դառնում հրատարակել ծրագրված բազմաթիվ գրքերի միայն մի մասը:
Մեր զրույցի ընթացքում Հ. Ալեքսանյանը շեշտեց, որ վաղուց ժամանակն է, որպեսզի հայոց իրականության մեջ ստեղծվի որեւէ հաստատություն, որը լրջորեն կզբաղվի հայ գրականությունը արտերկրում հրատարակելու գործով` իրեն վերապահված միջոցներով ու մասնագետներով: «Որպեսզի քո գրականությունը քարոզվի, դու պիտի միջոցներ հատկացնես, դրանք հնարավոր է գտնել, միայն թե գործի պրոֆեսիոնալ մոտեցման սկզբունքը»,- նշեց հանդեսի եւ մատենաշարի խմբագիրըՙ բերելով Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Կատալոնիայի եւ այլ երկրների օրինակը, ուր մեծ միջոցներ են ներդրվում սեփական գրականությունը քարոզելու, աշխարհին ներկայացնելու համար:
Մեր այն հարցին, թե կոմերցիոն առումով ծրագիրն ինչ է շահում, Հ. Ալեքսանյանը պատասխանեց, որ սա ավելի շատ լուսավորչական, գրաքարոզչական ծրագիր է. մեր ժամանակներում ընթերցողներ կան, բայց գրքերի վաճառքը գտնվում է ցածր մակարդակի վրա: